Ստրասբուրգ. 1-օրյա լսումների վճիռը՝ 6 ամիս հետո – Հայոց ցեղասպանությունն անհերքելի է… ԵԱՀԿ Մինսկի խմբից Ադրբեջանին իր պարտավորությունների մասին հիշեցրին առաջին անգամ…

1-օրյա լսումների վճիռը՝ 6 ամիս հետո

Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Դողու Փերինչեքն՝ ընդդեմ Շվեյցարիայի» գործով  լսումներն ավարտվել են: Լսումների ավարտից առաջ Փերինչեքը կրկին հայտարարել է, որ ինքը չի հերքում հայերի սպանությունները: Ճառի ավարտին Փերինչեքը կրկին պաշտպանել է Թալեաթ փաշային:

Իսկ նրա փաստաբանը ընդգծել է, որ ինքը «չի հերքում սպանությունները, բայց՝ ոչ ցեղասպանությունը»՝ Փերինչեքին կոչելով ինտերնացիոնալիստ:

Շվեյցարիայի կառավարության ներկայացուցիչները խոսել են օրենքի եւ «ցեղասպանություն» հասկացության էության մասին, հավաստել իրենց կայացրած որոշման ճշմարտությունը:

Ստրասբուրգի Մարդու իրավունքների  եվրոպական դատարանում հայկական պատվիրակության կազմում էին ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, նրա տեղակալ Էմիլ Բաբայանը, արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը: Բացի դրանից, ՄԻԵԴ-ում մեր երկրի շահերը պաշտպանել են միջազգային հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերթսոնը, Ամալ Ռամզի Քլունին, Թոբի Քոլիսը:

Հիշեցնենք՝ 2008թ. Շվեյցարիայի դատարաններից մեկը Թուրքիայի բանվորական կուսակցության նախագահ Փերինչեքին դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Նա դիմել էր ՄԻԵԴ, եւ անցյալ տարվա դեկտեմբերին եվրոպական դատարանը բավարարել էր Շվեյցարիայի դեմ նրա հայցը: Շվեյցարիան բողոքարկել էր ՄԻԵԴ-ի  վճիռը:

2014թ. մարտին Թուրքիայի բանվորական կուսակցության նախագահ Փերինչեքը, որը ցմահ ազատազրկման էր դատապարտվել «Էրգենեկոնի» աղմկահարույց գործի կապակցությամբ, դատարանի վճռով ազատ էր արձակվել: Բացի այդ՝ Թուրքիայի դատարանը նրա վրայից հանել էր երկրից դուրս գալու արգելքը՝ «1915թ. Իրադարձությունների վերաբերյալ թուրքական տեսակետները ներկայացնելու համար»: Նշենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հակազդելու նպատակով, Փերինչեքի գլխավորած բանվորական կուսակցությունը հիմնել է «Թալեաթ փաշայի կոմիտե», որը ԵԽ-ն ճանաչել է որպես «այլատյացություն եւ ռասիզմ» սերմանող կազմակերպություն, եւ 2006թ. Թուրքիայի կառավարությունից պահանջել կասեցնել դրա գործունեությունը, որը «կոպտորեն խախտում է եվրոպական արժեքները»:

Հետաքրքիր է, որ Շվեյցարիայի վճիռը արդեն Փերինչեքն է որակել որպես ազատ խոսքի իրավունքի ոտնահարում եւ հույս ունի այսպես հասնել հաջողության:

ՄԻԵԴ-ը որոշումը կհրապարակի 6 ամսվա ընթացքում:

Ադրբեջանին հիշեցրին առաջին անգամ

ԵԱՀԿ ՄԽ-ն հայտարարել է, որ Ադրբեջանին կոչ է անում հետեւել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ստանձնած պարտավորություններին: Հայտարարությունն արվել է Լեհական Կրակով քաղաքում համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրյուի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (ՌԴ) եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի միջեւ կայացած հանդիպումից հետո:

«Մենք նախարարին հայտնեցինք մեր խիստ մտահոգությունը շփման գծի, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած հարձակումների կապակցությամբ, որոնց հետեւանքով զոհեր են արձանագրվել: ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու եւ վստահության վերականգնման համար անհրաժեշտ է վերջ տալ նախորդ տարվանից սկիզբ առած բռնության աճը: Կոչ ենք անում Ադրբեջանին՝ հետեւել հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ստանձնած պարտավորությունները: Կոչ ենք անում Հայաստանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները լարվածությունը թուլացնելու նպատակով: Հակամարտության բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան հրադադարի ռեժիմին: Բռնությունը խաթարում է խաղաղության հասնելու գործընթացը»,- ասված է հայտարարությունում:

Համանախագահները Ադրբեջանի ԱԳ նախարարին են ներկայացրել բանակցային գործընթացի հետագա հնարավոր քայլերը, այդ թվում համապարփակ բանակցություններ, որոնք կարող են բերել հարատեւ կարգավորման, ինչից կշահեն տարածաշրջանի ժողովուրդները: Նրանք հիշեցրեցին նախարարին համանախագահների լիազորությունների մասին եւ մտահոգություն հայտնեցին ընթացիկ բանակցային գործընթացի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դերակատարության, ինչպես նաեւ ԵԱՀԿ դիտորդների պարտականություններին առնչվող քննադատությունների կապակցությամբ:

Հանդիպմանը քննարկվել է նաեւ նախագահների համաձայնությամբ Կարմիր Խաչի հովանու ներքո անհետ կորած անձնաց տվյալների փոխանակման հարցը: Նշվում է, թե համանախագահները մտադիր են առանձին հանդիպել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, այնուհետեւ կուղեւորվեն տարածաշրջան:

Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, ՊՆ վարչական համալիրում մասնակցեց պաշտպանության նախարարին կից կոլեգիայի եւ հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին: Մինչ զեկույցներին անցնելը, նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի սահմաններն արիաբար պաշտպանելու ժամանակ զոհված մերօրյա հերոսների եւ արցախյան ազատամարտի տարիներին իրենց կյանքը զոհաբերած բոլոր զինծառայողների ու ազատամարտիկների հիշատակը:

Կոլեգիայի նիստում, որը նվիրված է եղել 2014թ. ուսումնական տարվա մարտական եւ զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, զորքերի ու շտաբների օպերատիվ, մարտական պատրաստության արդյունքներին, զինվորական կարգապահության վիճակին, նախագահը հանդես է եկել բացման խոսքով, որում անակնկալներ է խոստացել «տաք գլուխներին», ովքեր խաթարում են հարաբերական անդորրը եւ հետախուզադիվերսիոն գործողություններով լարում իրավիճակը տարածաշրջանում:

Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանից հետո երկրորդեց այն նպատակը, որ իր առջեւ դրել է հայկական զինուժը՝ այսուհետ չի բացառվում, որ հայկական կողմը կլինի նախահարձակ, երբ նկատի նախատեսվող ինչ-ինչ քայլեր հակառակորդի կողմից: Մեր նախաքայլերը կլինեն ազդեցիկ եւ թշնամուն կպարտադրեն խաղաղ ապրել:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 2 (348), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։