Քաղաքակա՞ն, թե՞ մեկ այլ սարդոստայն – Բռնության, վախի մթնոլորտից օգտվում են դրսի ուժերը՝ մեր երկրում ներքաղաքական սրացումների՝ տարատեսակ իրավունքների պաշտպանության քողի ներքո…

Վերջին մի քանի ամիսներին Հայաստանի ներքաղաքական կյանքը հետին պլան էր մղվել, ինչը տրամաբանական էր: Նախորդ տարվա դեկտեմբեր եւ այս տարվա հունվար ամիսները առավելապես արձակուրդային եւ տոնական են, ինչին ավելացավ նաեւ սահմաննային գոտիների անհանգստությունը: Այս ամիսների ընթացքում եւ ցայսօր ադրբեջանական կողմը ուժգնորեն խախտում է ինչպես արցախա-ադրբեջանական, այնպես էլ Հայաստանի հետ սահմանների անդորրը՝ գործածելով ինչպես դիպուկահարներին, այնպես էլ դիվերսիոն-հետախուզական խմբերին: Իսկ տարբեր տրամաչափի զենքերի գնդակոծունմներն ամենօրյա են:

Անգամ զարմանալի էր, երբ ներքաղաքական անդորրը խախտվեց Բերձորորում՝ Արցախ մեկնող ավտոշարասյան եւ ոստիկանների բախմամբ, ինչը հիմնականում ոստիկանների կողմից ավտոշարասյան կազմակերպիչ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների ծեծի վերածվեց:

Զարմանալի էր, քանի որ ոչ ոք չէր սպասում, որ Արցախին դարձյալ կխառնեն Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, հատկապես վերոնշյալ սահմանային լարվածության  եւ տարածաշրջանային վտանգավոր զարգացումների ժամանակ, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական դիվանագիտական հակամարտությունների ընթացքում եւ Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի նախաշեմին:

Այս կրքերը դեռ չեն հանդարտվել, ոստիկանների պահվածքը հետաքննվում է, սակայն մնում է այն մեծ հարցականը՝ թե ինչու՞ Արցախի նախագահ Բակո Սահակյանին հանդիպած «Հիմնադիր խորհրդարան»-ի նախաձեռնողներից Ժիրայր Սեֆիլյանը կազմակերպեց ՀՀ ներքին քաղաքական հարցերի արծարծման արշավը դեպի ԼՂՀ, այն դեպքում, երբ Արցախի նախագահը հստակ նշել էր, որ դա հայկական 2-րդ հանրապետությանը հարվածող տարբերակ կդառնա… «Լուսանցք»-ը հանգամանալից անդրադարձել է այս թեմային, ուստի դառնանք ներքաղաքական ծավալումներին՝ այս դեպքերից հետո: Թվում էր, թե ամեն բան ասվեց այս մասին, թե՛ ընդդիմադիրների, թե՛ իշխանավորների, թե՛ չեզոքների առումով, սակայն ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանի՝ «Ներքին անհանգստություններ հրահրողների համար մի լեզու է մնում՝ բերձորյան մահակը»… արտահայտությունը խիստ վտանգավոր վերջաբան եղավ: Պատգամավորը մասամբ ճիշտ է, երբ ասում է, թե՝ «ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների շարքը հարեւանների մոտ հիստերիա է առաջացնում, եւ մենք գիտենք նրանց հակահարված տալու ձեւը, բայց ինչպե՞ս վարվել ներքին հարցերում, երբ անխոհեմ քայլեր են արվում…»: Բայց երբ նա ողջունում է «բերձորյան մահակը», ապա դա արդեն վտանգավոր է: Գուցե առանց Արցախի իշխանություների հետ համաձայնեցնելու չէր կարելի նման քայլ անել եւ ջուր լցնել թշնամու ջրաղացին, բայցեւ՝ ոստիկանների անհամաչափ գործողությունները չնկատելը կուրություն է:

Այս օրերին հասարակական գործչի առեւանգումն ու ծեծն էլ մահակի երեւանյա՞ն տարբերակն էր: Երեւանում առեւանգվեց քաղաքական գործիչ: Դիմակավորված եւ ինքնաձիգերով զինված անձանց կողմից դաժան ծեծի ենթարկվեց ԲՀԿ քաղխորհրդի անդամ, «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների դեմ բողոքող «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանը, ով արագ տեղափոխվել էր հիվանդանոց՝ վերակենդանացման բաժանմունք: Այդ ընթացքում բողոքի ալիք բարձրացավ, իսկ ԲՀԿ պատգամավորները եկան կառավարություն, հնչեց նաեւ ԲՀԿ հայտարարությունը. «Մենք սա գնահատում ենք որպես քաղաքական ուժերին եւ հասարակությանն ուղղված լկտի ու ցինիկ մարտահրավեր: Միանշանակ է, որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է երկրի քաղաքական իշխանության վրա: Երկրում ստեղծված գանգստերական մթնոլորտի եւ ամենաթողության հիմնական մեղավորը համարում ենք երկրի բարձրագույն քաղաքական իշխանությանը, ովքեր կրում են նաեւ անձնական պատասխանատվություն այս ամենի համար: Երկրում կուտակված խնդիրները լուծելու, պետության եւ ժողովրդի առջեւ ծառացած ծանրագույն մարտահրավերները դիմագրավելու, երկրում ներքին համերաշխության մթնոլորտ ապահովելու փոխարեն քաղաքական իշխանությունն ընտրում է դարանակալած առեւանգման, թիկունքից հարվածելու, ծեծի թուլամորթ գործելաոճը»: ԲՀԿ-ն պահանջել է իրավապահ մարմիններից՝ ամենասեղմ ժամկետներում բացահայտել այս եւ վերջին շրջանի բոլոր պատվիրված հարձակումները քաղաքական, հասարակական գործիչների ու ակտիվիստների վրա: ԲՀԿ-ի կազմակերպած բողոքի ցույցը շարժվեց կառավարության ուղղությամբ, չնայած հայտարարությունում նշված էր, թե ԲՀԿ քաղխորհուրդը այս պահին խնդրում է ձեռնպահ մնալ զգացական քայլերից: Բայց հստակ կոչ կար ԲՀԿ-ի գրասենյակների ներկայացուցիչներին եւ ակտիվիստներին ուղղված. «Կտրուկ ակտիվացնել աշխատանքները տեղերում՝ ժողովրդի մեջ, համաժողովրդական ընդվզման միասնական օր անցկացնելու համար: Թող որեւէ մեկի մտքով չանցնի, թե Արտակ Խաչատրյանի եւ մյուս քաղաքական-հասարակական ակտիվիստների դեմ բռնությունները մնալու են անպատիժ: Պատժվելու են թե՛ կատարողները, թե՛ պատվիրատուները: Եթե դա չի անում իրավապահ համակարգը, ապա դա անելու է ժողովուրդը: Ակնհայտ է, որ իշխանությունները կորցնում են իրականության զգացումը եւ առաջնորդվում են բացառապես հոգեվարքային քայլերով»:

ԲՀԿ քաղխորհուրդը առաջարկել է իրենց ԱԺ խմբակցությանը՝ մինչեւ դեպքի լիակատար բացահայտումը, մինչեւ մեղավորներին պատժելը՝ քննարկել Ազգային Ժողովի աշխատանքները բոյկոտելու հարցը, սկսել անհապաղ խորհրդակցություններ ԱԺ այլ խմբակցությունների հետ՝ համակարգելու առաջիկա միասնական քայլերը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության մի խումբ պատգամավորներ գնացել են հիվանդանոց եւ հետաքրքրվել Արտակ Խաչատրյանի առողջական վիճակով, որից հետո ԲՀԿ ղեկավարը որոշ ժամանակ առանձնազրույց է ունեցել առեւանգված եւ դաժանաբար ծեծի ենթարկված երիտասարդի հետ: Ավելի ուշ՝ Արտակ Խաչատրյանի հարազատների հետ հանդիպման ժամանակ, ԲՀԿ նախագահը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը, նշել, որ նման գործելաոճը անընդունելի եւ զազրելի է, եւ ինքը հետամուտ է լինելու այս դեպքի բացահայտմանը եւ մեղավորներն անպատիժ չեն մնալու:

Այս ամբողջ պատմությունը օրեր անց դարձյալ զարմանք հարուցեց, երբ պարզվեց, որ առեւանգված ԲՀԿ-ականը մյուս կողմից էլ իշխանական հատվածին է առնչվում: Ուշագրավ է, որ ծեծի ենթարկված երիտասարդը, ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի անդամ Արկադիկի հորեղբոր որդին է: «Այս հանգամանքը ստեղծված իրավիճակն առավել քան ուշագրավ է դարձնում: Առանց այդ էլ ԲՀԿ ակտիվիստին ծեծելու փաստը ինքնին բազմաթիվ հարցերի տեղիք տվեց, քանի որ մինչ այս, որպես կանոն, հարձակման էին ենթարկվում ընդդիմադիր հայացքների տեր գործիչներն ու ակտիվիստները: Իսկ այժմ պարզվում է, որ իշխանական էլիտայի պաշտպանության տակ գտնվող անձինք եւս կարող են հարձակման թիրախ դառնալ»,- գրել է «Ժողովուրդ»-ը:

Թե ինչ քայլերի կդիմի ԲՀԿ-ն, դեռ հայտնի չէ, բայց որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ ԲՀԿ պատվիրակությկունը Մոսկվա է գնացել, արդեն իսկ ակնկալվում է, որ ինչ-որ քայլեր կլինեն: Կրկին խոսում են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ այս դեպքերի հետ առնչություն ունենալու մասին…

ՀՀԿ-ն, ինչպես շատ քաղաքական այլ ուժեր, եւս քննադատեց այս հանցանքը, բայց փոխադարձ արձագանքները կտրուկ դարձան ԲՀԿ հայտարարությունից հետո: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե պետք է չէ ժամանակից շուտ դատողություններ անել եւ միայն զգացական առումով մոտենալ դեպքին, հանրապետականները եւս վրդովված են եւ դեմ են այսօրինակ ծավալումներին: Անգամ զգուշացրեց, որ երբ ամեն բան պարզվի, շատերը կզղջան այսօրվա չմտածված ասածների համար, իսկ ակտիվիստին ծեծելը հաստատ իշխանությունների ձեռագիրը չէ: «Հնարավոր սրացումների ամբողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա»,- ավելի կտրուկ եղավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով նշեց նաեւ, որ ակնկալում է, թե Գագիկ Ծառուկյանն անձամբ պետք է հետեւի իր քաղաքական կառույցից դուրս եկող հայտարարություններին. «Այլապես դրանցում տեղ գտած էմոցիոնալ անհեթեթությունները մենք ստիպված պետք է ընկալենք որպես իր անձնական կարծիք»: Ըստ վարչապետի, իրենք խստորեն դատապարտել են կատարված բռնությունը եւ դատապարտելու են հարցերը բռունցքով լուծելու ամեն մի փորձ, բայց սրա վերաբերյալ յուրաքանչյուր շահարկում անձամբ ինքը համարում է քաղաքական թուլամորթություն, ում կողմից էլ այն արվի:

Ինչեւէ, քրգործի շրջանակներում հարցաքննվել են մի շարք վկաներ եւ գործով տուժող ճանաչված Արտակ Խաչատրյանը։ Քննությամբ պարզվել է, որ Արտակ Խաչատրյանը եւ իր ընկեր Նարեկ Աբրահամյանը «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել են Երեւանի Տոլստոյի փողոցում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրին ու կայանել նշված համալիրին կից պատի տակ: Այդ պահին փողոցի վերեւի հատվածից արագ նրանց է մոտեցել «Տոյոտա կորոլա» մակնիշի սեւ ավտոմեքենա, որից իջել են դիմակավորված, սեւ համազգեստով, խոշորամարմին 3 տղամարդ, որոնց մոտ եղել է նաեւ հրազեն։ Նրանք տուժածի ընկերոջը հրել են մի կողմ, իսկ ակտիվիստին նստեցրել ավտոմեքենան ու արագ հեռացել:

Առեւանգումից հետո, մի քանի ժամ ծեծի են ենթարկել, որից հետո ԲՀԿ ակտիվիստին թողել մի ամայի տարածքում, որտեղից էլ վերջինս ինքնուրույն եկել է իր բնակարան։ Տուժողի եղբայրը քննությանն է ներկայացրել տեսագրություն, որի զննությամբ պարզվել է, որ դեպքի օրը Նարեկ Աբրահամյանի վարած «Մերսեդես Բենց ՄԼ» մակնիշի ավտոմեքենային հետեւել է «Տոյոտա կորոլա» մակնիշի սեւ ավտոմեքենան: Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ պարզելու այդ ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:

Թե քննությունը ինչ կպարզի եւ քաղաքական որ ուժը ինչ պատասխանատվություն կստանձնի, ժամանակը ցույց կտա: Բայց իշխանությունը մեկ կարեւոր քայլ հաստատ պետք է ձեռնարկի,  այն է՝ ամեն ինչ պիտի անի, որպեսզի քաղաքական, հասարակական գործիչներն ու հանրության ակտիվ հատվածը չզգուշանա մտահոգություն հայտնելիս, տեսակետ հնչեցնելիս՝ վախենալով, որ կարող է առեւանգվել: Նկատենք, որ վախի մթնոլորտից օգտվելով են դրսի ուժերը մեր երկրում ներքաղաքական սրացումներ զարգացնում՝ տարատեսակ իրավունքների պաշտպանության քողի ներքո: Իսկ մեզ դա այս պահին բնավ ձեռնտու չէ, քանզի բազմաթիվ ազգային խնդիրներ ունենք չլուծված:

Անի Մարության

* * *

Տեղի ունեցավ եւս մեկ հարձակում, այս անգամ քաղաքագետի վրա: Սուրեն Սուրենյանցը նախկինում եղել է քաղաքական գործիչ, ներկայումս քաղաքագետ է եւ հատարարել է, որ իր վրա հարձակում է եղել՝ ֆիզիկապես ոչնչացնելու նպատակով: Հայտնել է, որ վստահաբար կարող է ասել, թե ով է կանգնած այդ հարձակման ետեւում: Ըստ նրա՝ պատվերի հեղինակն իր ընկերուհու հայրն է, սակայն նա ո՛չ ֆիզիկական եւ ո՛չ էլ անձնական շարժառիթ չունի այդ քայլին գնալու համար: Իսկ թե ի՞նչն է պատճառ հանդիսացել, քաղաքագետը չի ցանկացել մանրամասնել՝ հավելելով, որ չի ցանկանում նախաքննությանը խանգարել:

Դեպքը տեղի է ունեցել «Գլոբա» ՍՊԸ-ին պատկանող տաքսի ծառայության ավտոմեքենայում, 3 անձինք հարձակվել են ավտոմեքենայի վրա՝ հենց այն կողմից, որտեղ նա նստած է եղել, ու ոտքերով հարվածել են ավտոմեքենային: Քաղաքագետը վարորդին խնդրել է արագ հեռանալ այդ վայրից՝ ուղեւորվել դեպի Երեւան: Իսկ անհայտ անձինք մեքենայով հետապնդել են եւ միայն Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող Տաշիր առեւտրի կենտրոնի մոտ հաջողվել է խույս տալ ու հետքը կորցնել: Ում իր սպանության փորձի մեջ կասկածում է Սուրեն Սուրենյանցը՝ 54-ամյա Մնացական Ղազարյանն է: Ձեռնարկվել են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

* * *

Օրերս խորհրդարանում եւս մարդ էին փնտրում, բոլորին հետաքրքրում էր, թե ու՞ր է Իշխան Զաքարյանը: Վերահսկիչ պալատի նախագահի՝ խորհրդարան չներկայանալու հանգամանքին անդրադառնալով՝ նման հարցադրում էին անում հատկապես ընդդիմադիր պատգամավորները: Իսկ խոսակցություններ կային, թե նա Արցախում է:

Սակայն, Վերահսկիչ պալատի լրատվության բաժնից հերքեցին այդ տեղեկությունը՝ պնդելով, որ Իշխան Զաքարյանն այդ օրը, երբ պիտի ներկայանար ԱԺ, առողջական խնդիրներ է ունեցել եւ գտնվել է Երեւանում, ոչ թե Արցախում։

Ըստ ՎՊ մամուլի քարտուղար Արամ Ալավերդյանի. «Իշխան Զաքարյանը գտնվում է արձակուրդում եւ արձակուրդից կվերադառնա փետրվարի 19-ին»։

Լավ է, որ այս մի «կորած» անձը շատ արագ հայտնաբերվեց, ինչը այնքան էլ ամոքիչ չէր ընդդիմադիրների համար, ովքեր բազում հարցեր էին նախապատրաստել:

«Լուսանցք» թիվ 4 (350), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։