Ոճիր, որ բազմահետք է, բայց մեկ նպատակ ունի.- Աղանդավորական չարիքի թելերը… Ռուսական զինուժը փորձեց նորովի կայանալ Գյումրիում… Հայ ոստիկանը թերեւս վիրավորեց մարդկանց պառթկումը… Չի բացառվում նաեւ թուրքական հետքը… Ինչի՞ց է վախենում Ռուսաստանը…

Աղանդավորական չարիքի թելերը

Հայաստանում շարունակվում է մնալ ներքին լարվածությունը Գյումրիի ոճրագործության առումով: Մարդիկ դեռ սպասում են պարզաբանումների: Շարունակում են հնչել նաեւ տեսակետներ, թե ռուսները լուրջ պատճառ ունեն ոճրագործ Պերմյակովին վերագրվող հանցանքի նախաքննության սկիզբը ինքնուրույն իրականացնելու համար: Այդ նողկալի մարդասպանը աղանդավորական ընտանիքից է, նրա եղբայրը եւս հանցագործ է, ով կնոջ սպանության համար բանտարկված է Ռուսաստանում։ Ըստ ՌԴ օրենքների, այն ընտանիքում, որտեղ կա այդպիսի հանցագործ, այդ ընտանիքի ներկայացուցիչը երբեւէ չի գործուղվում արտասահման, այն էլ տվյալ երկրի սահմանապահ հատված, բայց...

Պետք է պարզել, թե ո՞վ կամ ովքե՞ր են Պերմյակովին գործուղել Հայաստան, գուցե նրանք էլ դրդել են հանցագործության: Գուցե ռուս զինվորականը մենակ չի եղել, հանցագործությանը մասնակցել են այլ անձինք եւս: Աղանդավորական ընտանիքի անդամը կապ է պահպանել իր հավատակիցների հետ եւ կարող էր ենթարկվել իր աղանդի (այստեղից էլ՝ աղանդի տերերի) հրահանգներին: Նրան կարող էին ինչպես «հոգեւոր սնունդ» տալով, այնպես էլ «դեղերով սնելով» դրդել ոճրագործության՝ քաղաքական նպատակներ հետապնդելով… Հայտնի է, որ աղանդավորական, սեռական եւ այլ փոքրամասնական մոլագարների միջոցով գերտերությունները, աշխարհի մութ ուժերը իրենց քաղաքականությունն են պարտադրում երկրներին ու ազգերին:

Այս եւ այլ տեսակետները հաստատելու կամ մերժելու համար պետք է վստահության մթնոլորտ ստեղծել, իսկ դրա համար նախաքննության առաջին փուլից հետո, երբ ռուսական կողմը պարզի իր հետաքրքրությունները, պետք է ոճրագործին հանձնի հայ իրավապահներին, ովքեր էլ հնարավորինս բաց քննություն պիտի իրականացնեն:

Սա անչափ կարեւոր է, քանի որ Ռուսաստանում կան ուժեր, որոնք կոչ են անում՝ թույլ չտալ, որ ռուս զինվորականին դատեն Հայաստանում: «Ռուսական իրավապաշտպան կենտրոնը» ամենասկզբից կոչ է արել ՌԴ Գլխավոր եւ Ռազմական դատախազություններին թույլ չտալ, որ ռուս զինվորականին դատեն Հայաստանում: Կենտրոնի ղեկավար Վիտալի Շիշկինը օրինակ է բերել ԱՄՆ-ին եւ Իսրայելին, որոնք իրենց զինվորներին ազատելու համար պատրաստ են ռմբակոծել թշնամու տարածքը. փաստորեն, ռուսաստանցի իրավապաշտպանի կարծիքով Հայաստանը Աֆղանստան է կամ Պաղեստին… Եթե սրան էլ հավելենք ՌԴ ԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու խոսքը, թե Հայաստանը միշտ եղել է Ռուսաստանի կազմում եւ թույլ չեն տա դուրս գալ ռուսական ազդեցությունից, ապա հասկանալի է ինչ «մեսիջներ» եղան Մոսկվայից նախապես, որոնք հետո փոխվեցին ու փափկեցին միայն այն ժամանակ, երբ հայությունը ընդվզեց ամենուր: Չնայած այսօր էլ Ժիրինովսկու նման քաղաքական խամաճիկները հայտարարում են, թե սպանությունը կազմակերպել է ԱՄՆ-ն եւ իրենք հենց Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայից կհարվածեն Միացյալ Նահանգներին, եթե նրանք շարունակեն բորբոքել «ֆաշիստ հայերին»: Հայերին էլ է զգուշացրել խեղկատակը, թե ռուսական ռազմաբազայից նաեւ մեզ կհարվածեն…

Մոսկվան պիտի հասկանա, որ սա լուրջ խնդիր է, քանզի լուրջ առիթ կա, որ հայ-ռուսական հարաբերությունները կարող են վատանալ: Եվ այն կսկսվի վատանալ ոչ թե պետական քաղաքականության առումով, այլ՝ հայության վերաբերմունքով, ինչը ռուսական ուղղության նկատմամբ կարող է հետզհետե թշնամանքի վերածվել: Եվ սա արդեն կբերի հայ-ռուսական հարաբերությունների պետական քաղաքականության ապաջերմացմանը: Իզուր չէ, որ արեւմտամետ ուկրաինացիները ցավակցելով հայությանը, ողջունեցին Գյումրիի ընդվզումները՝ նշելով, թե «Հայաստանում եւս «մայդան» կլինի»… Այո, դա հնարավոր է, քանզի ռուսները ոչ մեկ անգամ են դավաճանել հայկական շահերին եւ մենակ թողել դաշնակից Հայաստանին՝ վտանգավոր թշնամիներին դեմ հանդիման: Գյումրիի ընդվզումները հավաստեցին, որ սխալ են այն կարծիքները, թե հայերը ռուսներին կպած են եւ չեն պատկերացնում առանց նրանց իրենց գոյատեւումը…

Փաստորեն, մի կայծ էր անհրաժեշտ, որպեսզի այս ամենը ակնհայտ դառնա: Ահա սա էլ վախեցրեց Մոսկվային, եւ հասկացան վերջապես, որ Հայաստանը կարող է մի օր իր քայլերն այլ ուղղությամբ կատարել ու՝ շատ հիմնավորված:

Ոմանք կասկածներ ունեն, թե Գյումրիում ռուսական ռազմաբազայի եւ ռուսական դեսպանատան ու հյուպատոսության դեմ բողոքի քայլերը կազմակերպել են Հայաստանի իշխանությունները, բայց դա միայն պատրանք է: Հայաստանի իշխանությունները այսօր էլ փորձում են պետական արտաքին քաղաքականությունը համադրել ԵՄ-ԵՏՄ համագործակցության ստեղծման գործին, ինչը վստահաբար հակառուսական կամ հակաարեւմտյան ընդվզումներ չի նախանշում: Իսկ ժողովրդի ցասման ալիքը չտեսնողները  փորձում են պարզապես դա չնկատել, որպեսզի տոն չտան հնարավոր ծավալումներին:

Ինչ մնում է արեւմտամետ ընդդիմության «ռուսական ուղղության» բողոքի ալիք առաջացնելուն, ապա այստեղ կա որոշակի ճշմարտություն, բայց դա Հայաստանի «ամենառուսական» քաղաքում պարզապես կոչերով հնարավոր չէր անել, եթե մարդկային ցասումը եւ Հայաստանին բազմիցս լքելու ռուսական գործելաոճը իրական չլիներ…

Այսքանից հետո նաեւ չենք բացառում, որ միջազգային խարդավանքներին միշտ մասնակից աղանդներից մեկի միջոցով հնարավոր է իրագործել են որոշակի ծրագիր: ՌԴ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի հայրը՝ Պավել Պերմյակովը «Հույս, հավատ, սեր» խարիզմատիկ աղանդի «հոգեւոր» հովիվն է: Հովիվներից է նաեւ ոճրագործի մայրը: Այս եկեղեցու կենտրոնը Բալեյ քաղաքն է եւ ունի բազմաթիվ կենտրոններ Ռուսաստանում, վերադաս եկեղեցին գտնվում է Չիտա քաղաքում: Այս աղանդին պատկանող անձիք կարող են նաեւ աչքի ընկնել հոգեկան շեղումներով, բռնությամբ ու դաժանությամբ: Աղանդի անդամ են նաեւ ոճրագործի հանցագործ եղբայրը եւ քույրը, ով Վալերի Պերմյակովին ներկայացրել էր որպես մի անմեղ գառնուկ, որ անգամ մրջյունին չի նեղացնի, ուր մնաց թե՝ մարդ սպանի…

Հիշեցնենք, որ ձերբակալված ժամանակահատվածում հանցագործը առաջին զանգով հեռախոսազրույց է ունեցել իր աղանդի անդամների հետ, որից հետո Հայաստան է ժամանում նրա ռուս փաստաբանը՝ հայտարարելով, թե Վալերի Պերմյակովը հայ ընտանիքին սպանել է՝ փորձելով վրեժխնդիր լինել մի հայի կողմից Ռուսաստանում սպանված ռուսների համար… Մարդասպանին գրեթե հերոսացման (որպես նվիրյալ ռուս) տանելու ստոր փորձ է սա: Եվ արդեն այլ քաղաքական հարթություն է տեղաsփոխվում հարցը, որին դեռ պիտի անդրադառնալ:

Ռուսական զինուժը փորձեց նորովի կայանալ Գյումրիում

Ինչպես վերը նշվեց, Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից հետո որոշ ռուսաստանյան ուժեր կոչ արեցին Մոսկվային, որպեսզի ռուս զինվորականին չթողնի Հայաստանում: Այդ ուժերը Հայաստանին ահաբեկելու փորձեր արեցին անգամ… Սա պատահականություն կհամարվեր նույնիսկ կամ քաղաքական նպատակներով արված քայլ միայն, եթե ծավալումներ չստանար Հայաստանում եւս:

Դեռ ընդվզումները չէին դադարում Գյումրիում, բայց հանկարծ ռուսական ռազմաբազայի զինվորականները որոշում են շրջագայել քաղաքում՝ հաստատ իմանալով, որ դա բորբոքելու է առանց այն էլ բորբոքված կրքերը:

Բայց չգիտես ում ծրագրով, նաեւ հայերին ինչ-որ բան ապացուցելու մղումով դուրս են գալիս շրջելու: Եվ լինում է այն, ինչ պիտի լիներ, գյումրեցիները հրմշտում եւ պահանջում են զինվորականներից հեռանալ քաղաքից եւ մնալ իրենց բազայում: Սահմանապահները իբր պաշտպանվելու համար օդ են կրակում…

Կարծում ենք՝ սա արագ կազմակերպված մի փորձ էր, ապացուցելու, որ ռուսները Հայաստանում վախենալու բան չունեն, ինչը ձախողվեց հաստատ: Նաեւ պիտի հասկանալ, ինչպե՞ս կվերաբերվեն հայերն այսուհետ ռուս զինվորականներին, ինչը ռազմաբազայի հետագայի հարցում եւս կարեւոր հանգամանք է: 

Շիրակի մարզային ոստիկանությունից հայտնել էին, որ կրակոցներ չեն հնչել, բայց 2 ռուս սահմանապահներ՝ հարբած վիճակում վիճաբանություն են սարքել գյումրեցիների հետ: Ոստիկանները ստիպված քաշքշելով ու հարվածներ հասցնելով՝ փողոցից ոստիկանություն են բերման ենթարկել այդ զինծառայողներին:

Հայ ոստիկանը թերեւս վիրավորեց մարդկանց պառթկումը

«…Երեկ Գյումրիում ցուցարարների 80-90%-ը հարբած էր: Խմցրին ժողովրդին ինչ-որ մարդիկ, որից հետո ամբոխն անկառավարելի դարձավ: Մեծ մասը ոգելից խմիչքի ազդեցության տակ էր, ինչն էլ բերեց նրան, ինչ որ եղավ»,- այսպես էր արտահայտվել ժողովրդական պոռթկման մասին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը: «Ամբոխը ջարդում էր զորքին եւ հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ ցուցարարները սկսեցին քարերով եւ այլ առարկաներով հարվածել ու հարձակվել ոստիկանների վրա»,- հավելել է ոստիկանության զորքերի հրամանատարը: Նշվել է, թե «1 ժամ 10 րոպե զորքին ծեծում էին»:

Այո, մենք իրավունք չունենք այդպիսի օրերին միմյանց ծեծելու կամ վնաս հասցնելու, մենք պիտի մի բռունցք լինենք ու միահամուռ մեր արդար պահանջը հաջողենք, բայց…

Թե վերոնշյալ պաշտոնյայի 80%-ից ավելի հաշվարկը ի՞նչ փաստերով է հիմնավորված, հասկանալի չէ, բայց որ այդ խոսքերը կարող են վարկաբեկել հայության արդար ցասումը եւ մեր թշնամիների կողմից որպես անսթափ, անպատասխանատու մարդկանց հավաքույթ ներկայացվեն ամենուր՝ լրիվ հնարավորություններն ընձեռնված էր:

Այսպես հակաթուրքական ու հակաադրբեջանական ցույցերն էլ Անկարան ու Բաքուն կորակեն որպես 80% հարբածների հավաքույթ եւ այլն:

Ավելի վատը չմտածելով հուսանք, որ սա լեզվի սայթաքում էր, ինչն էլ, ըստ ոստիկանության պարզաբանման, պիտի ընկալել այսպես, որ Լեւոն Երանոսյանը դա ասելով նկատի է ունեցել ոստիկանների վրա քարեր նետող ու բախումներ հրահրող անձանց՝ հաշվի առնելով նրանց ընդգծված ագրեսիվ վարքագիծը, ոչ թե ակցիայի մասնակիցներին, ովքեր իրենց բողոքն ու պահանջը ներկայացնում էին բացառապես խաղաղ եղանակով:

Համենայնդեպս, ճշմարտանման է եւ ոչ վրդովվեցուցիչ:

Ճիշտ չէին նաեւ այն ցուցարարները, ովքեր վնասվածք էին հասցրել հայ ոստիկանին, ով հայտնվել էր հիվանդանոցում:

Չի բացառվում նաեւ թուրքական հետքը

Թուրքիայի սահմանը հատելիս հայտնաբերվեց սպանության գործով դեռ կասկածյալ ռուս զինվորականը: Հայտնաբերվեց ու հայտարարվեց, որ զինվորականը ռուսական կողմի մոտ է, քանի որ նկատվել է ռուս սահմանապահների կողմից: Պաշտոնական հայտարարությունն այսպիսին էր, որ Շիրակի մարզի Երազգավորս գյուղի մոտակայքում հայ-թուրքականը սահմանը հատելիս ռուս սահմանապահները բռնել են դաժան սպանության գործով հիմնական կասկածյալ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին:

Բայց խոսք եղավ, որ հենց գյուղացիներն են նկատել հանցագործին եւ հայկական կողմն է ձերբակալել նրան, պարզապես հանձնել է ռուսական կողմին՝ նախնական նախաքննության համար: Հաշվի առնելով, որ հանցագործը նաեւ դասալիք է:

Այստեղ սկիզբ դրվեց նաեւ թուրքական հետքի մասին խոսակցություններին: Որ Անկարայի միջոցով Արեւմուտքը ծրագիր էր մշակել հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու նպատակով: Այս դեպքում կապ կարո՛ղ է լինել հանցագործի դավանած միջազգային աղանդի, Արեւմուտքի եւ Թուրքիայի միջեւ: Այսինքն՝ հանցագործը պատվերն ստացել է աղանդից, որի հոգեւոր հովիվները նրա հայրն ու մայրն են, աղանդը պատվերը ստացել է Արեւմուտքի որոշակի շրջանակներից, իսկ Թուրքիան համաձայնել է իր սահմանից ներս թողնել հանցագործին… Սա իրապես կարող է լինել ծրագիր եւ իրապես կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, քանի որ հայ ընտանիքի սպանությունը չէր կարող չազդել համահայկական մտածողության վրա: Իսկ ռուս զինվորի սահմանն անցնելը կդիտվեր որպես դիտավորյալ քայլ՝ ռուս սահմանապահների կողմից…

Այս դեպքում Վալերի Պերմյակովը կամ կկորչեր ու չէր «հայտնաբերվի»՝ ստանալով իր հասանելիքը, կամ՝ կսպանվեր թուրքերի կողմից՝ սահմանը խախտելիս, ինչն էլ պիտի ապացուցեր Անկարայի անմեղությունը:

Այո, կարող է նաեւ այսպես լինել: Գուցե ռուսական կողմը հենց սրա համար էլ որոշեց ինքը առաջին նախաքննությունն իրականացնել: Այս դեպքում մի հարց եւս կծագի: Ինչպե՞ս է, որ արդեն որերորդ անգամ խախտվում է հայ-թուրքական կոչված սահմանը եւ թուրքեր կամ քրդեր են անցնում մեր կողմ եւ հետո հայտնաբերվում պատահաբար (մի անգամ Եղեգնաձորի գյուղերից մեկի բնակիչներն էին օտար մարդկանց նկատել ու հայտնել)…

Այս տարբերակը մեծ հարցականի տակ կդնի մեր սահմանների հսկողության վստահումը ռուսական կողմին, ինչի մասին միշտ գրել է «Լուսանցք»-ը: Երեւի այս իրողությունը անակընկալ է եղել պաշտոնական Մոսկվայի համար, քանզի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ նոր որոշում է կայացրել ռուսական կողմը, որ ռազմաբազայում կծառայեն միայն արհեստավարժ զինվորականները եւ ավելի խիստ պայմաններ կլինեն զինծառայողների համար:

Ռուսական ռազմաբազան Հայաստանի հանրության հետ շփվելու խնդիր է ունենալու այսուհետ եւ հստակ քայլեր են պետք հետագա հակասությունները կանխելու համար: Գյումրու քաղաքապետը եւս ռուսական զորքերի պատասխանատուներին առաջարկել է ուժեղացնել կարգապահական ռեժիմը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը հրավիրել է հանդիպում-խորհրդակցություն, որին ներկա են եղել ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնակատարը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարը եւ Շիրակի մարզի փոխոստիկանապետը:

Այդ օրերին Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը նույնպես անդրադարձավ դաժան սպանությանը. «Այն զինվորը, որը Գյումրիում հայի ընտանիք է սպանել, պետք է գնար Բաքու Իլհամ Ալիեւի մոտ՝ պարգեւի հետեւից…», հասկացնելով, որ քնած մարդկանց սպանելը ադրբեջանական հերոսացման նախապայման է, ինչը տեղի ունեցավ Ռամիլ Սաֆարովի դեպքում, ով քնած ժամանակ կացնահարեց հայ զինվորական Գուրգեն Մարգարյանին՝ Բուդապեշտում ընթացող ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ:

Մի տարբերակ էլ է քննարկվում, թե ռուսական կողմը հանցագործի «հերոսացման» քաղաքականությունը (իբր մի հայի կողմից՝ Ռուսաստանում սպանված ռուսների վրեժն է լուծել) տանում է, որպեսզի շեղի թուրքական (արեւմտյան) հետքի թեման, քանի որ դա լրջորեն առնչվում է ռուսական ռազմաբազայի ոչ խիստ կարգավիճակի ու դրա հանդեպ անվստահության սերմանման խնդրին: Եթե սա ներքին հետաքննությամբ ապացուցվի, ապա ռուսական կողմը պետք է համոզվի, որ այլ զինվորականներ կամ ռազմաբազայի ծառայողներ ընդգրկված չեն այդօրինակ գործերում:

Այս դեպքում հնարավոր է, որ հայ-ռուսական բանակցությունները կբերեն այն համոզման, որ հանցագործը կդատվի եւ կմնա Հայաստանում: Հակառակ դեպքում՝ հետաքննությունը կարող է երկարել, անգամ դատից հետո, ինչը չի նպաստի ռուս զինվորականի պատիժը Հայաստանում կրելու գործընթացին:

Ինչի՞ց է վախենում Ռուսաստանը

Ռազմաբազայի Հայաստանում գտնվելու նպատակահարմարությունը դարձավ որոշակիորեն վիճելի հարց Հայաստանում: Իհարկե, հանկարծ հարցումներ հայտնվեցին, թե այդ օրերին հարցվածների ավելի քան 90%-ը կողմ է եղել, որ ռուսական ռազմաբազան շարունակի մնալ մեր երկրում, բայց դա կասկածելի է այդ օրերի համար եւ վիճարկելի:

Մոսկվան կզգուշանա, որ այսուհետ Ռուսաստանի քայլերը՝ կապված Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունների հաստատման հետ, արդեն ակնհայտորեն դուր չի գա հայերին եւ կնպաստի հակառուսականության ծավալմանը: Իսկ որ դա հնարավոր է, անգամ եթե միտումնավոր է արվում, ակնհայտ դարձավ Գյումրիի դեպքերի ժամանակ:

Արեւմուտքի սահմանափակումները եւ տնտեսական ճնշումները կարող են վատ անդրադառնալ ԵՏՄ-ի վրա, այդ թվում՝ Հայաստանի, ինչը կարող է սակավացնել ռուսամետների քանակը Հայաստանում:

Մոսկվայի՝ արդեն սովորական դարձած կոպիտ ճնշումները պաշտոնական Երեւանի վրա, նույնպես կդառնան ցավագին ու ավելի մեծ բողոքավորների կհավաքեն ընդդեմ ռուսական տարածաշրջանային քաղաքականության:

Եթե պարզվի, որ սա «ռուսական ահաբեկչություն» էր, որ Հայաստանն ու հայությունը ավելի մխրճվեն՝ «ռուսական վտանգը» հասկանալով, ապա բացահայտումը կարող է առհասարակ վերջ դնել Ռուսաստանի ներկայությանը Կովկասում:

Ռուսաստանի՝ ոճրագործին չհանձնելու որոշումը, կարո՛ղ է նման մտածողության տեղիք տալ: Այսինքն՝ Մոսկվան վախենում է կարեւոր տեղեկությունների ջրի երես դուրս գալուց… Կամ՝ նոր ահաբեկչություններ են լինելու, ինչը կբացահայտվի ժամանակից շուտ:

Հնարավոր է նաեւ, որ Ռուսաստանը կամ Արեւմուտքը նման ահաբեկչություններով կփորձեն աջակցել Թուրքիային եւ Ադրբեջանին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին այլ խնդիրները առաջնային դարձնելու համար:

Գուցե նաեւ Արցախի հարցում ինչ-որ փոխշահավետ արդյունքների հասնելու համար:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 2 (348), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։