Եթե կայունություն, ապա՝ ոչ միայն բիզնես ծրագիր – Ինչ է պետք օդային ուղու շահագործման թույլտվության համար… «Դժբախտ տնտեսությունների» վարկանիշային աղյուսակ…

Եթե կայունություն, ապա՝ ոչ միայն բիզնես ծրագիր – Ինչ է պետք օդային ուղու շահագործման թույլտվության համար

Մեր երկրում ավիափոխադրողի մասնագրի, կանոնավոր եւ ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման, օդային ուղու շահագործման թույլտվությունների ստացման համար ներկայացված հայտերի քննարկման հետ կապված հարցերով խորհուրդ կստեղծվի: Խորհուրդը պետք է տա ավիափոխադրողի մասնագրի, կանոնավոր եւ ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման համար օդային ուղու շահագործման թույլտվությունների (բացառությամբ չվացուցակում չընդգրկված ոչ կանոնավոր չվերթների) տրամադրման, դրանց գործունեության կասեցման կամ դադարեցման վերաբերյալ եզրակացությունները:

Այստեղ կարեւորն այն է, թե ինչ չափանիշների հիմամբ է խորհուրդը եզրակացություն տալու: Այդ չափանիշներից է ասենք այն, որ ավիափոխադրողի մասնագիր ստանալու հայտ ներկայացնող իրավաբանական անձի կամ մարմնի հիմնական առեւտրային գործունեության իրականացման վայրը պետք է լինի Հայաստանը:

Հայտատուն պետք է ունենա լիազոր մարմնի կողմից տրված գործող օդանավ շահագործողի վկայական: Հայտատուի հիմնական գործունեությունը պետք է լինի կամ միայն օդային հաղորդակցությունների իրականացումը, կամ օդային հաղորդակցությունների իրականացումը օդանավի ցանկացած այլ առեւտրային շահագործման հետ մեկտեղ, կամ օդանավի վերանորոգման ու տեխնիկական սպասարկման հետ մեկտեղ: Նաեւ՝ հայտատուն պետք է ապահովի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ապահովագրության պահանջների կիրառումը: Չի անտեսվում նաեւ բարի հմբավի գործոնը:

Ավիափոխադրողի մասնագրի տրամադրման վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով խորհուրդը հայտատուի ֆինանսական հնարավորություններն էլ կգնահատի: Օրինակ՝ արդյո՞ք շահագործման մեկնարկի օրվանից 24 ամսվա ընթացքում, իսկ ոչ կանոնավոր ուղեւորային օդային փոխադրումների դեպքում՝ հայտում նշված ժամկետի ընթացքում, հայտատուն կարող է բավարարել իրական կանխատեսումներով հաստատված եւ իր բիզնես պլանով ստանձնած ընթացիկ ու ապագա պարտավորությունները: Արդյո՞ք շահագործման մեկնարկի օրվանից 3 ամսվա ընթացքում, իսկ ոչ կանոնավոր ուղեւորային օդային փոխադրումների դեպքում՝ հայտում նշված ժամկետի ընթացքում հայտատուն ի վիճակի է բավարարել համաձայն իր բիզնես ծրագրի եւ իրատեսական կանխատեսումներով սպասվելիք գործառնական ու ֆիքսված ծախսերը՝ առանց հաշվի առնելու ցանկացած եկամուտ իր գործունեությունից:  

Այս ամենից զատ՝ հայտատուն պետք է ներկայացնի բիզնես ծրագիր առնվազն առաջիկա 3 տարվա գործունեության համար (իսկ ոչ կանոնավոր ուղեւորային օդային փոխադրումների դեպքում՝ հայտում նշված ժամկետի ընթացքում): Իսկ բիզնես ծրագիրն էլ իր հերթին անպայման պետք է որոշակի տեղեկություն պարունակի: Օրինակ՝ հայտատուի՝ ցանկացած այլ առեւտրային գործունեության հետ ֆինանսական կապերի վերաբերյալ, որում նա՝ ուղղակի կամ անուղղակի ներգրավված է: Կամ՝ կազմակերպության կառավարչական հաշվառման՝ վերջին հաշիվները եւ, հնարավորության դեպքում, նախորդ ֆինանսական տարվա աուդիտորական հաշվետվությունները: Նաեւ՝ հաջորդ 3 տարվա համար պլանավորված հաշվեկշիռը, ներառյալ եկամուտ-ծախս  հաշիվը, վառելիքի, սակագների եւ դրույքների, աշխատավարձերի, վերանորոգման, ամորտիզացման, փոխարժեքի տատանման, օդանավակայանային վճարների, աերոնավիգացիոն վճարների, վերգետնյա սպասարկման սակագների, ապահովագրության եւ այլն, փոխադրում/եկամուտ կանխատեսումների համար պլանավորված  ծախսերի ու եկամուտների հիմքերը, փոխադրում/եկամուտ կանխատեսումները:

Սրա հավելած՝ հայտի ներկայացման պահից մինչ հաղորդակցությունների մեկնարկն ընկած ժամանակահատվածում առաջացած գործունեությունը սկսելու համար անհրաժեշտ ծախսերի մասին տվյալներ, ինչպես նաեւ այդ ծախսերի մարմանն ուղղված միջոցների վերաբերյալ հաշվետվություն, առկա եւ  նախատեսվող ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկություններ:

Կարեւոր է այն, որ տեղեկություններ պիտի լինեն նաեւ բաժնետերերի մասին, ներառյալ քաղաքացիությունը եւ տնօրինման ենթակա բաժնեմասերի տեսակները  ու իրավաբանական անձի կանոնադրությունը, գործունեության իրականացման առաջին երեք տարվա համար պլանավորված դրամական հոսքերի մասին հաշվետվությունն ու իրացվելիության պլանը, օդանավի ձեռքբերման (ներառյալ լիզինգի) ֆինանսավորման վերաբերյալ տեղեկատվությունը, լիզինգի պարագայում՝ պայմանագրի պայմանները եւ ժամկետները:

Սա, նկատնեք, որ շատ կարեւոր է կայուն ավիափոխադրումներ մատուցելու տեսակետից:

Սակայն այս ամենը չի կիրառվում այն հայտատուների նկատմամբ, որոնք դիմում են ավիափոխադրողի մասնագիր ստանալու այնպիսի հաղորդակցությունների իրականացման նպատակով, որոնց դեպքում օդանավի առավելագույն թռիչքային քաշը 10 տոննայից ցածր է կամ ունի ոչ ավելի քան 20 նստատեղ: Ըստ էկոնոմիկայի նախարարության, այս հայտատուները պետք է հավաստիացնեն, որ իրենց զուտ ֆինանսական միջոցները կազմում են առնվազն 100 000  եվրո, կամ դրան  համարժեք ՀՀ դրամ կամ, պահանջի դեպքում, պետք է ապահովեն անհրաժեշտ ամբողջական տեղեկատվությունը՝ տեղեկությունների գնահատման նպատակով: Միեւնույն ժամանակ, բիզնես ծրագրի հետ կապված տեղեկատվության պահանջը կկիրառվի այս (10 տ-ից ցածր թռիչքային քաշ ունեցող օդանավերով գործունեություն իրականացնող) հայտատուների նկատմամբ, եթե նրանք նախատեսում են իրականացնել կանոնավոր օդային հաղորդակցություններ կամ որոնց շրջանառությունը գերազանցում է տարեկան 3 միլիոն եվրոն կամ դրան համարժեք ՀՀ դրամը: Երկու դեպքում էլքայլերն արվում են՝ ի շահ կայուն ավիափոխադրումներն ապահովելու:

Թույլտվություն տալիս կգնահատվի նաեւ 1. ծրագրի ազդեցությունը մրցակցության վրա՝ այդ թվում հաշվի առնելով նոր շահագործողների մուտքը շուկա եւ շահագործողների տարատեսակացումը (դիվերսիֆիկացիան)՝ օդային փոխադրումներ իրականացնողների միջեւ մրցակցությունը խթանելու նպատակով, 2. ծրագրի ազդեցությունը երթուղիների եւ տարածաշրջանային համակցումների ընդլայնման (նոր երթուղիների բացում, նոր, այլընտրանքային օդանավակայանների օգտագործում եւ համակցելիության բարելավում) վրա՝ նոր երթուղիների, չվերթների հաճախականությունների ավելացման կամ չվերթների եւ համակցումների ժամերի բարելավման միջոցով: Իհարկե, չի անտեսվի ընդհանրապես շահագործման ազդեցության գնահատումը (ուղղակի կամ անուղղակի) մեր երկրում օդային տրանսպորտի ոլորտում աշխատատեղերի ստեղծման տեսակետից:

Այլ հանգամանքներ էլ հաշվի կառնվեն: Ասենք՝ ինչքանով հայտատուն կարող է ապահովել իրական, նաեւ, ինչու ոչ, հնարավոր պարտավորությունների կատարումը, ինչը թույլ կտա շատ ռիսկերից խուսափել: Մեկ այլ չափանիշ էլ կլինի սպառողների շահերի պաշտպանության գնահատումը, ուղեւորների սպասարկման պայմանների գնահատումը: Հաշվի կառնվի բանկային երաշխիքի, այն է՝ յուրաքանչյուր օդային ուղու երկկողմանի շահագործման համար (մեկնում-ժամանում) չվերթն ապահովող անհրաժեշտ գումարի առկայությունը: Նկատենք, որ խորհուրդը կարող է այլ չափանիշներ էլ գնահատել, որոնք, իր կարծիքով, կարող են կարեւոր լինել եւ նպաստել օդային ուղու շահագործման թույլտվություն ստանալու գործընթացին:

Այս բոլոր քայլերը, ինչպես համոզված են կառավարությունում, կնպաստեն ոլորտում վստահության բարձրացմանը, կայուն եւ մրցունակ ավիափոխադրումներին:

Փակագծերում պարզապես հավելեմ, որ ժամանակին երբ որոշվեց ազատականացնել երկինքը եւ ներդնել այսպես ասած բաց երկնքի քաղաքականությունը, հարց բարձրացրի, թե ճիշտ չի՞ լինի արդյոք ներդրողից ուզել ոչ միայն բիզնես պլան, այն է՝ նաեւ տեղեկություններ, թե ով է կազմակերպության հիմնադիրը, իրականում ովքեր են բաժնետերերը, ինչ նպատակով են նրանք Հայաստան գալու, ֆինանսական ինչ պարտավորություններ ունեն միջազգային հարթակներում եւն: Այն ժամանակ էկոնոմիկայի նախարարը Վահրամ Ավանեսյանն էր, որ ինձ խորհուրդ տվեց չանհանգստանալ: Իմա՝ հարցը չքննարկել լրագրողների ներկայությամբ: Իսկ իմ գործընկերները ավելի «անզուսպ» եղան եւ նախարարին ասացին, թե իմ հարցով ես ուզում եմ հասկանալ, թե ինչքանով է մեր՝ այլեւս ազատական երկնքից բացառվելու թուրքական գործոնը:

Պատասխան չհնչեց այդ ժամանակ:

Իսկ հիշյալ որոշումով ես ստացա իմ պատասխանը, որ ճիշտ կիրառելու պարագայում անպայման կբերի կայուն եւ հուսալի ավիափոխադրումային համակարգի մեր երկրում:

Աստղինե Քարամյան

«Դժբախտ տնտեսությունների» վարկանիշային աղյուսակ

Bloomberg գործակալության փորձագետները կազմել են «դժբախտ տնտեսությունների» վարկանիշային աղյուսակ, որտեղ ներառված են այն բոլոր երկրները, որոնց համար ընթացիկ տարին ճգնաժամային է լինելու:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում են Վենեսուելան եւ Արգենտինան: Ուկրաինան հայտնվել է 4-րդ հորիզոնականում, իսկ Ռուսաստանը՝ 7-րդ:

Գործակալության փորձագետների կողմից հիմք են ընդունվել երկրների ինֆլյացիայի, գործազրկության, ինչպես նաեւ արտաքին պարտքերի մակարդակները: Արդյունքում ցուցակում հայտնվել են 15 երկրներ, որտեղ ճգնաժամային երեւույթներ կգրանցվեն ընթացիկ տարում:

«Դժբախտ տնտեսությունների» ցուցակում հայտնվել են Հունաստանը, Իսպանիան, Խորվաթիան, Թուրքիան, Պորտուգալիան, Իտալիան, Կոլումբիան, Բրազիլիան, Սլովակիան եւ Ինդոնեզիան:

Վարկանիշի գնահատման ժամանակ հաշվի է առնվում «դժբախտության» ինդեքսը, որը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով՝ գործազրկության մակարդակ+սպառողական գների փոփոխության ինդեքս:

«Լուսանցք» թիվ 7 (353), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.