Ֆրանսիական այց եւ բացատրություն – Ի տարբերություն Հոլոքոսթի, Հայոց ցեղասպանության ժխտումը պատժելու մասին որեւէ օրենք չկա… Ներքին թուրքեր – Մահապատի՛ժը կկասեցնի այս դեպքերը… Սպիտակ թուրքեր – Հայասպանին կդատեն Հայաստանում…

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթի ժամանակ ասել է, որ մոտակա ապրիլի 24-ին Ֆրանսիայի ժողովրդի անունից կժամանի Երեւան: Նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցում պետք է կոտրել տաբուները. «Հավատում եմ, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ մի նոր ժեստ կարվի»:

Սա կարելի է համարել առաջին պաշտոնական ու բարձրաստիճան հայտարարությունը՝ Հայաստան այցելելու եւ ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին: Ֆրանսիան Ապրիլի 24-ին ընտրեց Հայոց ցեղասպանության հիշատակի, ոչ թե Թուրքիայում մոգոնված Գալիպոլիի ճակատամարտի օրը:

Ֆրանսիայի նախագահը թուրքերին կոչ է արել շարունակել ճշմարտության բացահայտմանն ուղղված ջանքերը եւ հիշեցրել է, որ ինքը ողջունում է նախորդ տարի դեռ վարչապետ Էրդողանի հղած ցավակցական ուղերձը: Թուրքական կայքերն արդեն արձագանքել են Ֆրանսուա Օլանդի կոչին՝ այն որակելով «լկտի»:

Իսկ նախորդ ամիս ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն ամերիկյան NBC հեռուստաալիքի եթերում Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն էր արել, ինչն առաջացրել էր ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում հայ համայնքների դժգոհությունը: Այս կապակցությամբ դեսպանը բացատրական նամակ է ուղարկել ԱՄՆ հայ դատի հանձնախմբին:

Բանն այն է, որ հաղորդման ժամանակ հաղորդավարը անդրադարձ է կատարել Շառլի Էբդո շաբաթաթերթի հակաիսլամական ծաղրանկարներին եւ Ֆրանսիայում խոսքի ազատությանը՝ ասելով, որ խոսքի ազատության ավանդույթը Ֆրանսիայում ձեւավորվել է 1700-ականներին, սակայն Ֆրանսիայում գործում են Հոլոքոստի ու Հայոց Ցեղասպանության ժխտումը պատժող օրենքներ:

Դրան ի պատասխան դեսպանը նշել էր, որ «իրականում Հայոց ցեղասպանության ժխտումը պատժելու մասին որեւէ օրենք չկա: Կա միայն Հոլոքոստի չժխտման մասին, քանի որ դա կարծիք չէ: Հոլոքոստը տեղի է ունեցել: Այնպես որ, դուք կարծիք չեք հայտնում, երբ ասում եք, որ Հոլոքոստ չի եղել: Դա փաստ է»:

Հայ դատի հանձնախմբին ուղղված նամակում դեսպան Արոն նշել է, որ իր նկատառումը կարող է սխալ ներկայացվել՝ լեգիտիմություն հաղորդելով Հայոց ցեղասպանության ժխտմանը: Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանին, անդամ Րաֆֆի Համբարյանին դեսպանը հիշեցրել է, որ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ հավաստիացրել իր համոզմունքը, որ Հայոց ցեղասպանությունը եղել է ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությունը:

Վահագն Նանյան

Ներքին թուրքեր – Մահապատի՛ժը կկասեցնի այս դեպքերը

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, ով ինստիտուտում 19-ամյա Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո ազատվել է պաշտոնից, փետրվարի 1-ին ներկա է եղել նրա հուղարկավորությանը, ներողություն խնդրել նրա ծնողներից:

Այս մասին հայտնել է Հայկազի հորեղբայրը՝ Ալեքսան Վանյանը: «Ինստիտուտի ամբողջ կազմը ներկա է եղել: Իրենք նույնպես ծանր էին տանում, նույնիսկ լաց էին լինում: Մայրը որ ասում էր՝ երեխուն ձեզ եմ տվել, ասեցին՝ ճիշտ եք ասում, մենք մեղավոր ենք, ուղղակի ոչ մեկս չէինք ուզի, որ սենց լիներ: Ասեցին՝ կներեք, մենք մեղավոր էինք, մենք սխալ էինք, մենք պիտի պահեինք երեխուն»,- պատմել է հորեղբայրը:

Այս ցավալի դեպքից հետո սպասելի էին ինստիտուտում պաշտոնանկությունները: Կարեւոր է, որ դա նշանակություն ունենա եւ հետագայում կանխվեն նման դեպքերը, այլապես կշարունակվեն տզրուկ պաշտոնյաների տզրուկ լամուկների վերամբարձ ու վտանգավոր քայլերը ոչ միայն այս ինստիտուտում: Այո, պաշտոնանկություն պետք է լիներ նման բարձրագույն ռազմական հաստատությունում, որպեսզի հետագայում դաս քաղեն այս ամենից:

Հայկազի հուղարկավորությանը ներկա էր նաեւ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի (որը Հայկազն ավարտել է գերազանցությամբ) դասախոսական կազմը:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի

104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:

Հայկազին սպանել էին դաժանորեն, բայց այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե ինքնասպան է եղել: Կարծիք կա, որ հաշվեհարդարի պատճառն եղել է այն, որ Հայկազը չի ենթարկվել ինտիտուտում 4 ծառայակիցների ստեղծած վախի մթնոլորտին: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ԱԺ-ում հաստատել է, որ այդ 4 ծառայակիցները եղել են ալկոհոլի ազդեցության տակ:

Սպիտակ թուրքեր – Կդատեն Հայաստանում

Հայկական եւ ռուսական կողմերը պայմանավորվել են մարդասպան ռուս զինվորականի նկատմամբ դատ անցկացնելու մասին: Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ դատը կանցկացվի մեր երկրում՝ ռուսական ռազմաբազայի տարածքում, ինչը հայ հանրության պահանջի եւ արդար ցասման արդյունքն է:

ՀՀ իշխանությունները, մասնավորապես գլխավոր դատախազը խոստացել էր դիմել Ռուսաստանի իր պաշտոնակցին, որպեսզի դատը Հայաստանում կայանա, ինչն այսօր արդեն իրականություն է: Եվ սա նաեւ հայ իրավապահների, պետական ու քաղաքական գործիչների համագործակցության արդյունք է:

Կողմերը վերջնականապես համաձայնություն են ձեռք բերել այն մասին, որ դատական գործընթացը կանցկացվի Գյումրիում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի կայազորային ռազմական դատարանում: Նման որոշում է կայացվել Հայաստանում տեղակայված ռազմաբազայի կարգավիճակի մասին երկկողմ համաձայնության հիման վրա: Կողմերը նաեւ համաձայնեցնում են համատեղ մեղադրական եզրակացություն՝ ռուսական օրենսդրության հիման վրա:

«Քանի որ Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով քրեական գործը միաժամանակ հետաքննում են եւ՛ ռուսական, եւ՛ հայկական կողմերը, խնդիրը լուծվում է համաձայնեցված միասնական մեղադրական եզրակացության ընդունման միջոցով, որը հիմնված է լինելու ռուսական քրեական օրենսդրության վրա»,- հայտնել են ռուսական զլմ-ները:

Մեղադրյալի նկատմամբ առաջադրվելու է նաեւ ռուս ռազմական քննիչների կողմից ներկայացված զենքով դասալքության համար նախատեսված հոդվածներով նախատեսվող մեղադրանք:

«Այն ամենը, ինչ մշակվել է հայ քննիչների կողմից, գործի նյութերի հետ համադրելու նպատակով փոխանցվելու է ռուսական կողմին»,- հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

Ներկայումս հայասպանը գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (2-ից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով):

Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: Տուժողի իրավահաջորդները 5-ն են:

Որ պերմյակով կոչվող տականքներից ստորագույնը կկրի իր իսկական պատիժը (խոսքն իրավական պատժի մասին չէ), վստահ ենք: Եվ այդ վստահությունը զայրացած այն Հայն է, որ ի զարմանս շատերի, թեկուզ նախնական, բայց դաս տվեց «մեծ եղբայր» կոչվածին՝ սովորեցնելով հարգել «փոքր եղբորը»: Մնացյալի մասին դեռ շատ կխոսենք:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 3 (349), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։