Բերձորյան բախումների թացն ու չորը – Տարիներ առաջ Արցախը Հայաստանի 12-րդ մարզ է ճանաչել Հայ Արիական Միաբանությունը, բայց «պատերազմական շրջանը» հեռու է պահում ներքին քաղաքականությունից…

Արցախը Հայաստանն է, բայցեւ՝ պատերազմական գոտի…

Արցախը դեռ պայքարի սկզբից անձեռնմխելի էր համարվում հայության բոլոր հատվածների համար: Որեւէ շահարկում բացառվում էր թե՛ արցախյան համազգային պայքարի, թե՛ ազատամարտի ընթացքում: Այդպես էր նաեւ տարածաշրջանում 2-րդ հայկական պետության հռչակումից հետո: Բայց հետզհետե ընդդիմադիր որոշ ուժեր ու գործիչներ սկսեցին շահարկել Արցախի թեման:

Այլ բան է, երբ Արցախի եւ ազատագրված տարածքների պաշտպանության, չհանձնման թեման է ստիպում արծարծել խնդիրը: Դա անգամ անհրաժեշտ է, որպեսզի թշնամին իմանա, որ որեւէ զիջում չի՛ լինելու: Անգամ եթե իշխանությունը հանկարծ ու որոշի գնալ զիջումների:

Սակայն, շահարկումները սկսեցին որոշակի ստանալ քաղաքական ներքին սպառման բնույթ, ինչն արդեն վտանգավոր է եւ թշնամու ջրաղացին ջուր լցնելու պես մի բան: Այդպես վարվում է պաշտոնական Բաքուն, ներքին քաղաքական խնդիրները նվազեցնելու կամ ընդդիմադիրներին վնասազերծելու նպատակով: Հայաստանում այն հակառակ բնույթն է կրում՝ ընդդիմադիրներն են Արցախի հարցը «ներդնում» ներքին քաղաքական դաշտում…

Սա արդեն նոր չէ եւ լավ չէ:

Կան քաղաքական ուժեր, որ Արցախը համարում են Հայաստանին վերամիավորված, եւ այդպես էլ արտահայտվում են: Սա իհարկե լավ է: Բայց իրականում պիտի ձգտել ու հասնել դրան՝ պետականորեն: Ոչ թե որպես Հայաստանի անբաժան մաս՝ Արցախի թեման «մտցնել» Հայաստանի դեռ լիովին չկայացած քաղաքական դաշտի հորձանուտ:

Հիմնականում ընդդիմադիր ուժերն են ճանաչել Արցախը Հայաստանի 12-րդ մարզ: Այս առումով «Լուսանցք»-ը հրապարակել է նաեւ Հայ Արիական Միաբանության որոշումը, որում տարիներ առաջ կոչ հնչեց՝ թեկուզ քաղաքական եւ հասարակական ուժերով միասնաբար ճանաչել Հայաստան-Արցախ վերամիավորումը, որը կայացվել է երկու հայկական հանրապետությունների օրենսդիր մարմինների որոշումներով:

Եթե իրենց հայտարարությունից հետո Հայ Արիական Միաբանությունը (ապա նաեւ՝ նրանց միացած Հայ Ազգայնականների Համախմբումը) որեւէ առիթով չեն փոխկապակցել Հայաստանում եւ Արցախում ընթացող ընտրությունները (ի վերջո դրանք կայանում են միմյանցից զատ), պարզապես ողջունել կամ քննադատել են՝ հիշեցնելով, որ Հայաստանն ու հայությունը անբաղդատելի են, ապա ընդդիմադիր որոշ ուժեր պարբերաբար շաղկապում են այդ ընտրությունները, անգամ «հայաստանցի» ու «ղարաբաղցի» պիտակավորումները դարձնում հիմնական քննանյութ, ինչը ազգային պառակտման վտանգը միշտ ուղեկից է պահում…

Վերջերս «Նախախորհրդարան»-ի հիմքի վրա ձեւավորված «Հիմնադիր խորհրդարան»-ի մոտեցմամբ եւս՝ Արցախը Հայաստանի մի մասն է, ինչը նույնպես ողջունելի է «Լուսանցք»-ի համար: Եվ այդ ընդդիմադիր միավորումը կազմավորումից հետո հայտարարել էր, որ «Հայոց ցեղասպանության 100-ամյակը պիտի կազմակերպվի առանց ներկա վարչախմբի»: Հենց այստեղից էլ առաջացան հարցեր, որոնք պատասխանների էին սպասում: Սակայն հաջորդեց այդ կարգախոսը նաեւ Արցախում հնչեցնելու հանգամանքը: Միանգամից առաջ անցնելով նշենք, որ այս քաղաքական ուժի նկատմամբ Արցախի ճանապարհին կատարված ոստիկանական գործողությունները անհամաչափ էին, եթե չասենք՝ առանձնակի դաժանորեն կիրառված, բայց այդ խնդրին կանդրադառնանք ստորեւ:

Դառնալով նախորդ թեմային, նշենք, որ կան տոներ կամ հիշատակի օրեր, որոնք համազգային են ու միջազգային նշանակության, ինչը պարտադրում է հաշվի առնել դրանց գոյությունը՝ առաջնային համարելով ազգային շահերը: Եվ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը հաստատ այն հիշատակի օրերից է, որ պիտի ներդրվել ամբողջապես՝ ազգովի, հայության բոլոր մասնիկներով, որպեսզի նպատակը իրականանալի դառնա: Ուստի՝ «ՀՀ վարչախմբի հեռացումը» չի կարելի պահանջել ԼՂՀ-ում, նաեւ ՀՀ-ի սահմանամերձ, պատերազմական որեւէ գոտում: Նախապես նշեցինք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ը եւս Արցախը համարում է Հայաստանի մի մասը, բայց հասկանալի է, որ դա միջազգային արձագանքների առումով չի՛ փոխել առկա իրավիճակը:

Եվ համազգային հիշատակի օրվա (երբ Անկարան ու Բաքուն ամեն բան անում են հայության նպատակները տապալելու համար) «ռեժիմախեղդ» շահարկումը չի՛ կարող ընկալվել որպես ճշմարիտ պայքար, եթե նույնիսկ այդպիսին է (այն անգամ ապրիլի 25-ին կարելի էր շարունակել), ուստի չի կարող համազգային ընթացք ունենալ:

Ավելին՝ դա նաեւ Արցախում ծավալելու փորձը՝ արդեն երկրորդ ոչ ճշմարիտ ընթացքն էր, ինչը, ցավոք, նաեւ դաժան ու տխուր ավարտ ունեցավ:

Ինչեւէ, նշյալ քաղաքական միավորումը այնուամենայնիվ փորձեց իրականացնել իր ծրագիրը: Նրանք հայտարարեցին, որ Արցախ են այցելու, ինչպես այցելում են ՀՀ տարբեր մարզեր: Բայց ինչպես վերը նշեցինք՝ դա այնքան էլ այդպես չէ, անգամ նման տեսակետը մեր կողմից ողջունվելու դեպքում: Արցախը այսօր միջազգային ուշադրության կենտրոնում է, գերտերություններն են շահագրգռված խնդրի այս կամ այն լուծումով, էլ չասենք՝ մեր թշնամիները:  Ուստի՝ Արցախ գնալու հայտարարությունն արդեն վտանգներ էր պարունակում ի սկզբանե: Բայց, ի վերջո Արցախը հայկական տարածք է եւ հայերն են բնակվում այնտեղ, ինչպես միշտ է եղել:

Եվ հակառակ կողմից եւս դիտարկելով խնդիրը, պետք է ասել, որ յուրաքանչյուր հայ իրավունք ունի այցելել Հայաստանի որեւէ տարածք, այդ թվում՝ Արցախ: Եթե այդ հայի կեցվածքը կամ գործողությունները  հակաօրինական կլինեն, ապա դրա համար կա գործող օրենք: Օրենքը արտահայտում է գործողությունների սահմանը, ինչը չի կարելի չարաշահել, ինչպես չի կարելի չարաշահել Արցախի թեման: Ի վերջո, օրենքի չարաշահումը իշխանությունների կողմից պակաս վտանգավոր չէ Արցախի համար, որքան հակառակ կողմի շահարկումները: Իսկ դիտելով համացանցում առկա տեսաժապավենը… ոստիկանների կողմից այդ չափը մի քանի անգամ անցած է...

Եթե ավտոմեքենաների շարասյունը անօրեն էր ժամանել Արցախ, ապա դա մի կարգավորում էր պահանջում, չթողնել Արցախի տարածք մտնել ու վերջ: Իսկ ավտոշարասյունը օրերով հաստատ չէր մնալու այդտեղ, առավել եւս, երբ կանայք ու երեխաներ կային նրանց հետ: Սա շատ պարզ է:

Բայց տեղի է ունենում անհավանականը՝ ոստիկանները ծեծուջարդ են սկսում՝ պատճառաբանելով, որ ներկաները չեն ենթարկվում օրենքին եւ նման բաներ:

Չենք վիճում, գուցե մեկ-երկու հոգի մեկ-երկու ավել բան ասած լինեն: Գուցե: Բայց արդյո՞ք դա կարող էր նման դաժանության մղել, ինչը համատարած բնույթ էր կրում, եւ մարդիկ հայտնվել են հիվանդանոցներում:

Սա լուրջ քննարկման թեմա է: «Լուսանցք»-ը ինչքան դեմ է Արցախի շահարկմանը, այնքան էլ դեմ է Արցախը Հայաստանից առանձնացնելուն: Ում կողմից էլ որ դա իրականացվի:

Հետո, արդեն Երեւանում, խոսեցին «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները: Ասուլիսում նշվեց, որ «…երբ այցելեցինք Արցախ, պատճառն այն էր, որ կար մտահոգություն, թե այսօր Արցախը կորցնում ենք»,- անդրադառնալով Բերձորում ավտոերթի մասնակիցներին ծեծի ենթարկելուն՝ ասել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը: Նա մտահոգված է, թե «ստեղծվում է անջրպետ երկու հասարակությունների միջեւ, իսկ Բերձորում կատարվածը այդ անջրպետը ավելի խորացրեց»:

Որպես Արցախի կորստի վկայություն բանախոսը նշեց այն հանգամանքը, որ «երբ արգելում են Արցախ մտնել Ժիրայր Սեֆիլյանին եւ ծեծում են նրան, սա նշանակում է, որ մենք Արցախը կորցնում ենք»: Վկայակոչելով 1988-ի «Միացում» կարգախոսը՝ նշվեց, որ Արցախի ժողովուրդը վերամիավորման ցանկություն ուներ, բայց օտար պետությունների թելադրանքով նրան հանրաքվեով փաստի առաջ կանգնեցրին եւ արցախահայությանը դրեցին փաստի առաջ:

Ընդդիմադիրները նաեւ մտահոգ են այն առումով, որ «Ադրբեջանը որոշակի վճար է պահանջելու ԵՏՄ մտնելու համար, եւ ռուսական կայսրությունը փորձում է Արցախը հանձնել Ադրբեջանին»:

Ծեծի մասին խոսելով՝ բանախոսը նշեց. «Երբ ավտոշարասյունը շրջվեց, որ հետ գա, հետեւից հարձակվեցին շարասյան վրա, ծեծեցին, ջարդեցին եւ այլն: Հիշում եմ մի ահավոր դրվագ, որ չեմ կարող մոռանալ: Ջարդուխուրդ եղած ավտոմեքենայի դուռը երբ բացեցի, այնտեղ կանգնած եւ դիմացի նստարանին գամված տեսա Ժիրայր Սեֆիլյանի փոքր՝ 6-7 տարեկան երեխային, նա անընդհատ ասում էր, «Փրկիր մեզ, Աստված»: Դրվագը շատ դաժան էր ու 100-ամյակի նախաշեմին չէի ուզենա տեսնել դրա կրկնությունը»:

Այն հարցին՝ ինչու՞ է տեսագրությունը մոնտաժված տարբերակով տարածվել, Գեւորգ Սաֆարյանն ասաց. «Այնտեղ մոնտաժի խնդիր չկա, ինչ ունեինք՝ միացրել ենք իրար»:

Մյուս բանախոսը՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը, հակադրվելով Արցախը մարզ կոչելու մտքին, ասաց. «Համաձայն չեմ այն մտքի հետ, որ գոյություն չունի ԼՂՀ: Իսկապես Արցախում կան իշխանություններ եւ լրիվ այլ քաղաքական համակարգ: Եվ տարօրինակ են այն կոչերը, թե ապրիլի 24-ին իշխանությունները զբաղված են լինելու, գնանք, իշխանություն գրավենք եւ այլն: Այնքան էլ խելացի միջամտություն չէր Արցախ գնալը, դա կարող է բերել առճակատման: Ինձ համար անշնորհքություն է կապել, օգտագործել ապրիլի 24-ը եւ ռեժիմի հեռացումը»:

Նշվեց նաեւ, որ «ՀՀ ռեժիմի հեռացումը» ադրբեջանցիները շուտով կդարձնեն «ԼՂՀ ռեժիմի հեռացման» թեմա:

Ինչն արդեն իսկ սկսվել էր ու… ոչ միայն Ադրբեջանում…

Արտակ Հայոցյան եւ Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 3 (349), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։