Քաղաքական շանթահարում՝ առանց բացառման – Հայաստանն ու հայությունը ունեն բոլոր կարողությունները ոչ թե հեղափոխությամբ (ռեւոլյուցիա), այլ բնափոխությամբ (էվոլյուցիա)՝ բնականոն ընթացքով երկիրը դուրս բերել ճգնաժամից, իսկ ազգին՝ ապազգային հոգեվիճակից…

Փետրվարի 12-ին, երբ «Լուսանցք»-ի 350-րդ թողարկումը տպարան էր մտնում, ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը բառացիորեն շանթահարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Զանգերը խմբագրություն չէին դադարում երկար ժամանակ: Որպես լրատվամիջոց, բավականաչափ ուսումնասիրել ենք քաղաքական կամ՝ այսպես կոչված քաղաքական գործիչներին, եւ հնարավորինս գիտենք յուրաքանչյուրի վերջին քայլի գաղտնատարբերակը…

Եվ մեր թերթը որոշեց մի գիշերվա փոփոխությունը չդարձնել դարակազմիկ իրադարձություն, հատկապես, որ հակառակ կողմում անբասիր ու վճռական հեղափոխական կերպար չկար կանգնած… Չնայած պիտի նշել, որ մեր քաղաքական դաշտի համար այս քայլը կդառնա իրադարձություն եւ նոր իրավիճակ կստեղծի:

«Լուսանցք»-ը նախընտրեց հանդես գալ առաջաբանով. «Երբ բոլորն ամեն ինչ են աշխատում» վերլուծությամբ, որում մի անգամ եւս նշվեց, որ Հայաստանի քաղաքական դաշտը երկու տասնամյակ անց դեռ կայացած չէ: Միասնական դաշինքով՝ մի գաղափարի ու մի գերնպատակի շուրջ ցայսօր չեն հավաքվել, որպեսզի հերթական ընտրված ընտրություններից առաջ կարողանան արտահերթ ընտրության իրական եւ հուժկու պահանջ ներկայացնել:

Մեկ անգամ եւս արձանագրեցինք, որ միայն նոր ընդդիմադիր, բացառապես ազգային նպատակների շուրջ միավորված դաշինքը շուրջ 25 տարի անց կկատարի եւ՛ իշխանափոխություն եւ՛ ընդդիմափոխություն… Նշվել էր, որ միայն այսպիսի ընդդիմությունը բարի կամ ոչ բարի ճանապարհ կմաղթի ընդդիմության եւ իշխանության մեջ արդեն «թոռոմած» անփոփոխ եւ միմյանց փոխարինող բազմադեմ դեմքերին:

Մինչեւ երկրում չլինի ամբողջական՝ համակարգային փոփոխություն, ոչի՛նչ չի փոխվելու: Իսկ համակարգային փոփոխությունը չի՛ կարող լինել միայն իշխանափոխությամբ: Ինչպես վերոնշյալ հոդվածում էր ասվել. «Շուրջ 25 տարի մեր երկրում պետության «ձիու վրա» են միեւնույն ուժերը, որոնք հերթով փոխարինում են մեկ-մեկու, այս կամ այն քաղաքական, պետական, հանրային գործիչն էլ անցնում է այս կամ այն քաղաքական ուժի շարքերը, եւ 25 տարի երկրում իշխանությունն ու ընդդիմությունը նույն դեմքն ունեն, նույն գործելաոճը, անգամ նույն բառապաշարը… Իսկ ամեն օր հնչող «Ժողովուրդն ու քաղաքական ուժերը միահամուռ պետք է ընդվզեն» կոչերը միայն «փակ շրջանը» ամուր պահելու համար է: Բոլոր իշխանափոխություններից հետո հայաստանցիներն ու սփյուռքահայերը մի բան են նշում քիչ ժամանակ անց՝ «ոչ մի բան չի փոխվել մեր երկրում ու չի էլ փոխվելու…»:

Նորից պիտի պնդենք, որ մեղավորը ժողովրդի այն հատվածն է, որ ցավոք մեծամասնություն է, միշտ հեղափոխության առաջին շարքերում է ու միշտ 5-25 հազար դրամով ծախում է իր ձայնը (ուրեմն՝ իրեն ու բոլորիս ապագան), հետո անամոթաբար հնչեցնում, թե ում էլ ընտրենք՝ այսպես է լինելու… Այո՛, հենց այդպես էլ լինելու է, մինչեւ ընչաքաղցությունը եւ ամեն ինչից ու ամեն մեկից մի բան պոկելու մոլուցքը չվերանա վերոհիշյալ հայերի սրտից… Կամ էլ՝ մտավոր նվիրյալ հատվածը կկարողանա նոր որակ բերել քաղաքական ու հանրային ոլորտներ՝ ապահովելով ներքաղաքական կայացումն ու կայունացումը:

Հայաստանում պետք է գործի հստակ քաղաքական ուղղությունների փունջ՝ ազգայնական-հայրենատիրական, ազգային-պահպանողական, ժողովրդավարական-ազատական, համայնավար-ընկերվարական եւ գուցե էլի մի քանիսը, դրանք իրականում 10-ի անգամ չպիտի հասնեն: Այս ուժերը կարող են ունենալ նաեւ հավատամքային գաղափարներ, ինչը պետք է «տեղավորվի» մեզանում հաստատված քրիստոնեական միջազգային կրոնի եւ հային գենետիկորեն տրված արիադավան-հեթանոսական ազգային հավատի շրջանակներում: Պիտի բացառել նաեւ հակազգային եւ հակապետական քաղաքականության ի հայտ գալը, նաեւ օտար երկրներից, կառույցներից սնվելու տարբերակները:

Իհարկե վատ չի լինի, եթե իշխանությունն այնքան քաջություն ունենար, որ նախաձեռներ երկրի քաղաքական դաշտի ինքնամաքրման գործընթացը՝ այն սկսելով ՀՀԿ-ից, իսկ ԲՀԿ-ի մասով սկսածը չկասեցնի…

Մի կարեւոր քայլ էլ պիտի անի իշխանությունը, այն է՝ ամեն ինչ անել, որպեսզի քաղաքական, հասարակական գործիչներն ու հանրության ակտիվ հատվածը չզգուշանա մտահոգություն հայտնելիս, տեսակետ հնչեցնելիս՝ վախենալով, որ կարող է ծեծվել կամ առեւանգվել կամ ավելի վատ՝ դատապարտվել ոչնչացման… Վախի մթնոլորտից օգտվելով օտար ուժերը մեր երկրում ներքաղաքական սրացումների են հասնում՝ ստանալով իրենց «հասանելիքը», միաժամանակ էլ՝ տարատեսակ իրավունքների պաշտպանության քողի ներքո հայի կենցաղ են մտցնում փոքրամասնական հոգեւոր, սեռական ու այլ փոքրամասնական հիվանդություններ:

Հայաստանն ու հայությունը ունեն բոլոր կարողությունները ոչ թե հեղափոխությամբ (ռեւոլյուցիա), այլ բնափոխությամբ (էվոլյուցիա)՝ բնականոն ընթացքով երկիրը դուրս բերել ճգնաժամից, իսկ ազգին՝ ապազգային հոգեվիճակից:

* * *

Ինչու՞ հենց հիմա

ՀՀԿ ԳՄ նիստում քաղաքական պայթյուն եղավ, որը անչափ ուշացած էր: Բայց պայթյուն էր: Սակայն երկու կողմերում կանգնած էին մարդիկ, ինչը հուշում էր պայթյունի ոչ պայթյունավտանգության մասին: Ինչեւէ, մի բան հստակ էր, որ ՀՀԿ առաջնորդը, ով մեր երկրի նախագահն է, որոշել էր «բնաջնջել» արդեն քաղաքականությունը զուտ գործարարության վերածած ԲՀԿ առաջնորդին: Իհարկե, քաղաքականությունը գործ է: Սակայն այնքան լուրջ գործ է, որ հայկական օլիգարխիան չի կարող իր թալանած փողերով հաշվել դրա լրջությունը: Այստեղ ուղեղ է պետք, շարժունակ միտք եւ օրեցօր լրացվող գիտելիքներ: Այս ամենից հետո եւ այս ամենով վաստակած փողերը կարող են քաղաքականությունում ճիշտ եւ լուրջ հաշվարկների հանգեցնել: Այդպիսով՝ նաեւ ազգն ու հայենիքը զարգացնել ու հզորացնել:

Իսկ առաջին միլիոնի առաջացման հարցից փախչողները երբեք չեն կարող ազգ ու հայենիք զորացնել, այդպիսիք ազգի ու հայենիքի արյուն-քրտինիքի վրա են ճարպակալել իրենց ուղեղները: Եվ սա կուսակցական պատկանելություն չունի: Ամենուր է:

Ընդդիմադիր եռյակ հռչակված քաղաքական ուժը միայն իշխանափոխության ճանապարհն էր սպասարկում եւ զանգվածների ուժը չի «սեփականացրել»: Երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը վերջերս ընդդիմադիր խորհրդաժողով հրավիրեց, ու առանց ընդդիմադիր գործընկերների մասնակցության «այս իշխանությունը ամեն գնով հեռացնելու» կոչեր հնչեցին, ինքնակործանման վտանգը մեծացավ: Մեր երկրում դժվարին սոցիալական վիճակ է եւ հանրահավաքներին մարդկանց բերելը որեւէ խնդիր չէ, ինչն էլ հասկանում են բոլորը, նաեւ՝ ՀՀԿ-ում:

Բայց այն, ինչ արեց Սերժ Սարգսյանը, կոչվում է հակառակորդի շանթահարում, որն անգամ կուսակիցների համար անակնկալ եղավ:

«Մեր կողմից շրջանառության մեջ դրվող բոլոր նախաձեռնություններին, հայտարարություններին կամ ելույթներին մենք վերաբերվել ենք որպես քաղաքական երեւույթների, հետեւաբար եւ քննարկել ու քաղաքական արձագանքներ ենք տվել դրանց: Այդպես եղել է միշտ: Ժամանակի ընթացքում, բայց, նկատեցինք, որ այն, ինչ մենք անում ենք, միշտ չէ կամ քաղաքական դաշտում գործող բոլոր սուբյեկտների հետ կապված չէ, որ իմաստ ունի: Հասկացանք, որ քաղաքական յուրաքանչյուր գործընթաց, ավելին, տրամաբանության հետ կապ ունեցող ցանկացած երեւույթ միանգամից աղճատվում եւ խեղկատակության է վերածվում, երբ գործընթացի մյուս ծայրում կրկին հայտվում է տարրական տրամաբանության եւ իրականության զգացողության բացակայության գործելաոճը: Մենք անկեղծորեն տրամադրվել էինք գործադիր մարմնի նիստում քննարկել Գագիկ Ծառուկյանի վերջին ելույթը եւ պաշտոնապես արձագանքել դրան. ճիշտ այնպես, ինչպես մշտապես արձագանքում ենք քաղաքական դաշտի բոլոր հայտնի դերակատարների հրապարակային խոսքերին ու հայտարարություններին, որոնք առնչվում են մեզ: Ցավով պիտի արձանագրեմ, որ քննարկման ընթացքում, սակայն, գրեթե անդրադարձ չեղավ այդ ելույթին: Առաջին հայացքից սա տարակուսանք կարող է առաջացնել, մինչդեռ բացատրությունն իրականում շատ պարզ է. քննարկելու իմաստը ո՞րն է: Ի՞նչը քննարկենք. քննարկենք ի՞նչ է ասվել, թե՞ քննարկենք՝ արդյո՞ք հասկացել է, թե ինչ է ընթերցում…»,- հայտնեց Սերժ Սարգսյանը:

Սա շանթահարման նախերգանքը եղավ եւ հնչեց «լավ, բա մինչեւ ե՞րբ պետք է շարունակենք այսպես: Առկա իրավիճակը հաշվի առնելով ՀՀ եւ ՀՀԿ նախագահը նշեց, որ ուղղակի պարտավոր են մի պահ կանգ առնել ու հասկանալ, թե ինչպես են քաղաքական դաշտը կրկին դարձնում զուտ քաղաքական գործիչների հարթակ, ինչպես են քաղաքականությունը մաքրում տգիտությունից ու գործընթացները վերադարձնում մտավոր դաշտ, քանի որ առանց դրա շատ դժվար կլինի կանգնել զարգացման բոլոր այն մարտահրավերներին դեմ հանդիման, որոնք այսօր գոյություն ունեն:

Այս խորհրդի նիստում իշխանությունը պիտի ազդարարեր սահմանադրական բարեփոխումների հաջորդ փուլի մեկնարկը, բարեփոխումների հայեցակարգը վաղուց է պատրաստ եւ կայացվել է կառուցողական որոշում՝ առկախել գործընթացը, մինչեւ քաղաքական համաձայնություն լինի: «Ես դա արել եմ նաեւ անձամբ Գագիկ Ծառուկյանի խնդրանքով, ինչը սակայն հետագայում նրան սպասարկողները սկսեցին կոչել հետքայլ: Սահմանադրական բարեփոխումները մարդկանց եւ քաղաքական գործիչների ու նրանց ամբիցիաների մասին չեն ամենեւին, դրանք մեր երկրի, մեր զավակների ավելի ապահով ու զարգացման ավելի ամուր նախադրյալներով ապագայի համար են»,- հայտարարեց նախագահը՝ հավելելով, որ կարեւորագույն այսպիսի խնդիրների մասին են բարեփոխումները, ոչ թե անձերի կամ, ինչպես մատի փաթաթան են դարձրել՝ իշխանության վերարտադրության համար, ինչն աբսուրդ է, ուղղակի անհեթեթություն: Նշվեց նաեւ, որ «նույն ԲՀԿ-ում կան հայրենասեր, գրագետ ու աշխատող մարդիկ, մարդիկ, ում հետ կարող ենք ճանապարհ անցնել, ովքեր իսկապես կարող են խնդիրներ լուծել, ոլորտներ առաջ տանել եւ մեջք մեջքի կանգնել մեր երկրի դեմ ծառացած մարտահրավերներին դիմակայելիս: Ահա այսպիսի կոնսոլիդացիա, այսպիսի համախմբում է հարկավոր մեր երկրին, որ խնդիրները լուծենք, ոչ թե նոր խնդիրներ հարուցենք: Բայց ունենք այն, ինչ ունենք»:

Նոր տեսանք, որ աղվոր չէ

Ըստ Սերժ Սարգսյանի, պիտի քաղաքական դաշտը իսպառ մաքրել ֆեոդալական տրամաբանությունից, կիսաքայլերով կամ մանկամտությունն ու անընկալունակությունն անվերջ ներելով ժամանակի ընթացքում շատ մեծ վնաս կհասցվի մեր երկրին, տնտեսությանը եւ ժողովրդին: Ժամանակն է «ամբարտավանին ցույց տալու իր տեղը, տգետին՝ իր տեղը, իսկ մոլորյալին՝ իրենը, ժամանակն է հստակություն մտցնելու դաշտում՝ կուտակված քաղաքական խնդիրներն ուղղակի պիտի լուծել, եւ այդ գործընթացը մենք կսկսենք հենց այսօրվանից»:

Եվ ՀՀ նախագահը Գագիկ Ծառուկյանի մասին ասաց այն ամենը՝ ինչ մտածում էր. «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Ու դա բնական է: Քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատն ինքնաբերաբար դառնում է որեւէ զարգացման ուղղակի արգելակ: Մի բան, ինչն ակնհայտորեն երևում է արդեն վաղուց: Ցանկացած լուսավոր անհատ կամ ցանկացած լուսավոր գաղափար մեր երկրում հրապարակ իջնելուց միանգամից մոլեգնում է խավարի ուժը. աղաղակ, պիտակավորում, անվանարկում, «ես այսօր այստեղ եմ եւ ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ» մակարդակից վեր յուրաքանչյուր մտքի բռնաբարում: Ծանո՞թ պատկերներ են, չէ՞: Իհա՛րկե ծանոթ են: Ու չասեք, թե սա միայն իշխանական գործիչների դեմ է օգտագործվում: Բոլորն ամեն ինչ շատ լավ հասկանում են: Այո, ողբերգություն է, ինչ-որ տեղ նաեւ զավեշտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի: Վստահաբար նրա շրջապատի գրագետ մարդիկ նույնպես հոգու խորքում հասկանում են, որ այս տեսակի՝ պատերազմող երկրի քաղաքական էլիտայի մաս հանդիսանալը իրական վտանգ է: Պատկերացնու՞մ եք մի իրավիճակ, երբ Ծառուկյանը ԵԽ խորհրդարանական վեհաժողովում տեքստ է կարդում, որին հաջորդում են պատգամավորների, այդ թվում նաեւ թուրք եւ ադրբեջանցի պատգամավորների, հարցերը: Այո՛, պատկերացնելը շատ բարդ է եւ սոսկալի, իհարկե: Նրա արտերկրյա մի քանի հայտնի այցերի ընթացքում թողած ամոթալի տպավորության մասին մեր գործընկերների սարկազմային պատմությունները դեռ մինչ օրս մենք չենք մարսել: Ու կրկի՛ն պետք է ասեմ, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Ստեղծված իրավիճակում ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը: Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որեւէ մեկին

հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը: Անձնական ինչ-որ շահ չեմ ունեցել. փորձել եմ ինձնով փակել ակնհայտ խնդիրը՝ այն շատ-շատերի խնդիրը չդարձնելու համար: Դա նախ եւ առաջ արել եմ որպես երկրի Նախագահ, որպես իշխող քաղաքական ուժի ղեկավար:

Երկրի երկրորդ քաղաքական ուժի ֆորմալ ղեկավարի քայլերը չէին կարող կարեւոր չլինել ինձ համար՝ հատկապես երկրում քաղաքական կայունությունը պահպանելու եւ մեր հասարակությանը ամենատարբեր արկածախնդրությունների մեջ ներքաշելու հեռանկարից հեռու պահելու համար: Միշտ փորձել եմ համբերատար լինել, ներողամիտ, դանդաղ բացատրել, հանգիստ ուղղություն ցույց տալ: Երբեմն ընկալել է, երբեմն հնարավոր չի եղել իրողությունները պարզունակության աստիճանի հասցրած ներկայացնել, եւ ինչ-որ բան չի ստացվել: Սխալվել եմ: Փորձել եմ պաշտպանել շատերին, բայց չեմ նկատել, որ դրանով վնասում եմ ամբողջ քաղաքական դաշտը, քանի որ նման քաղաքական երեւույթի առկայությունն ինքնին աղճատում է ողջ դաշտը»:

Այնուհետեւ, դիմելով կուսակիցներին նախագահը նշեց, որ շատ լավ գիտի, թե նրանք մտովի որքան ժամանակ է իրեն մեղադրում են նման քաղաքական կամ ավելի շուտ վայ-քաղաքական սուբյեկտ հովանավորելու, ավելին՝ աճեցնելու համար. «Սա սխալ էր, դա իմ սխալն է եղել, իմ ու մի քանի այլոց, ովքեր թեեւ դա անում էին ոչ թե «հանուն», այլ «ընդդեմ» նպատակներով, բայց նրանց մեղքը ես էլի իմն եմ համարում… Իսկ սխալը պետք է ուղղել. «Արագ, մինչեւ վերջ եւ հստակ: Այլեւս որեւէ մեկը կանգնելու կամ հապաղելու իրավունք չունի»:

Նշվեցին առաջիկա քայլերը. «1. Այսօր իմ հրամանագրով Գագիկ Ծառուկյանը կազատվի ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից: Երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա՝ չգա: 2. 2013-2014 թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին եւ խորհրդարանի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը: 3. Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ ՀՀ վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչեւ վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը եւ բաց ներկայացնել բոլորին: 4. Շարունակում են նաեւ օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը: Վաղը ես հրավիրելու եմ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ մեր իրավապահների հետ համապատասխան անդրադարձ կլինի, թե ինչպես վարվել նման լուրերի հետ»: Վերջում մեկ անգամ էլ շեշտվեց, թե խոսքը ամբողջությամբ «Գագիկ Ծառուկյան քաղաքական կամ կեղծ-քաղաքական երեւույթի մասին էր, որպես ՀՀ քաղաքացու եւ գործարարի, ես նրա հետ կապված որեւէ խնդիր չեմ տեսնում, եթե, իհարկե, հիմնավորապես հերքվեն օրենքի հետ խնդիրներ ունենալու մասին բոլոր լուրերը»:

Վերջում Սերժ Սարգսյանը կրկին զարմացավ. «Զավեշտ է, որ Գագիկ Ծառուկյանը այսքան բաներից հետո քաղաքական մեծ հավակնություններ ունի»:

Արման Դավթյան եւ Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 5 (351), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։