Հայ արիականներն ու արիադավան-հեթանոս ազգայնականներն արձագանքում են Հայաստանի նախագահի վերջին մի շարք նախաձեռնություններին…

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը ողջունում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին օրերի արտաքին քաղաքական քայլերը, որոնք ուղղված են հայության հիմնախնդիրների միջազգայնացման բարելավմանը: Ներկայացնում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ եւ Հայ Ազգայնականների Համախմբման գաղափարա-քաղաքական պատասխանատու Արմեն Ավետիսյանը:

Հայ արիականներն ու արիադավան-հեթանոս ազգայնականները այն ուժերից էին, որոնք տարիներ առաջ, ի սկզբանե դեմ էին հայ-թուրքական կոչված արձանագրությունների ստորագրմանը: Այդ ընդդիմական գործընթացը ծնեց մի նախաձեռնություն, քաղաքական-գաղափարական դաշինք, որտեղ ավելի քան 20 կազմակերպություններ, այդ թվում՝ խորհրդարանական ուժեր Դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը, միավորվեցին ընդդեմ հայ-թուրքական կոչված արձանագրությունները կյանքի կոչելուն:

Համաշխարհային բեւեռների մասնակցությունը, եթե չասենք՝ պարտադրանքը՝ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների նախաստորագրման համար, ակնհայտ դարձրեց գերուժերի աննախադեպ շահագրգռվածությունը: 

Ինչպես հայ արիականների, այնպես էլ այս նախաձեռնության դեմ հանդես եկող ուժերի հիմնական մտավախությունն այն էր, որ Անկարան, օգտվելով այդ շահագրգռվածությունից, կփորձի հայ-թուրքական հարաբերությունները վերածել հայ-թուրքական մի պայմանագրի, որտեղ թուրքերը ոչ մի պարտք ու պարտավորություն չեն ունենա Հայաստանի եւ հայության նկատմամբ: Ակնհայտ էր, որ թուրքերը կշահարկեն նաեւ իրենց կրտսեր եղբայր ադրբեջանցիների խնդիրները: Այդպես էլ եղավ՝ Անկարան նախապայմաններ առաջ քաշեց ինչպես Հայոց ցեղասպանության հարցը փակելու, այնպես էլ Արցախը եւ ազատագրված տարածքները Ադրբեջանին կրկին հանձնելու առումով:

Սրանք բացահայտ նախապայմաններ էին սահմանը վերաբացելու համար, ինչին ոչ մի խիստ պատժամիջոց չհետեւեց Արեւմուտքի եւ Ռուսաստանի կողմից, որոնք էլ շահագրգրռ կողմերն էին: Սա շատ նման է հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա կեցվածքին, երբ Ադրբեջանը տարիներ շարունակ խախտում է զինադադարի պայմանները, եւ Արեւմուտքն ու Ռուսաստանը ոչ մի պատժամիջոց չեն կիրառում՝ իրավախախտին կարգի հրավիրելու համար: Ավելին՝ նույն՝ սահմանված կարգը չխախտելու կոչով են դիմում կողմերին: Այդպես եղավ նաեւ հայ-թուրքական կոչված արձանագրությունների դեպքում:

Սա միջազգային մակարդակներում ամրագրված երկակի ստանդարտների հակազգային ու հակամարդկային մի ընթացակարգ է, որը թույլ է տալիս կողմերին մշտապես կախյալ եւ խոցելի պահել:

Բայց պետք է խոստովանել, որ չնայած այս իրավիճակին, երբ միջազգային ճնշում կար, եւ թուրք-ադրբեջանական դիվանագիտական խաղերին, որով հայ-թուրքական երկկողմ հարաբերությունները փաստացի հայ-թուրք-ադրբեջանական եռակողմի էին վերածել, Հայաստանը չհամակերպվեց այս իրավիճակի հետ, եւ պաշտոնական Երեւանը կարողացավ ճկուն ու պատասխանատու քայլերով կասեցնել այդ ամենը: Ընթացքում էլ հետեւեց հայկական կողմի փաստարկված մեկնաբանությունը՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման տապալման պատասխանատու դարձնելով թուրքական կողմին:

Սա կոտրեց այն թյուր կարծիքը, թե թուրքական դիվանագիտությունը հզոր է, քան՝ հայկականը: Հայաստանի նախագահը, ի պատիվ իրեն, ապացուցեց, որ հայերը նպատակադրված դիվանագիտությամբ զբաղվելու ժամանակ չեն ունեցել վերջին հարյուրամյակներում հայտնի պատճառներով եւ կամա, թե ակամա չեն կարողացել դիմակայել թուրքական դիվանագիտական հարձակումներին, որոնք նաեւ աջակցություն են ստացել ինչպես Արեւմուտքից, այնպես էլ Ռուսաստանից:

Այսպես՝ պաշտոնական Երեւանը միջազգային պայմանավորվածությունները խախտելու պատասխանատու ճանաչել տվեց Անկարային, ինչը քաղաքական ակնառու հաղթանակ է, հատկապես որ հակառակ սպասումը կար:

Հայ Արիական Միաբանությունն այս առումով իր խոսքն ասել է նախագահ Սերժ Սարգսյանին, շնորհավորելով ծանր իրավիճակում դիվանագիտական հաղթանակը ապահովելու համար: Այժմ վերջին սպասված քայլն է իրականացվում՝ այդ արձանագրությունների հետկանչման հետ կապված, ինչի համար շնորհավորական խոսք ենք հղում բոլորիս: Սերժ Սարգսյանը երկրի Ազգային ժողովից հետ է կանչում Հայաստան-Թուրքիա արձանագրությունները՝ նշելով, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս լիովին պատկերացրել են հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Պատրաստ են եղել ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չի ունեցել հայկական կողմը: Այսպես փաստվեց, որ Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները եւ նախապայմանների շարունակաբար արծարծումը թուրքական խաղեր են բացառապես:

Հայ արիականներին եւ արիադավան-հեթանոս ազգայնականներին չի կարող չուրախացնել նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին այդ առիթով հայտարարված Հռչակագիրը, որը նոր թափ կհաղորդի Հայոց ցեղասպանության ժխտողականության եւ պատմության խմբագրման քաղաքականության դեմ պայքարին, որը նաեւ առաջին անգամ պետականորեն հավաստեց Հայոց Պահանջատիրության առկայությունը ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հայեցակարգում: Այս մասին երկրի նախագահը խոսել էր դեռ 2014թ.ի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Հռչակագրի հրապարակումը ենթադրում էր արձանագրությունների հետկանչը, ինչը եղավ առանց դանդաղելու: Սա կարեւոր է նաեւ այն համապատկերում, երբ Եվրախորհրդարանի բելգիացի պատգամավորը միջնորդագիր է ներկայացրել Եվրախորհրդարան, որով կոչ է անում Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նաեւ կարեւոր է, երբ Անկարան «Դարդանելի գործողություն» կոչվածի տոնի շրջանակներում կայացրել է Գալիպոլիի ճակատամարտի օրը ապրիլի 24-ին նշելու որոշում, բայց այն ապրիլի 24-ի հետ որեւէ կապ չունի:

Սրանք անչափ կարեւոր քայլեր են հայկական նպատակների իրականացմանն ուղղված եւ հայկական խնդիրները միջազգայնացնելու առումով: Ի վերջո պետք է բարձրաձայնել, որ այսօր փակ են այն սահմանները, որոնց երկու կողմերում էլ Հայաստանն է՝ Արեւելյան եւ Արեւմտյան: Իզուր չէր, որ հայ արիականներն ու ազգայնականները առաջարկել էին մեր պետության անունը փոխել՝ Արեւելյան Հայաստանի Հանրապետություն: Այժմ այդ հարցը կհնչի ինքնաբերաբար: Պետք է միջազգայնացնել նաեւ Հայկական լեռնաշխարհ բնական ձեւակերպումը, քանզի այդ լեռնաշխարհի բնիկները միայն հայերն են եւ մեզ այսօր կովկասցի կամ մերձավորարեւելքցի, թե ասիացի կամ եվրոպացի կոչողները պիտի ընդունեն, որ կա Հայկական լեռնաշխարհ՝ մի տարածաշրջան, որը գտնվում է Կովկասի ու Մերձավոր Արեւելքի միջեւ, որը վաղ թե ուշ նորից հայերինն է լինելու…

Հայ արիականներն ու արիադավան-հեթանոս ազգայնականները ողջունում են նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, որը այս օրերին նախատեսել է Սիսի կաթողիկոսարանի տարածքները եւ կից կալվածքները կաթողիկոսությանը վերադարձնելու մասին դատական հայցը ներկայացնել Թուրքիայի սահմանադրական դատարան: Սրան պետք է հետեւի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու նմանատիպ մեկ այլ դատական հայց: Իսկ հայկական պահանջատիրությունը պետք է բարձրաձայնի հորինված Անատոլիա անունով արծարծվող Արեւմտյան Հայաստանի գոյության եւ մեզ վերադարձի մասին, որտեղ արդեն իսկ ոչնչացվել են հայկական հսկայական պատմա-մշակութային արժեքներ: Նույնը կատարվել է նաեւ Արեւելյան ուղղությամբ՝ ադրբեջանական թյուրքական տարրի կողմից: Թուրքն ամեն տեղ է թուրք, անգամ Եվրոպայում, երբ թյուրքական ծագմամբ հունգարները դարերի ընթացքում չփոխվեցին, եւ Բուդապեշտում ընթացող ՆԱՏՕ-ի ուսումնական գործընթացներից մեկի ժամանակ՝ հայ սպային քնած վիճակում կացնահարած եւ դատարանի կողմից դատապարտված ադրբեջանցուն փողի դիմաց հանձնեցին Ադրբեջանին: Իսկը թյուրքական կեցվածք՝ շահի համար կարող են նաեւ արյուն խմել…

Հայ արիականներն ու արիադավան-հեթանոս ազգայնականները ողջունում են նաեւ մեր ներքին կյանքում ինքնամաքրման գործընթացներ սկսելու նախաձեռնությունը: Մենք այն կարեւոր ենք համարում, որովհետեւ նման գործընթացը կկարգավորի ինչպես երկրի ներքին կյանքը, այնպես էլ արտաքին ոլորտը՝ պայմաններ ստեղծելով՝ ինչպես վերոնշյալ գործընթացները առաջ տանելու, այնպես էլ հայկական նպատակները ազգայինից միջազգայնացնելու ընթացքում: Սակայն ինքնամաքրումը չպետք է ինքնանպատակ լինի եւ պետք է իրականացվի ամբողջական՝ առանց տարբերակումների:

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը իրենց աջակցությունն են հայտնում նման ծավալումների դեպքում եւ պատրաստ են աջակցել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ազգայնացման գործընթացներին:

Քաղաքամայր Երեւան – 17.02.2015թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։