Հայոց Պահանջատիրությա՛ն շրջանը… Պահանջատիրության նախերգանքը… Միջնորդագիր՝ Եվրախորհրդարանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը…

Պահանջատիրությա՛ն շրջանը

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (European Friends of Armenia AISBL) կազմակերպությունը (ստորագրությամբ՝ Մանե Ադամյանի) «Լուսանցք»-ին մամուլի հաղորդագրություն էր ուղարկել՝ ԵԺԿ-ի բանաձեւը ողջունելով:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին ԵԺԿ-ն ընդունեց բանաձեւ, որը ճանաչում ու դատապարտում է Հայոց ցեղասպանությունը եւ հիշատակում անմեղ զոհերին Ցեղասպանության 100-ամյակին: «ԵԺԿ-ն ընդունել է այս բանաձեւը՝ հետեւելով Հայաստանի քույր կուսակցությունների նախաձեռնությանը,-ասվում է հաղորդագրությունում,- ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան մեկնաբանում է. «Բանաձեւի բովանդակության նպատակը ոչ միայն հարգանքի տուրք մատուցելն է, այլ նաեւ պատմական արդարության ու պատմական հաշտեցման կոչ է»: ԵԺԿ քաղաքական վեհաժողովի ընդունած բանաձեւն ուղղված է այդ հրեշավոր հանցագործության տարբեր կողմերին, ինչպես «…հայ բնակչության բնաջնջման նպատակով մարդկանց տարհանմանը իրենց հայրենիքից, կոտորածին եւ էթնիկ զտումներին, հայկական ժառանգության ոչնչացմանը, ինչպես նաեւ ցեղասպանության ժխտմանը, պատասխանատվությունից խուսափելու բոլոր փորձերին, կատարված հանցագործությունները եւ դրանց հետեւանքները մոռացության մատնելուն կամ արդարացնելուն՝ որպես խրախուսնք այս հանցագործությունը շարունակելու կամ նոր ցեղասպանություն իրագործելու համար…»:

Ավելին, բանաձեւը կոչ է անում Թուրքիային ճանաչել ու դատապարտել Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանությունը՝ որպես հարաբերությունների լիակատար կարգավորման եւ եվրոպականացման, ինչպես նաեւ իր միջազգային պարտավորությունների եւ եվրոպական ձգտումների հիմք: Այն դիմում է նաեւ միջազգային կազմակերպություններին, մասնավորապես՝ ԵՄ եւ ԵԽ անդամ պետություններին, վերականգնել պատմական արդարությունը եւ հիշատակի տուրք մատուցել զոհերին:

Քաղաքական այս նախաձեռնությունն ընդգծում է հանցագործության մշակութային եւ կրոնական բաղադրիչները՝ նշելով, որ այդ ժառանգությունը պիտի վերականգնվի եւ վերադարձվի հայ եւ մյուս համապատասխան համայնքներին:

«Ես ունեցել եմ իմ հետեւողական ներդրումը հայկակական քաղաքական կուսակցությունների՝ ԵՄ քաղաքական ընտանիքին անդամակցության մեջ: Ուրախ եմ տեսնել, որ սա ունի երկկողմանի շահեկան արդյունք նաեւ արդիականությունը չկորցնող թեմաներում, ինչպիսին Ցեղասպանությունն է»,- հավելում է Լորենցո Օչոան:

Հիշեցնենք, որ ԵԺԿ-ն ամենախոշոր եվրոպական քաղաքական աջ-կենտրոնամետ կուսակցությունն է, որը ներառում է 78 անդամ կուսակցություն 39 երկրներից (ներառյալ 3 կուսակցություն Հայաստանից՝ ՀՀԿ, ՕԵԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունները), Եվրոպական հանձնաժողովի ու Եվրոպական խորհրդի նախագահներին, 11 ԵՄ եւ 6 ոչ ԵՄ պետական ու կառավարության ղեկավարներին, Եվրահանձնաժողովի 14 անդամներին եւ Եվրախորհրդարանի ամենամեծ խմբին՝ իր 219 անդամներով:

ՀԵԲ-ն պատրաստակամ է այս թեմայով մեկնաբանություններ կամ վերլուծություն տրամադրել անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, լեհերեն, ռուսերեն եւ հայերեն»»:

Սեփ. լրատվություն

Նախերգանք

Բրյուսելում ԵԺԿ բանաձեի ընդունմանը մասնակից, հայկական պատվիրակության անդամ՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտնել է. «Եվրոպական իշխող քաղաքական ուժի նման աջակցությունը ստանալը շատ կարեւոր էր մեր պետության ու հայ ժողովրդի համար: Բանաձեւի խորագիրն արդեն իսկ հուշում է, որ Եվրոպական քաղաքական խոշորագույն ընտանիքն, ինչպիսին ԵԺԿ-ն է, իր քաղաքականության մեջ առաջնորդվում է նաեւ այն արժեհամակարգով, որը դրված է Հայոց ցեղասպանության ճանաչման գաղափարախոսության հիմքում՝ այն է ճանաչել Ցեղասպանությունը եւ դատապարել այն՝ ոգեկոչելով զոհերի հիշատակը, ինչպես նաեւ կոչ անել Թուրքիային սեփական անցյալի հետ առերեսվելու եւ անցյալը հաղթահարելով հարեւանների հետ իր ապագան կառուցել ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հարցում»: Նա հատուկ շեշտելէ, որ այս հաջողությունը հնարավոր դարձավ ԵԺԿ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի միասնական ջանքերով, գործընկեր կուսակցությունները մի կողմ դրեցին տարաձայնությունները հանուն նպատակի՝ առաջ տանելու պետական շահը:

Ըստ ԿԳ նախարարի, բանաձեւը կարող է ունենալ հետագա քաղաքական զարգացումներ՝ հաշվի առնելով այն, որ ԵԺԿ-ն ներկայացված է Եվրոպական տարբեր ինստիտուտներում՝ Եվրահանձնաժողովում, Եվրոխորհրդարանում, ԵԽԽՎ, ԵԱՀԿ եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում, ինչպեսեւ բազմաթիվ այլ հարթակներում. «Բանաձեւը մեխանիկորեն չի բերելու հաջողությունների, մենք պետք է այն դարձենք լրացուցիչ միջոց՝ տարբեր Եվրոպական ինստիտուտներում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ ժխտողականության դատապարտման հետ կապված: Աշխատանքի մեծ ծավալ է բացվում, որը պետք է իրականացվի ինչպես ազգային ու պետական, այնպես էլ անհատական մակարդակներում»:

Համաժողովի ավարտին հայկական պատվիրակության անդամները Ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվական նյութեր են բաժանել մասնակիցներին, նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշեր՝ անմոռուկներ՝ ԵԺԿ անդամ կուսակցությունների ներկայացուցիչներին: Այս քայլով բոլորին բացատրվել է, թե ինչ է խորհրդանշում Հայոց ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկը եւ ինչ բարոյական քայլ կլինի նրանց կողմից այդ խորհրդանիշի կիրառումը»:

Համաժողովին «Ժառանգություն» կուսակցությունից մասնակցել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ՕԵԿ-ից՝ Մհեր Շահգելդյանը, իսկ «Հանրապետական» կուսակցությունից՝ Արմեն Աշոտյանն ու Արտակ Զաքարյանը:

Սա աննախադեպ եւ պատմական փաստաթուղթ է.- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԵԺԿ կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված դատապարտող բանաձեւի ընդունմանը: «Այս բանաձեւում հստակ ամրագրված է Ցեղասպանության համահայկական հռչակագրի ոգին, հստակ նշված է ցեղասպանություն եւ հայրենազրկում եզրույթները, եւ կոչ է արվում թե Թուրքիային, թե Եվրոպային ու միջազգային կառույցներին դատապարտելու Ցեղասպանությունը»: Նրա խոսքով՝ այս փաստաթուղթը չէր լինի, եթե չլիներ մեր քաղաքական ուժերի համատեղ աշխատանքը. «Մենք ապացուցում ենք, որ որտեղ հայ քաղաքական միտքը միասնական է, այնտեղ արձանագրում ենք հաջողություն»:

Միջնորդագիր՝ Եվրախորհրդարանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրախորհրդարանի բելգիացի պատգամավոր, «Ֆլամանդական շահ» (Vlaams Belang) կուսակցության նախագահ Ջերոլֆ Աննեմանսը միջնորդագիր է ներկայացրել Եվրախորհրդարան, որով կոչ է անում Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Փաստաթղթում մասնավորապես, ասվում է.

– հաշվի առնելով Կանոնակարգի 133-րդ կետը,

– հաշվի առնելով 20-րդ դարի սկզբին Թուրքիայում հայ բնակչության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունները եւ պատմական տվյալները,

– հաշվի առնելով ՄԱԿ-ի՝ «Ցեղասպանություն» հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիան», որը տալիս է ցեղասպանության սահմանումը,

– հաշվի առնելով 1987թ. հունիսի 18-ի Հայկական հարցին քաղաքական լուծում տալու Եվրախորհրդարանի բանաձեւը,

– հաշվի առնելով հետագա խորհրդարանական բանաձեւերը, որոնք քիչ թե շատ կողմ են արտահայտվել 1915-ի Հայոց ցեղասպանության ճանաչմանը,

ա. նկատի ունենալով, որ այս բանաձեւերը դեռեւս չեն դրդել Թուրքիայի կառավարությանը՝ ճանաչել Ցեղասպանությունը,

բ. նկատի ունենալով, որ այդ իրադարձություններից մեկ դար անց եկել է հաշտեցում նախաձեռնելու ժամանակը,

  1. պաշտոնապես կոչ է անում Թուրքիայի կառավարությանը՝ ճանաչել 1915-ին Թուրքիայի տարածքում բնակվող հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության իրագործած Ցեղասպանությունը;
  2. հորդորում է Եվրախորհրդարանի նախագահին՝ ուղարկել այս բանաձեւը Թուրքիայի կառավարությանը, Հայաստանի կառավարությանը, Թուրքիայի եւ Հայաստանի Հանրապետության խորհրդարանների նախագահներին, խորհուրդներին, հանձնաժողովներին:

Միջնորդագիրը ստորագրել են Մարին Լը Պենը, Լուի Ալիոտը, Մարի-Քրիստին Արնոտուն, Նիկոլա Բեյը, Դոմինիկ Բիլդը, Մարի-Քրիստին Բուտոնեն, Սթիվ Բրիուան, Միրեյ Դ՛Օրնանոն, Էդուարդ Ֆերանը, Սիլվի Գոդդինը, Ժան-Ֆրանսուա Ժալքը, Ժիլ Լեբրետոնը, Ֆիլիպ Լուազոն, Դոմինիկ Մարտենը, Ժոել Մելենը, Բեռնար Մոնոն, Սոֆի Մոնտելը, Ֆլորիան Ֆիլիպպոն, Ժան-Լյուկ Շաֆհաուզերը, Միլեն Տրոշչինսկին, Մատտեո Սալվինին, Մարա Բիզոտտոն, Մարիո Բորգեցիո, Ջանլուկա Բուոնաննոն, Լորենցո Ֆոնտանան, Մարսել դը Գրաաֆը, Հանս Յանսենը, Օլաֆ Սթուգերը, Հարալդ Վիլիմսկին, Բարբարա Կապելը:

«Լուսանցք» թիվ 7 (353), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.