Հայկական խոհանոց – Սոխով թանապուր… Աշխարհի մարզական հեւքից – Կգնա՞ն հայ մարզիկները Բաքու… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Սոխով թանապուր

Բաղադրությունը - Ձու – 2 հատ, ալյուր – 1 ճաշի գդալ, մածուն- 1 լ, թթվասեր – 0.5 լ, բլղուր – 0.5 բաժակ, սոխ – 0.5 կգ, ռեհան կամ ծիտրոն, աղ:

Պատրաստման եղանակը - Ձուն, ալյուրը, թթվասերը, մածունը եւ բլղուրը խառնել եւ, աստիճանաբար 3 լ ջուր լցնելով, եփել մարմանդ կրակի վրա: Եռալուց հետո մանր կտրտած սոխը, հում վիճակում, լցնել թանապուրի մեջ:

Վերջում ավելացնել չորացրած ծիտրոն կամ ռեհան: Հատկապես վերջինը շատ օգտակար է այս օրերին, երբ տարածված են հազն ու գրիպը: Անուշ վայելեք եւ առողջ եղեք:

Աշխարհի մարզական հեւքից –

Բաքվի խեղկատակները սպառնում են հայ մարզիկներին

Ադրբեջանում սպառնում են Եվրոպական խաղերի ժամանակ հայկական պատվիրակության դեմ սադրանքներ կազմակերպել: Ադրբեջանի այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը» (ՂԱԿ) սպառնացել է 2015թ. ամռանը Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի ընթացքում սադրանքներ կազմակերպել հայկական պատվիրակության դեմ:

ՂԱԿ-իղեկավար Աքիֆ Նաղին հայտարարել է, որ իրենց համար ոչ մի նշանակություն չունի հայ մարզիկների եւ մյուս երկրներից ժամանած հյուրերի անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելու վերաբերյալ Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովի հայտարարությունը: «Եթե հայ մարզիկները ժամանեն Բաքու, ապա մենք ամեն բան կանենք նրանց ելույթները խանգարելու համար, եւ դրանում ոչ ոք մեզ խանգարել չի կարող: Մենք, ինչպես նախկինում, ներկա ենք գտնվելու դահլիճներում, մարզական կենտրոններում եւ բողոքելու ենք հայ մարզիկների դեմ: Ես չգիտեմ, թե ինչ անվտանգության երաշխիքների մասին է խոսում Ազադ Ռահիմովը»,- հայտարարել է նա: Ավելի վաղադրբեջանական լամուկը հայտնել էր, որ Հայաստանը Բաքվի Եվրոպական խաղերին կմասնակցի 30-50 մարզիկով: Նա հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը երաշխավորում է հայկական պատվիրակության անվտանգությունը: ՂԱԿ-ը հայտնի է իր հակահայկական գործողություններով: Այդ ազգայնական կազմակերպությունը մշտապես սադրանքներ է կազմակերպել Ադրբեջանում միջազգային մակարդակով կազմակերպված միջոցառումներին մասնակցած հայկական պատվիրակությունների դեմ

Ազատվել է ֆիզկուլտ ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից

Քաղաքական հակասությունները հանգեցրին այնպիսի իրավիճակի, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ազատվեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից: Խոսվում էր նաեւ Գագիկ Ծառուկյանին՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին, սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը գուցե դադարեցնի նման խոսակցությունները, հատկապես, որ երկրի նախագահը ԲՀԿ նախագահին առաջարկել է դուրս գալ քաղաքականության ոլորտից եւ մնալ սպորտային բնագավառում:

Հայաստան-Բելառուս. մարզական համագործակցություն

Բելառուսի սպորտի եւ տուրիզմի նախարար Ալեքսանդր Շամկոյի հրավերով ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը այցելեց Մինսկ։ Տեղի է ունեցել նախարարների աշխատանքային հանդիպում, որտեղ քննարկվել են սպորտի ոլորտում երկու երկրների միջեւ հետագա համագործակցության հարցեր: Ստորագրվել է ծրագրային փաստաթուղթ` 2015-2016թթ. ընթացքում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում 2 երկրների համագործակցության վերաբերյալ: Ալեքսանդր Շամկոն Գաբրիել Ղազարյանին պաշտոնապես հրավիրել է ներկա կգտնվել պատանիների եւ երիտասարդների բիաթլոնի աշխարհի առաջնությանը, որն անցկացվում էր Բելառուսում:

Հայաստանը բիաթլոնի ազգային հավաքական ունի՞

Պարզվում է՝ Հայաստանը բիաթլոնի ազգային հավաքական ունի: Սա զարմանալի չէր լինի, եթե ձմեռային սպորտաձեւերի օլիմպիադաներին եւ աշխարհի առաջնություններին մեր երկիրը ինչ-որ կերպ ներկայացված լիներ: Սովորաբար, օլիմպիադաներին մենք ներկայանում ենք 1-2 մարզիկով, որոնց, որպես կանոն, ուղեկցում են 2 կամ ավել տասնյակից բաղկացած պատվիրակության անդամները: Բիաթլոնի ազգային հավաքականի գոյության մասին իմացանք, որովհետեւ կառավարության՝ հերթական նիստի օրակարգում ներառված էր 1993թ. ծնված Գեորգի Խաչատուրովին պարտադիր զինվորական ծառայությունից մինչեւ 2017թ. տարկետում տալու մասին հարցը: Ըստ նախագծի հիմնավորման՝ մարզիկին անհրաժեշտ է տարկետում տալ, որպեսզի նա Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին, 2018թ. ձմեռային օլիմպիական խաղերին հանդես գա ՀՀ դրոշի ներքո:

Ձմեռային մարզաձեւերի աշխարհի առաջնությունում

Շվեդիայի Ֆալում քաղաքում մեկնարկած ձմեռային մարզաձեւերի աշխարհի առաջնությունում Հայաստանից առաջինը մրցասպարեզ են մտել մեր դահուկորդուհիները: Կանանց 5կմ մրցավազքի որակավորման փուլում մեր մարզուհի Կատյա Գալստյանը զբաղեցրել է 10-րդ պատվավոր տեղը: Աննա Մխիթարյանը ցույց է տվել 23-րդ, Լիլիթ Տոնոյանը՝ 30-րդ, Հայկանուշ Երիցյանը՝ 37-րդ արդյունքը: Տղամարդկանց 10 կմ ազատ ոճի մրցավազքի որակավորման փուլին մասնակցել են մեր առաջատար դահուկորդներ Միքայել Միքայելյանը եւ Արտուշ Մկրտչյանը: Մեր երկրորդ դահուկորդ Արթուր Եղոյանը բաց է թողել մեկնարկը:

Հայաստանի պատվիրակները մասնակցեցին նաեւ տղամարդկանց սկիաթլոնի (15 կմ ազատ + 15 կմ դասական ոճ) մրցումներին: Հայաստանից մեկնարկի ելավ երկու դահուկորդ: Սերգեյ Միքայելյանն առաջին 15 կմ-ից հետո զբաղեցնում էր 35-րդ տեղը, սակայն մեր մարզիկը երկրորդ կեսն ավելի դանդաղ անցավ եւ ի վերջո 66 մասնակիցների մեջ զբաղեցրեց 45-րդ տեղը: Արթուր Եղոյանը, մոտ 5 րոպեով ետ մնաց իր թիմակցից եւ մրցավազքն ավարտեց 55-րդ հորիզոնականում:

Հայաստանի աթլետները նվաճեցին 5 մեդալ

Աթլետիկայի Հայաստանի հավաքականը 5 մեդալ է նվաճել Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայացած «Արեւածագի 10 օր» միջազգային մրցաշարում: Կանանց 800 մ վազքում Լիլիթ Հարությունյանը (Վանաձորի Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց) 2.15.41 արդյունքով գրավել է 1-ին տեղը: Էլլադա Ալավերդյանը (Վանաձորի նույն մարզադպրոցից) 1500 մ վազքում զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը, իսկ 3000 մ վազքատարածությունում 11.10.80 արդյունքով նվաճել է չեմպիոնի կոչումը: Գերազանց է հանդես եկել նաեւ հեռացատկորդուհի Յանա Աբրահամյանը (Երեւանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց), ով 5 մ 20 սմ արդյունքով առաջ է անցել իր բոլոր մրցակիցներից: Կանանց 4X400 մ փոխանցավազքում մեր հավաքականը զբաղեցրել է 3-րդ տեղը:

Մեր աթլետները ավարտեցին հավաքը Թուրքիայում

Հայաստանի աթլետիկայի հավաքական ավարտեց իր ուսումնամարզական հավաքը, որը փետրվարի 8-ից անցկացնում էր Թուրքիայում: Մեր աթլետներն այժմ նախապատրաստվում էին փետրվարի 21-ին Ստամբուլում մեկնարկող Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը: Սա կլինի նրանց երկրորդ լուրջ փորձությունն այս տարում՝ Թեհրանում կայացած «Արեւածագի 10 օրեր» մրցաշարից հետո:

ԱՄԷ-ում կկիրառեն շախմատի դասավանդման հայկական փորձը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով՝ Հայաստանում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ Ալ Մեիբալի գլխավորած պատվիրակությանը: Արաբական կողմը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում ներդրված շախմատի դասավանդման կրթական ծրագրով: Հյուրերը նշել են, որ հայկական փորձը համարում են հաջողված, ինչով պայմանավորված մեծ ցանկություն ունեն «Շախմատը դպրոցում» կրթական ծրագիրը ներդնել նաեւ ԱՄԷ-ում եւ այս հարցում ակնկալում են  հայկական կողմի մասնագիտական ու խորհրդատվական աջակցությունը:

Նախարար Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ՀՀ ԿԳՆ-ն պատրաստ է շախմատի դասավանդման հայկական փորձը փոխանցել ցանկացած երկրի ու բաց է համագործակցության համար՝ սկսած դասագրքերի, կրթական ծրագրերի ու մեթոդական ձեռնարկների տրամադրումից, մինչեւ մասնագետների վերապատարստում. «Շախմատը մեզ համար ազգային հպարտություն է, ուստի պատահական չէ, որ շախմատի ներդրումը հանրակրթական դպրոցներում հանրային մեծ աջակցություն է վայելում»: Ի սկզբանե նպատակն է եղել երեխաների մոտ տրամաբանական մտածողության, ստեղծագործական, վերլուծական մտքի զարգացումն ապահովելը եւ, առաջատար լինելու հատկանիշների ձեւավորումը: Որպես առաջին քայլ՝ ԱՄԷ շախմատի ֆեդերացիայի նախագահն իր հետ կտանի «Շախմատ» առարկայի հայկական դասագրքերն ու մեթոդական ծրագրերը:

Լեւոն Արոնյանը գրոսմայստերական ոչ-ոքի արեց

Շվեյցարական Ցյուրիխում ընթացող շախմատի մրցաշարում կայացան դասական շախմատի վերջին՝ 5-րդ փուլի խաղերը: Լեւոն Արոնյանը ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց, որն ավելի ձեռնտու էր հակառակորդին, ով վաստակեց 6 միավոր եւ բարձրացավ 1-ին հորիզոնական: Լեւոն Արոնյանն իր անվան դիմաց գրանցել է 4 միավոր եւ առայժմ գտնվում է միջին հորիզոնականներում:

Այսօր շախմատիստները կմրցեն արագ շախմատում, որի միավորները կհաշվեն դասական եղանակով (հաղթանակի համար կտրվի 1, ոչ-ոքու համար՝ 0,5 միավոր): Լեւոն Արոնյանը 1-ին փուլում կհանդիպի Սերգեյ Կարյակինի հետ, ապա՝ Վիշվանաթան Անանդի, Վլադիմիր Կրամնիկի, Ֆաբիանո Կարուանայի եւ Հիկարու Նակամուրայի հետ:

Երուսաղեմում Հայաստանը կներկայացնի 9 շախմատիստ

Փետրվարի 24-ին Երուսաղեմում մեկնարկող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնի 9 շախմատիստ: Առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 31 երկրների 251 շախմատիստ, որոնցից 116-ը գրոսմայստեր է, 2-ը՝ կանանց գրոսմայստեր: Նշենք, որ Հայաստանը մասնակիցների քանակով 4-րդն է՝ զիջելով Իսրայելին (100), Ռուսաստանին (42) եւ Ուկրաինային (13):

Երուսաղեմում հայոց եռագույնի տակ հանդես կգան գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Հ. Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, 1-ին կարգայիններ Արման Միքայելյանը եւ Վլադիմիր Պողոսյանը: Առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11 փուլով: Եվրոպայի չեմպիոնը հայտնի կդառնա մարտի 8-ին: Հավելենք, որ մրցաշարը սպասարկող մրցավարների թվում է մեր փորձառու մրցավար Աշոտ Վարդապետյանը:

Սերխիո Մարկարյանը գլխավորեց Հունաստանի հավաքականը

Ուրուգվահայ 70-ամյա մասնագետ Սերխիո Մարկարյանը նշանակվել է ֆուտբոլի Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ: Հույն երկրպագուները լավ գիտեն նրան, քանի որ ժամանակին մարզել է տեղի «Պանաթինաիկոս», «Իոնիկոս» եւ «Իրակլիս» ակումբները: Վերջին տարիներին հայազգի մարզիչը աշխատել է Պերուի եւ Պարագվայի հավաքականների հետ: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի մարզչի նշանակման ժամանակ էլ արծարծվում էր Սերխիո Մարկարյանի անունը:

Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվեց Շվեյցարիա

Հայաստանի հավաքականի եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կիասպաշտպան Արտյոմ Սիմոնյանը պայմանագիր է կնքել շվեյցարական «Ցյուրիխ»-ի հետ: 19-ամյա ֆուտբոլիստը այս թիմում հանդես կգա մինչեւ 2018թ. հունիսի 30-ը:

Հաղթեցին «Երեւան-Լ.Հ» եւ «Սիս-Կիլիկիա» թիմերը

Ավարտվեց կանանց ֆուտզալի 2014-2015թթ. ձմեռային ստուգողական մրցաշարը: Կայացան ձմեռային ստուգողական մրցաշարի վերջին՝ 5-րդ փուլի հանդիպումները Ա եւ Բ խմբերում: Ա խմբում 6 թիմերի պայքարում հաղթող է ճանաչվել «Երեւան-Լ.Հ» թիմը, որը 5 խաղում վաստակել է 15 միավոր: Բ խմբում 12 միավորով 1-ին տեղը զբաղեցրել է «Սիս-Կիլիկիա» թիմը:

Հաստատվեց ՀՀ Գավաթի խաղարկության հանդիպումների խաղացանկը

Հաստատվել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումների խաղացանկը՝ 18.03.2015, ժամը 14:00, «Միկա»-«Բանանց», «Միկա» մարզադաշտ: 19.03.2015, ժամը 14:00, «Փյունիկ»-«Ալաշկերտ», Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ: 15.04.2015, ժամը 15:00, «Բանանց»-«Միկա», «Բանանց-1» մարզադաշտ: 16.04.2015, ժամը 15:00, «Ալաշկերտ»-«Փյունիկ», «Նաիրի» մարզադաշտ:

Հայաստանի հավաքականը 74-րդն է աշխարհում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն անցած մեկ ամսվա ընթացքում չնայած խաղ չի անցկացրել, սակայն ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրացել է 4 հորիզոնականով: Փետրվարի 12-ի դրությամբ մեր ընտրանին 740 վարկանիշային միավորով զբաղեցնում է 74-րդ տեղը:

Մեր հավաքականի առաջիկա մրցակիցը` Ալբանիայի ազգային թիմը, նահանջել է 5 աստիճանով եւ հանգրվանել 63-րդ հորիզոնականում: Եվրոպայի 2016թ. առաջնությունում մեր ընտրանու մյուս մրցակիցներն զբաղեցնում են հետեւյալ տեղերը. 7. Պորտուգալիա, 8. Ֆրանսիա, 9. Դանիա, 10. Սերբիա: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը շարունակում է վստահ գլխավորել աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը` 1729 միավոր:

Հայ ձյուդոյիստները ձախողվեցին Գերմանիայում

Հայաստանի ձյուդոյիստները անհաջող հանդես եկան Դյուսելդորֆում անցկացվող «Գերմանիայի Մեծ մրցանակի» մրցաշարում: 2-օրյա պայքարից հետո մեր պատվիրակներն ոչ միայն չեն կարողացել մեդալ նվաճել, այլեւ սփոփման մարտերին իրավունք վաստակել: Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում Գրիգոր Իվանյանը պարտվել է առաջին իսկ մրցամարտում: Նույն ճակատագրին են արժանացել նաեւ 66 կգ քաշային Դավիթ Ղազարյանը, 73 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը եւ 81 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը:

Համեմատաբար հաջող են հանդես եկել Հովհաննես Դավթյանն (60 կգ) եւ Արսեն Ղազարյանը (66 կգ), որոնք մեկնարկում 2-ական հաղթանակ էին տարել եւ օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ վաստակել: Բայց նրանք չեն կարողացել հաղթահարել 1/8 եզրափակիչ փուլի արգելքը եւ դուրս են մնացել պայքարից, ինչպեսեւ՝ մեր վերջին ներկայացուցիչը՝ 100 կգ քաշային Միխայիլ Մինչինը, ով առաջին փուլում մրցեց արգենտինացի Էկտոր Կամպոսի հետ:

Արթուր Աբրահամը հաղթեց՝ պաշտպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Բեռլինի «O2 World» մազապալատաում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ բրիտանացի Փոլ Սմիթի ռեւանշ-մենամարտը: 12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների որոշմամբ միավորների բացարձակ առավելությամբ (116:112, 117:111,117:111) Արթուր Աբրահամը հաղթեց` պաշտպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին հայազգի բռնցքամարտիկը դարձյալ 12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ հաղթել էր բրիտանացուն:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 5 (351), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։