Ադրբեջանը՝ սպառնալիք ոչ միայն Կովկասի համար – ԵԽԽՎ հայ պատվիրակները Հայոց ցեղասպանության եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին…

Ստրասբուրգում կայացավ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Օրակարգում ընդգրկված չէին Հայաստանին առնչվող սկզբունքային հարցեր, բայց մեր պատվիրակները պատրաստված մասնակցեցին բոլոր քննարկումներին եւ յուրաքանչյուր առիթ օգտագործեցին՝ բարձրացնելու Հայաստանի համար կարեւոր խնդիրները: Առհասարակ մեր երկրի պատվիրակները պետք է միշտ սկզբունքային գործեն ինչպես ԵԽԽՎ կամ ԵՄ, այնպես էլ ԵՏՄ կառույցներում: Այլապես ամեն տեղ նավթադոլարների հոտից կամ Բաքվի խավիարային քաղաքականությունից արբեցած հայտնվում են հակահայ գործիչներ, եթե անգամ բացակայում են թուրքերն ու ադրբեջանցիները, եւ կարողանում են ջուր լցնել մեր թշնամիների ջրաղացին:

Հունվարի 27-ին, հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանը, Մհեր Շահգելդյանն ու ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն‘օգտվելով ազատ քննարկման ձեւաչափում իրենց տրամադրված ելույթի իրավունքից, անդրադարձան Հայոց ցեղասպանության խնդրին: Մեր պատվիրակության ղեկավարը ժամանակի սղությամբ պայմանավորված ելույթ չի ունեցել, բայց գրավոր Վեհաժողովին է ներկայացրելՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հարցը, Թուրքիայի իշխանությունների կողմից պատմության հետ առերեսվելու ցանկության բացակայության եւ թուրքական դիվանագիտության պատմական զեղծարարության առաջացրած լուրջ մտահոգությունները: Նշվել է, որ դրանք կարող են վատ ազդեցություն ունենալ նաեւ տարածաշրջանային խնդիրները կարգավորելիս:

«2015թ. ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, բայց 100 տարին բավարար ժամանակ չի եղել, որպեսզի Թուրքիան կարողանա ճանաչել ու առերեսվել իր պատմության հետ, պաշտոնապես ընդունել իր պատմության այդ էջը ու իրականությանն ադեկվատ գնահատական տալ: Անգամ այն դեպքում, որ ցեղասպանության կազմակերպիչներին առաջինը դատել ու դատապարտել է թուրքական ռազմական դատարանը 1919թ.: Սխալվում են բոլոր նրանք, ովքեր հայերիս ցեղասպանությունը համարում են հայկական խնդիր: Մարդկության դեմ գործված որեւէ ոճիր ոչ միայն վաղեմության ժամկետ չունի, այլեւ վերաբերում է ողջ մարդկությանը: 100 տարի շարունակ ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ձգտող հայերը անձնական խնդիր չեն լուծում:  2015-ը ոչ թե հայերիս, այլեւ ամբողջ աշխարհի համար հստակ սահմանագիծ է՝ մի կողմում նրանք են, ովքեր կարեւորում են ճշմարտությունն ու համամարդկային արժեքները, ապրելու բնական իրավունքը, որ ամրագրված է մարդու իրավունքների կոնվենցիայում, ովքեր խնդիր ունեն կանխել մարդկության դեմ գործվող հնարավոր այլ ոճիրները,- ասել է Հերմինե Նաղդալյանը,- իսկ մյուս կողմում նրանք են, ովքեր գիտեն, գիտակցում են եւ՛ ճշմարտությունը, եւ՛ պատմական իրադարձությունների անշրջելիության փաստը, բայց առաջնորդվում են օրվա քաղաքականությամբ, քաղաքական բարեհարմարությամբ, խուսափում են հարաբերությունները վտանգել ժամանակակից Թուրքիայի հետ: Մենք իրավունք ունենք ակնկալել, որ ցեղասպանության 100-ամյա տարելիցը պետք է այս հարցերի պատասխանը տա, պիտի լինեն ճշգրտումներ…»:

Մեր պատվիրակները նշել են, որ Թուրքիան կարող է սեփական պատմության ընդունման հարցում փոփոխություններ բերել: Ժամանակակից Թուրքիան կայացած պետություն է, որի քաղաքացիները հատկապես Հրանտ Դինքի սպանությունից հետո սկսել են իրենք իրենց հարցեր տալ ու որոնել այդ հարցերի պատասխանները ոչ պաշտոնական պատմության ու գաղափարախոսության մեջ, որովհետեւ ժամանակի մեջ ավելանում է Նոբելյան մրցանակի դափնեկիր թուրք գրող Օրհան Փամուկի նման մտածողների թիվը: Բայց Թուրքիայի կառավարողները շարունակում են հերքել ցեղասպանության փաստը, նրանց շարունակում է առաջնորդել վախը եւ այն գիտակցությունը, որ սեփական ոճիրն ընդունելը թուլության նշան է:

Չնայած թուրքերը այլ մտավախություն եւս ունեն, որ ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը կհաջորդի հատուցման պահը՝ հայկական պահանջատիրությունը: Գուցե նրանք արդեն ներողություն խնդրած լինեին, եթե վստահ լինեին, թե հայերը այդքանով կբավարարվեն:

Խոսվել է նաեւ Թուրքիայի այսօրվա վայրագությունների մասին, որոնք մեր հարեւանը եւ ԵՄ անդամակցության ձգտող Թուրքիան իրականացնում է Մերձավոր Արեւելքում, հարեւան երկրների տարածքներում՝ աջակցելով ծայրահեղ իսլամական ու ահաբեկչական կազմակերպություններին: Կրկին տարվում է հակահայ քաղաքականություն, այս անգամ տարածաշրջանի երկրների հայ բնակիչների եւ մշակութային արժեքների նկատմամբ:

Մեր պատվիրակ, ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը մասնավորապես նշեց. «Այսօր, ավելի քան երբեւէ, մենք առերեսվում ենք ահաբեկչական խմբերի աննախադեպ ակտիվ գործողություններին: Փարիզյան ողբերգությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը: Սպանությունները ոչնչով չեն կարող արդարացված լինել: Եվ ցավալի է, որ աշխարհի ցանկացած վայրում առկա է այս խնդիրը՝ լինի դա Եվրոպա, Աֆրիկա, Ավստրալիա թե Ամերիկյան մայրցամաքները: Միջազգային հանրությունը պետք է համախմբի ուժերը՝ ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու համար միասնական ճակատ ստեղծելու նպատակով: Մենք՝ հայերս, տուժել ենք եւ շարունակում ենք տուժել ահաբեկչական գործողություններից: 20-րդ դարի սկզբում հայերը տարհանվեցին հայրենի հողերից՝ դատապարտվելով խոշտանգումների եւ մահվան, այդ թվում եւ սիրիական անապատներում: Այն քչերը, ովքեր կարողացան փրկվել, կառուցեցին այս նոր հողերում եկեղեցիներ եւ դպրոցներ, սակայն հարյուր տարի անց Հայոց Մեծ Եղեռնից փրկվածների ժառանգները դարձան այստեղ հաստատված ահաբեկչական խմբավորումների թիրախ: Քրիստոնյա եւ այլ փոքրամասնությունների նկատմամբ սկսվեցին բռնություններ, խոշտանգումներ, ի թիվս այլ բարբարոսությունների, ավերակների վերածվեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին՝ Դեյր-էզ-Զորում, եւ Հալեպի հայկական եկեղեցին:

Մեր մյուս պատվիրակները եւս խոսեցին ԵԽԽՎ-ում: Բացի Հայոց ցեղասպանության հարցից, բարձրացվեց նաեւ ադրբեջանական սահմանախախտումների թեման: Ընդգծվեց, որ ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի կողմից կազմակերպվող խաղաղապահ գործողություններին մասնակցում է նաեւ Հայաստանը՝ այդպիսով փորձելով ապահովել խաղաղություն ոչ միայն այս տարածաշրջանում, այլեւ իր մասնաբաժինն է ներդնում աշխարհի տարբեր մասերում խաղաղության պահպանման համար: Ի հակադրություն դրան՝ Ադրբեջանը որդեգրել է մի մարտավարություն, որը բնորոշ է ահաբեկչական խմբավորումներին: «Դրա ակնհայտ օրինակը հայ հասարակ գյուղացին էր՝ Կարեն Պետրոսյանը, ով սխալմամբ հայտնվելով Ադրբեջանի տարածքում՝ ձերբակալվեց, նվաստացվեց տեսախցիկների առջեւ, ինչը ահաբեկչական խմբավորումներին բնորոշ մարտավարություն է, եւ հաջորդ օրը հայտնաբերվեց «հանկարծակի» մահացած: Նշվեց Ռամիլ Սաֆարովի դեպքը, այն մարդասպանի, ով փառավորվեց Ադրբեջանում միայն այն «հերոսության» համար, որ դաժանաբար սպանել էր քնած հայ դասընկերոջը:

Բաքուն ոչ միայն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների եւ միջազգային հանրության՝ ուժի չկիրառման եւ վստահության վրա հիմնված չափանիշները, այլեւ գործում է հակառակ դրանց՝ կրելով ամբողջ պատասխանատվությունը իրավիճակի թեժացման համար: Սա ցայտուն արտահայտում է, որ Ադրբեջանը դարձել է լուրջ սպառնալիք ոչ միայն Հարավային Կովկասի անվտանգության ու կայունության, այլեւ ավելի լայն շրջանակների համար:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 2 (348), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։