Ըստ ընդդիմության՝ պաշտոնանկ անելու խնդիրը ժամանակավրե՞պ… Կառավարական ճգնաժամ էլ չկա՞ր… Հանրության հոգեբանությու՛նը պիտի փոխել – գիտակցորեն հարցնում են՝ արդյո՞ք նոր եկողները այն հները չեն, որոնցից էլ սկսել է այս ամենը…

Ըստ ընդդիմության՝ պաշտոնանկ անելու խնդիրը ժամանակավրե՞պ

ԱԺ-ում քվեարկության դրվեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին որոշման նախագիծը: Կողմ քվեարկեց 4 պատգամավոր, դեմ՝ 68: Նախագիծը չընդունվեց: Մինչ քվեարկությունը հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը. «Քվեարկության է դրվելու ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին օրենքի որոշման նախագիծը: Մենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման անդամներս, մեզ հաշիվ ենք տալիս, որ այս որոշման նախագիծն ԱԺ օրակարգ մտնելու շանսեր չունի, բայց քիչ անց տեղի ունենալիք քվեարկությունից հետո այսպես թե այնպես այդ իրավաքաղաքական փաստաթուղթը մտնելու է ներքաղաքական օրակարգ, եւ մեր խնդիրն է լինելու ստեղծել այնպիսի պայմաններ, որ Սերժ Սարգսյանին առաջադրվող մեղադրանքներն օրենքով սահմանված կարգով քննվեն Հայաստանի դատական համակարգի կողմից»: Նա նշեց, որ կանխելով շահարկումներն՝ ընդգծում է, որ նախագիծը չի խախտում որեւէ մեկի անմեղության կանխավարկածը: «Այստեղ շարադրված են փաստեր, որոնք բանալի են հանդիսանում Սերժ Սարգսյանի գործունեության՝ օդում կախված տեղեկությունները վերջնականորեն ստուգելու համար»:

«Ժառանգություն»-ը պաշտպանեց առաջարկը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ կոչ արեց կողմ քվեարկել որոշման նախագծին: Ըստ պատգամավորի՝ վաղ թե ուշ Սերժ Սարգսյանը պատժվելու է: Նա հայտարարեց, որ քրեակատարողական հիմնարկներից իրեն դիմել են մարդիկ եւ ասել են, որ Սերժ Սարգսյանին սպասում են ոչ միայն Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, այլեւ Արթիկում, Կոշում եւ այլն… Բայց չհասցրեց ավարտել միտքը, քանի որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը թույլ չտվեց՝ հրահանգեց անջատել խոսափողը: ՀՅԴ անունից վարման կարգով հանդես եկավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով նշեց, որ իրենց խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցելու: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւս հայտարարեց, որ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու բոլոր հիմքերը կան, բայց ՀԱԿ-ը չի միանա, որովհետեւ նախագծի հեղինակն այն չի քննարկել քաղաքական ուժերի հետ: Ավելին՝ «Խմբակցությունը չի քվեարկի, քանի որ գործընթացը ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական առումով նախապատրաստված չէ եւ նման թույլ փաստաթղթին աջակցելը մեծ նվեր կլիներ Սերժ Սարգսյանին՝ ստեղծելով տպավորություն, թե իբր պաշտոնանկության որեւէ լուրջ հիմք չկա»: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտնեց, որ սա լավ առիթ է ցույց տալու, թե ինչքան են փողփողում Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նա կոչ արեց կողմ քվեարկել՝ ասելով, որ ինքը հենց այդպես էլ անելու է: Իսկ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն առաջարկեց Նիկոլ Փաշինյանին հիմա հանել նախագիծն օրակարգից եւ քննարկել ընդդիմադիր ուժերի հետ, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախագիծը երկար ժամանակ է դրված է շրջանառության մեջ, սակայն որեւէ առաջարկ չի ստացել:

Կառավարական ճգնաժամ էլ չկա՞ր

ԱԺ-ն քննարկեց նաեւ ՀԱԿ ներկայացրած «Կառավարման ճգնաժամ»-ի մասին նախագիծը: Ի պատասխան ընդդիմադիրների ներկայացրած փաստարկների, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հետեւյալ խոսքերով դիմեց նախագիծը ներկայացրած Լեւոն Զուրաբյանին. «Արդյոք հնարավո՞ր չէր ձեր բոցաշունչ ելույթի ժամանակ, որը կարծես հանրահավաքի համար նախատեսված լիներ, անդրադառնայիք հայտարարության տեքստին: Ձեր ներկայացրած հարցը այժմ քննարկում ենք պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ եւ այդ ստորագրությունների մեծ մասը պատկանում է ԲՀԿ-ին: Արդյոք բարոյական համարո՞ւմ եք՝ առանց ԲՀԿ-ի քննարկելու հարցը, այնպիսի բաներ ասել, որ երբեք ԲՀԿ-ի կողմից չի արտահայտվել: Բերել այստեղ ու միտինգային լեզվով խեղկատակության հասնող փաստաթուղթ եք ներկայացրել, այն էլ՝ քաղաքական նման լարվածության պայմաններում, դա անհաջողության է մատնվելու: Այս հայտարարության տեքստում ձեր ասածներից ոչինչ գրված չէր, դուք տեքստից հեռու եք գնացել, դա կարող էիք ասել հայտարարությունների ժամին»: Ի պատասխան Լեւոն Զուրաբյանը նշեց. «Ես համարում եմ, որ պառլամենտարիզմ նշանակում է, թե մարդիկ կարող են ազատ արտահայտվել, իսկ նիստը վարողի գործառույթն այն է, որ միայն վարի, այլ ոչ թե հաթաթաներ տա, մեզ խելք սովորեցնի: Դուք նախեւառաջ պատգամավոր եք, ոչ մի բան ձեզ թույլ չի տալիս, որ ամեն ելույթից հետո արձագանքեք»:

Այնուհետեւ փոխադարձ «բարեմաղթանքներ» եղան բոլորի կողմից, նշվեց, որ ոչ թե իշխանությունն է ճգնաժամի մեջ, այլ ընդդիմությունն է հիվանդ՝ կաղում է նույնիսկ 3 ոտքից, նկատի ունենալով, որ եռյակ ասված դաշինքը այլեւս չկա: Եվ բացի փոխադարձ մեղադրանքներից, որեւէ լուրջ քաղաքական կռվան առաջ չքաշվեց, ու բոլորը մնացին իրենց կարծիքներին հավատարիմ:

Անի Մարության

Հանրության հոգեբանությու՛նը պիտի փոխել

ՀՀԿ-ԲՀԿ ճակատագրական «բանավեճը» նոր մտայնություն բերեց գործող իշխանության դեմ հանդես եկողների մոտ, թե ո՞ր պարագայում իշխանությունը չի կարողանա կիրառել ընդդիմության դեմ իր վարչական եւ ուժային լծակները: Ինչպե՞ս պիտի տանել ընդդիմադիր ալիքը, որ այն հնարավորինս զերծ մնա ճնշիչ լծակներից: Բայց սա միայն ընդդիմադիր կոչված վերնախավի խնդիրը չէ, միայն վերնախավով, առաջնորդ ու տանող ուժ խաղալով ընդդիմությունը չի կարող հասնել իշխանափոխության։ Եվ սրա ականատեսն ենք ցայսօր: Երբ ընդդիմությունը մոռանում է ժողովրդի առօրյա հոգսերը եւ ուղղորդվում է միայն իշխանափոխության մոլուցքով՝ մնում է դատարկաձեռն:

Նման դեպքերում հեղափոխական հատվածի զգալի մասը հետ է քաշվում, քանզի հասկանում է, որ պարզապես օգտագործվում է: Մարդկանց նաեւ փոքրիկ, բայց շոշափելի հաղթանակներ են պետք:

Մի այլ խանգարիչ հանգամանք եւս կա: Այստեղ պատճառն ավելի խորքային է, քանզի հասարակության մի մասն ուզում է, որպեսզի փոխվի գործող իշխանությունը, բայց հենց ի՛նքը պատրաստ չէ կտրուկ փոփոխության: Մարդիկ դժվարին խնդիրներ ունեն, կենցաղային առօրյա հոգսեր, սակայն սո-վո-րել են… Իսկ միշտ կա այն մտահոգությունը, թե նոր եկողը ինչ նոր բաներ կբերի իր հետ: Այն, որ կարող է նոր իրավիճակ հաստատվել երկրում, որին պիտի նորից հարմարվել՝ սո-վո-րել… Սա մտահոգում է մարդկանց, հիմնականում ենթագիտակցորեն: Իսկ  գիտակցորեն հարցնում են՝ արդյո՞ք նոր եկողները այն հները չեն, որոնցից էլ սկսել է այս ամենը… Եվ սա իրականություն է: Սա իրական մտավախության տեղիք է: Երբ այս մտավախությունը մտնում է զանգվածների մեջ, գործող իշխանությունն ավելի է խորացնում այն՝ հրապարակելով այսօրվա ընդդիմադիրների անցյալի պատառիկները: Ու հին, ներկա եւ գալիք իշխանությունների մեջ որեւէ տարբերություն չի մնում:

Եվ մտավախությունը թուլացնում կամ դադարեցնում է պայքարի ալիքը: Ակներեւ է դառնում, որ մեծահարուստները (այսպես կոչված՝ օլիգարխները) իրենց պապերից չեն ստացել այդ ժառանգությունը, եւ իշխանությունը նմաններին պետք է միայն նոր «նվաճումների» համար…

Իշխանավորների բարեկեցությունը ոչ մի բանով ավելի չէ ընդդիմադիր հատվածի առաջնորդների բարեկեցությունից, եւ սա միշտ վերջին պահին կոտրում է պայքարի ալիքը: Ոչ թե հանրության բարիքների ստեղծման համար է մղվում նմանների պայքարը, այլ՝ սեփական: Եվ ամեն մի այսօրինակ տապալումն ավելի է հուսահատեցնում մարդկանց՝ «Մեկ է՝ ոչինչ չի փոխվելու» կարգախոսը վերհանելով: Իսկ «անպայման կփոխվի» կարգախոսը միայն քչերն են դավանում, ովքեր, ըստ ամենայնի, պետք է գտնեն իրար եւ թեկուզ փոքր հաղթանակներով հասնեն հանրային մտայնության կարգավորմանը:

«Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի»-ն կյանքն է ապացուցել, իրական է ու պիտի հավատալ: Իսկ «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո»-ն անգամ մեր նախնիներն են կիրառել հազարամյակներ առաջ, երբ դեռ ժողովրդավարության մասին հումորով անգամ խոսք չկար… Այս դեպքում է, որ հանրությունը կփոխվի, կգտնի հակազդեցության իր տարբերակները կիրառվող ուժի դեմ, կմաքառի, բայց կհասնի նպատակին: Իրական նպատակին, որը հաղթանակ է նաեւ:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 6 (352), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.