Քաղաքական նոր որա՞կ. հաղթանակ՝ արագ հանձնվելով – Անզիջում միլիարդատերը զիջեց «չարիքի իշխանությանը» – «օլիգարխ» եւ «մայդան» խ(հ)եղափոխական եզրերը հայկական չեն… Հաշտությու՜նս որն է՝ թող գնա սպորտով զբաղվի…

«Լուսանցք»-ը այսօր հակադիր կողմերի մեղադրանքներն ու պատասխանները ներկայացրեց առայժմ՝ խոսքի իրավունք տալով երկու կողմերին էլ, իսկ ընթերցողների համար էլ տեղեկատվություն ստանալու հավասարությունը պահպանելով: Մեզ համար կարեւոր է մի բան. որպեսզի քաղաքական ոչ մի հոսանքի եւ ոչ մի ուղղության հակասությունների պատճառով քավության նոխազ չդառնա ժողովուրդը:

Մենք ընդգծում ենք, որ ամենակարեւորը երկրի ներսում «մայդաններ» թույլ չտալն է, որովհետեւ մենք չունենք մեր սեփական ուժերը սպառելու «շռայլության» իրավունքը: Մենք մի թշնամի ունենք եւ քաջ գիտենք դրա տեղը: Մնացյալը՝ ներքին խժդժությունները, հասկանալի են այնքանով, ինչքանով դեռ չեն վտանգում երկիրը:

Իսկ այն, որ ՀՀ նախագահի ելույթից հետո ոստիկանությունն ու իրավապահ մարմիններն անցան գործի՝ ստուգումների, ձերբակալությունների նաեւ, այն, որ իշխանական ու ընդդիմադիր գործիչներն ու լրատվամիջոցները միացան փոխադարձ հնչող մեղադրանքներին, այն, որ ԲՀԿ-ից սկսվեց «առնետավազք»-ը՝ ինչպես պատգամավորների, այնպես էլ կուսանդամների շրջանում, այն, որ այս ու այն կողմում հանգրվանած ազատամարտիկները մեկ անգամ եւս թշնամացան ինչպես միմյանց, այնպես էլ քաղաքական ուժերի հետ, բացասական հետեւանքներ դեռ ունենալու է: Դեռ կհասկականք, թե Գագիկ Ծառուկյանը ինչու կես ճանապարհից ետ դարձավ ու «առաջ՝ դեպի հաղթանակը» դարձրեց ծիծաղի առարկա… Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հակամարտությունից արյունահեղության հոտ էր առնում եւ անցավ միջնորդական ջանքերի, ինչը նախաձեռնել էր նաեւ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը (եղբոր՝ քաղաքական դաշտում մեզ հայտնի Կարեն Կարապետյանի հետ), ով ժամանել էր Ռուսաստանից: Նման առաքելությամբ Հայաստան էր եկել նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս պահին դադար է:

Մինչ օլիգարխները ի մի կբերեն իրենց մտքերը, «Լուսանցք»-ի կողմից մի խորհուրդ տանք. սոցիալական հավասարությունից մի՛ խոսեք, անհեթեթ է հնչում, մանավանդ, երբ խոսում եք սոցիալական հավասարությունը սոցիալական արդարությունից չտարբերելով… 

* * *

Սերժ Սարգսյանի ելույթի հաջորդ օրը ԲՀԿ-ն քաղխորհրդի, ԱԺ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության եւ կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուների համատեղ նիստում իր պատասխանները հնչեցրեց ԲՀԿ ղեկավարը, ով նիստի ավարտից հետո շտապեց հանդիպել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ միասնական քայլերի ամբողջական փաթեթը քննարկելու համար: Գագիկ Ծառուկյանը տեղեկացրեց, թե ուշ երեկոյան իր մոտ են եղել բազմաթիվ գործիչներ, Համաժողովրդական շարժմանը միացած խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի ղեկավարներ, ազատամարտիկներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, որոնք սպասում են իրենց որոշումներին: «Ամենակարեւորը՝ ժողովուրդն է սպասում մեր խոսքին ու մեր քայլերին եւ մինչեւ մեր բուն անելիքները ներկայացնելը, ուզում եմ անդրադառնալ երեկ եթերը լցրած հայտնի մարդու ելույթին»,- ասաց արդեն ջախջախված գործիչը՝ հատուկ ընդգծելով, որ իր խոսքը «ոչ թե ուղղված է նրան, այլ՝ ժողովրդին»:

«Ես միշտ հայտարարել եմ, որ դասական իմաստով քաղաքական գործիչ չեմ, բայց երբ, մեղմ ասած, վատ կառավարում է իրականացվում եւ Հայաստանը հետ շպրտվում, ապա բոլորս էլ պարտավոր ենք ոտքի կանգնել ու ամեն մեկս իր չափով ելքեր առաջարկել ու գտնել: Ելքը ես տեսել եմ քաղաքական փոփոխությունների մեջ: Ես քաղաքականություն եմ մտել բացառապես մեկ նպատակով՝ օգնել իմ երկրին ու իմ ժողովրդին դուրս գալ այս վիճակից: Ես ամեն ինչ արել եմ քաղաքական դաշտի զգալի մասի, բոլոր հիմնական քաղաքական ուժերի եւ գործիչների համախմբման համար: Ես սահմանել էի խաղի կանոն՝ չվիրավորել, անձնական թշնամանք չտարածել: Որովհետեւ մեր խնդիրը վիրավորելն ու հարաբերությունները անձնական թշնամանքի դաշտ տեղափոխելը չէ, այլ երկրին ու ժողովրդին օգտակար լինելը: Հիմա ես ուզում եմ հատուկ շեշտել՝ երեկվանից հետո իմ մոտեցումը չի փոխվել: Մենք նախկինի պես հավատարիմ ենք մնալու կոռեկտ մեր գործելաոճին եւ գտնվելու ենք բացառապես քաղաքական հարթությունում: Փողոցային բառապաշարն օգտագործելը մերը չէ: Ոչ էլ հիստերիկ եւ էմոցիոնալ վարքագիծն է մերը»,- այսպես է սկսել խոսքը ՀՀ 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահների օրոք իշխանության մեջ բարգավաճած ու անպատիժ ծաղկող՝ «դասական իմաստով ոչ քաղաքական գործիչ» Գագիկ Ծառուկյանը:

Այնուհետեւ նշեց, թե զարմացել է, որ երկրի ղեկավարը մի ամբողջ նիստում չի խոսել. «1. թե ինչու իր պաշտոնավարման տարիներին ՀՀ տնտեսությունը խայտառակ անկում ապրեց, ներդրումները կտրուկ նվազեցին, աղքատությունն աճեց, իսկ դրան զուգահեռ զարգացան իր ու իր նեղ շրջապատի հայտարարագրված ու չհայտարարագրված բիզնեսները, 2. թե ինչու է բիզնեսին տեռորի ենթարկելը պետական ծրագիր դարձել, 3. թե ինչու է երկիրը քամվում սարսափելի չափերի հասնող արտագաղթից, 4. թե ինչու է ֆինանսական անկայունություն ստեղծվել մեզ մոտ, 5. թե ինչու են բանկերում գրավադրվել ամբողջական գյուղերը, մարդկանց տներն ու ողջ ունեցվածքը եւ ինչու են մարդիկ տոկոսների տակ մնացել, 6. թե ինչու է Հայաստանի ու Ղարաբաղի սահմանում աճել լարվածությունն ու ամեն օր մենք լսում ենք նորանոր զոհերի մասին, 7. թե ինչու են Թուրքիան ու Ադրբեջանն այնքան երես առել, որ արհամարհանքով են խոսում Հայաստանի մասին, 8. թե ինչու է ԵԽԽՎ-ում հարց հնչում կազինոներում տարված միլիոնավոր դոլարների մասին, 9. թե ինչու «Նաիրիտ» գործարանի հաշվին դուրս գրված հարյուր միլիոնավոր դոլարները թալանվել ու փոշիացվել է, իսկ 1700 մարդ հայտնվել է փողոցում»: ԲՀԿ ղեկավարը, որպեսզի ապացուցի իր քաղաքական զարգացվածությունը, նաեւ նշել է, որ «երկրի ղեկավարը չխոսեց այն ժամանակ, երբ Նազարբաեւը նվաստացնում ու ստորացնում էր իրեն: Նա չխոսեց, թե օգոստոսյան ռազմական լարվածության ժամանակ ինչո՞ւ Բադեն Բադենից այդպես էլ չվերադարձավ Հայաստան: Նա լուռ էր, երբ մարդիկ խուճապի էին մատնվել դրամի սրընթաց արժեզրկման պատճառով: Նա ոչ մի բառ չասեց, թե ինչու էր լռում, երբ Գյումրին եւ հայ ժողովուրդը սգում էին դաժան սպանության համար եւ ոտքի կանգնում»:

Այսպես հակադարձ մեղադրանքներ տեղալով, ԲՀԿ նախագահը պատասխանեց նաեւ այն հարցադրումներին, որոնք անձնապես իրեն էին ուղղված. «1. Անվտանգության խորհրդից ինձ իբր հեռացնելու մասին: Ուզում եմ տեղեկացնել, որ ես փաստացի արդեն 6 ամիս է այդ կառույցում չեմ աշխատել, իսկ այդ կառույցից պաշտոնապես դուրս չեմ եկել միայն իր անձնական մարդկային խնդրանքով: Այսքանից հետո երեկ նման ձեւով հարցը ներկայացնելը՝ դուք ինքներդ գնահատեք՝ թե ինչ է նշանակում: 2. Պատգամավորական մանդատից ինձ զրկելու մասին: Ինձ համար կարեւորը ՀՀ քաղաքացիների վստահությունն է, որն առկա է: Այնպես որ՝ ես ունեմ ամենակարեւոր մանդատը: Շատերին է հետաքրքրում, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը գնաց իր զբաղեցրած պաշտոնին անհարիր անձնական վիրավորանքներ հասցնելու ճանապարհով: Ուզում եմ բացել բոլոր փակագծերը եւ լինել անկեղծ: Ինձ առաջարկվել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո՝ մեկ պայմանով, որ ես համաձայնեմ իր իշխանության վերարտադրությանը: Այսինքն՝ աջակցեմ փաստացի երրորդ ժամկետով եւ ցմահ կառավարելու իր ցանկության իրականացմանը՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով: Ես կտրականապես մերժեցի այս հակապետական մոտեցումը, քանզի Հայաստանի հետընթացն ապահոված մարդը չի կարող նման հավակնություններ ունենալ: Ահա իմ այս դիրքորոշումն էլ հանդիսացավ հիմնական պատճառը, որ նա խախտի քաղաքական եւ մարդկային հարաբերությունների կանոնները: Սա՛ է իրականությունը եւ ոչինչ ավելին: Փաստորեն, այդ մարդու ծրագրային ելույթն անձամբ ինձ էր վերաբերում, այսինքն՝ նրա ծրագիրն ինձ պատերազմ հայտարարելն ու ցմահ իշխելու խոչընդոտը վերացնելն է: Դա՛ է նրա ծրագիրը: Առաջ անցնելով ասեմ, որ ես ընդունում եմ մարտահրավերն ու գնալու եմ մինչեւ հաղթանակ…»:

Իսկ այդ հաղթանակ ասվածը քաղաքական դաշտի ցայսօր հայտնի ամենաարագ հանձնվե՞լ էր նշանակում, այսինքն հաղթել՝ նշանակում է արագ հանձնվե՞լ: Սա բոլորովին այլ փիլիսոփայություն է, մեզ դեռ անհայտ:

Չվճարված իր հարկերի մասին այս այլեւս «ոչ դասական» քաղաքական գործիչը նշեց, որ այս նախագահի «պաշտոնավարման բոլոր տարիներին, ամիսներ շարունակ ստուգվել են իմ եւ իմ մերձավորներին պատկանող բոլոր հիմնարկները: Ի տարբերություն իրեն, ես չստուգված լուրերի,ւ մերկապարանոց հայտարարությունների փոխարեն բերեմ պաշտոնական թվեր, խոսեմ բոլորի աչքի առաջ տեղի ունեցածից: Իր կառավարման ժամանակահատվածում երկրի արտաքին պարտքը ավելացավ ավելի քան 3 միլիարդ դոլարով: Որտե՞ղ է այդ գումարը, պարո՛ն Սարգսյան: Դոլար-դրամ խաղերի արդյունքում միլիոնավոր դոլարներ գողացվեցին ժողովրդից: Ո՞ւր գնացին այդ գումարները: Ժողովուրդը այդ հարցերի պատասխանն է ուզում ստանալ ձեզանից: Թեեւ ձեր ասած չստուգված լուրերի համաձայն՝ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ուր են գնացել այդ փողերը: Ինչպես որ գիտի, թե ովքեր են բյուջեն տարիներով մսխում եւ «ատկատներով» զբաղվում: Ո՞ւր են մեր թոշակառուների, ուսուցիչների, բժիշկների, գյուղացիների, զինվորականների, ոստիկանության եւ անվտանգության ծառայության, ուսանողների, դասախոսների հասանելիք գումարները: Ասեմ, որ ժողովուրդը հրաշալի գիտի»:

Ամենա«կատարյալ» միտքը սա էր, որ հայտնեց ՀՀ 1-3 նախագահների օրոք թալանի եւ ծեծուջարդի (ոմանց հիշողությունից ջնջված) «մասնագետ»-ը. «Պաշտոնապես հայտարարում եմ. իշխանափոխությունից հետո ժողովրդից գողացված միլիարդավոր դոլարները 2-3 հոգին պետք է վերադարձնեն բյուջե, որպեսզի կարողանանք ոտքի հանել Հայաստանը, ուժեղացնել Ղարաբաղը, ազատել մեր ժողովրդին տոկոսների լծից, մեր երեխաներին ու ծնողներին արժանապատիվ կյանք ապահովել: Ուրիշ լուծում չկա»: Եթե 2-3 հոգու մեջ նաեւ իրեն նկատի ունի Գագիկ Ծառուկյանը, ապա հրաշալի է, եթե ոչ՝ էլի «հրաշալի» է…

Ինչ վերաբերում է իր հասցեին հնչած անձնական վիրավորանքներին, դեռ տաք վիճակում խոսող ԲՀԿ ղեկավարը նշել էր, թե չի իջնելու «նման ցածր մակարդակի»:

Հետաքրքիր էր վերջաբանը, որ հնչեց այսպես. «Հիմա անելիքների մասին: Երեկվանից ստեղծվել է մի վիճակ, որը պահանջում է հանգուցալուծում: Ես համոզված եմ, որ միակ հանգուցալուծումն ամբողջական իշխանափոխությունն է՝ արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով: Ես գիտեմ, որ սա է եղել ձեր հիմնական պահանջը եւ ես երկար ժամանակ փորձել եմ անցնցում տարբերակով այդ պահանջի բավարարման ճանապարհը գտնել: Բայց փաստորեն ցնցումների ճանապարհով գնում է իշխանությունը: Ինչ ասեմ, մեղքն իր վիզը: Ի՞նչ ենք անելու մենք: Շատ հստակ ու հաշվարկված քայլեր: Պատրաստվե՛ք պայքարի՝ 3 հազար մարդ է դուրս գալիս փողոց, սրանք ստիպված օրենք են փոխում, ամբողջ ժողովուրդը դուրս գա, իշխանությունը կփոխվի: Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի, ունենալով մեկ նպատակ՝ քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն եւ այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը՝ ազատվելու համար չարիքի այս իշխանությունից: Այս իշխանությունը անհապաղ պետք է հեռացվի, եւ մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ և ամոթալի այս էջը: Հայաստանը պետք է մաքրել գաղջ մթնոլորտից: Մեր խոսքը գործ է: Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը: Բոլորիս հաղթանակ եմ մաղթում»…

Զիջեց «չարիքի իշխանությանը»

Փետրվար 18-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ  հայտարարությամբ. «Սիրելի հայրենակիցներ, Ինչպես ես բազմիցս ասել եմ, մեր բոլորի, եւ անձամբ իմ խնդիրը ես միշտ տեսել եմ մեր ժողովրդին, մեր երկրին օգտակար լինելու մեջ: Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել, ցույց տալ առկա բոլոր բացերը, գտնել լուծումներ եւ կյանքի կոչել դրանք: Միայն այդպես է հնարավոր վերացնել այն իրավիճակը, որն այսօր մենք ունենք մեր երկրում: Ցավով եմ նշում, որ վերջին օրերի ընթացքում գործընթացները մեր երկրում բոլորովին այլ ուղղությամբ են ընթանում: Սա որեւէ բարի տեղ չտանող ուղղություն է: Դժվար չէ պատկերացնել, թե այն, ինչ կատարվում է հիմա, ինչի կհանգեցնի ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում: Այսպես շարունակվելու դեպքում չի շահի ոչ մեկը եւ առաջին հերթին մեր ժողովուրդը: Այսպես շարունակել չի կարելի, հետո բոլորս մեղադրելու ենք ինքներս մեզ: Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Թե իշխանության, թե ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պիտի լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան»:

Հաշտությու՜նս որն է

«Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ հաշտություն հնարավոր չէ, գործ ունենք օլիգարխիկ շարժման հետ, որն Ուկրաինային հասցրեց այսօրվա վիճակին».- ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան : Ըստ նրա, իշխանությունները զգոն են, թույլ չեն տալու ցնցումներ երկրում, ժամանակին շատ բան թույլ տվեցին… հիմա զբաղվում ենք նրա կողմնակիցներով, որ զենքեր ունեն. պիտի ստուգումներ կատարվի, ճշտվեն այն փաստերը, թե իրոք արտոնվա՞ծ են այդ խմբերը, զենքերը, պետք է ստուգվեն բոլոր հարցադրումները որոնք արվեցին նախագահի կողմից»…

Հայկ Թորգոմյան եւՆարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 5 (351), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։