Ֆուտբոլի առաջնությունը վերսկսվեց
Վերսկսեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: 16-րդ փուլի առաջին խաղում Երեւանի «Միկա»-ն ու «Ալաշկերտ»-ը ոչ-ոքի՝ 1:1 խաղացին եւ 1-ական միավոր վաստակեցին: Մրցաշարի առաջատար Երեւանի «Ուլիս»-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բանանց»-ի նկատմամբ:
Կենտրոնական խաղում միմյանց հետ հանդիպեցին հանրապետության հնագույն թիմերը՝ Երեւանի «Արարատ»-ն ու Գյումրիի «Շիրակ»-ը: Գոլառատ խաղն ավարտվեց շիրակցիների հաղթանակով՝ 4:2: Այս «Փյունիկ»-«Գանձասար» խաղը չի կայացել տեխնիկական պատճառներով:
* * *
Եթե առաջնության մասնակից ակումբները կարողացան կազմակերպել իրենց ուսհավաքները արտերկրում, ապա Կապանի «Գանձասար»-ը ֆինանսական խնդիրների պատճառով ոչ միայն չի կարողացել ուսհավաք անցկացնել, այլեւ վերջին օրերին ընդհանրապես դադարել էր մարզվել: Անգամ հարցականի տակ էր թիմի մասնակցությունը առաջնությունում, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի ժամանակ հայտարարվել է, որ թիմը կշարունակի ելույթները, բայց «Գանձասար-Կապան» անվան տակ:
ՀՖՖ-ն ցանկանում է ֆուտբոլիստներ աճեցնել
«Մենք պետք է հասնենք նրան, որ ՀՖՖ տեխնիկական կենտրոնը՝ ֆուտբոլի ակադեմիան, մանկապատանեկան ֆուտբոլի համար աճեցնի առնվազն նույն քանակի ֆուտբոլիստներ, ինչ որ «Բանանց»-ը, «Փյունիկ»-ը, «Միկա»-ն… հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորանշանակ տեխնիկական տնօրեն Մարկ Լելեւրը: Բելգիացի մասնագետը ֆեդերացիայի գործադիր կոմիտեին մանկապատանեկան ֆուտբոլի նոր ծրագիր է ներկայացրել: Ըստ դրա՝ մանկապատանեկան թիմերի բոլոր ֆուտբոլիստների գերակա նպատակը լինելու է ոչ թե արդյունքը, այլ նրանց անհատական որակների բարելավումը:
Դրա համար 9-13 տարեկանների առաջնություն հասկացությունը վերացվելու են: Դրանց փոխարինելու են առանց միավորների մրցաշարեր: Մարկ Լելեւրը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին առաջարկել է նաեւ Հայաստանի 14-19 տարեկանների հավաքականների մարզիչների թեկնածությունները, ինչպես նաեւ համակարգի նրանց հետագա աշխատանքները:
Մրցասպարեզում հայ պատանի ֆուտբոլիստներն էին
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 15 եւ 14 տարեկանների հավաքականները ավարտեցին ելույթները Կիպրոսի Այա Նապա քաղաքում կայացած ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում: Մինչեւ 15 տարեկանների մրցաշարում մեր հավաքականը 1:0 հաշվով հաղթել է Վրաստանի թիմին: 2000թ ծնված մեր ֆուտբոլիստները վերջին խաղում մրցել են Մակեդոնիայի հավաքականի հետ, որը համալրված է եղել 1999թ. ծնված պատանի խաղացողներից եւ պարտվել 1:2 հաշվով:
Հայաստանի մինչեւ 14 տարեկանների հավաքականն իր հերթին 1:3 հաշվով զիջել է Կիպրոսի հավաքականին, որը նույնպես կազմված է եղել 1-1,5 տարով մեծ խաղացողներից:
Մեծ իրադարձություն հայկական վոլեյբոլում
Փետրվարի 28-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացավ ԵԱԵՎԳԱ-ի կազմակերպչական հանձնաժողովի նիստը: Ժողովում հաստատվեց 2015թ. Հայաստանում անցկացվելիք լողափնյա վոլեյբոլի միջեւ 18 տարեկանների Եվրոպայի արեւելյան երկրների միության առաջնության անցկացման նախնական օրերը եւ մասնակիցների քանակը:
Առաջնությունը կանցկացվի Սեւան քաղաքի «Մարիա» հանգստյան գոտում՝ 2015թ. հուլիսի 24-26-ը:
Բասկետբոլի Երեւանի առաջնությունում
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այցելել է Շենգավիթի համալիր մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոց, որտեղ ընթանում է բասկետբոլի Երեւանի առաջնությունը: Այն մեկնարկել է մարտի 4-ից, որին մասնակցում են 1999-2000 թթ. ծնված տղաների 8 եւ աղջիկների 5 թիմեր: Եզրափակիչ մրցումները կկայանան եւ առաջնության արդյունքներով լավագույն թիմերը հայտնի կդառնան մարտի 13-ին:
Սպորտի նախարարը համաձայնագիր ստորագրեց
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը մասնակցել է Եվրոպայի Խորհրդի կողմից Շվեյցարիայում անցկացվող սպորտի նախարարների համաժողովին: Նա ստորագրել է Եվրոպայի Խորհրդի կողմից պատրաստած մասնակի համաձայնագիր՝ ուղղված սպորտում հանդիպող հովանավորչության եւ մեքենայությունների դեմ պայքարին, որտեղ իրենց մեծ բաժինն ունեն նաեւ հակակոռուպցիոն ու հակադոպինգային աշխատանքները:
Սպորտի նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Դեսպան Պետրիկասը եւս նշել է, որ նմանատիպ հանդիպումները նպաստում են տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ ձեւավորված համագործակցության ավանդույթի պահպանմանը: Մեր նախարարն ընդունել է դեսպանի հրավերը` ներկա գտնվել լիտվացի հայտնի բասկետբոլիստ Շարունաս Մարչուլյոնիսի մասին պատմող վավերագրական ֆիլմի երեւանյան պրեմիերային, որը կայանալու է հունիսի 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում:
Հայ հրաձիգները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
Մարտի 2-8-ը Հոլանդիայի Առնեմ քաղաքում տեղի կունենա հրաձգության Եվրոպայի առաջնությունը՝ 10մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ, վազող թիրախ զենքաձեւերից: Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 43 երկրի 521 մարզիկ, որից 11-ը Հայաստանից: Հայ մարզիկները կմասնակցեն հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի եւ ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ:
Մրցաշարին մասնակցելու է մեկնել մեր հրաձգության հավաքական թիմը: Նման մեծ կազմով անկախությունից հետո մասնակցել է 2013թ. Դանիայում կայացած Եվրոպայի առաջնությանը, թիմի կազմը հիմնականում մնացել է նույնը, սակայն փոխվել են որակական հատկանիշները: Մեր հավաքականը կազմված է Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի եւ Հրաձգության հանրապետական մարզադպրոցի սաներից:
Երիտասարդ Հրաչիկ Բաբայանը մրցմանը կմասնակցի մեծահասակների պայքարում՝ նախապատրաստվելու համար Բաքվում կայանալիք պատմության մեջ 1-ին Եվրոպական խաղերին: Թիմում նորեկ է տակավին պատանի 12-ամյա Հայկ Բաբայանը՝ Հրաչիկ Բաբայանի կրտսեր եղբայրը: Եվրոպայի առաջնությունը նրա երկրորդ արտագնա ստուգատեսն է: Մարզիկներից յուրաքանչյուրը կմասնակցի մեկ վարժության, իսկ վազող թիրախ ձեւի մարզիկները կմասնակցեն երկուսի՝ խառը եւ նորմալ վազք մրցաձեւերին: Կմրցեն Լիլիթ Մկրտչյանը, Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Պետրոսյանը, Զավեն Իգիթյանն ու Մարիամ Միքայելյանը:
Հ.Գ. – Հայ հրաձիգների մեկնարկը Եվրոպայի առաջնությունում
Մարտի 4-ին Նիդերլանդներում մեկնարկեց Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի հրաձգության հավաքականը: Մրցման առաջին օրը օդամղիչ ատրճանակ, 10մ, երիտասարդ տղաների պայքարում (60 կրակոց) 51 մրցակցից Զավեն Իգիթյանը 570 միավորով գրավել է 8-րդ տեղը եւ անցել եզրափակիչ փուլ: Եզրափակչում նրան հաջողվել է բարելավվել դիրքերը և մրցելույթն ավարտել է՝ գրավելով 5-րդ տեղը:
Վազող թիրախ խառը վազք, 10մ, երիտասարդ աղջիկների պայքարում (2X20 կրակոց) Լիլիթ Մկրտչյանը 342 միավորով 11 մրցակցից գրավել է 6-րդ տեղը, նույն վարժության տղաների պայքարին մասնակցել է 16 տղա: Մեր հայրենակիցներ Ռազմիկ Մինասյանը 362 միավորով գրավել է 7-րդ տեղը, 358 միավորով նրան հաջորդել է Շանթ Սարգսյանը, իսկ 347 միավոր խոցած Արթուր Պետրոսյանը գրավել է 11-րդ տեղը: Տղաների եռյակը թիմային պայքարում գրավել է 4-րդ տեղը՝ 3-րդ տեղը գրաված Ռուսաստանի թիմին զիջելով ընդամենը 1 միավոր:
Օդամղիչ հրացան, 10մ, երիտասարդ աղջիկների պայքարում (40 կրակոց) 66 մրցակցից Մարիամ Միքայելյանը 408.9 միավորով գրավել է 33-րդ տեղը:
Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն
Մարտի 6-ին, Նիդերլանդներում կայացած Եվորպայի առաջնությանը, վազող թիրախ, 10մ, երիտասարդ աղջիկների պայքարում (20+20 կրակոց) 11 մրցակցից Լիլիթ Մկրտչյանը խոցել է 362 միավոր եւ 2-րդ հորիզոնականով անցել կիսաեզրափակիչ փուլ: 1-ին հորիզոնականով կիսաեզրափակիչ է անցել հունգարուհի Վերոնիկա Մայոռը (373 միավոր), 3-րդով ֆրանսուհի Ֆլորենս Լուիսը (360 միավոր) և 4-րդով գերմանուհի Նինա Դանները (358 միավոր): Կիսաեզրափակչում հունգարուհին 6:3 հաշովով հաղթանակի է հասել գերմանուհու հանդեպ, իսկ մեր հայրենակցուհին նույն հաշվով հաղթանակի է հասել ֆրանսուհու հանդեպ: Եզրափակչում հանդիպել են զույգերի հաղթողները, ու Լիլիթ Մկրտչյանը 6:4 հաշվով հաղթանակի է հասել հունգարուհի Վերոնիկա Մայոռի հանդեպ եւ այդպիսով Լիլիթ Մկրտչյանը ճանաչվել է չեմպիոն, իսկ աշխարհի գործող եւ Եվրոպայի երիտասարդների արդեն նախկին չեմպիոն Վերոնիկա Մայոռը գրավել է 2-րդ տեղը: Գերմանուհի Նինա Դանները 6:2 հաշվով հաղթել է ֆրանսուհի Ֆլորենս Լուիսին եւ գրավել 3-ր տեղը: Լիլիթ Մկրտչյանը Հայաստանի՝ հետխորհրդային շրջանում Եվրոպայի հրաձգության երիտասարդների առաջնության առաջին չեմպիոնն է:
Հայաստանի հավաքական թիմի մյուս մարզիկները այդ օրը գրանցել են հետեւյալ արդյունքները. վազող թիրախ, 10մ, երիտասարդ տղաների պայքարում (30+30 կրակոց)16 մրցակցից Շանթ Սարգսյանը 552 միավորով գրավել է 5-րդ տեղը եւ չի անցել կիսաեզրափակիչ փուլ, Ռազմիկ Մինասյանը 527 միավորով գրավել է 13-րդ տեղը, նրան հաջորդել է 524 միավոր խոցած՝ Արթուր Պետրոսյանը: Թիմային պայքարում տղաների եռյակը գրավել է 4-րդ տեղը:
Օդամղիչ հրացան, 10մ, կանաց պայքարում (40 կրակոց) 71 մասնակցից Իրինա Լաուերը (Աղաջանյան) 405,6 միավորով գրավել է 63-րդ տեղը: Օդամղիչ ատրճանակ, 10մ, տղամարդկանց պայքարում (60 կրակոց) 57 մրցակցից Նորայր Առաքելյանը 573 միավորով գրավել է 24-րդ տեղը:
Մարտի 7-ին Հոլանդիայում ընթացող Եվրոպայի հրաձգության առաջնությունում մրցել են Հրաչիկ Բաբայանն ու Քրիստիան Լաուերը օդամղիչ հրացան,10 մ, 60 կրակոց վարժությունում: Տակավին երիտասարդ Հրաչիկ Բաբայանը խոցել է 622,0 միավոր եւ գրավել 18-րդ տեղը, Հայաստանի մյուս ներկայացուցիչ Քրիստիան Լաուերը 614,8 միավորով զբաղեցրել է 54-րդ տեղը:
Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 43 երկրի 521 մարզիկ, որից 11-ը Հայասնանից: Հայ հրաձիգներից ամենաերիտասարդը՝ 12-ամյա Հայկ Բաբայանն է:
Մարմնամարզիկների մրցանակակիրները հայտնի են
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվել է մարմնամարզության Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
Տղամարդկանց բազմամարտում հաղթող է ճանաչվել Արթուր Դավթյանը: 2-րդ տեղը գրավել է Վիգեն Խաչատրյանը, 3-րդ՝ Արմեն Պետրոսյանը: Նրանց մեդալները հանձնել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Սարգսյանը:
Կանանց մրցաշարում բազմամարտում հաղթել է Աննա Գրիգորյանը: Մրցանակային մյուս երկու տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Աննա Ղազարյանը եւ Ելենա Հայկազունին:
Հավելենք, որ առաջնությանը մասնակցել են Երեւանի, Էջմիածնի եւ Գյումրու մարզիկ-մարզուհիները:
Հաստատվեց Վահագն Դավթյանի անվան տարրը
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի համապատասխան հանձնախումբը հաստատել ու տարրերի դասակարգման ցանկում գրանցել է հայաստանցի մարմնամարզիկ Վահագն Դավթյանի անունով նոր տարրը: Անցած տարի Քաթարում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Վահագն Դավթյանը օղակների վրա վարժությունում աշխարհում առաջինը կատարեց կախ վիճակից ուղիղ մարմնով, ուժով առաջ շրջումով խաչ տարրը:
Նախկինում նմանատիպ գրանցում են ստացել Հրանտ Շահինյանի (նժույգթափ), Ալբերտ Ազարյանի (օղակների վրա), Արթուր Հակոբյանի (հենացատկ) եւ Վահագն Ստեփանյանի (նժույգթափ) անունով տարրերը:
Մեկնարկեցին սամբոյի հանրապետական առաջնությունները
Երեւանի «Միկա» մարզապալատում մեկնարկել են Հայաստանի սամբոյի պատանեկան եւ երիտասարդական առաջնությունները: Մասնակցում են Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերի, ԼՂՀ-ի եւ Երեւանի ավելի քան 150 մարզիկ:
Մրցումների արդյունքներով վերջնականապես կձեւավորվեն Հայաստանի այդ տարիքային հավաքականները, որոնք ապրիլի 16-20-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կմասնակցեն Եվրոպայի 2015թ. առաջնությանը:
Գաբրիել Սարգսյանը կրկին առաջատարներից մեկն է
Երուսաղեմում շարունակվող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի պատվիրակներից հաջող են հանդես գալիս փորձառու Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը: 7-րդ փուլում առաջատարների խմբում ընթացող Գաբրիելը սեւ խաղաքարերով գրոսմայստերական ոչ-ոքի արեց լեհ շախմատիստ Մատեուշ Բարտելի հետ եւ 5,5 միավորով մի շարք շախմատիստների հետ բաժանում է 1-ին տեղը: Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով գեղեցիկ ոճով հաղթեց ռումինացի Միրչեա-Էմիլիան Պարլիգարսին եւ այժմ ունի 5 միավոր: Հայաստանի առաջնության այս տարվա բրոնզե մեդալակիր Ռոբերտ Հովհաննիսյանը սեւերով առավելության հասավ թուրք Մերտ Իլմազյերլիի նկատմամբ եւ վաստակեց 4,5 միավոր: Սամվել Տեր-Սահակյանը, ով նախորդ փուլում սեւերով հաղթեց ադրբեջանցի Մահմուտովին, այս փուլում պարտվեց եւ ունի 4 միավոր: Նույնքան միավոր ունեն նաեւ Զավեն Անդրիասյանն ու 1-ին կարգային Արման Միքայելյանը:
Հ.Գ. – Հայաստանի 2015թ. փոխչեմպիոն Արման Միքայելյանը Եվրոպայի անհատական առաջնությունում լրացրել է գրոսմայստերի նորմա:
10-րդ փուլում Գաբրիել Սարգսյանը միավորը կիսեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իլյա Իլյուշենոկի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղաց խորվաթ Անտե Բրկիչի հետ: Գաբրիել Սարգսյանը 7 միավորով հանգրվանել է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում եւ առաջատարին՝ Եվգենի Նայջերին զիջում է 1 միավորով: Վլադիմիր Հակոբյանը 6,5 միավորով 28-րդ տեղում է:
Մրցաշարային աղյուսակը 10-րդ փուլից հետո՝ 1. Եվգենի Նայջեր 8, 2. Դավիթ Նավարա 7,5, 3. Դենիս Խիզմատուլլին 7,5, 4. Անտոն Կորոբով 7, 5. Յուրի Վովկ 7, 12. Գաբրիել Սարգսյան 7, 28. Վլադիմիր Հակոբյան 6,5, 57. Սամվել Տեր-Սահակյան 6, 58. Ռոբերտ Հովհաննիսյան 6, 81. Արման Միքայելյան 5,5, 88. Կարեն Գրիգորյան 5,5, 91. Զավեն Անդրիասյան 5,5, 109. Հրանտ Մելքումյան 5,5, 152. Վլադիմիր Պողոսյան 5: Ընդամենը՝ 250 մասնակից: Մրցանակային տեղերի համար պայքար է մղում 18 շախմատիստ, որոնց թվում է նաեւ մեր գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 7 (353), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



