Քաղաքական կայունությունը՝ անվտանգության երաշխիք – 7-8 տասնյակի հասնող կուսակցությունների թերեւս 7-8 տոկոսն է որոշակի ինքնուրույնություն դրսեւորում եւ 7-8 քաղաքական ուժն էլ կբավարարեն մեր պահանջները…

«Լուսանցք»-ի նախորդ թողարկումներում եւս անդրադարձել ենք մեր երկրում քաղաքական դաշտի չկայացած լինելուն: Սա այնքան ակնհայտ է, որ ամեն անգամ ստիպված ենք լինում շեշտել, որ Հայաստանի 3-րդ Հանրապետության հռչակումից ցայսօր, այդ դաշտը փոփոխության չի ենթարկվել, անգամ՝ սերնդափոխության, ինչն այլեւս լճացրել է մերթընդմերթ միմյանց փոխարինող իշխանություն-ընդդիմություն միադեմ համակարգը (երկու կողմերում նույն թիմի մարդիկ են, որ արդեն մի քանի անգամ այս ու այն կողմ են անցել): Անգամ կարծիք է ձեւավորվել, որ անհրաժեշտ է լուծարել կուսակցությունները, քանզի 7-8 տասնյակի հասնող կուսակցությունների թերեւս 7-8 տոկոսն է որոշակի ինքնուրույնություն դրսեւորում, եթե ոչ ավելի քիչ մասը: Կուսակցական կառույցները Հայաստանի համար չեն, այսպես էլ են մտածում արդեն, եւ ո՛չ միայն քաղաքացիական անձինք, այլեւ՝ որոշ քաղաքական ու հանրային գործիչներ: Իհարկե, ոմանք էլ մեկ այլ ծայրահեղության մեջ են մտնում, թե կուսակցությունները փակելուց հետո պետք է շարժվել «բացարձակ ժողովրդավարությամբ», այն է՝ հարցը հանրաքվեի եւ այլ մեծամասնական գործընթացների միջոցով պիտի լուծել:

Սա անհնարին է ինչպես բնական զարգացման, այնպես էլ ներկայիս աշխարհա-քաղաքական կարգերի տեսանկյունից: Բնական զարգացումը՝ էվոլյուցիան, պարտադրում է նաեւ բնակարգ՝ կարգ ու կանոն: Իսկ այսպես կոչված ժողովրդավարական բազում համակարգերի վերջը ամբոխավարությունն է՝ ամբոխահաճ քաղաքականությունը, ինչը չի կարող նպաստել անկախ պետության (առհասարակ՝ պետության) կայացմանը: Ավելին՝ կնպաստի օտար գաղափարների ու տեսակետների անդիմադիր ներխուժմանը: Ինչպես հայ արիներն են նշում, «միայն ժողովրդավարություն ասելով՝ պատկերացնում ենք «ժողովրդին վարելու» տեսարանը, ինչն ավելի պարզ ամբոխավարություն է կոչվում իրականում»: Նրանք անգամ առաջարկել են գոնե ժողովրդաիշխանություն տերմինը կիրառել, իսկ ճիշտը եւ նպատակահարմարը՝ ազգիշխանական համակարգն է, որտեղ ազգային օրենքները գերակա են բոլոր այլ օրենքներից, այդ թվում՝ միջազգային: Ազգային օրենքները, ըստ հայ արիների, հիմնված են մարդկային բնատուր օրենքների վրա եւ պաշտպանում են մարդու իրավունքներն ու ազատությունները, ոչ թե ժողովրդավարություն ասվածի անվան տակ՝ մարդու սանձարձակությունները. Մարդը ունի ոչ միայն իրավունքներ, այլեւ պարտականություններ, ինչքան շատ են իրավունքները՝ այնքան էլ շատ են պարտականությունները: Սա ազգիշխանական համակարգի հիմքն է:

Էլի ենք նշել, այսօր էլ կասենք նույնը, որ Հայաստանում պետք է գործեն հստակ քաղաքական ուղղություններ՝ ազգայնական-հայրենատիրական, ազգային-պահպանողական, ժողովրդավարական-ազատական, համայնավար-ընկերվարական եւ գուցե էլի մի քանիսը, այսինքն՝ 7-8 տասնյակից միայն 7-8-ը: Կարեւորել էինք նաեւ այն, որ այս ուժերը կարող են ունենալ հոգեւոր-հավատամքային ուղղություններ, ինչը պետք է ձեւավորվի մեզանում հաստատված քրիստոնեական միջազգային կրոնի եւ հայի բնատուր արիադավան-հեթանոսական ազգային հավատի շրջանակներում: Մնացյալ կրոնական եւ հատկապես աղանդավորական ուղղությունները պետք է դուրս մնան քաղաքական ոլորտից ու մնան բացառապես հավատի աղբյուր, եթե այդքան խիստ կարիք կունենան հավատացյալների… Բացառել է պետք նաեւ հակազգային ու հակապետական հասարակական եւ քաղաքական կառույցների հիմնումը, ինչը կազմակերպվում եւ գոյատեւում է միայն օտար դրամաշնորհային նպատակային աջակցությամբ: Ուրեմն՝ պիտի օրենքով արգելել օտար երկրներից կամ այս ու այն միջազգային կառույցներից սնվելու տարբերակները: 

Մեր քաղաքական դաշտը նաեւ հոգեբանական վերլուծության կարիք ունի, երբ չկա զարգացում, կամ լճացում է համատարած կամ՝ բռնակալություն: Երկու դեպքում էլ վտանգավոր է: Լճացման ժամանակ մեռնում է արարող միտքը, բռնակալության ժամանակ նույնն է, մի հավելումով, որ ավերումն է զարգացում ապրում: Կարեւոր չէ՝ այդ բռնակալությունը ազգայնամոլական կկոչվի, թե ժողովրդավարական, այս դեպքում՝ ամբոխավարական: «Հասարակության ամենամեծ չարիքն ամբոխն է, որը կարող է ավերել, ոչնչացնել, իսկ մի խումբը, որն ունի ղեկավար, լիդեր ու նա էլ կայացած անհատականություն է, գործունեությունը կարող է լինել դրական ու արդյունավետ»,- նման դիտարկում է արել հոգեբան Աննա Բադալյանը: Ըստ նրա, հասարակության մեջ տեղի ունեցող տատանումների, հոգեբանական վիճակի վրա իր զգալի ազդեցությունն է թողնում ազգային բնավորությունը. «Հայերի բնավորության ամենակարեւոր գծերից մեկը էմոցիոնալ, հուզական լինելն է: Բնական է՝ ցանկացած երեւույթ կարող է հասարակության վրա ազդել, իսկ հետեւանքները, դրսեւորումները լինել ոչ ցանկալի: Ոչ միայն տհաճ, վատ իրողությունները, այլ նաեւ դրական, կարող է հասարակական հուզումների առիթ հանդիսանալ»:

Այս, նաեւ ուրիշ հոգեբանների խոսքերով, հայը գերադասում է հասկանալ իրավիճակի լավն ու վատը, լինել տեղեկացված, նաեւ իր ներդրումն ունենալ ցանկացած իրադարձության մեջ: «Գրված չէ, բայց ընդհանուր կարծիք կա, որ ամենաքաղաքականացված ազգն ենք: Հետաքրքրվում, ուղղակի կամ անուղղակի մտնում ենք ամեն ինչի մեջ, կարծիք հայտնում, արդյունքում ստեղծվում է էմոցիոնալ մեծ դաշտ, որը կարող է լինել պայթյունավտանգ, հյուծող: Տեւական լարվածությունը ոչ միայն անհատին, այլ խմբին կարող է հյուծել: Արդյունքում լինում են անկումներ ու այս ամենի հետեւանքով հասարակությունն ընկնում է ապատիկ վիճակի մեջ»,- ասել է Աննա Բադալյանը՝ միաժամանակ հավելելով, որ այսօր հայ ազգը ապատիկ վիճակում չէ, չնայած Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո ապատիկ վիճակի մեջ էր ընկել»:

Այսօր որոշակի հիասթափություն կա, ինչը հանրային անտարբերություն է առաջացնում, որից էլ փորձում են օգտվել փորձված եւ լծակներ ունեցող քաղաքական ուժերը: Այն կազմակերպությունները, որ իրապես գաղափարական եւ քաղաքական խնդիրներ են փորձում լուծել, չեն կարողանում համատարած հիասթափության պայմաններում հիմնավորել իրենց քաղաքականապես աջակցելու խիստ կարիքը: Եվ սրան նպաստում են նաեւ ներկա իշխող ու ընդդիմադիր ուժերը՝ իրենց «բոստանները» անառիկ պահելու համար…

Այսպես բնականոն զարգացման (էվոլյուցիայի) կողմնակից ուժերը մնում են ստվերում, քանզի այդ զարգացումը արհեստականորեն չեզոքացնում են եւ՛ իշխանավորները եւ՛ արդեն սպառված ընդդիմադիրները՝ գործածելով իրենց բոլոր լծակները, այդ թվում՝ լրատվական շրջափակումները: Եվ ասպարեզում կրկին մնում են խ(հ)եղափոխական ուժերը, որոնք առավելապես անձնական խնդիրներ են լուծում եւ հիմնականում խեղափոխում են անգամ հեղափոխական վիճակը: Հեղափոխություն՝ հաղթական վերջաբանով, այսինքն՝ համակարգային փոփոխության տանող, դեռ ոչ ոք չի առաջարկել, բոլոր նման առաջարկները ինքնաոչնչանում են, երբ տվյալ ընդդիմադիրը կանգնում է երկընտրանքի առջեւ՝ գնալ զոհողությունների՞, թե՞ զոհել հանրային կյանքում ձեռքբերածը՝ սեփական ապագայի համար… Միշտ հաղթում է երկրորդը:

Ավելի քան 20 տարվա ընթացքում Հայաստանում ընդդիմությունը չի ունեցել վճռական վերջին քայլին գնացող առաջնորդներ։

Իսկ ճշմարիտ ընդվզող փոքր խմբերը կամ կառույցները, որոնք ի վիճակի են գնալու մինչեւ վերջ, ճիշտ է, հաղթանակի հասնելու կամք ունեն, բայց չունեն քաղաքացիական եւ դրամա-տնտեսական այն միջոցները, որ կարողանան դիմակայել պետական ու ընդդիմադիր շրջափակումներին եւ մեկուսացումներին:

Բայց պետք է հիշել, որ գալիս է այն գագաթնային պահը, երբ փոխվում է իրավիճակը, որն այլեւս վերահսկելի չի դառնում, համատարած անկում է լինում: Այդժամ քաղաքականապես սնանկացած իշխանությունն ու ընդդիմությունը անզոր են այլեւս որեւէ կարգավորիչ քայլ անելու, ինչը անվարան օտարն է փորձում անել…

Եվ այստեղ է, որ սկսվում է համազգային պայքարի ալիքը, որը միավորում է բոլոր փոքր ու միջին ազգային խմբավորումներին, եւ հայրենիքը դառնում է ազգայինի ու միջազգայինի իրապես պատերազմի դաշտ:

Իսկ սա քաղաքական թատերաբեմ չէ այլեւս, կենաց մահու կռիվ է: Այսօր շատերին հնացած է թվում այս ամենը, «1988-ին եղա՜վ-անցա՜վ» ասում են՝ մոռանալով, որ արտաքին ու ներքին թուրքերը միշտ էլ սպասում են հարմար պահի: Իսկ անկայուն քաղաքական դաշտը միշտ խոցելի է պահելու երկրի անվտանգությունը:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 6 (352), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։