Հայկական պահանջատիրության ժամանակը – Միջազգային նոր ճանաչումներ՝ Հայոց Պահանջատիրությանն ուղղված… Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական Հռչակագիր…

Ցեղասպանությունների կանխարգելումը հնարավոր է միայն պահանջատիրության միջազգային իրավունքի հաստատմամբ:

Բոլոր ոճրագործները եւ զավթարարները պիտի հասկանան, որ մարդկանց զանգվածային կոտորածներն ու ազգերի բնական տարածքների՝ հայրենիքների զավթումը, ի վերջո ետընթաց է ունենալու իրավական, քաղաքական եւ այլ տեսանկյուններից…

Ժամանակն է, եթե չասենք՝ մի բան էլ անցել է, որ հայկական պետությունն ու տարաբնույթ կազմակերպությունները Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը զուգընթաց բարձրացնեն Հայոց Պահանջատիրության հարցը: Այն երկրներն ու միջազգային կառույցները, որոնք ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, պետք է նույնպես անցնեն այդ ճանապարհով՝ մի նոր որոշում կայացնեն՝ Հայոց Պահանջատիրության ճանաչմանն ուղղված:

Եվ ահա, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը առաջին քայլն է արել աս ուղղությամբ: Այն ամբողջությամբ լավ պատրաստված փաստաթուղթ է՝ դիվանագիտական «սեղմումների» ենթարկված, ինչը թույլ կտա միջազգային ատյաններում ներկայացնել առանց զգացական կողմի: Թերեւս պետական մոտեցման առումով հասկանալի տարբերակ է, գոնե մերօրյա պահանջատիրական առաջին փաստաթղթի համար: Իսկ զգացական առումով՝ մինչ 100-ամյակը եւ դրանից հետո՝ կլինեն զգայացունց փաստեր եւ իրավական ու քաղաքական հայտարարություններ, հոդվածներ, գրքեր:

Հռչակագրի որոշ դրվագները հայության բոլոր հատվածներին էլ հնարավորություն են տալիս իրենց պահանջներում ապավինել մեր պետությանը՝ ներկայիս Թուրքիայից հայկական բռնազավթված հողերը պահանջելու, որպես ցեղասպանվածների ժառանգներ՝ տարաբնույթ փոխհատուցումներ ստանալու հարցերում: Դա ասում է փաստաթղթի այն ձեւակերպումը, որ այն արտահայտում է Հայաստանի եւ հայ ժողովրդի միասնական կամքը՝ Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու եւ ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում: Դրա համար մշակվում է իրավական պահանջների թղթածրար, որը դիտարկվում է որպես անհատական, համայնքային եւ համազգային իրավունքների եւ օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ:

Իրավական առումով դրա իրավունքը մեզ առաջինը տվել են հենց թուրքերը՝ 1919-1921թթ. Օսմանյան ռազմական արտակարգ ատյանների կողմից «Իրավական եւ մարդկային օրենքների դեմ», այդ ծանր ոճրի ուղղությամբ դատավճիռները կայացնելով: Սրա հետ միասին՝ Հռչակագրում ամրագրված է, որ 1915թ.՝ միջազգային հանրության կողմից Անտանտի պետությունների մայիսի 24-ի համատեղ հռչակագրով հայ ժողովրդի դեմ իրականացված ծանրագույն հանցագործությունը, պատմության մեջ առաջին անգամ որպես «մարդկության եւ քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն է որակվել: Նաեւ օսմանյան իշխանություններին պատասխանատվության կանչելու հանգամանքի շեշտադրումը կա, ինչպեսեւ 1920թ. օգոստոսի 10-ի Սեւրի հաշտության պայմանագրի ու 1920թ. նոյեմբերի 22-ի՝ ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը եւ նշանակությունը Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում.

Հռչակագրի հայտարարումը անչափ կարեւոր էր այս օրերին, երբ թյուրքական ամենատարբեր տարրերը փորձում են ընդվզել ցեղասպանության ճանաչման դեմ: Կարեւոր էր նաեւ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամների եւ ընդլայնված նիստի մասնակիցների հետ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցեց անմեղ միլիոնավոր զոհերի հիշատակին:

Փաստաթղթում նշվում է 1,5 մլն ցեղասպանված հայերի մասին, սակայն նույն փաստաթղթում առկա ժամանակահատվածը ասում է, որ «1894-1923թթ. Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը…»:

Իսկ սա հետագայում կպահանջի խոսել ավելի քան 3,5 մլն զոհերի մասին:

Պահանջատիրական մոտեցումը կնպաստի, որ խոսենք ոչ միայն Արեւմտյան Հայաստանում, այլեւ՝ Արեւելյան Հայաստանում կազմակերպված ցեղասպանության մասին, ինչպես թուրքերի, այնպես էլ նրանց արյունակից եղբայր ադրբեջանցիների կողմից…

Պետական հանձնաժողովի անդամները այցելելով հուշահամալիր, այնուհետեւ ծանոթացել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրության նախապատրաստման աշխատանքների ընթացքին:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էլ տեղի ունեցավ 1915թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը՝ հենց ժամը 19:15-ին: Հռչակագիրը միաձայն է ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում:

Փաստաթուղթն ընթերցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման, Հռչակագրի մայր օրինակը ի պահ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հանրապետության նախագահը նշել է, որ հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ:

Օսմանյան Թուրքիայի կառավարությունը բռնի տարհանումը սկսեց 1915թ. (ինչը այսօր ներկայացվում է այնպես, իբր հայերը մահացել են սովից, հարձակումներից, զանազան հիվանդություններից), այնուհետ օրենք ընդունեց հայերի տները, հողերը, եկեղեցիները եւ այլ արժեքները բռնագրավելու մասին՝ պատճառաբանելով, որ դրանք արդեն «լքված» են՝ «անտեր»…

1915-ին ավելի քան 1 մլն հայերի ոչնչացումը «մարդկության դեմ հանցագործություն» ճանաչեցին Ֆրանսիան, Ռուսաստանը, անգամ Մեծ Բրիտանիան, բայց այս դաշնակիցները ձեւականորեն խոստացան պատժել Թուրքիային, դա միայն նրա համար էր, ինչը ԱՄՆ-ում պատերազմի ավարտին անվանեցին «մեծ հանցագործություն՝ մի ամբողջ ժողովուրդ ոչնչացնելու փորձ»: Եվ ցեղասպանություն կոչվող հանցագործության համար երիտթուրքերին պատժելու նպատակով ընդունված Սեւրի պայմանագիրը ցայսօր իրականություն չդարձավ:

Ժամանակակից Թուրքիան ժխտողական քաղաքականություն է որդեգրել՝ ասելով, որ զանգվածային սպանությունները պատերազմի հետեւանք էին: Թուրքիայում այսօր կարող են դատարանում հայտնվել, եթե պնդեն, որ 1915-ին ցեղասպանություն է եղել, թեեւ եվրոպական որոշ երկրներում ցեղասպանության ժխտումը հանցագործություն է որակվում: Իսկ Անկարան այժմ ավելի նյարդայնորեն է վերաբերվում այս թեմային, ինչը կարող է խաթարել «Մեծ Թուրքիա» ստեղծելու ծրագրերը… Հայոց ցեղասպանության 100-ամյակի տաելիցը պատմական ճշմարտությունը ընդունելու իրական թեստ է լինելու, թե որ երկրների պատվիրակությունները ապրիլի 24-ին ուր կուղարկվեն՝ Հայաստա՛ն, թե՛ Թուրքիա՝ հաշվի առնելով այն, որ թուրքերը որոշել են Գալիպոլի ճակատամարտի 100-ամյակը նշել ապրիլի 24-ին: Այն երկրները, որոնք երկու տեղն էլ կուղարկեն պատվիրակություններ, պետք է դիտարկել քայլ՝ ընդդեմ հայերի:

Հայ-թուրքական կոչված արձանագրությունների ետկանչը կլինի հստակ արտահայում (նաեւ արտաքին աշխարհի համար), որ Հռչակագիրը ներքին սպառման համար չէ:

Առավել եւս, որ Անկարան ու Բաքուն այդ փաստաթուղթը դարձրել են շահարկման առարկա…

Արամ Ավետյան

* Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական Հռչակագիր

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, համախորհուրդ սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնախմբերի հետ՝

– արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը,

– հենվելով 1990թ. օգոստոսի 23-ի՝ Հայաստանի անկախության մասին հռչակագրի եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա,

– վկայակոչելով ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որի համաձայն «մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության եւ հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն աշխարհի ազատության, արդարության եւ խաղաղության հիմքն է»,

– ղեկավարվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946թ. դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձեւի, 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, 1968թ. նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, ինչպես նաեւ 1966թ. դեկտեմբերի 16-ի «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի եւ մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով եւ դրույթներով,

– հաշվի առնելով, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան ընդունելիս ՄԱԿ-ը հատուկ կարեւորել է այդ հանցատեսակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը,

– շեշտելով ցեղասպանության հանցակազմում պարունակվող արարքների համար անպատիժ մնալու անթույլատրելիությունն ու այդ հանցագործության վաղեմության ժամկետ չունենալու հանգամանքը,

– դատապարտելով 1894-1923թթ. Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաեւ ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետեւանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն եւ նոր ցեղասպանություններ իրականացնելու քաջալերանք,

– համարելով նաեւ 1919-1921թթ. Օսմանյան ռազմական արտակարգ ատյանների կողմից «Իրավական եւ մարդկային օրենքների դեմ» այդ ծանր ոճրի ուղղությամբ կայացված դատավճիռները եղելության իրավական գնահատական,

– արժեւորելով 1915թ. միջազգային հանրության կողմից Անտանտի պետությունների մայիսի 24-ի համատեղ հռչակագրով հայ ժողովրդի դեմ իրականացված ծանրագույն հանցագործությունը պատմության մեջ առաջին անգամ որպես «մարդկության եւ քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն» որակումը եւ օսմանյան իշխանություններին պատասխանատվության կանչելու հանգամանքի շեշտադրումը, ինչպես նաև 1920թ. օգոստոսի 10-ի Սեւրի հաշտության պայմանագրի եւ 1920թ. նոյեմբերի 22-ի՝ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը եւ նշանակությունը Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում.

  1. Ոգեկոչում է Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը եւ երախտագիտությամբ խոնարհվում կյանքի ու մարդկային արժանապատվության համար պայքար մղած նահատակ եւ վերապրած հերոսների առջեւ:
  2. Վերահաստատում է Հայաստանի եւ հայ ժողովրդի հանձնառությունը՝ շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման եւ պատմական արդարության հաստատման համար:
  3. Շնորհակալություն է հայտնում այն պետություններին, միջազգային, կրոնական եւ հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու եւ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված սոսկալի ոճրագործություն, եւ այսօր էլ շարունակում են այդ ուղղությամբ իրավական քայլեր ձեռնարկել, նաեւ կանխել ժխտողականության վտանգավոր դրսեւորումները:
  4. Երախտագիտություն է հայտնում այն ազգերին, կառույցներին եւ անհատներին, ովքեր հաճախ իրենց վտանգելով՝ մարդասիրական տարաբնույթ օգնություն ցուցաբերեցին, փրկեցին լիակատար ոչնչացման վտանգի առջեւ կանգնած բազմաթիվ հայերի, ապահով եւ խաղաղ պայմաններ ստեղծեցին ցեղասպանությունից վերապրած հայության համար՝ մեծ թափ հաղորդելով որբախնամ գործունեությանը եւ միջազգային հայասիրական շարժմանը:
  5. Դիմում է ՄԱԿ-ի անդամ պետություններին, միջազգային կազմակերպություններին, բարի կամքի տեր բոլոր մարդկանց՝ անկախ ազգային եւ կրոնական պատկանելությունից, միավորել իրենց ջանքերը պատմական արդարությունը վերականգնելու եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար:
  6. Արտահայտում է Հայաստանի եւ հայ ժողովրդի միասնական կամքը՝ Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու եւ ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային եւ համազգային իրավունքների եւ օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ:
  7. Դատապարտում է Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը, միջազգային հարթակներում ցուցաբերվող հակահայկական կեցվածքը եւ միջպետական հարաբերությունների կարգավորման համար նախապայմանների առաջադրումը՝ դրանք գնահատելով որպես Հայոց ցեղասպանության, Մեծ Եղեռնի մինչ օրս անպատիժ մնալու հետեւանք:
  8. Կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը եւ մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմության ու հիշողության հետ՝ հրաժարվելով կեղծարարության, անհերքելի իրողության ժխտման եւ հարաբերականացման քաղաքականությունից:

Զորակցում է Թուրքիայի քաղաքացիական հասարակության այն հատվածին, որի ներկայացուցիչներն այսօր արդեն համարձակություն են դրսեւորում այդ հարցում՝ ի հակադրություն իշխանությունների պաշտոնական դիրքորոշման:

  1. Հույս է հայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը կարեւոր մեկնակետ կդառնան հայ եւ թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացի համար:
  2. Հպարտությամբ է արձանագրում, որ ցեղասպանությունից վերապրած հայ ժողովուրդը վերջին հարյուրամյակի ընթացքում՝

– դրսեւորեց անկոտրում կամք ու ազգային ինքնագիտակցություն, վերականգնեց դարեր առաջ կորցրած ինքնիշխան պետականությունը,

– պահպանեց եւ զարգացրեց ազգային արժեքները, հասավ ազգային մշակույթի, գիտության եւ կրթության վերածննդի՝ ուրույն ներդրում ունենալով համաշխարհային ժառանգության զարգացման գործում,

– ստեղծեց Հայկական Սփյուռքի հոգեւոր եւ աշխարհիկ կառույցների հզոր եւ արդյունավետ ցանց, ինչը նպաստեց աշխարհասփյուռ հայ համայնքներում հայապահպանության, հայի՝ հարգանք եւ համակրանք վայելող կերպարի կերտմանը, հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանությանը,

– համազգային գործակցության եւ հայրենադարձության ընդարձակ ծրագրով համախմբեց եւ վերստեղծեց ցեղասպանության հետեւանքով վերացման վտանգի առջեւ հայտնված ազգային գենոֆոնդը,

– Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերում բերեց իր արժանի ներդրումը միջազգային անվտանգության եւ խաղաղության հաստատման գործում, փառավոր հաղթանակներ տարավ Սարդարապատի եւ Արցախյան հերոսամարտերում:

  1. Դիտարկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը որպես կարեւոր հանգրվան պատմական արդարության համար մղվող պայքարը «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսով շարունակելու գործընթացում:
  2. Կոչ է անում հայորդիների գալիք սերունդներին՝ հայրենասեր, գիտակից եւ ուսյալ կեցվածքով պաշտպան կանգնել հայրենի սրբազան ժառանգությանը, աննահանջ պայքարով ծառայել հանուն‘

– առավել հզոր Հայրենիքի՝ ազատ եւ ժողովրդավար Հայաստանի Հանրապետության,

– անկախ Արցախի առաջընթացի ու զորացման,

– աշխարհասփյուռ հայության գործուն համախմբման,

– համայն հայության դարավոր նվիրական նպատակների իրականացման:

«Լուսանցք» թիվ 3 (349), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։