Աշխարհի մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…

Աշխարհի մարզական հեւքից –

Սպորտի նախարարը՝ քաղաքական սուզալողի մասնագետ

ԲՀԿ ղեկավարի քաղաքական արկածախնդրությունը լարման մեջ էր գցել այդ կազմակերպության գործարարներին, պատգամավորներին, պաշտոնյաներին եւ այլոց, որոնցից ոմանք անգամ հեռացան կազմակերպությունից: Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը, ով նույնպես ԲՀԿ-ական է, որոշել էր «իջնել ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը», անգամ կառավարության նիստին ներկա չէր եղել:

Հայտնի է, որ նախարար Ղազարյանը մինչեւ նախարար դառնալն աշխատել է իր կուսակցության նախագահ Ծառուկյանի ենթակայությամբ եւ պաշտոնում նշանակվել է հենց դա հաշվի առնելով (ներքին առումով՝ համարվել է ԲՀԿ ղեկավարի ներկայացուցիչը կառավարությունում): Վերջին դեպքերից հետո դեռ հրաժարական չի տալիս, ուստի՝ կարելի է ենթադրել, որ սպորտի բնագավառը, այնուամենայնիվ, կմնա Գագիկ Ծառուկյանի ոլորտը… Հատկապես, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհուրդ է տվել հեռանալ քաղաքականությունից եւ մնալ սպորտի բնագավառում:

ՖԿՀՊԻ-ն արդեն նոր խորհրդի նախագահ ունի

2015թ. փետրվարի 20-ին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում տեղի ունեցավ կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում խորհրդի նախագահի ընտրությունն էր: Մասնակցում էին 24 անդամներից 23-ը, ովքեր առաջադրեցին ու միաձայն խորհրդի նախագահ ընտրեցին սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանին: Նորընտիր նախագահը համոզմունք հայտնեց, որ բուհը կշարունակի բարձր մակարդակով իրականացնել իր գիտակրթական գործունեությունը։ «Բոլոր այն լավ ավանդույթները, որոնք կան ինստիտուտում, պետք է շարունակվեն, բայց միեւնույն ժամանակ պետք է մտածել նոր ավանդույթների ձեւավորման, գիտակրթական գործի կազմակերպման որակի բարձրացման, ուսումնառության եւ դասավանդման մեթոդների արդիականացման մասին: Արագ փոփոխվող դարաշրջանում բարձրագույն կրթությունը պետք է զարգանա համաշխարհային կրթագիտական միտումներին համընթաց, որովհետեւ միայն այդպես է հնարավոր ունենալ գիտակից ու բանիմաց քաղաքացիներ եւ ստեղծել գիտելիքահենք հասարակություն»: Արսեն Քարամյանը խորհրդի անդամների անունից շնորհակալություն հայտնեց խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ խորհրդում իրականացրած աշխատանքների համար, ով ազատվել էր պաշտոնից նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով:

Առաջիկայում լրանում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հիմնադրման 70-ամյակը, եւ խորհրդի նոր նախագահը պատրաստակամություն հայտնեց ինստիտուտի բոլոր ժամանակների լավագույն շրջանավարտների ներուժի ներգրավմամբ հավուր պատշաճի նշելու բուհի հոբելյանը: Ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը նշել է, այս պաշտոնում Արսեն Քարամյանի ընտրությունը ճիշտ էր,, ում համալսարանական կենսագրությունը թույլ է տալիս վստահաբար պնդել, որ նա լավատեղյակ է բարձրագույն կրթության բնագավառի մարտահրավերներին եւ լիարժեք պատկերացնում է բուհական կրթության արդիականացման հիմնախնդիրներն ու ոլորտում անելիքները:

Արթուր Աբրահամը՝ ԵՀՄՖ-ի նախագահության պատվավոր անդամ

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունը հրամանագիր է ստորագրել հայազգի նշանավոր բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին նախագահության պատվավոր անդամի կարգավիճակ շնորհելու մասին: ԵՀՄՖ նախագահությունը շնորհավորել է հայազգի աշխարհահռչակ մարզիկ, աշխարհի բռնցքամարտի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամին ծննդյան 35-ամյակի առթիվ եւ մաղթել նրան նորանոր հաջողություններ մարզական կյանքում՝ ի փառս աշխարհասփյուռ հայ ժողովրդի: Ծննդյան օրվա առթիվ հայ բռնցքամարտիկը ոչ միայն հավաստեց այդ բարեմաղթանքները, այլեւ իր իսկ ծննդյան օրը ինքն իրեն մեծ նվեր մատուցեց՝ հերթական անգամ պաշտպանելով Աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ մենամարտելով բրիտանացի հակառակորդի հետ:

Արված հսկայական գործի եւ մարզական հաջողությունների համար ԵՀՄՖ նախագահությունը որոշել է Արթուր Աբրահամին ընդգրկել Ֆորումի պատվավոր նախագահության կազմում եւ այսուհետ բոլոր կարեւոր որոշումները տեղյակ կպահվեն նրան, ու նա իրավունք կստանա մասնակցել բոլոր կարեւորագույն քննարկումներին՝ հայտնելով կարծիքն ու խորհուրդները: «Այս համագործակցությունը կծառայի աշխարհասփյուռ հայ ազգի կենսական նշանակության խնդիրների լուծման գործին եւ կնպաստի մեր երկրի հաղթանակների կայացմանը»,- նշված է հրամանագրում, որը ստորագրել է Ֆորումի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը:

Կորյուն Սողոմոնյանը հաղթել է ադրբեջանցի բռնցքամարտիկին

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է բռնցքամարտի Ստրանջաի 66-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցող 34 երկրի 240 բռնցքամարտիկների թվում են նաեւ Հայաստանի մարզիկները: Փետրվարի 24-ին ասպարեզ են դուրս եկել 4 հայ բռնցքամարտիկներ, որոնցից 3-ը հաղթանակ են տոնել: Հայ մարզիկներից առաջինը ռինգ է դուրս եկել 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ով համառ պայքարում 2:1 հաշվով առավելության է հասել Բուլղարիան ներկայացնող Զդրավկո Պոպովի նկատմամբ: Այս հաղթական մեկնարկին զարգացում է տվել 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը, ով մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է չեխ Դավիթ Հոսեկին: Տպավորիչ հաղթանակ է տոնել նաեւ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը՝ պատանիների աշխարհի եւ եվրոպայի երիտասսարդների չեմպիոնը գեղեցիկ ոճով հաղթել է ադրբեջանցի Ազար Իմամամլիեւին: Գերծանր քաշային Հակոբ Մելքոնյանըպարտվել է ղազախ մարզիկին:

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Մոսկվայում է

Մեր ընտրանին Մոսկվայում կանցկացնի երկշաբաթյա ուսումնամարզական հավաք: Ընթացքում Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպումներում կմրցի տեղի առաջատար թիմերի` «Միտիշիի», «Պրոգրեսի» եւ «Յամալի» հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 18-21-ը Խորվաթիայում կմասնակցի ֆուտզալի Եվրոպայի 2016թ. առաջնության հիմնական փուլի մրցաշարին, որտեղ դաշտի տերերի թիմից բացի, հանդես կգան նաեւ Սլովակիայի եւ Թուրքիայի ընտրանիները:

Հայաստանի ֆուտբոլային ակումբներն ավարտեցին ձմեռային նախապատրաստական փուլը

Նախապատրաստական փուլում թիմերի մեծ մասն ուսումնամարզական հավաքներ անցկացրին Թուրքիայում, այդ թվում մեր առաջնության առաջատար «Ուլիս»-ը, գործող չեմպիոն «Բանանց»-ը, գավաթակիր «Փյունիկ»-ը, փոխչեմպիոն «Շիրակ»-ը եւ «Ալաշկերտ»-ը: Երեւանի «Արարատ»-ը, կարծես, խորհրդային տարիներից եկած ավանդույթի համաձայն, նոր մրցաշարին նախապատրասվեց Սեւ ծովի ափին, իսկ «Միկա»-ն նախընտրել էր կիպրոսյան տարբերակը:

Մեր թիմերը զուգահեռաբար անցկացրել են ստուգողական բազում հանդիպումներ: Դրանց արդյունքներն այնքան էլ հուսադրող չեն, քանի որ մերոնք ավելի շատ զիջել են իրենց մրցակիցներին, քան` հաղթել: Այդ խաղերում համեմատաբար հաջող են քննություն հանձնել «Ալաշկերտ»-ը եւ «Արարատ»-ը, որոնք պարտություն չեն կրել:

Իսկ ահա Կապանի «Գանձասար»-ը ֆինանսական խնդիրների պատճառով ոչ միայն չի կարողացել ուսհավաք անցկացնել, այլեւ վերջին օրերին ընդհանրապես դադարել էր մարզվել: Անգամ հարցականի տակ էր թիմի մասնակցությունը առաջնությունում: Սակայն այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի ժամանակ հայտարարվել է, որ թիմը շարունակելու իր ելույթները, բայց «Գանձասար-Կապան» անվան տակ:

Մեր բոլոր ակումբներն արդեն վերադարձել են Հայաստան եւ անմիջական պատրաստվում են առաջնության երկրորդ կեսին, որը կմեկնարկի մարտի 1-ին: Այդ օրը տեղի կունենան 16-րդ փուլի հանդիպումները: Դրանցից առավել սկզբունքային նշանակություն ունեն «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» եւ «Միկա»-«Ալաշկերտ» հանդիպումները:

Հայ շախմատիստները՝ Իսրայելում

Երուսաղեմում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում այսօր կայացան 4-րդ փուլի հանդիպումները: Մեր շախմատիստներից հաջող հանդես եկան Կարեն Գրիգորյանն ու Գաբրիել Սարգսյանը: Հայաստանի այս տարվա չեմպիոնը սպիտակներով պարտության մատնեց չեխ գրոսմայստեր Վիկտոր Լազնիչկային, վաստակեց 3,5 միավոր եւ բարձրացավ 5-րդ հորիզոնական: Գաբրիել Սարգսյանը նույն խաղաքարերով հաղթեց իսրայելացի գրոսմայստեր Ավիտալ Բորուչովսկուն: Նա իր վաստակած միավորների քանակը հասցրեց երեքի: Նույնքան միավորներ ունեն նաեւ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանն ու Զավեն Անդրիասյանը, որոնք այս անգամ բավարարվեցին ոչ-ոքի արդյունքով:

Մարտի 1-ին կկայանան 5-րդ փուլը: Կարեն Գրիգորյանը սեւերով կմրցի ուկրաինացի Պավել Էլյանովի հետ: Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով ուժերը կչափի վրացի գրոսմայստեր Միխեիլ Մչեդլիշվիլու հետ, Զավեն Անդրիասյանը սեւերով կխաղա ռուսաստանցի Սանան Սուգյուրովի, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ վրացի Լեւան Պանցուլայայի հետ: Նշենք, որ առաջնությունը միանձնյա գլխավորում է ուկրաինացի Անտոն Կորոբովը, որը 4 տուրում վաստակել է 4 միավոր:

Մասնակիցների դասավորությունը. 1. Անտոն Կորոբով 4, 2. Եվգենի Նայջեր 3.5, 3. Յուրի Վովկ 3.5, 4. Դավիթ Նավարա 3.5, 5. Կարեն Գրիգորյան 3.5, 27. Գաբրիել Սարգսյան 3, 39. Վլադիմիր Հակոբյան 3, 57. Զավեն Անդրիասյան 3, 62. Արման Միքայելյան 2.5, 95. Սամվել Տեր-Սահակյան 2, 125. Ռոբերտ Հովհաննիսյան 2, 133. Հրանտ Մելքումյան 2, 200. Վլադիմիր Պողոսյան 1: Ընդամենը՝ 250 մասնակից

Բրազիլիայի նախագահին առաջարկել են միանալ օլիմպիական ջահի փոխանցավազքին

Ռիո դե Ժանեյրոյում եռօրյա այցով գտնվող միջազգային օլիմպիական կոմիտեի համակարգող հանձնաժողովն ավարտեց իր աշխատանքները: Երեկ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հանդիպել եւ զրուցել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ: Բրազիլիայի նախագահն ասել է, որ նախապատրաստական աշխատանքներին իր երկրում օգնում, աջակցում են բոլոր մակարդակներով եւ առումներով: Նա գովաբանել է Կառլոս Նուզմենի գլխավորած կազմկոմիտեի թափանցիկ աշխատանքը: Ընդհանրապես՝ Բրազիլիայի փոքր բիզնեսի հարյուրավոր ձեռնարկություններով կազմավորվել է միավորում, որը 3 մլրդ. ռեալ է ներդնելու ընթացող աշխատանքների մեջ: Այսքանով հանդերձ, արդեն 250 հազ. մարդ է դիմել կազմկոմիտե` կամավորական դառնալու ցանկությամբ: Նրանց համար կկազմակերպվեն անգլերենի դասընթացներ: Զրույցի ընթացքում քննարկվել է նաեւ օլիմպիական խաղերի կառուցների հարցը, որը ժառանգություն է հանդիսանալու Ռիոյի եւ, ընդհանրապես, ամբողջ Բրազիլիայի համար:

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը զրույցից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով, նա ասել է, որ Ռիոյի նոր ենթակառուցվածքը կնպաստի այդ երկրի ընդհանուր առաջընթացին: Բացի այդ յուրաքանչուր բրազիլացի կարող է դառնալ օլիմպիական խաղերի իրական մասնիկը: Երկրի ցանկացած բնակիչ կամք դրսեւորելու դեպքում կդառնա համաշխարհային գլխավոր մարզահանդեսի առիթով կազմակերպվելիք մարզական զանգվածային բազում միջոցառումների մասնակից: ՄՕԿ-ի նախագահը Բրազիլիայի նախագահին  առաջարկել է միանալ օլիմպիական ջահի փոխանցավազքին:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 6 (352), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։