Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ – «Սասնա Ծռեր» դյուցազնավեպը

Արթուր Արմին«Դարերով փնտրում ենք այն, ինչը մեր մեջ է. եւ կորցրածը կվերագտնենք միայն այն ժամանակ, երբ գիտակցենք կորստի արժեքը». իր գրքի՝ «Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ՝ Սասնա Ծռեր էպոսի» 1-ին հատորի մուտքն այսպես է սկսել լոսանջելեսաբնակ Արթուր Արմինը (Արթուր Լեւոնի Բաբայան): Աշխատության այս հատորը բաղկացած է երկու մասից՝ «Հնագույն հավատքի թաքնագիտական իմաստները» եւ «Սասնա Տուն հավատամք-էպոսը»: Առաջինում ներկայացված են հնագույն հավատամքային պատումների ընդհանրությունները, թվաբանական, երկրաչափական, աստղագիտական համակարգերը եւ հին ժամանակների աշխարհաճանաչողությունը: Երկրորդ մասում հայկական էպոսի քողարկված, թաքնագիտական իմաստների վերծանություներն են ու վերլուծությունները, որոնք փաստում են «Սասնա Ծռեր» էպոսի հնագույն հեթանոսական հավատամք լինելը: Ինչու՞ է հեղինակը էպոսը Աստվածաշունչ համարում, ի՞նչ թաքնագիտական իմաստներ կան մեր էպոսում, ու եթե կարողանանք ճիշտ վերլուծել այդ թաքնագիտական գաղտնիքները, կարո՞ղ ենք առաջնորդվել դրանցով: Այս եւ այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Արթուր Արմինի հետ:

Քաջատեղյակ լինելով մեր իրականությունում առկա մի երեւույթի՝ այն է՝ հայկական ամեն ինչի հանդեպ հակահայկական դրսեւորումների, աշխատության հեղինակը երբ նշեց, թե հնդեվրոպական մայր լեզվաընտանիքի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, միանգամից հավելեց. «Դա լուրջ գիտնականների խումբ է պնդել: Այսօր նրանցից մեկը կա՝ Վյաչեսլավ Իվանովը, ով դա ապացուցել է համեմատական լեզվաբանության միջոցով, մաթեմատիկական ճշգրտությամբ:


- 2002թ. հրատարակվեց աշխարհահռչակ գիտնական, լեզվաբան Մերիդ Ռուկլենի «Լեզուների ծնունդը», որտեղ հեղինակը ԴՆԹ-ների լաբորատոր հետազոտությունների միջոցով որոշում է, որ ԴՆԹ-ն ուղղակի կապի մեջ է որեւէ լեզվի (թրթռումնային) վիբրացիոն համակարգի հետ: Եվ բառացիորեն այդ՝ մարդու գենի ուսումնասիրության եւ դրա փաստերի հիմքի վրա (արդեն գերճշգրիտ գիտության մասին ենք խոսում) ապացուցվում է, որ հնդեվրոպացիների (արիացիների) նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է: Աշխարհում ամենահնագույն հողագործները Հայկական լեռնաշխարհում են, եւ դա բոլորն են ընդունում: Խնդիրն այն է, թե այդ հողագործները իրենց գիտելիքը փոխանցել են այլ ռասաների, թե գնացել-տարածել են գիտելիքը, զբաղվել են հողագործությամբ: Դա էլ է հաստատել է ԴՆԹ-ի հետազոտությունը: Այլ կերպ՝ Հայկական լեռնաշխարհից գնացել են՝ իրենց հետ տանելով բառամթերքը, աշխարհայացքը, աստղագիտական գիտելիքները, ձիաբուծության, պղնձաձուլության եւ այլնի փորձը, հավատամքը նաեւ:

- Դատելով հատկապես Ձեր վերջին ասածից՝ «Սասնա Ծռերը», այսպես ասենք, էպոսների նախա-ն է:

- Գիտեք, երբ ուշադիր զննում ենք արիական հնագույն բոլոր հավատամքային պատումները (կելտական պատումը, թեկուզ ռուսական պատումը), ապա տեսնում ենք, որ այդ հավատամքներն ուղղակիորեն աղերսվում են տիեզերական աստեղատների շրջապտույտի եւ փուլային անցումների հետ: Բոլոր գերգլխավոր աստվածներն ունեն իրենց աստեղատները: Բոլոր պատումների աստեղատները նույնն են: Հիմա` հարց է ծագում` այս պարագայում որտե՞ղ է կենադանակերպերի հայրենիքը: Որտե՞ղ է, որ տարածքում եէ, որ մարդիկ ժամանակին աստղերի բաժանում են կատարել, խորհրդանիշեր տվել եւ բաժանել են ամբողջ երկինքը: Եվ ինչու՞: Ինչուի պատասխանը բավականին դյուրին է գտնել: Մարդիկ երկնային ժամացույց են ստեղծել, դա անհրաժեշտ է եղել կենցաղի համար: Օրինակ, երբ գութանի աստղը բարձրանում էր, հողագործը գիտեր, որ ինքն արդեն պետք է լիներ հանդում: Կամ եթե գարնանային գիշերահավասարը եկել է, ապա Արեւը պետք է լինի Ցուլ համաստեղությունում:

- Այս ամենը ամփոփվա՞ծ է մեր էպոսում:

- Ընդհանրապես էպոսներում ամփոփված է: Բայց տարբերությունն այն է, որ եթե հնդկական տարբերակում Ինդրա աստվածությունը բերում է գարնանային եւ ամառային շրջափուլ եւ նրա աստղը պետք է դուրս գա վիշապի մոտ, դա չի համապատասխանում. Հնդկաստանում այդ օրը այդ ժամին աստղը դուրս չի գալիս, ոչ վիշապի եւ ոչ էլ Ինդրայի: Դա միայն Հայկական լեռնաշխարհում է դուրս գալիս:

- Հայե՞ր են ապացուցել այս տեսակետը:

- Սա տեսակետ չէ, այլ գիտություն: Ձեր հարցի ենթատեքստը հասկանում եմ, ու ժամանակին դա ապացուցել են, ոչ ֆիզիկոսներ Օլքոտը եւ Ֆլամարիոնը փաստեցին, որ Հայկական լեռնաշխարհն է կենդանակերպերի հայրենիքը, աստեղատների կառուցման հայրենիքը, կենդանիների տարատեսակները որպես խորհրդանիշեր միայն Հայկական լեռնաշխարհում գոյություն ունեն եւ այլն եւ այլն… Բայց կա մեկ այլ կարեւոր հանգամանք. եթե թղթի վրա լինեն 12 կետիկներ, ապա լավ նկարիչը այդ կետիկները կուզի առյուծ, կուզի ցուլ կամ փիղ կդարձնի: Բայց հարցն այն է, թե ինչու հենց ցուլի տեղում ցուլ: Պարզվում է, որ ցուլ է, որովհետեւ մ.թ.ա. 5-րդ հազարամյակում մարտի 19-21-ի միջակայքում, երբ գարնանային գիշերահավասարն է եւ բնությունը զարթնում է, արեւը մտնում է ցուլի համաստեղություն: Եվ աստղերը կանգնում են հայկական Տավրոսի (տավար) գլխին: Ամբողջ երկինքը քարտեզավորված է Հայկական լեռնաշխարհի գետերի, լճերի եւ լեռների նմանությամբ եւ տեղադրությամբ: Տավրոսին տվել են Տավրոս-տավար անունը եւն: Վերջապես գոյություն ունի հերմեսյան օրենքը. այն ինչ վերեւում է, նույնը ներքեւում է՝ իհարկե հայելային հակադարձ արտահայտման առումով: Ավելի պարզ ասեմ, երկինքը՝ ըստ աստեղատների, քարտեզավորված է ըստ Հայկական լեռնաշխարհի տարածքի: Ասել է թե` նաեւ ստացվում է, որ այն ինչ ներքեւում է, նույնը վերեւում է:

- Դատելով ձեր գրքից՝ այս ամենը կա մեր էպոսում: Ցայսօր ինչու՞ չենք նկատել, գաղտնագրվա՞ծ է, թե ուշադիր չեն եղել մասնագետները:

- Մեր «Սասնա Ծռեր»-ը կառուցված է տիեզերական առաջընթացության օրենքի հիմքի վրա: Հայտնի է, որ երկրագնդի առանցքը ուղիղ չէ: Եվ Արեւի շուրջ պտտման ժամանակ այդ առանցքը տատանվում է: Այս տատանումն էլ հենց կոչվում է տիեզերական առաջընթացության օրենք: Այս տատանման պատճառով էլ երբ երկրագնդից երկինք ես նայում, թվում է՝ երկինքն է պտտվում, եւ աստեղատները շարժվում են մեկը մյուսի հետեւից: Ամեն մի համաստեղության մեջ մնում է 2160 տարի, 12 այդպիսի համաստեղությունը անում է 25 հազար 920 տարի: Սա կոչվում է տիեզերական մեկ տարի: 1.5 փուլը հավասար է 35 հազար 880 տարվա: «Սասնա Ծռեր»-ը ամբողջովին կառուցված է առաջընթացության օրենքով: Էպոսում ոչ մի թիվ պատահական թիվ չէ: Այստեղ նույնիսկ խնդիրներ կան, որոնց ուշադրությունչի դրաձվել: Օրինակ, Մհերը Ագռավաքարից դուրս է գալիս տարին մեկ անգամ կամ երկու անգամ (Համբարձման գիշերը եւ վարդավառին), տեսնում է, որ հողը չի դիմանում իր ծանրությանը, հետ է դառնում: Փոքր Մհերը վերջին աստվածությունն է, տիեզերական լոգոսն է, այսինքն` տիեզերական հոգին տիեզերական նյութի մեջ: Դրա համար է նա Ագռավաքարում: Սա թաքնագիտություն է:

- Այսինքն՝ ենթադրելի է, որ մեր էպոսի այդքան ջահել՝ 1000 տարեկան լինելուն այլեւս անիմաստ է հավատալը:

- Միանշանակ, այո’: Մհեր-Միթրայի աստվածությունը, որպես պաշտամունք, աշխարհի բոլոր ակադեմիաները ընդունում են, որ այն առնվազն 4000-4500 տարեկան է: Իսկ մենք մեր էպոսում երկու Մհեր ունենք: Այդ ոնց եղավ, որ 1000 տարեկան եղավ մեր էպոսը: Ինչու՞ է ասվում Առյուծաձեւ Մհեր: Մ.թ.ա. 5-րդ հազարամյակում Արեւը ամառային արեւադարձին մտնում է առյուծի համաստեղություն, եւ նա դառնում է առյուծաձեւ: Էպոսում ամեն ինչ այնքա~ն ճշգրիտ է…

- Փաստորեն, ըստ Ձեր աշխատության, մեր էպոսը ընդամենը 1000 տարեկան լինել չի կարող, քանի որ բոլոր էպոսների նախա-ն է:

- Հետաքրքիր մի փորձ եմ արել՝ պատկերացում տալու համար, թե ինչի մասին են ի վերջո բոլոր հայկական առասպելներն ու հեքիաթները: Ու ենթավերնագրել եմ՝ «Ովքե՞ր են ի վերջո հայոց թշնամիները հայկական բոլոր առասպելներում»: Հետո գրել եմ՝ Սենեքերիմ, Շամիրամ, Մըսրա-Մելիք… Մեջբերել եմ տարբեր ստուգաբանություններ, ըստ որոնց, շամիրամ՝ նշանակում է՝ լուսինը բարձրացավ, մըսրա՝ նշանակում է լուսին: մեր էպոսում այնքա~ն թաքնագիտական իմաստներ կան: Պարզապես հարկ է քիչ ուշադիր լինել:

- Իսկ էպոսում թաքնագիտորեն խոսվու՞մ մեր ազգի հեռանկարի մասին:

- Համբերեք մի քիչ, խոսքս դրան եմ հանգեցնում: Լավ, միանգամից ասեմ՝ անշուշտ խոսվում է: Փոքր Մհերը ոչ միայն տիեզերափուլը փակող աստվածություն է: Փակելով հանդերձ՝ Փոքր Մհերը նոր փուլ, նոր կյանք, նոր հարություն բերող աստվածություն է: Էպոսում մեր նախնիների ամբողջ աշխարհաճանաչողությունն է, իսկը քվանտային ֆիզիկա: Մեր հների լեզուն պատումային գիտական լեզու է, որ շատ կարճ տարածքում ցույց է տալիս մասնիկի եւ ամբողջի փոխհարաբերությունը: մեր նախնիները այնպիսի գիտելիքներ են ունեցել՝ շշմելու աստիճան անհավանական: Դրանք մեզ հեքիաթ են թվում: Բայց… հեքիաթ չեն, պարզապես գիտական են շատ: Ու այդ՝ իբր հեքիաթները շատ ավելի առաջնային են, քան այսօրվա մեր a2 + b2- ն: մեր այսօրվա գիտական լեզուն այնքան չոր է, որ չի կարողանում ցույց տալ, թե ռեակցիան ինչպես է տեղի ունենում: Իսկ պատումում մասնիկի ու ամբողջի ներքին ամբողջ փոխհարաբերությունը երեւում է: Այնպես որ, մեր «Սասնա ծռեր» էպոսը հնագույն արիական հավատամքի Մայր պատումն է, դրա համար էլ 1000 թվի մասին խոսելն իսկ ավելորդ է:

- Իսկ ինչու՞ եք էպոսը Աստվածաշունչ համարում: Քրիստոնյաները միշտ չէ, որ հանդուրժող են:

- Միանգամից նշեմ, որ աշխարհի որեւիցե լեզվով «Բիբլիա»-ն Աստվածաշունչ չի թարգմանվում: «Բիբլիա»-ի ճիշտ թարգմանությունը «գիրք» է: Միշտ զարմացել եմ, ինչու՞ է «Բիբլիա»-ն Աստվածաշունչ թարգմանվում: Պարզվում է՝ Սասնա տուն՝ Աստվածային հոգու տուն է նշանակում, որը դարձել է Աստվածաշունչ: Ստացվում է՝ նույնիսկ «Բիբլիա»-ի վերնագիրը ներմուծված է մեր հնագույն, սրբագույն գենետիկական, հեթանոսական մեր իմացաբանությունից: 36 աստեղատները հնագույն ժամանակներից համարվում են Վերին Աստվածային հոգու բխման տունը:

- Այդ 36-ն ինչ որ կապ ունի՞ մեր այբուբենի 36-ի հետ:

- Միանշանակ, այո’: Մաշտոցյան այբուբենի 36 տառերը, իմ խորին համոզմամբ, մոռացված ու լրացումներով վերականգնված հնագույն համակարգն է, որի զուգահեռն է 36 աստղերի ու աստեղատների համակարգը: Մաշտոց անունը նշաակում է վիշապ, այնպես ինչպես հոգեւոր մեծ վարպետ Պյութագորասի անունն է՝ Պիթա-վիշապ իմաստով: «Մաշտոցը լեռան կատարին 3 տարի ճգնեց» հաղորդումը թաքնագիտական նշանակություն ունի միայն, քանզի ճգնելու համար 3 տարին ծիծաղելի ժամանակ է. ճգնավորները 30, 40 տարի են ճգնում: «Մաշտոցը լեռան կատարին 3 տարի ճգնեց» հաղորդումում լեռը քար-ժայռ-երկնքի նշանակությունը եւ իմաստն է կրում: «Երեք տարի» ծածկագիրը Մաշտոցի հոգեւոր երրորդ աստիճանն է ցուցում (մարմնում չորրորդ հոգեւոր աստիճան հնարավոր չէ ունենալ): «Աստծո Ձեռքը, Քարի վրա, Մաշտոցի համար գրեց 36 տառերը» թաքնագիտական հաղորդումը հետեւյալ ձեւով է կարդացվում: Քարը եւ Երկինքը համարժեք են: Ձեռքը աստեղատուն է երկնքում, հայկական Տիր դպրության դիցի անունով ամիսը համապատասխանում է «Աղեղնավոր» համաստեղության հետ: Փաստորեն, Աստծո ձեռքը՝ «Աղեղնավոր», գրում է քարի՝ «երկնքի» վրա հայոց 36 տառերը, որոնք ի վերջո 36 աստղերն ու աստեղատներն են: Հայկական այբուբենում Մաշտոցը ներմուծեց մեհյանական դպրության մեջ չգրվող 7 ձայնավորները, որոնք 7 մոլորակների հնագույն նշաններն էին. 1. Ա – Արեւ, 2. Ի – Լուսին, 3. Ե – Մարս, 4. ւ (ու) – Վեներա, 5. Է – Յուպիտեր, 6. Ո – Մերկուրի, 7. Ը – Սատուրն…

- Փաստորեն, մեր էպոսում թվերը պարզապես թվեր չեն ու թաքնագիտական մի ամբողջ համակարգ են:

- Ընդհանրապես հնագույն հավատամքներում թվերը եւ չափումները աղերսվում էին աստվածների անունների եւ «միստիկ ծավալների հետ»: Ցավոք, այս պարզ ճշմարտությունը չի նկատվել, եւ ցայսօր «հնագույն հավատամքները որպես արարչության մասին թվային համակարգեր» մոտեցումը որդեգրված չէ ո’չ լեզվաբանությամբ եւ ո’չ էլ պատմագիտությամբ զբաղվող գիտնականների կողմից: Հին կտակարանի «Աստված աշխարհն արարեց 6 օրում»-ը տիեզերական լոգոսի՝ Ադամ-Կադմոնի, հորոսի, Փոքր Մհերի թիվն է, որ ժամային արտահայտությամբ՝ 144 կամ 144000 է (6 օր x 24 ժամ) եւ հնագույն շումերական 6-60 թվային հիմքով համակարգի ազդեցության արդյունքն է: Ի դեպ, վեդայական Բրահմի 1 օրը (603 x 20) նույնպես ժամային՝ «60»-ական համակարգ է, եւ նրա հոգեւոր, ծածկագիր անունը թիվ է: Հայկական էպոսում դիցերի անունները՝ ՍԱՆ – Ա – ՍԱՐ, ԾՈՎԻ – ՆԱՐ (ՍԱՐ = ՇԱՐ = 3600, ՆԱՐ = 600) եւ այլն, հայկական լեռնաշխարհի հնագույն շրջանի աստվածների թվային ծածկանուններն են: Արարչության մասին հնագույն հավատամքը համակարգ է նաեւ իր թվային ներկայացմամբ: Հնագույն հավատամքի կարգակառույցները բարձրագույն քրմական կաստայից են դուրս եկել: Հետո տարածվելով՝ իբրեւ պատում են ընկալվել:

- Այլ կերպ՝ պատումները, առասպելներն ամենեւին էլ չափազանցությու՞ն չեն, պատումները քրմերի համար գիտությունը փոխանցելու ձեւ՞ են եղել:

- Նրանք գաղտագրված լեզու են ունեցել: Կենդանիների խորհրդանիշերը որոշակի նշանակություն ունեն: Դրանք իմանալով՝ լեզուն հասկանում ես, պատումը բացում ես:

- Այս տրամաբանությամբ՝ յուրաքանչյուր անուն թիվ է ու կարող է ինչ-որ բան հուշել: Աստվածների անուննե՞րն ինչ-որ բան հուշու՞մ են:

- Աստվածների անունները մաթեմատիկական գործողություններում գործածվող տերմին-բառեր են եղել: ՄԻՀՐ կամ ՄՀԵՐ. այսպես ասենք, շումերական դպրոցների մաթեմատիկական սալիկների վրա գրված է, որ ՄԻՀՐ-ը նշանակում է «հավասարաչափ քառակուսու մակերես»: Հիթիթների մոտ այս անունը «ժամանակ» է նշանակել: Վերջին հաշվով, սա ԱՐԵՎ եւ ԼՈՒՍԻՆ համատեղությունն է. Mah+ ur, Mah + er, ՄԻՀ, ՄԱՀ + ԱՐ, Մահ-մահիկ-լուսին եւ Ար-Արեւ: Այսինքն՝ օրվա 24 ժամը բաժանված է 2 կեսի, Լուսնի իշխանությունը գիշերային 12 ժամերն են, իսկ Արեւի իշխանությունը՝ ցերեկային 12 ժամերը: Միհրի բոլոր տաճարները 24 սյուներ ունեն, որոնք խորհրդանշում են օրվա 24 ժամերը: Բրահմայականության մեջ հոգեւոր վարպետները՝ սվամինները, գերագույն աստծո անունը արտաբերում են «Narayan Hari» (նարայան Հարի): Սա գերագույն էակի՝ Բրահմայի թե’ անձնանունն է (Հարի < Հարք > Հայք) եւ թե’ թվային անունը: բրահմայի 12 ցերեկային ժամերը՝ 4 մլրդ 320 մլն մարդկային տարի է եւ բաժանված է 4 ժամանակային մահայուգաների՝ ա. 8 x 603 , բ. 6 x 603 , գ. 4 x 603, դ. 2 x 603 : Սա իրականում շումերական թվային՝ 60-ական հիմքով համակարգ է: Այսօրվա 1 ժամը = 60 րոպե, 1 րոպեն = 60 վայրկյան, շրջանագիծը = 60 x 60 = 3600, որը 3600 է եւ այլն: Մի բան էլ հավելեմ, որ շատ տեղին է: նոր կտակարանում սատանան՝ ՆԵՌ-ը, գազանը, որն աղերսվում է «6» թվի հետ («եւ գազանի թիվը 666 էր»), թաքնագիտության մեջ բոլորովին այլ նշանակություն ունի: «666»-ը իրականում ոչ թե գազանի թիվն է, այլ՝ արեւի ծածկագիրը: Իրականում իր անունը ստացել է շումերական 600 թվի անունից՝ ՆԵՌ < ՆԱՐ = 600, որը 600 տարեշրջանի անվանումն է, հունարեն՝ neros, հայերեն՝ Ծովի-նար: Հայերեն՝ ներ(ք)-ին, ԻՆ> ԱՆ > ՀԱՆ – ի ներսը, նաեւ՝ նախաշրջան, որը իգական հիմք ունի:

- Հիմա ո՞րն է «666»-ի ճիշտ բացատրությունը:

- Եթե հնագույն հավատամքներում «6» թիվը համարվում էր աստվածային՝ հոգու («3») եւ նյութի («3») միացություն, հոգին նյութականի մեջ արտահայտվելու շրջափուլի թիվ, իսկ «9» թիվը՝ բացասական, որպես նյութական տիեզերքի գոյության չեզոքացում-լուծարում, որպես շրջափուլի վերջ, ապա քրիստոնեության ժամանակ, քրիստոնեական աշխարհամերժությունը «6»-ի եւ «9»-ի իմաստները շրջեց. նյութական աշխարհի արտահայտման «6» թիվը դարձավ ատելի արդեն, իսկ նյութական աշխարհի լուծարման թիվը՝ «9»-ը աստվածային համարվեց: Հնագույն հավատամքներում «6», «60», «600» թվերը համարվել են ամենայն գոյության հիմքը, ուստիեւ՝ սրբազան են համարվել:

Աստղինե Քարամյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։