Ուսանողի հայացքով.- Իմ քաղաքի մարդիկ՝ (Հեռակա սերենադ՝ թրջված քամանչով – Չորացած ծաղիկ – Թթու ռեալիզմ – Սրճարանային այգի)… Իսկ Հայկական լեռնաշխարհի գելխեղդը դեռ կանի իր քայլը…

Հեռակա սերենադ՝ թրջված քամանչով

Սիրում եմ, որ մարդիկ հետս երգում են,- ասում է քամանչա նվագող Վլադիկ պապը: Երգել սիրողները կարող են նրան Խանջյան փողոցի գետնանցումում գտնել:

«Գործ չկար ու ստեղծեցի: Օրը ամենաքիչը 12.000-15.000 դրամ աշխատում եմ: Սովետի ժամանակ համատեղում էի, ցերեկը՝ դերձակ էի, կահույքագործ, երեկոյան՝ երգիչ»,- ասում է Վլադիկը:

Մանդալինա, թառ, ուդ, իսկ հիմա միայն ձեռքին քամանչա է: Անձրեւ էր, եթե իմանար՝ չէր գա: Որովհետեւ քամանչան չպիտի թրջվի: Երգով (միայն ժողովրդական են՝ Շերամ, Հավասի, Ջիվանի, սիրելին՝ Սայաթ-Նովա) տղերքին օգնում է: Զանգում են ու… հեռակա սերենադ է ստացվում:

Կարեւորը՝ թոռան համար սինթեզ գնեց:

Չորացած ծաղիկ

Հասմիկ Ահարոնյանը Հյուսիսային պողոտայում՝ որպես երգչուհի, ֆրանսերենով դարձավ Ժասմին: Ժանրը՝ ժողովրդականից էստրադա: Նաեւ գրում է, բայց իրեն բանաստեղծ չի համարում: Չնայած, գործերը «Վահագն» ռազմահայրենասիրական կազմակերպության միջոցով հրապարակելու է: Երաժիշտ տղաների հետ «իմպրովիզ» էլ են արել՝ երաժշտության ու ոտանավորի «միքսով»:

«Երազումս աղավնին երկնքում թռչում էր՝ փետուրները թափելով: Կարդացի, որ փետուրը շնորհի նշան է: Փաստորեն, էսօր երգում եմ բաց երկնքի տակ»,- ասում է տիկին Ժասմինը:

Իր ժողովրդից գոհ է: Կարծում է, որ իրեն ավելի շատ են վճարում, քան մյուս երաժիշտներին: Էսպես՝ 5000-6000 դրամ, անգամ նվերներ են անում, հրավիրում թատրոն, «կառավարության շենքն» էլ անտարբեր չի անցնում՝ 5000-10.000 դրամի սահմանում:

Ո՛չ արկղ, ո՛չ գլխարկ: Ամանիկ, որը գետնին չի դնում, քանի որ հարգում է երգը: Միշտ մոտը գոլ ջուր կա: Ձայնը՝ «ջրել-պաշտպանելու» համար: «Աստված ծաղիկ էր տվել, բայց թողեցի, որ չորանա»,- ասում է տիկին Ժասմինը: Հիմա էլ պրոդյուսեր ունենա՝ պատրաստ է համագործակցել: Աշխատածը հավաքում է, որ համակարգիչ գնի՝ կայք բացելու համար: Մարդիկ ուզում են գրածները կարդալ, իսկ ինքը՝ երգեր սովորել:

Թթու ռեալիզմ

Պանիր վաճառող կնոջը հարցրեցի Կայարանի շուկայում աշխատելու ձեւի մասին: Պայման դրեց. կարողանամ կասեմ, եթե ոչ՝ դու կպատասխանես: Համաձայնեցի, որովհետեւ այլ տարբերակ չկար:

– Ի՞նչ գնով եք վաճառում, մրցակից ունե՞ք:

– Վաճառում եմ էն գնով, որ առնեն,- պատասխանում է:

Սեղանակից վաճառողները գլխի ընկան, որ լավ կլինի՝ Ռազմիկին լսեմ: Անվախ Ռազմիկը միշտ բողոքում է ու հարցերին պատասխանելուց էլ չի հրաժարվի: Լիմոն վաճառող պարոն Ռազմիկն ասում է, որ իր ապրանքը չի գովում, որովհետեւ տեսքը խոսում է որակի մասին: Մյուս կողմից խոսելու չափից շատ բան կա:

Թեման (ըստ ընկերների կատակի) Վրաստանից գողացած լիմոնի նման թթվաշ ու սարսռացնող է. երկիրը քանդվեց: Ժողովուրդը գալիս է առեւտրի մի քանի դրամով: 10 հազարը հարցնում է, իսկ 10-ից մեկն է առնում:

Թոխմախցի Անուշն էլ 10 տարի է լավաշ է ծախում: Վերավաճառող է ու 20 դրամից 10-ն է իրեն մնում: Չի դժգոհում, որովհետեւ մշտական հաճախորդներ էլ ունի: Չնայած մի քանի լավերը երկրից ԱՄՆ ու Ռուսաստան գնացին: Երկրում մնացած տիկին Գոհարն էլ իմ տարիքով (19) հետ հաշվարկ է անում՝ հստակ ասելու, թե երկիրը երբ քանդվեց: Ու հաշվարկը բերում է այդ՝ քանդման կետին՝ երբ իր աշխատանքի տեղը՝ Էրեբունի նորաձեւության տունը քանդվեց:

Սրճարանային այգի

Սրճարա՞ն, թե՞ այգի: Հիմա չենք հիշում, նախկինում այգի էր, հետո՞ վերածվեց սրճարանի, թե՞ սրճարանի կողքերը ծառեր բերեցին-դրեցին, փոքրիկ ծառաստան դարձավ: Ու՞ր գնան զույգերը: Սիրահարների ղունղունի, փոխադարձ սիրավառ հայացքների համար տեղ չկա: Սրճարանում մարդիկ խանգարում են ու ճիշտ չեն հասկանում: Կոմայգին, օրինակ, դեռ գնալու տեղ չի: Սունդուկյանում հավաքված տարեցները շատ են խանգարում իրենց քաղաքական խոսակցություններով: Թումանյանում (հիմա Թումո են ասում, ինչից խորշում եմ) այնպես է, ինչպես մյուս այգիներում: Պարզապես այս այգու տարածքը համեմատաբար մեծ է, «բնակիչներն» էլ՝ շատ: «Բնակիչներից» ֆիզիկոս Նարեկը, որ թոռնիկի ու շան հետ էր, ասաց. «Սիրո համար նորմա չկա: Սիրողը չի տեսնում, թե ո՞վ ա նայում: Ես էլ լուսնից չեմ իջել: Երբեմն միայն ասում եմ՝ սահմանները մի անցեք»:

Այգում երկար մնալը հավասար է սրճելուն եւ ուտելուն: Աղջիկներն ասում են՝ «Ամեն ինչը նստում ա մոտ 5000 դրամ»: Տղաները ֆինասական բառը գետնին են հավասարեցնում՝ «Դե մենք տենց խնդիր չունենք»-ով: Համ էլ այգում մաքուր օդ է: Շնիկով տիկիններն ու աղջիկներն էլ անպակաս են:

Սեր կա ամեն այգում: Մեկն ընկերուհուն է սիրում, մեկը՝ սուրճը, մյուսը՝ մաքուր օդն ու շնիկին:

Հ.Գ. – Ի՛մ Երեւանի համար համացանցից այս լուսանկարը գտա, բայց չկարողացա գտնել լուսանկարի հեղինակին: Հայցում եմ նրա ներողամտությունը, բայց լուսանկարը «վերցնելու» գայթակղությանը չեմ դիմանում:

Սյուզան Գալստյան, Պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի 

Հայկական լեռնաշխարհի գելխեղդը դեռ կանի իր քայլը

Հայկական գամփռ շնատեսակը տարեվերջին մեծ գնահատականի է արժանացել տարբեր մայրացամքներում: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի կինոլոգիական միության նախագահ Վիոլետ Գաբրիելյանը: Մոսկվայում կայացած Շների միջազգային ցուցահանդեսի ժամանակ 10 հազար այցելուների առջեւ ներկայացվեցին թվով 12 հայկական գամփռներ: Իսկ ԱՄՆ-ում 2 հայ գամփռները հազվագյուտ շների ցուցահանդեսի ժամանակ արժանացան Գրան պրի մրցանակին:

«Շատ մարդիկ ցուցահանդեսի ժամանակ մոտենում էին մեզ եւ հարցնում, թե արդյոք կարո՞ղ են գալ Հայաստան ու անմիջապես այստեղից տանել գամփռիկներին: Գտնում եմ, որ ձագեր ձեռք բերելու համար Հայաստան գալն ավելի օգուտ կբերի մեր երկրին, քան ձագերի անմիջական ուղարկումը արտերկիր»,- ասել է միության նախագահը:

Հայաստանում միակ միջազգային կարգի փորձագետի աստիճան ունեցող կինոլոգը նշեց, որ եկել է ժամանակը, երբ մարդիկ հոգնել են արհեստական բուծած շներից եւ իրենց ուշադրությունը սկսում են սեւեռել դեպի էնդեմիկ ցեղատեսակներ, որոնց շարքում է նաեւ մեր Հայկական լեռնաշխարհի գելխեղդը:

«Ներկա պահին Հայաստանում գործում են մի քանի բուծարան, որոնք ժամանակին առանց գրանցման էին գործում, ուղակի տետրում նշումներ կատարելով յուրաքանչյուր շան մասին, իսկ հիմա դրանք սկսում են դուրս գալ օրինական դաշտ: Նաեւ Ռուսաստանում մեր հայրենակիցներից մեկը բացել է հայկական գամփռի բուծարան, որտեղ բուծած յուրաքանչյուր շուն ստանալու է իր համապատասխան փաստաթուղթը: Այդպես մեր հայկական գամփռը հնարավորություն կստանա առավել լայն տարածվել աշխարհով մեկ»,- նշեց Վիոլետ Գաբրիելյանը:

Կինոլոգիան Հայաստանում զարգացում ապրեց սկսած 1974թ.: 1994թ. կազմակերպությունը Հայաստանում առաջատարն է կինոլոգիայում: 2010թ. կազմակերպությունը Կինոլոգների միջազգային միության անդամ է:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 4 (350), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.