150 տարվա արժանապատիվ կռվի արվեստը – Զորավար Անդրանիկ… Մի՛ խառնեք փետրվարի 23-ը հունվարի 28-ի հետ – Մեր բանակը տարածաշրջանի ամենակայացած բանակն է, որը նշել են նաեւ ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի պատասխանատուները…

150 տարվա արժանապատիվ կռվի արվեստը

«Մալաթիա» ջոկատի ազատամարտիկների որոշումն էր, որ ով ողջ մնա, պետք է հուշարձան կառուցի: Ջոկատի հրամանատար Վահան Զատիկյանը Անդրանիկ Օզանյանի հուշարձանը կանգնեցրեց զորավարի ծննդյան օրը՝ փետրվարի 25-ին:

Անդրանիկը կտակում գրել էր. «Եթե կուզեն ինձ պատիվ մը անել, ես իմ արձանս չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր: Թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը եւ այնտեղ փոքրիկ ուսումնարան մը շինե հայ մանուկների համար: Այս է իմ ամբողջ բաղձանքս եւ բարոյական պահանջս հայ ժողովուրդեն»:

Ժողովուրդը Առաքելոց վանքին դեռ կհասնի՛, Զորավա՛ր. Հայն իր հերոսներին փառաբանել գիտե…

Զորավարի ծննդյան 150-ամյակի օրը՝ փետրվարի 25-ին, ես էլ որոշեցի Հարավ-արեւմտյան թաղամասի բնակիչների (որտեղ զորավարի հուշարձանն է) շրջանում մի փոքրիկ հարցում անել՝ հասկանալու՝ ինչքանով են ճանաչում, հարգում ու գնահատում մեր հերոսին:

Բնակիչներից մեկը, ով տարեց էր ու հայացքում կրթված լինելու հստակ շեշտը ուներ, ընդգծեց, որ  Անդրանիկ Օզանյանին համարում է ժամանակի այն զորավարներից, ով ֆիդային էր դաստիարակում: Հետո Նժդեհի հետ ազատագրական պայքար սկսեցին. «Ցավոք, հիմա ֆիդային դաստիարակելու մշակույթը կորել է…»:

32 տարեկան Աղասին վստահ է, որ Անդրանիկի, Նժդեհի օրինակով՝ հնարավոր է կռվել առանց Ռուսաստանի կամ այլ աջակցող պետության վրա հույսը դնելու: «Անդրանիկի ժամանակ հզոր չէինք էնպես, ոնց որ հիմա: Առաջ զենք չկար ու կռվեցինք, հիմա զենք է՛լ կա, բանակ է՛լ կա: Հնարավոր լիներ զորավարին կհարցնեի, թե ռազմական կրթություն չունենալով եւ ատաղձագործ լինելով՝ թուրքերին ու առհասրակ հակառակորդին (որովհետեւ որքանով հիշում է՝ Բուլղարիայի համար էլ է կռվել), ի՞նչ ձեւով է կոտորել: Հետաքրքիր է, թե ինչպիսին էր վերաբերմունքը հայերի նկատմամբ, երբ գնաց Հայաստանից, հիասթափվա՞ծ էր, նեղացա՞ծ»:

Որպես հայ, Աղասին համարում է, որ առաջին երկու քայլը՝ Անդրանիկին ճանաչելը, կռվին պատրաստ լինելը՝ արել է, մնում է հայր դառնա ու երեխաներին հայրենասեր դաստիարակի: 

Բնակիչներից մեկի կարծիքով, ով կլիներ մոտ 40 տարեկան եւ «խարխափում» էր երկու՝ խորհրդային եւ անկախական սերունդների միջեւ, մի փոքր կշտամբեց «էսօրվա երիտասարդներին»՝ համոզված լինելով, որ մեծ մասը Անդրանիկի, Սասունցի Դավթի ու շատերի արձաները չեն ճանաչում:  Իսկ չճանաչելու պատճառն էլ համարեց կրթության ոլորտի չկրթված լինելը:

Մոտ մեկ տարեկան որդի ունեցող երիտասարդ մայրը, ով իմ մյուս զրուցակիցն էր եւ, համենայնդեպս, կրթված էր երեւում,  ասաց, որ իր տղային իբրեւ փոքրիկ Անդրանիկի, չի տեսնում: «Բանակ գնա ու՞մ համար: Երեւի ասածիս մեջ էգոիզմը մի տեսակ շատ է, բայց  եթե մի բան էնպես չլինի, ես կգնամ կռվելու: Հիմա մարդիկ մտածում են՝ նախ իրենց գլուխը պահեն, հետո՝ ընտանիքի, նոր միայն՝ պետության: Չնայած պետությունը մեզ համար ոչ մի բան չի անում, մենք ինչի՞ անենք»:

Փորձեցի գրագետ թվացող տիկնոջը բացատրել, որ ընդհանրապես տղան բանակ գնում է նախ իր համար, իր տունը պաշտպանելու համար: Ու բացի այդ՝ պաշտպանում են նախ հայրենիքը, որ վեր է ամեն ինչից:

Փորձեցի բացատրել, բայց նայեցի նրա փոքրիկին ու մտածեցի. երեխան հաստատ մորից խելոք ու արժանապատիվ կլինի, իսկ արժանապատիվ մարդու, թեկուզ մանկիկի ներկայությամբ մորը վիրավորելը ճիշտ չէ:

Անդրանիկը արժանապատիվ պայքարի դասեր է տալիս ցայսօր:

Սյուզան Գալստյան, Խ. Աբովյանի անվան Մանկավարժական պետական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի  2-րդ կուրսի  ուսանողուհի

Զորավար Անդրանիկը կանգնած է հայկական հերոսականության գագաթին։

Հայերն ամենուր նրան ցնծությամբ են դիմավորում։ Նրանք մեծ ուշադրությամբ ու հիացմունքով են ունկնդրում նրա յուրաքանչյուր խոսքը։

Իսկ նա՝ այդ զինվորը, ով ցարական Ռուսաստանի կործանումից հետո անհավասար մարտեր էր վարում թուրքական բանակի դեմ, ունի՛ ասելիք։

Այժմ նրա խոսքերը նույնքան հատու են, որքան՝ նրա սուրը։

«Վաշինգթոն փոսթ» 1919թ. դեկտեմբեր

Ով՝ ով, բայց Անդրանիկը իրավունք չունի հանգչելու (եւ չի էլ կարողանա հանգչել) ոչ իր հայրենի հողում։

Այս «իրավունքը» պիտի խլվի Անդրանիկից։ Միակ իրավունքը։

Իսկ Անդրանիկի մնացած անչակերտավոր իրավունքները վերականգնեցնելու հապաղումն այլեւս անհանդուրժելի է, եթե չենք կամենում, որ Պատմությունը Դատավարություն լինելուց բացի դառնա նաեւ Դատախազ՝ մեզնից ավագ եւ մեզ հետեւող սերունդների հանդեպ…

Պարույր Սեւակ, 30 հունիսի, 1963,  Երեւան

Մի՛ խառնեք փետրվարի 23-ը հունվարի 28-ի հետ

Շատերը կհիշեն, որ խորհրդային տարիներին սովետական բանակի օրը նշվում էր փետրվարի 23-ին: Այժմ էլ Ռուսաստանում է այն պահպանվում, իհարկե՝ այլ ձեւակերպմամբ: Այդ օրը Հայաստանում եւս տոնական է՝ նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը:

Գուցե օրվա ընտրությունը շաղկապված է այն հանգամանքին, որ ավելի քան 70-ամյա ավանդույթի ուժով այդ օրը կանայք շնորհավորում էին տղամարդկանց, ինչն ակամա վերածվել էր տղամարդու օրվա: Միաժամանակ, նույն պահպանողական ուժով, շատերը շնորհավորում էին բանակի օրը…

Եվ, ըստ երեւույթին, այդ ամենին վերջ տալու նպատակով՝ փետրվարի 23-ը դարձավ Հայրենիքի պաշտպանի օր, որպեսզի «ամրագրված» շնորհավորանքների բնույթը էականորեն փոխվի:

Այսպես՝ փետրվարի 23-ը զատվեց հունվարի 28-ից, այսինքն՝ հունվարի 28-ը Հայաստանի զինված ուժերի օրն է, իսկ փետրվարի 23-ը՝ Հայրենիքի պաշտպանության:

1992թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտարարվեց Հայկական ազգային բանակի ստեղծման մասին: Մեր բանակի ձեւավորման ու զարգացման մասին խոսելով՝ կարելի է առանձնացնել մի քանի հիմնական փուլեր. 1. (1989թ. փետրվարից 1992թ. մայիս)՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացման շրջանում կամավորների ջոկատներն ապահովում էին Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը: 2. (1992թ. հունիսից 1994թ. մայիս) կապված է պատերազմական պայմաններում ազգային բանակի ձեւավորման հետ: 3. (1994թ. հունիսից մինչեւ մեր օրերը) կոչում են «բանակի կառուցում»՝ չնայած մեր բանակը տարածաշրջանի ամենակայացած բանակն է, որը խոստովանել են ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ ՆԱՏՕ-ի պատասխանատուները:

Ինչեւէ, հիշեցնենք, որ փետրվարի 23-ը Խորհրդային միությունում նշվել էր որպես Հայրենիքի պաշտպանի օր: 1918թ. փետրվարի 23-ին Կարմիր բանակայինները առաջին հաղթանակներն են տարել Պսկովում՝ Գերմանիայի նկատմամբ: 1922թ. փետրվարի 23-ը համարվեց Կարմիր բանակի օր, իսկ 1946թ.-ից վերանվանվեց Խորհրդային բանակի եւ ռազմածովային նավատորմի օր:

Որպես Հայրենիքի պաշտպանության օր, փետրվարի 23-ը պիտի արժեւորվի նաեւ Հայաստանում, եւ ըստ էության: Ամեն տարի ՀՀ եւ ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ են հղում Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ՝ հատկապես շնորհավորելով hայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած մեր զինվորներին, բոլոր նրանց, ովքեր ամուր ու անսասան են պահում երկրի սահմանները՝ չխնայելով անգամ սեփական կյանքը:

Մեր քաջ-հերոս պապերի ու հայրերի օրինակը՝ նրանց սուրբ գործը շարունակելով, ներկայիս սերունդն իր քաջագործությամբ ու սխրանքով է գրում մեր նորօրյա պատմության հաղթական էջերը:

Հավերժ փա՛ռք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին՝ բոլորին ու բոլոր ժամանակների:

Իմիջիայլոց, փետրվարի 23-ին՝ հատկապես սփյուռքում, նշվում է նաեւ Վարդանանց տոնը։ Այստեղ, ազգային դրոշի, զինանշանի ներկայությամբ եւ օրհներգի ներքո կազմակերպվում է «Վարդան Սպարապետին նվիրված ավանդական տոնը»։

Հատկապես սփյուռքահայ երեխաների, երիտասարդների համար է կարեւոր սա, քանի որ հնչում են «Քաջ Վարդան Մամիկոնյան», «Վարդանանք», «Քաջն Վարդան», «Վարդանանց տոն» եւ այլ բանաստեղծություններ ու երգեր։ Թատերականացված ձեւով կազմակերպվում են նաեւ «Հայոց պատմության դասը» եւ հայրենասիրական այլ բնույթի միջոցառումներ:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 6 (352), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։