Խոսք՝ վասն ա՞յլ գերտերության… ԵՏՄ-ն չփակեց ԵՄ դռները մեր առաջ… Համ էլ կդիմի մինչեւ Ստրասբուրգ… Անկարան «գիտությա՞նն» է ապավինում… Բաքուն փորձում է որոշակի շեղել մեր ուշադրությունը՝ այսպիսով «օգնելով» թուրք եղբայրներին…

Խոսք՝ վասն ա՞յլ գերտերության

«ԼՂՀ գնալու որոշումը վերջին պահին է կայացվել: Եթե ես գնայի ԼՂՀ, այնտեղ, անպայման, հակառուսական ակցիա էր կայանալու: Հենց դրանից են վախեցել Ղարաբաղի իշխանությունները եւ դիմադրություն ցույց տվել ավտոերթի մասնակիցներին»,- ասել է վերլուծաբան, Արցախյան շարԺման նախկին ղեկավարներից Իգոր Մուրադյանը: Նա նաեւ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ է եւ մասնակցել է հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի կազմակերպված ավտոերթին: «Այս պահին ինձ համար ամենակարեւորն այն է, որ հակառուսական տրամադրություններ են ստեղծվում՝ Գյումրիում, Ստեփանակերտում: Երկու դեպքում էլ կատարվածը բեմականացում է հիշեցնում, որը կազմակերպում են իշխանությունները՝ Ռուսաստանին ցույց տալու համար, որ իրենք լոյալ են ՌԴ-ի հանդեպ: Սա զզվելի է: Ղարաբաղը պետություն չէ, այն ռուսական զոնա է»,- հավելել է նա:

Խոսելով ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության մասին, Իգոր Մուրադյանն ասել է. «Մենք մտել ենք սխալ ինտեգրման համակարգ. կար Սովետական Հայաստանի ինտեգրացիոն համակարգ՝ լավն էր, թե վատն էր, այն կար: Իսկ այն, ինչ լինելու է, հիմա գաղութացում է լինելու, քանի որ համակարգ չկա: Հարկավոր է նոր համակարգ, որտեղ կլուծվեն արժեքավոր հարցեր»:

Ըստ նրա, Ռուսաստանը չի կարող համակարգ առաջարկել, այն լքում են անգամ գործընկերները, այդ թվում՝ Բելառուսը, Հայաստանը մնում է մենակ: Մարդիկ, ովքեր ՌԴ նախագահ Պուտինին առաջարկել են Եվրասիական միությունը, «Նրանք անհետացել են: Այդ հարցով հիմա զբաղվում են 30, 35-ամյա երիտասարդները, որ սպասում են ժամը 5-ին, որպեսզի ակումբներ գնան: Այդ մարդիկ հիմա ղեկավարում են Ռուսաստանն ու թալանում են: Ոչ մի Եվրասիական միություն գոյություն ունենալ չի կարող, դա մարգինալ գաղափար է: Գաղափարն ինքնին լավ է, բայց ռուս ժողովուրդը չի կարող այն կյանքի կոչել: Ինչ կայսրության մասին կարող է խոսք լինել, մարդիկ չեն ցանկանում պայքարել դրա համար: Հարցն այստեղ այն է, թե ինչքան ժամանակ սա ձեռնտու կլինի Պուտինին եւ կախված է այն հանգամանքից, թե դեռ որքան նրանց կթողնեն պաշտոնին: Այդ կայսրությունը կոչնչացնեն ու արդեն ոչնչացնում են»,- հավելել է այս վերլուծաբանը:

ԵՏՄ-ն չփակեց ԵՄ դռները մեր առաջ

Մեր երկրի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի 15-րդ նիստին։ Եվրոպական միության պատվիրակությունը գլխավորել են ԵՄ Խորհրդի նախագահությունը ներկայացնող Լատվայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչը եւ Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:

Քննակվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը՝ քաղաքական երկխոսության, հարաբերությունների ապագա իրավական հիմքի, շարժունակության, մարդու իրավունքների, տնտեսական բարեփոխումների, Հայաստանի եվրաինտեգրմանն աջակցելու հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարը կարեւորել է Հայաստանին տարիներ շարունակ ցուցաբերած աջակցությունն ու օժանդակությունը, որոնք նշանակալի դեր են խաղացել՝ մեր երկրում բարեփոխումների իրականացման եւ զարգացման համար: Հայկական կողմը վերահաստատել է Հայաստանի հաստատակամությունը՝ խորացնելու Եվրոպական միության հետ տարբեր ոլորտներում եւ ուղղություններով համապարփակ համագործակցությունը՝ հիմնվելով վերջին տարիների ձեռքբերումների վրա՝ հաշվի առնելով ՀՀ պարտավորությունները այլ միջազգային ձեւաչափերում։

Այսպես Հայաստանը նորից փորձում է ԵՏՄ անդամ դառնալուն զուգահետ սերտ համագործակցություն սկսել ԵՄ հետ: Եվրոպական հետագա համագործակցությունը այլեւս վտանգի տակ չէ եւ պաշտոնական Երեւանը հետզհետե պետք է կարողանա միջնորդի դեր ստանձնել ԵՏՄ-ՄՄ – ԵՄ հարաբերություններում:

ՀՀ ԱԳ ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ հետ փոխգործակցության առաջնահերթությունների շարքում է նաեւ միգրացիայի եւ մարդկային շփումների զարգացումը։ Այս համատեքստում մեր նախարարը նշել է, որ 2014թ. հունվարին ուժի մեջ մտած Եվրամիություն-Հայաստան մուտքի արտոնագրի դյուրացման եւ հետընդունման մասին հաձայնագրերը, որոնք ճանապարհ են հարթում դեպի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ գործընթացի մեկնարկը, ինչը հնարավորություն կտա ապագայում հասնել ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացմանը, կապահովի առանց մուտքի արտոնագրի տեղաշարժը:

Կարեւորել է նաեւ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին կից Արձանագրության ուժի մեջ մտնելը, որով Հայաստանը կարող է մասնակցել ԵՄ ծրագրերի լայն շրջանակի եւ համագործակցելու ԵՄ տարբեր գործակալությունների հետ։

Եվրոպացիներին ներկայացվել են կառավարության տնտեսական քաղաքականության, դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների, 2014թ. տնտեսության եւ դատաիրավական բնագավառներում ԵՄ հետ համագործակցության արդյունքները: Խորհրդի նիստի օրակարգումեն եղել նաեւ տարածաշրջանային խնդիրները եւ դրանց լուծման ուղիները։

Հայկական կողմը եվրոպական կողմի խնդրանքով ներկայացրել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, Արդբեջանի ապակառուցողական եւ սադրիչ գործողությունների հետեւանքով ստեղծված վիճակը:

Համ էլ կդիմի մինչեւ Ստրասբուրգ

Ավթանդիլ Մարտիաշվիլուն ՀՀ քրեական օրենսգրքով մեղադրական է առաջադրվել այն բանի համար, որ ազգությամբ թուրք Օսման Ուղուրլուի հետ, «իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել, տրանսպորտային միջոցի կցորդում պատրաստված հատուկ հարմարեցված թաքստոցում պահել, փոխադրել եւ մաքսային հսկողությունից թաքցնելով՝ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց»: Դատական վիճաբանությունների փուլում նրա համար մեղադրողը Գորիսի դատարանում պահանջել է 18 տարվա ազատազրկում, իսկ թուրք ամբաստանյալի համար՝ 20: Այս մասին ասել է Վրաստանից փաստաբան Թեյմուրազ Մայսուրաձեն:

Վրաստանի քր.օր.-ով եթե դատեին նրա պաշտպանյալին, որը մեղադրվում է 1 տոննա հերոին այլ պետության սահմանն անցկացնելու համար, ապա կդատվեր մինչեւ 20 տարի, անգամ նաեւ՝ ցմահ ազատազրկում:

Անկարան «գիտությա՞նն» է ապավինում

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Թուրքմենստան այցի ընթացքում անդրադարձել էր Թուրքիայում «Աշխատավորների» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի դատավարությանը: Նա նշել է, որ «դա վերաբերում է ոչ թե «իբր թե Հայոց ցեղասպանության» արտահայտությանը, այլ՝ խոսքի ազատության իրավունքին»:

Հայտնել է նաեւ, որ Հայաստանն ու հայկական լոբբին 2015թ. երրորդ երկրներում ավելացրել են իրենց ջանքերը եւ լավ չեն ընդունում Թուրքիայի՝ մինչ այժմ արած առաջարկները:

«Հայաստանը փորձում է քաղաքական ճանապարհներով արդյունքի հասնել»,- ասել է Չավուշօղլուն՝ դարձյալ հիշեցնելով,- Թուրքիայի առաջարկը՝ համատեղ հանձնաժողով ստեղծելու եւ գիտնականներին այդ հարցն ուսումնասիրելու հնարավորություն տալու համար:

«Մենք ասացինք, որ, կընդունենք արդյունքը՝ ինչ էլ որ լինի: Անցյալ տարի մեր նախագահը վարչապետի պաշտոնում հանդես եկավ մի հայտարարությամբ: Դրա նման բարի նպատակներով մեր արած քայլերը ողջ աշխարհը տեսավ: Մենք այս հարցին մարդկային տեսանկյունից ենք նայում, եւ բացարձակապես դեմ ենք նման ողբերգության քաղաքականացմանը: Մենք էլ դրա առաջն առնելու քայլեր ենք ձեռնարկում:

ԱԳ եւ մյուս նախարարությունները քաղաքական, դիվանագիտական ու մշակութային համակարգված աշխատանքներ են տանում»,- եզրափակել է թուրք նախարարը:

Այսպես խոսքի ազատությամ մասին բարձրագոչ հայտարարություններ անում են նաեւ Ադրբեջանի ղեկավարները: Իսկ եվրոպական իրավապաշտպանները չգիտես ինչու խոսքի ազատությունը ոտնահարող երկրների առաջատարների շարքում անփոփոխ նկատում են նաեւ Թուրքիային ու Ադրբեջանին, ինչը «չեն նկատում» Անկարան եւ Բաքուն…

* * *

Հայաստանի դեմ դիվանագիտական պատերազմում իր խնդիրները շահարկելով՝ Բաքուն փորձում է որոշակի շեղել մեր ուշադրությունը՝ այսպիսով «օգնելով» թուրք եղբայրներին… ինչն այս անգամ տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում:

Եղավ պատասխան, եւ ՀՀ պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ ադրբեջանցի պատվիրակի ելույթին. «Ինձ համար անակնկալ չէր փաստերի աղճատմամբ, իրողությունների խեղաթյուրմամբ լեցուն նրա խոսքը: Բայց, թերեւս կհիասթափեցնեմ բոլոր նրանց, ում դա հաճելի է եղել, քանի որ ադրբեջանական պատվիրակության ելույթները իրենց նախագահի ելույթների վատ կրկնօրինակն են, իսկ վերջինս վարպետ է ամեն ինչ խեղաթյուրելու: Դիվերսանտները գերիներ չեն, այլ հանցագործներ, որոնք սպանություն են կատարել: Ղարաբաղյան կողմը ամբողջովին հավատարիմ է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին եւ համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, նաեւ իրապես գերիների հարցերով:

«Լուսանցք» թիվ 3 (349), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։