Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հայ Արիական Միաբանությունը վաղուց հայտարարել է Բնածին 7 Երկրային Ազգերի ի սկզբանե գոյության մասին: Այդ Ազգերը, որպես Մարդ Տեսակի բազմազանություն, Արարվել են Տիեզերքի Արարչի կողմից, կրում են Տիեզերական Գենը, քանզի Արարչի Արարված 7 Աստվածությունների Զարմից են եւ յուրաքանչյուրն իր Տեսակի Առաքինություններն ու Առաքելությունն ունի որդեգրած: Ժամանակին անդրադարձել եմ ԱԶԳ սահմանմանը եւ նշել այն 9 բնորոշիչները, որոնք ունեն միայն Բնածին Ազգերը: Ազգի սահմանման անհրաժեշտ բնորոշիչներն են՝ 1. Ծագում (Ծին-Գեն): 2. Բնօրրան (Հայրենիք): 3. Լեզու: 4. Առաքինություն: 5. Հավատ: 6. Մշակույթ: 7. Ինքնություն: 8. Էություն: 9. Առաքելություն: Սրանք բոլորն էլ առանձին-առանձին անդրադարձի կարիք ունեն, իսկ ամենակարեւորները առաջին եւ վերջին բնորոշիչներն են, որոնց ճանաչումով էլ պայմանավորված է մնացյալի գիտակցումը: Ծագումը՝ սկիզբն է, Առաքելությունը՝ վերջը, եւ Նոր Սկիզբը… Այսպես տիեզերապտույտ է տալիս Հավերժությունը:

Այս գիտակցումն էլ նախապայմանն է Արարչական Առանցքը (Արահետը կամ Արարչի Հետքը) հասկանալու համար: Նման գիտակցությունն ինչպես ազգային, այնպես էլ անհատական կենտրոնացումների կարիք է զգում:

Խորհուրդ Ազգայինի

Սիրու՜մ եմ քեզ – Ա՛ԶԳ իմ,

Անբացատրելի մի զգացումով,

Որ զետեղված է ենթագիտակցությանս՝

Դարերից եկող հիշողության մեջ:

Այնքան մեծ է սերն այդ Ոգեղեն,

Որ կասկածում եմ. սե՞ր է, թե՞ այլ բան,

Որն ալեկոծել, սակայն ջերմացրե՜լ, իմաստ է տվել

Կյանքիս նյութական ու բազմախնդիր:

Սիրու՜մ եմ քեզ – Ա՛ԶԳ իմ,

Հոգուս ու Մտքիս Զորության ամբողջ շտեմարանով,

Վեր ես ամենից ու ամեն բանից,

Եվ ԱՐԱՐՉԱԿԱՆ են Ակունքները քո:

ԱՐԱՐԻ՛Չ եւ Ա՛ԶԳ, – ահա Բնական

Ու Բարոյական Արմատը Կյանքի,

Այն իրականը, որին պիտ զոհել ու զոհաբերվել…

Եթե սա սե՛ր է, ապա այսպե՛ս եմ սիրում քեզ, Ա՛ԶԳ իմ:

…………………………………………………………………

Սիրու՜մ եմ քեզ – Ա՛ԶԳ իմ,

Եվ կյանքերում այն, որ պիտի ապրեմ

Սերունդներիս մեջ. մի՛շտ կրելու եմ

Այդ սիրո Ոգին՝ Տիեզերական անհունության մեջ:

Խորհուրդ Անձնայինի

Մտքերս փռվել են, տարածվել անվերջ.

Տիեզերական հեռաստաններում,

Երկփեղկվածության բեռը, սակայն,

Դեռ կաշկանդում է Հոգիս այս Երկրում:

Դժվա՜ր է լինել այստեղ եւ այնտեղ՝ միաժամանակ,

Դժվա՛ր է, սակայն ՄԱՐԴՈւ բեռ է դա՝

Արարչահաղորդ, Բնական Մարդու, ոչ՝ նյութապաշտի,

Որ խարխափում է տգիտությունից,

Խրախճանքներով մարմինը լցնում տիղմով անհարկի:

Դժվա՜ր է լինել այստեղ եւ այնտեղ՝ միաժամանակ,

Սակայն ապրելով երկու ԱՇԽԱՐՀԻ անշարժ արանքում՝

Կարող կլինենք մշտապես զգալ Երջանկությունը՝

Այս եւ այն կյանքում, բոլո՛ր կյանքերում…

…Արարիչը վերից վար Արարել է շարունակականության հիմքով եւ բնականոն փոխշաղկապվածությամբ ու փոխլրացմամբ: Այն ինչ «վերեւում» է, դա կա նաեւ «ներքեւում», սա համարում եմ «տիեզերական հայելային արտացոլանք»: Միայն բնածիններին է տրված այդ «հայելու» մեջ իրենց արտացոլանքը տեսնել: Եվ Ազգն այստեղ հանդես է գալիս որպես Ծինարմատ: Ազգն առավելապես որակ է, քան՝ քանակ: Որակն է տալիս ազգային ինքնությունն ու էությունը, ազգայինի գիտակցումը, իսկ քանակը նպաստում է ազգի նպատակների եւ առաքելության իրականացմանը, զարգացմանն ու բազմացմանը: Ինքնամաքրման (մարմնական, մտավոր եւ հոգեւոր) հնարավորություն ունեն միայն Բնական Ազգերը, քանզի արհեստականները խառնագեն ու խառնածին են եւ նախնական՝ բնական վիճակ չեն ունեցել երբեք, որին կարող են վերադառնալ:

Աստվածային Համակարգեր ունեն միայն Բնական ազգերը, սակայն արհեստածին ազգերը եւս ստեղծել են այդօրինակ համակարգեր՝ գողանալով այլոց Աստվածներին, անվանափոխելով կամ տալով նոր անուններ… Արարիչն Արարել է բացառապես 7 Աստվածային Համակարգեր՝ Հայկական, Հրեական, Հունական, Հնդկական, Պարսկական, Եգիպտական եւ Շեղաչյաների (չինա-ճապոնա…կան) եւ նույնքան էլ Բնական Ազգեր, ըստ «տիեզերական հայելային արտացոլանք»-ի: Մնացյալ աստվածությունները սին են, իսկ ազգերն ու ժողովուրդներն էլ՝ ոչ բնածին:

Աստվածները Բնական Զորություններ են եւ չեն մեռնում, ինչպես շաղակրատում են այսօրվա կրոնական խեղկատակները: Հավերժությունը չի մահանում: Անգամ արհեստական աստվածությունները չեն մահանում, դրանց ոչ ճշմարիտ լինելը պարզվում է եւ՝ անհետանում են՝ ինչպես չեղած ամեն բանը: Հստակ է, որ համաշխարհային համարվող բոլոր կրոններն առաջացել են հին հավատքների հավատատեսության, կառուցվածքի ու բովանդակության վրա: Սակայն, դա ոչ թե հին հավատների նկատմամբ խորը հարգանքի կամ դրանց իմացության հանգամանքն է հիմնավորում, այլ՝ լրիվ հակառակը: Նոր կրոնավորները փորձել են դրանով պաշտպանվել հին հավատքների հետեւորդների ընդվզումներից՝ նրանց դեպի իրենց բերելով հարազատ հավատի ու տիեզերական ճշմարտությունների միջոցով… Այս խորամանկությունն աշխատեց այնժամ, բայց նոր՝ միջազգային կամ ազգամերժ կրոնավորները հետզհետե փորձեցին կտրել իրենց հետեւորդներին ազգային հավատների տեսլականից, ծեսերից ու Աստվածներից (քանզի հասկացան, որ հին հավատների ծիսական ու արարողակարգային ուժն անսասան է նույնիսկ աղճատված ձեւերով, ցայսօր Վարդավառի ջրոցին, Տրնդեզի կրակը, Զատիկի գունավոր ձվերի ձվախաղը եւ այլն)… եւ աղավաղեցին այլեւս փոքրիշատե ճշմարտորեն որդեգրած Տիեզերակարգն ու Արարչական հավատը…

Հայ-արիական տիեզերաիմաստությունը բնակարգով կառուցված է ՄեկԱրարչական ԲազմԱստվածության Համակարգի վրա եւ մերժում է որեւէ Աստծու կողմից Արարչի տեղի «գրավումը» (ինչը այնքան տվյալ Աստծու մեղքով չի կատարվում, որքան երկրային կրոնական ինչ-որ տեսության սնանկության հետեւանք է), ինչը մեկ այլ խեղկատակություն է, իրականում՝ հավատքային դավադրություն՝ մարդկանց հոգիները գերեվարելու համար: Արարիչը հենց Ինքը Տիեզերքը՝ Բազմազանությունն է եւ չի կարող միայն հայ կամ հրեա, հույն կամ հնդիկ, պարսիկ կամ եգիպտացի, շեղաչյա կամ մեկ այլը լինել: Բայց… Տիեզերքի Արարողն ու իրական Տերը՝ Արարիչը «դարձավ» սոսկական մի աստված (այն էլ փոքրատառով) եւ ամեն մի նորաստեղծ կրոն իր աստծուն կարգեց ամենաստեղծ, ամենա-ամենա… էլ Եհովա, էլ Բուդդա, էլ Ալլահ, էլ… անգամ մարդածին Քրիստոսը ոմանց համար դարձավ արարիչ…

Հայոց Աստվածային Համակարգ – Հայ Աստվածներ

…Ինչպես պատմությամբ է արձանագրված՝ «Հայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձեւավորվել է հաության կազմավորմանը զուգընթաց՝ կրոնապաշտամունքային հավատալիքների (տոտեմիզմ, ոգեպաշտություն, բնապաշտություն, հմայական մոգություն) ազդեցությամբ»։ Հնագույն գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ հայոց առաջին պետական կազմավորումներում գոյություն ունեցած պաշտամունքային երեւույթների մասին։ Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման… Արատտայի (մ.թ.ա. XXVIII-XXVII դդ.) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր (շումերերեն է՝ նշանակում է հարազատ որդի), որի անունը Բիբլիա-Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Օրիոն-Հայկով։ Հայասա երկրի (մ.թ.ա. XV–XIII դարեր) աստվածները հիշատակվում են խեթա-հայասական պայմանագրում, որտեղ վերծանվել է 12 աստծու անուն։ Հայասայի դիցարանը ղեկավարել է գերագույն եռյակը.- առաջինը ռազմի աստվածությունն էր, երկրորդը՝ մայր աստվածուհին, իսկ երրորդի անունը չի պահպանվել։ Վանի թագավորության (Բիաինիլի, Ուրարտու, Արարատ) դիցարանը հիշատակվում է Մհերի դռան արձանագրության մեջ։ Այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական եւ 35 արական (ամեն աստված ուներ իր նշանը), եւ շուրջ 100 սրբություններից։ Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի, Թեյշեբա, Շիվինի։ Երկրպագել են նաեւ դաշտերի, լեռների, ծովերի ու այլ աստվածությունների։ Հետբիաինական դարաշրջանում ազգակից աստվածներից ձեւավորվել է նոր պանթեոն, որը նույնությամբ պահպանվել է մինչեւ քրիստոնեության ընդունումը։ Հայոց դիցարանի բնորոշ առանձնահատկությունը միակենտրոնությունն է, չկան չար կամ չարագործ աստվածներ, մեծարվել են լույսը, բարին, ընտանեկան օջախը, գիտությունները։

Համաարիականության (նախահեթանոսական շրջանի) պառակտումը եւ հեթանոսական հավատների առանձին ձեւավորման ժամանակաշրջանը արձանագրեց, որ Հայոց դիցարանը ղեկավարում է գերագույն եռյակը՝ Հայր Արան՝ Աստվածների Հայրը (պաշտամունքային գլխավոր կենտրոնը եղել է Դարանաղյաց գավառի Անի ամրոցը), Անահիտը՝ արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին (գլխավոր կենտրոններն էին Եկեղյաց գավառի Երիզա/Երզնկա ավանը, Արտաշատը) եւ Վահագնը՝ պատերազմի, քաջության ու հաղթանակի Աստվածը (գլխավոր մեհյանը Աշտիշատում էր. կոչվել է Վահեվանյան)։

Նախահեթանոսական ՄեկԱրարչականությանը վերջ դրվեց, երբ մասնատված արիական ազգերը մրցակցելով՝ փորձեցին «արարիչ կարգել» իրենց Գերագույն Աստծուն… Մեր դեպքում՝ Հայր Արային սկսեցին համարել «Երկնքի ու Երկրի արարիչը, լիություն, բարություն եւ արիություն պարգեւողը»… Ինչը ցայսօր սխալմամբ շարունակվում է գործածվել մերօրյա որոշ հեթանոսական խմբերի մոտ: Հեթանոս շրջանը պահպանելով Բազմաստվածության Համակարգը, այնուամենայնիվ, հրաժարվեց Արարչից, ինչն էլ հանգեցրեց արիադավանության-հեթանոսության իսպառ կործանմանը:

Նույն ձեւով էլ՝ արարչամերժությամբ, հեթանոսության փլատակների ու աղճատումների վրա կառուցվեցին մեր ժամանակների կրոնները, այդ թվում՝ քրիստոնեությունը, որն իրականում հուդա-քրիստոնեություն է (նույն կերպ՝ հուդա-իսլամականությունն է ստեղծվել)՝ կրոնների հակամարտությունը ի շահ Եհովայի ընտրյալ ազգի ծառայեցնելու:

Դառնալով հեթանոսական մասնատված դիցարանին՝ նշեմ, որ հեթանոսական (հեթանոս-էթնոս-ազգ/ազգային) հավատներում «առաջացան» գլխավոր ու երկրորդական աստվածություններ, ինչը եւս թուլացրեց ազգային հավատները: Հայոց դիցարանում, բացի վերոնշյալ «գերագույն եռյակ»-ից, գլխավոր աստվածություններ էին համարվում՝ «Աստղիկը՝ սիրո եւ գեղեցկության, երկնային լույսի ու ջրի դիցուհին, Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստնության, ողջախոհության եւ ռազմի աստվածուհին»։ Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ եւ տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում։ Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաեւ նանե, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի եւ զանգվածների մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին։

«Արեգակի, կրակի ու լույսի, մաքրության ու ճշմարտության աստվածը Արեգ-Միհրն էր։ Ըստ հայոց հին հավատի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով։ Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր։ Նրան է նվիրված նաեւ Գառնիի հեթանոսական տաճարը»: Միհրի անունից են ծագել բազմաթիվ հայկական եւ օտար անձնանուններ: Միհրի աստվածության հետագա վիպական մարմնավորումները «Սասնա ծռեր» էպոսի Մեծ եւ Փոքր Մհերներն են։

Գլխավոր աստվածություն էր համարվում նաեւ «դպրության, պերճախոսության, գիտությունների եւ ուսման, արվեստների հովանավոր աստվածը Տիրը, ով համարվում էր նաեւ Հայր Արայի ատենադպիրն ու սուրհանդակը»։ Տիրը համարվել է մարդկանց ճակատագրերի գուշակն ու երազների մեկնիչը, նրանց չար ու բարի գործերի գրառողը։ Նրան նվիրված գլխավոր տաճարը հին Արտաշատի մերձակայքում էր՝ Երազամույն վայրում, եւ կոչվել է «Արայի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան»։ Տիրին անվանել են նաեւ Երազացույց ու Երազահան։ «Վանատուրը հին հայերի դիցարանում հյուրընկալության աստվածն է՝ պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան ու օթեւան տվողը։ Վանատուրի տոնը նշել են հին հայոց տարեգլխի՝ Ամանորի առաջին օրը, որի համար հաճախ նրան անվանել են նաեւ Ամանորի դից, նույնացրել Նոր տարին անձնավորող Ամանոր աստծու հետ…

Իսկ իրականում չկան գլխավոր, առաջնային կամ երկրորդական աստվածություններ: Եղել է, կա եւ լինելու է Հայոց Աստվածային Համակարգ, որում հավերժ կան 8 Աստվածներ եւ Նրանք ունեն հստակ գործառույթներ: Գործառույթն է նաեւ Աստվածների գոյության ու քանակության պատճառներից մեկը: Գործառույթն Արարչի կամոք Աստծո էությունն է: Նույնիսկ Աստվածների ամուսնությունից ծնվածները դեռ Արարչաբնույթ Աստվածներ չեն (մնում են Աստծո զավակներ), եթե Տիեզերակարգի համաձայն չեն օժտվում հատուկ գործառույթով, ինչը զուտ Արարչի մենաշնորհն է (սա առանձին եւ ծավալուն թեմա է)… Մեր դիցարանի մնացյալ «ներմուծված» աստվածները վստահաբար հայկական չեն եւ տասնյակ կամ հարյուրներով «հայոց աստվածներ» հաշիվ անող «աստվածաբանները» կամ «պատմաբանները» արծարծում են կռապաշտական ժամանակների տարբեր ազգերի աստվածությունների խառը պաշտամունքի (ներխուժման) հետեւանքով հիշատակված անունները:

Հայորդի, որ Արորդի ես նաեւ, աղոթի՛ր, ճիշտը՝ փառաբանի՛ր քո՛ Աստծուն՝ Հայի՛ Աստծուն ու Հա՛յ Աստծուն…

Հայր մե՛ր ԱՐԱ

Հա՛յր մեր Արա՝ հայի Աստված,

Սերու՛մ ունես արարչական,

Սրբազա՛ն է անունը Քո,

Փա՛ռք Քեզ եւ մեր Աստվածներին,

որ զավակն եք Տիեզերքի:

Հա՛յր մեր Արա,

Քո սերմից ծնված հային

նոր կյանք տու՛ր,

եւ տու՛ր զորություն եւ կամք ու գալիք:

Օգնի՛ր դուրս գալ այս վիճակից,

չարի կարգից ու տիրույթից,

հաջողությու՛ն Դու բեր հային,

հայի երկրին ու նաեւ ինձ:

Փա՛ռք քեզ Աստված, Հա՛յր մեր Արա.

Հավիտյանս հավիտենից:

Ահա Հայոց բոլոր Աստվածները.- 1. Հայր Արա – Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն – ռազմի եւ զորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության, գիտության) Աստված: 8. Վանատուր – հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված:

Աստվածների անունները նույնպես Արարչի կամքի արտահայտություն են, չնայած անունները հստակորեն կարող են պարզաբանվել մեր լեզվամտածողությամբ: Հատկապես՝ մեր հին լեզվամտածողությամբ: Քանզի Հայոց Լեզուն Աստվածային Լեզու է եւ Տիեզերախորհուրդ Իմաստ ունի… Բայց մի խնդիր կա, որ դժվարիրագործելի է՝ պետք է համոզված լինել, որ Աստվածների անունները ճիշտ են «իջեցվել» Երկիր… Եթե Հայ Աստվածների պարագայում կասկած չկա (սա առանձին հոդվածով կներկայացվի), ապա մյուսների դեպքում լուրջ կասկածներ կան, որ Երկրում հնչող Աստվածների անունները այլ կերպ են հնչում Երկնքում (սա կարծարծվի, երբ վերոնշյալ հոդվածով հիմնավորվի Հայ Աստվածների անունների ճշմարտացիությունը)…

Աստվածուհիներ Անահիտն ու Նանեն Հայր Արայի քույրերն են, որ Արարչի կամոք արարվել են «տարիքային» համապատասխան համադրությամբ, իսկ մնացյալ Աստվածները (նույն համադրությամբ) Հայր Արայի՝ Աստվածահոր զավակներն են (ինչպես եւ ինչու, սա էլ մեկ այլ առանձին թեմա է)… Յուրաքանչյուր Աստվածային Համակարգում Աստվածների թիվը տարբեր է, որին որոշակի անդրադարձել եմ: Նշեցի՝ Հայ Աստվածները 8-ն են, ունեն իրենց գործառույթները, որոնցով էլ պայմանավորված Նրանց Տիեզերական Զորությունն ու Առաքելությունը: Սխալ ելակետ է, թե Հայր Արան եւ Մայր Անահիտը Այր ու Կին են, իսկ մյուս Աստվածները Նրանց Զավակներն են: Արարչից տրված Հայրության եւ Մայրության գործառույթներն են Նրանց Հայր եւ Մայր «դարձրել» եւ այսպես է բոլոր Աստվածային Համակարգերում… Եվ մեր մյուս 6 Աստվածները Հայր Արայի ու Մայր Անահիտի համատեղ կյանքի Զավակները չեն: Եվ ինչպես նշեցի՝ Մայր Անահիտն ու Նանե Աստվածուհին էլ Հայր Արայի քույրերն են՝ այսպես ասած տարիքային համադրությամբ:

Շարունակելի

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 2 (348), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։