Բերձորյան բախումների թացն ու չորը – Հայաբաժանման վերաներդրումը՝ անթույլատրելի՛… Արցախցիները եւս պիտի չսրեն առանց այն էլ ոմանց կողմից շահարկվող հայաստանցի-արցախցի վտանգավոր խաղը…

Բերձորում տեղի ունեցած միջադեպին անդրադարձան ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր գործիչները: «Իրենց ներքաղաքական խարդավանքներին թող ԼՂՀ-ն չխառնեն,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ միջադեպի մասին,- Որեւէ մեկս մեր ներքաղաքական տարաձայնությունները, գաղափարները, պայքարը չպետք է տանենք Արցախ… Խաղաղ երթ էր, թող Երեւանում արվեր, Արցախում ի՞նչ գործ ունեն»: Իսկ իրավաչափ էին արդյո՞ք ոստիկանների գործողությունները, թե՞ ոչ, ԱԺ փոխնախագահը չպատասխանեց, բայց շեշտեց, ԼՂՀ նախագահի խոսնակի եւ ԼՂՀ ոստիկանության հայտարարություններին չհավատալու հիմքեր չկան:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ՀՀ-ն ունի բազմաթիվ խնդիրներ, ԼՂՀ-ն եւս, ինքը բազմաթիվ ընդդիմադիր պատգամավորների հետ պատիվ է ունեցել լինելու Արցախում եւ երբեք այնտեղ ՀՀ ներքաղաքական խնդիրները չեն քննարկել: «Մենք երբեք մեր ներքաղաքական տարաձայնություններն Արցախ չենք տարել: Այն անկախ, ժողովրդավարական հանրապետություն է դե ֆակտո, կարիք չկա ՀՀ ներքաղաքական խնդիրներին մասնակից դարձնել Արցախի Հանրապետությանը: Ես շնորհավորում եմ իրենց, որ նմանատիպ քայլով կարողացան լեզու դնել ադրբեջանական լրատվամիջոցների բերանը՝ եթե դա էր նպատակը, դա էր իրենց հայրենասիրությունը… Գիտեմ, որ հիմա ինձ կսկսեն քննադատել, բայց ջհանդամը, ես իմ կարծիքն ունեմ, եւ անթույլատրելի եմ համարում, ով ուզում է լինի՝ իշխանություն, թե ընդդիմություն, որ իր ներքաղաքական հաշվարկները տանի, Արցախի վրա տարածի»:

«Հիմա հարց եմ հնչեցնում՝ կա՞ քաղաքական ուժ, որ սատարում է «Նախախորհրդարանի» այս շարժումը,- հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Ըստ նրա, այն, ինչ տեղի է ունեցել դատապարտելի է եւ որեւէ մեկը չի կարող այլ բան ասել, քան դատապարտել որեւէ բռնարարք կամ նմանատիպ որեւէ դեպք, երբ անհամաչափ ուժ է կիրառվում: Սա ակնհայտ է ու քաղաքական որեւէ ուժ գոնե այս պահին այլ բան չի ասել: Այնուհետեւ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հորդորել է «Հիմնադիր խորհրդարան»-ի ավտոերթի մասնակիցների եւ ԼՂՀ ոստիկանության միջեւ տեղի ունեցած միջադեպին մի փոքր ավելի զգուշավոր մոտենալ ու խնդրին նայել ավելի խորքից: ՀՀ քաղաքական բոլոր ուժերը, մինչեւ բռնությունները դատապարտելը, անհամաչափ ուժ կիրառելու մասին խոսելը նաեւ հայտարարությամբ պիտի հանդես գան, թե ովքեր են սատարում այս շարժումը,- նշել է պատգամավորը եւ վստահեցրել, որ քաղաքական որեւէ ուժ գոնե ցայսօր չի հայտարարել, որ սատարում է այս շարժմանը:

ՀՀԿ-ականները հայտնում են, որ Ապրիլի 24-ը մեր ազգի, մեր բոլորի համախմբման օրն է, երբ մեր խնդիրները, շահերն ու մնացածը մենք պետք է դնենք մի կողմ, համախմբվենք դրա շուրջ, որպեսզի կարողանանք ամբողջ աշխարհին ներկայացնել ու ասել Հայոց ցեղասպանության հետ կապված մեր պահանջը: Ու նաեւ հետեւողական լինենք, որ ոչ միայն ճանաչեն այն, այլ նաեւ բացառենք հետագայում նման ոճրագործությունների կրկնությունը: Նրանց կարծիքով, այն հայտարարությունը, թե «100-ամյակն՝ առանց ռեժիմի ապրենք», միտումնավոր շեղում է հիմնական նպատակից: Իսկ թե ով էր արդեն շեղում, ապա, ըստ Հովհաննես Սահակյանի՝ «մինչ օրս լավ գիտենք բոլորս՝ Թուրքիան ու Էրդողանը, հիմա էլ, փաստորեն, այս շարժումը»:

«Բերձորում տեղի ունեցածը հրեշավոր միջադեպ է»,- ԱԺ նիստի ժամանակ ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Երբ հարցը վերաբերում է արտաքին հարաբերություններին ու ԼՂ խնդրին, ընդդիմությունը եւ իշխանությունները միասնական են դառնում, ու դա մեր ամենամեծ ձեռքբերումն է»: Պատգամավորն անդրադառնալով Բերձորում տեղի ունեցած դեպքերին՝ ասել է, որ տեղի ունեցածը դաժան միջադեպ է եւ «մեծ հարված է հասցնում ԼՂՀ-ին»: Ըստ նրա՝ հանրությունը շոկի մեջ է տեղի ունեցածից, ուստի պետք է պատգամավորների պատվիրակություն կազմել, որը կմեկնի Ստեփանակերտ՝ Բերձորի միջադեպի հարցով:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ԼՂՀ պատկան մարմիններն արդեն զբաղվում են այդ հարցով, եւ պատվիրակություն կազմելու կարիք չկա: Ամեն ինչ կքննվի օրենքի սահմաններում:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ ԱԺ-ում հանդես եկավ կառավարման ճգնաժամի հարցի քննարկման առաջարկով, քանի որ քաղաքական մեծամասնությունը ցանկություն չունի երկխոսության գնալ:

Սակայն, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ այդպիսի հարց օրակարգում չկա: ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը եւս արձագանքեց. «Ցանկանում եք կառավարման ճգնաժամի խնդիր քննարկել, բայց այն ժամանակ պետք է լինեիք ակտիվ, երբ դրվում էր նախագահի անվստահության հարցը: Սա թատերախաղ է»: Անդրադառնալով Բերձորի միջադեպին՝ նա նշեց. «Ինչպե՞ս կարելի է Ապրիլի 24-ը դարձնել ժողովրդի պառակտման առարկա: Ի՞նչ կապ ունի Լեռնային Ղարաբաղը «Հարյուրամյակն առանց ռեժիմի» անցկացնելու հետ: Սա անընդունելի երեւույթ է»: Նա տեղի ունեցածը որակեց որպես անսրբություն:

ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը Բերձորի դեպքերի կապակցությամբ հանդես եկավ պաշտոնական դիրքորոշմամբ եւ գրություն հղեց ԼՂՀ իր գործընկերոջը. «Ցավով տեղեկացանք, որ ՀՀ քաղաքացիներին Բերձորում դիմավորել են քաղաքացիական հագուստով, դիմակավորված, ինչպեսեւ ոստիկանական համազգեստով անձինք, ովքեր այնուհետեւ ուժ են կիրառել ավտոերթի մասնակիցների նկատմամբ: Ըստ միջադեպի մասնակից քաղաքացիների պնդումների՝ ավտոերթի մասնակիցները, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը, Մխիթար Ավետիսյանը, Քերոբ Ղազարյանը, Ալեք Ենիգոմշյանը, Վարուժան Ավետիսյանը, Անուշավան Շահնազարյանը ստացել են մարմնական վնասվածքներ: Բացի դրանից՝ վնասվել են նրանցից շատերի ավտոմեքենաները, ուժի կիրառմամբ վերցվել են նրանց տեսախցիկները եւ դրոշները: Առավել ցավալի է, որ հաղորդվում է նաեւ լրագրողների, երեխաների ու կանանց նկատմամբ բռնության դրսեւորումների մասին: Խստորեն դատապարտում ենք մարդկանց խաղաղ հավաքը խոչընդոտելու որեւէ դրսեւորում որեւէ վայրում: Հաշվի առնելով, որ միջադեպը տեղի է ունեցել ԼՂՀ տարածքում, եւ մենք չունենք որեւէ իրավազորություն՝ միջամտելու դեպքի քննությանը՝ խնդրում եմ Ձեր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել միջադեպի մանրամասները ուսումնասիրելու եւ քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ: ԼՂՀ-ն էական առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցում իր անկախացումից ի վեր: Հետեւաբար, լիահույս ենք, որ միջադեպի մասնակից քաղաքացիների դիմումներն ու բողոքները՝ ուղղված համապատասխան պետական կառույցներին, կստանան պատշաճ ընթացք եւ կունենան դրական արդյունք»:

Շատ խիստ է խոսել ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ ԼՂՀ-ն որեւէ կապ չունի ՀՀ ընտրությունների եւ իշխանության ձեւավորման հետ ու արցախցիները երբեք չեն մասնակցել այդ ընտրություններին: Ուստի՝ ԼՂՀ-ում ՀՀ ներքաղաքական հարցերի քննարկումը միայն ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին: Նա անգամ հայտարարել է, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները կարող են դիմել Ադրբեջանի նախագահին՝ իրենց քայլի համար պարգեւատրվելու նպատակով…

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին հրավիրել է խորհրդակցություն՝ հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու Քաշաթաղի շրջանի հատվածում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցերի վերաբերյալ: Զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը եւ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը: ԼՂՀ նախագահը նշել է. «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների կողմից դեպի Արցախ ավտոերթ կազմակերպելու նախաձեռնությունն ի սկզբանե դժգոհություն էր առաջացրել մեր հասարակության տարբեր հատվածներում: Ունենալով հավաստի տվյալներ երթը կասեցնելու համար Քաշաթաղի շրջան հարյուրավոր մարդկանց մեկնելու մասին՝ ոստիկանությունը հասարակական կարգը պահպանելու եւ հնարավոր բացասական զարգացումները կանխելու նպատակով ստիպված էր իրականացնել համապատասխան միջոցառումներ: Իրադարձությունների զարգացումը, ցավոք, ունեցավ ոչ ցանկալի հետեւանքներ: Դժբախտաբար, հնարավոր չեղավ խուսափել անկարգություններից եւ բախումներից, ինչն ստացավ հանրային հնչեղություն»:

ԼՂՀ ղեկավարը նաեւ հանձնարարեց ոստիկանապետին՝ անցկացնել մանրակրկիտ ծառայողական քննություն տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ եւ արդյունքների մասին զեկուցել հանրապետության նախագահին՝ անհրաժեշտ եզրահանգումների համար:

Արման Դավթյան

Հ.Գ. - Ամեն դեպքում շատ տհաճ է, երբ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» հայտնի ցուցանակի մոտ Երեւանից եկող ավտոշարասյան դեմ պատնեշ է դրել ոստիկանական հատուկ ջոկատայինների (կամ՝ այլ) խումբը:

Առավել տխուր է, որ հասկանում ենք, որ դա հատուկ մշակված գործողություն էր, ինչը կարող է հիասթափեցնել նաեւ ազատ Արցախի համար միշտ պատրաստ կանգնած մարդկանց: Տհաճ եւ տխուր է, որովհետեւ դաժանորեն ծեծի են ենթարկվել երթի մասնակիցները՝ երեխաների աչքի առաջ նաեւ:

Այս միջադեպը ոչ մի ձեւով չի համապատասխանում «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» դիմավորող ցուցապաստառին…

Արցախցիները պետք է նույնպես ըմբռնումով մոտենան մեր ներքաղաքական իրավիճակին եւ չսրեն առանց այն էլ ոմանց կողմից շահարկվող հայաստանցի-արցախցի վտանգավոր խաղը…

«Լուսանցք» թիվ 3 (349), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։