Բազմանպատակ սահմանը – Սահմանների վերաբացումը՝ ինչպես երկկողմանի տնտեսական շահավետ քայլ, այնպես էլ՝ Արեւմտյան Հայաստանում թյուրքական տարրի բնակեցման նպաստավոր պայման եւ միակողմանի թուրքական շահ…

Հայ-թուրքական արձանագրությունների հետկանչի նախաձեռնումը ՀՀ նախագահի կողմից անսպասելի էր ինչպես Անկարայի, այնպես էլ Բաքվի համար: Երկուսն էլ հասկանում են, որ միջազգային քաղաքականությունը չի հանդուրժի այս քայլը, բայց ոչ թե Հայաստանի քայլը, այլ՝ թուրք-ադրբեջանական խափանարար դաշինքի:

Անկարան ամեն գնով նախապայմաններ առաջ քաշեց, ինչը  բացակայում էր արձանագրությունների մեջ, ավելին՝ այդ նախապայմաններից մեկը՝ հայոց ցեղասպանության խնդիրը չարծարծելը թուրքական նախապայման էր, իսկ Արցախի եւ ազատագրված տարածքների հարցի ներառումը՝ ադրբեջանական:

Եթե թուրքական պահանջը ինչ-որ կերպ առնչվում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Արցախի խնդիրը զուտ հայ-ադրբեջանական է եւ սա կարող է դառնալ արձանագրությունների տապալման հիմնական պատճառ, որն ի վնաս է ոչ միայն Թուրքիայի, այլեւ՝ Ադրբեջանի: Եվ Բաքուն հասկանում է, որ այս նախաձեռնության տապալման մեղավորներից մեկն է ու հիմնական մեղավորը, որ հայ-թուքական արձանագրությունները փաստացի վերածվեց հայ-թուրք-ադրբեջանականի:

Մինչ այս, տնտեսագիտության պրոֆեսոր, Անկարայի համալսարանի դասախոս Օնուր Օզսոյը անդրադարձել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բացակայությանը, փակ սահմանին ու դրա հետեւանքներին: Նա այդ թեմայով հոդված է հրապարակել թուրքական մամուլում՝ առաջ քաշելով այն միտքը, որ հայ-թուրքական սահմանի փակ մնալը սոցիալապես, տնտեսապես ու քաղաքականապես բացասական ազդեցություն է ունենում ինչպես այդ երկու երկրների, այնպես էլ նրանց տարածաշրջանային հարեւանների վրա:

Նա հիշեցնում է, որ «հայ-թուրքական սահմանը փակել է Թուրքիան 1993թ.՝ որպես զորակցություն Ադրբեջանին ղարաբաղյան պատերազմում: Մինչեւ այդ Թուրքիան Հայաստանի հետ հաղորդակցվելու երկու սահմանակետ ուներ. 1. Աթքայա-Կարս-Գյումրի (երկաթուղի): 2. Ալիջան-Իգդիր-Մարգարա: 

Ներկայիս պայմաններում, երբ այլեւս չեն գործում նշյալ սահմանային անցակետերը, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ արտահանման եւ ներմուծման գործողությունները կատարվում են մեծ մասամբ Իրանի, փոքր մասամբ՝ Վրաստանի միջոցով: Նշվում է, որ Իրանից ներկրված ապրանքների անորակության պատճառով Հայաստանում առավելապես նախապատվությունը տալիս են թուրքական ապրանքներին:

«Ըստ 2011-ի տվյալների, Թուրքիայից Հայաստան արտահանումը կազմել է մոտավորապես 250 մլն դոլար: Իսկ Հայաստանից Թուրքիա ներկրված ապրանքներն ընդհանուր առմամբ կազմել են 1 մլն դոլար: Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ծավալներում Թուրքիայի մասնաբաժինը կազմում է ընդամենը 5%»,- գրում է թուրքը եւ ենթադրաբար կարծում, որ սահմանի բացման դեպքում երկու երկրներն էլ կշահեն իրենց մեծացող առեւտրաշրջանառությունից:

Նա նաեւ նկատել է տալիս, որ Հայաստանն այժմ արտաքին աշխարհի հետ կապվելու լոկ 2 ցամաքային ճանապարհ ունի՝ վրացական ու իրանական: Այդ իսկ պատճառով բեռնափոխադրումների ծախսատարությունը շատ է, հետեւաբար ներմուծվող ապրանքների գները՝ բարձր: Եթե բացվի հայ-թուրքական սահմանը, ապա կկրճատվի բեռնափոխադրումների ճանապարհն ու ժամանակը, իսկ ներմուծվող ապրանքների գները ցածր կլինեն: Բացի դրանից՝ Սեւ եւ Միջերկրական ծովերի նավահանգիստներից օգտվելով Հայաստանը կկարողանա զգալիորեն բարձրացնել իր արտահանման ներուժն ու ծավալը:

Ըստ Օնուր Օզսոյի, դա կնպաստի նաեւ արտերկրյա ներդրումների հոսքին դեպի տարածաշրջան, կյանքի կկոչվեն համատեղ առեւտրատնտեսական ծրագրեր: Թուրքն ընդգծում է, որ սահմանի բացումը դրական մեծ նշանակություն կարող է ունենալ նաեւ Անկարայի քաղաքական ու տնտեսական շահերի համար: Նախ երկրի տնտեսապես թերզարգացած արեւելյան շրջանները կաշխուժանան սահմանակից Հայաստանի հետ առեւտրային շփումներով, տեղի կունենա «տնտեսական վերակենդանցում» (ինչից էլ պիտի զգուշանան հայերը, քանի որ դա կնպաստի այդ շրջանների՝ Արեւմտյան Հայաստանում թուրքական տարրի բնակեցմանը, որոնք նախընտրում են արեւմտյան զարգացած շրջանները,- Ա.Ա.): Բացի դրանից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կուժեղացնի Թուրքիայի դիրքերը միջազգային քաղաքականությունում, կդյուրինացնի ԵՄ անդամակցությունը, կամրապնդի Թուրքիայի ստատուսը՝ որպես տարածաշրջանում խաղաղություն ապահովող երկիր:

«Պատմությունը նորից գրել հնարավոր չէ, բայց ցանկալի ապագա ստեղծելը միշտ տարածաշրջանի երկրների ձեռքում է»,- եզրափակում է նա: Իսկ մենք պատմությունը սրբագրելու ձեւն ու ժամանակը կգտնենք:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 5 (351), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։