Երբ բոլորն ամեն ինչ են աշխատում – Միասնական դաշինքով՝ մի գաղափարի ու մի գերնպատակի շուրջ, որ միավորված կատարեն իշխանափոխություն եւ ընդդիմափոխություն՝ 25 տարի անց…

Երեկվա իշխանությունն այսօրվա ընդդիմությունն է, այսօրվա իշխանությունն էլ երեկվա ընդդիմությունն էր: Համայնավարական անդեմ ժամանակներից եկած գործիչներն անգամ չեն տարբերվում այսօրվա բազմադեմ նորելուկներից՝ բոլորը միաժամանակ ամեն ինչ գիտեն ու ամեն ինչ են: Ե՛վ ժողովրդավար ու ազատական տնտեսության կողմնակից են, եւ՛ սոցիալական արդարության առաջատար, բայցեւ մեծահարուստ ու կիսատ-պռատ հարկատու, եւ՛ ավանդական արժեքների կրող ու ազգային կամ պահպանողական գաղափարակիր են, միաժամանակ նաեւ միջազգային հակազգային օրենքների ու պետականաքանդ դրամաշնորհների «մասնագետ», մեկ էլ ազգայնական են ու անհրաժեշտության դեպքում՝ ծայրահեղական, նաեւ՛ աշխարհաքաղաքացի են ու կտրուկ հայամետ, երբեմն քրիստոնյա են, երբեմն էլ հեթանոս կամ անհավատ…

* * *

Հայաստանի քաղաքական ոլորտը շարունակում է մնալ չկայացած, նաեւ չկայացմանը նպաստող անկայուն վիճակում, ինչն էլ պարբերաբար «փակ շրջանի» իրավիճակն է կայուն պահում մեր ներքաղաքական կյանքում: Այդ «փակ շրջանը» ունի իր «բոլորը բոլորի մասին իմացող» շրջանակները՝ ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր բուրգում: Նշված շրջանակներն իրականում մեկ «փակ շրջանի» մեջ են եւ «իրար հետ կերած խմած ու դիզած» ուժերի եւ անհատների շղթա ունեն կազմած, որն էլ ամեն գնով փայփայում է շղթայի բոլոր օղակները, անկախ իշխանական կամ ընդդիմադիր լինելուց:

Այսպես է, քանզի մեկի իրական կործանումը կդառնա մյուսի մահվան պատճառ: Նոր՝ «իրար հետ կերած խմած ու դիզած» ընդդիմադիրներից զատ եւ իրապես ազգային ընդդիմության հայտնվելը, կփոխի ոչ միայն ներքաղաքական կյանքի կարեւոր մի բեւեռը, այլեւ՝ մարդկանց գիտակցությունն ու մտածելակերպը կնորոգի, կթարմացնի իրական նպատակներով: Այսպիսի ընդդիմությունը բարի կամ ոչ բարի ճանապարհ կմաղթի ինչպես նախկին ընդդիմությանը, այնպես էլ՝ դեպի այդ ճանապարհը կուղղորդի  իշխանություններին:

Մեր երկրում պետք է լինի ամբողջական՝ համակարգային փոփոխություն, ինչը տեղի չի ունեցել Հայաստանի Հանրապետության հիմնադրումից ի վեր… Համակարգային փոփոխությունը չի կարող միայն իշխանափոխությամբ լինել: Սույն իրողությունն էլ թույլ չի տալիս, որ այս կամ այն քաղաքական դաշինքները մուտք գործեն քաղաքական ասպարեզ եւ միահամուռ ու հստակ գաղափարի, նպատակի շուրջ միավորվեն: Երկբեւեռ թվացող միաբեւեռ քաղաքական դաշտը դա թույլ չի տալիս, կան ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ իրավական ու այլ լծակներ եւ… կուսակցական եսակենտրոնությունը սառեցրել է երկրի քաղաքական բնագավառի համաչափ եւ դրական բոլոր զարգացումները:

Շուրջ 25 տարի մեր երկրում պետության «ձիու վրա» են միեւնույն ուժերը, որոնք հերթով փոխարինում են մեկ-մեկու, այս կամ այն քաղաքական, պետական ու հանրային գործիչն էլ անցնում է այս կամ այն քաղաքական ուժի շարքերը, եւ արդեն 25 տարի մեր երկրում իշխանությունն ու ընդդիմությունը նույն դեմքն ունեն, նույն գործելաոճը, անգամ նույն բառապաշարը…

Երեկվա իշխանությունն այսօրվա ընդդիմությունն է, այսօրվա իշխանությունն էլ երեկվա ընդդիմությունն էր: Համայնավարական անդեմ ժամանակներից եկած գործիչներն անգամ չեն տարբերվում այսօրվա բազմադեմ նորելուկներից՝ բոլորը միաժամանակ ամեն ինչ գիտեն ու ամեն ինչ են: Ե՛վ ժողովրդավար ու ազատական տնտեսության կողմնակից են, եւ՛ սոցիալական արդարության առաջատար, բայցեւ մեծահարուստ ու կիսատ-պռատ հարկատու, եւ՛ ավանդական արժեքների կրող ու ազգային կամ պահպանողական գաղափարակիր են, միաժամանակ նաեւ միջազգային հակազգային օրենքների ու պետականաքանդ դրամաշնորհների «մասնագետ», մեկ էլ ազգայնական են ու անհրաժեշտության դեպքում՝ ծայրահեղական, նաեւ՛ աշխարհաքաղաքացի են ու կտրուկ հայամետ, երբեմն քրիստոնյա են, երբեմն էլ հեթանոս կամ անհավատ… Սա ոչ միայն ծիծաղելի է ու զազրելի, այլեւ՝ վտանգավոր: Որովհետեւ օտարի համար հազար ու մի միջամտության տարր կա այս ուժերի եւ նրանց առաջատար գործիչների «անձնական գործերում», որ ունեն միջազգային այն ուժերը, որ դեռ այս աշխարհի չհայտարարված տերերն են: Այդ «անձնական գործերում» նաեւ «անձնական հաշիվների» պարունակությունը կա գրանցված, ինչը «սրբորեն» պահպանվում է՝ միայն հնազանդվելու դեպքում… Այլապես՝ դուրս է սպրդում «պատահաբար» եւ դրան հետեւող հասկանալի հետեւանքներով:

Հիմա մեր օրվա ընդդիմադիրները եւս աչալուրջ են, որեւէ այլ ընդդիմություն չպետք է վերհառնի մեր երկրում: Եթե իրենք չեն լինելու ընդդիմության առանցքը, ապա ուրեմն պետք է լինեն իշխանությունը երկրում, եւ իրենց տեղը սիրահոժար կզիջեն արդեն նախորդ իշխանությանը: Սա «սրբազան ծես» է եւ հենց այս ծեսը պիտի կանխեն Հայաստանի ու Սփյուռքի հայ քաղաքական ուժերը: Իշխանափոխությունը պետք է ուղեկցվի նաեւ ընդդիմափոխությամբ… Այլապես նույն «կոտրած տաշտակը» կտեսնենք հաջորդիվ:

Ներկայիս ընդդիմությունը չի միավորվի երբեք, քանզի եռյակը երեք տարբեր երկրների շահեր պիտի սպասարկի, եթե ոչ ավելի: Իշխանությունն էլ պետք է հետ չմնա այս սպասարկումներից, որպեսզի չդառնա ընդդիմություն: Ահա այս առանցքը պետք է տեսնեն եւ գիտակցեն հայաստանյան ու սփյուռքյան ազգային ուժերը եւ միասնական դաշինքով՝ մի գաղափարի ու մի գերնպատակի շուրջ միավորված կատարեն իշխանափոխություն եւ ընդդիմափոխություն՝ 25 տարի անց…

Դառնալով ներկային, նշենք, որ ընդդիմադիր եռյակը կրկին հավաստեց իր չկայացվածության մասին: ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը չէին կարեւորել ԲՀԿ-ի կազմակերպած խորհրդաժողովը եւ նախապես հայտարարել էին չմասնակցելու մասին: Սա թերեւս ոչ այնքան չկարեւորելու քաղաքականություն էր, որքան մրցակցության դրսեւորում մյուս ընդդիմադիր ուժերի կողմից: Բայց հետաքրքիր է, որ այդ խորհրդաժողովին մասնակցել է ՀԱԿ հանրապետական խորհրդի անդամ Անահիտ Եղոյանը, ով այդ խորհրդի անդամ էր ընտրվել ՀԱԿ հիմնադիր համագումարի ժամանակ: Իսկ ՀԱԿ-ը բացահայտ որոշել էր բոյկոտել ԲՀԿ ղեկավարի կազմակերպած խորհրդաժողովը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ նշել էր, թե ինքը չի կարեւորում այդ համաժողովը, առավել կարեւոր է համարում եռյակի ձեւաչափը:

Իսկ վերոհիշյալ ՀԱԿ քաղխորհրդի անդամը նաեւ «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահն է եւ որոշել է այդ «մանդատով» մասնակցել ԲՀԿ խորհրդաժողովին: Նման դեպքեր դեռ կլինեն առաջիկայում, երբ մրցակցությունն ավելի սրվի՝ ընդդիմադիր առաջատարի դերի կարեւորման հետ, ինչը միշտ նախատեսվում է գարնանային «հեղափոխությունների» ավանդական ծրագրերում: Հատկապես, երբ այդ ծրագրերը դրսից են գալիս՝ համապատասխան դրամաշնորհներով ու այլեւայլ աջակցություններով: Այստեղ արդեն խիստ կարեւորվում է առաջատարի դերը, քանի որ այդ ուժին կապավինեն եւ այդ ուժի միջոցով մյուսների հետ կհարաբերվեն այս կամ այն երկրի նպատակադրված կառույցները… Եթե ԲՀԿ ղեկավարը Մոսկվա է գնացել հերթական անգամ, «Ժառանգություն»-ն էլ իր ղեկավարի գլխավորությամբ ուղղությունն ԱՄՆ-ի վրա է պահում ավանդաբար, նշանակում է ՀԱԿ-ը պետք է փորձի եվրոպական ուղղության օժանդակությունն ստանալ: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաստատ ավելի կնախընտրի Մեծ Բրիտանիան, քանի որ Ֆրանսիա-Գերմանիա-Իտալիա եվրոպական գլխավոր եռյակը կարծես վատ հարաբերություններ չունի ՀՀ գործող իշխանության հետ: Առավել եւս, որ իշխանությունները կողմ են տարածաշրջանային խաղաղապահ ծրագրերին եւ հայտարարում են, որ ներքին կյանքում հակառակորդներ չպետք է լինեն:

Այո, հակառակորդը, որի մասին խոսել է իշխանությունը, գտնվում է մեր սահմաններից դուրս, բայց դրանք թերեւս նաեւ մեր թշնամիներն են, ինչը չպե՛տք է դառնա մեր ներքաղաքական կյանքի բնորոշիչը: Քաղաքական հակառակորդներ պե՛տք է լինեն եւ կարիք չկա արհեստականորեն դա վերացնել, իսկ քաղաքական թշնամանքը պիտի իսպառ բացառել, ինչը կարող է առաջանալ հենց քաղաքական հակառակորդ ասվածը վերացնելու կամ անտեսելու ճանապարհին…

Այսպիսի թեմաներ հաճախ են արծարծվում, անգամ տարբերակներ կան, որ Հայաստանում հակառակորդներ չլինելու համար պետք է առաջնորդվել մրցակիցներ հասկացողությամբ, որը կարող է լինել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մշակութային ու այլ ոլորտներում: Սա եւս տարբերակ է՝ երկրում միասնության գաղափարները առողջ եւ համադրված առաջ տանելու համար: Անգամ սփյուռքի հայությունը պետք է առաջնորդվի այս մոտեցումներով: Այսինքն՝ Հայաստանում եւ Սփյուռքում հայերը չպետք է խանգարեն միմյանց, այլ պետք է փոխլրացնեն եւ հնարավորության դեպքում նաեւ աջակցեն: Սա համահայկական այն մոտեցումն է, որն առավել մանրամասն առաջարկվել է հայ արիների «Համահայկական գաղտնի կառավարության» ծրագրում, որի իրականացումը թույլ կտա աշխարհի բոլոր հայերին աշխարհի բոլոր հատվածներում ապրել, աշխատել ու կյանք կերտել առավելագույնս պաշտպանված եւ տեղեկացված:

Իսկ ամեն օր հնչող «Ժողովուրդն ու քաղաքական ուժերը միահամուռ պետք է ընդվզեն» կոչերը միայն «փակ շրջանը» ամուր պահելու համար է: Բոլոր իշխանափոխություններից հետո հայաստանցիներն ու սփյուռքահայերը մի բան են նշում մի ամիս անց՝ «ոչ մի բան չի փոխվել մեր երկրում ու չի էլ փոխվելու…»: Իհարկե չի՛ փոխվի, քանի դեռ հեղափոխության առաջին շարքերում նաեւ նրանք են, որ 5, 10, 15 կամ 20 հազար դրամով են ծախել իրենց ձայները, եւ դեռ անամոթաբար հնչեցնում են, թե «Սերժին ընտրեցինք՝ ի՞նչ փոխվեց» եւ գնում են «Լեւոնին ընտրելու», իրենցից վանելով այն միտքը, որ տարիներ առաջ էլ «Լեւոն հեռացիր» էին գոռում:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 4 (350), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։