Հանցագործություն՝ ռազմա-քաղաքական հետեւանքներով – Մարդասպանի դատը Հայաստանու՞մ, թե՞ Ռուսաստանում… Հայ զինծառայողը չկա, իսկ սահմանին չեխ են հայտնաբերել…

«Լուսանցք»-ը հետեւել է Գյումրիի դաժան սպանդի հետաքննությանը, թե ինչպես են հանրային քննարկման ժամանակ ի մի բերվել դեպքի ու հետագա զարգացումների մասին բազմազան այն տեղեկությունները, որոնց տիրապետում էին լրագրողները, իրավաբաններն ու իրավապաշտպանները, ինչպես են մշակվել ու համակարգվել հանցագործության բացահայտմանը, նաեւ նման դեպքերի կրկնությունը թույլ չտալու համար հանրության անհրաժեշտ անելիքները:

ՀՀ քննչական կոմիտեի Հատուկ կարեւորագույն գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության համար, միաժամանակ ստուգվում են առաջ քաշված բազմաթիվ վարկածները: Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը կազմակերպել է հանդիպում-քննարկում նաեւ տուժողների իրավահաջորդների ու նրանց ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննչական կոմիտեի նախագահի տեղակալը եւ քրեական գործով քննչական խմբի քննիչները պարզաբանումներ են տվել տուժողների իրավահաջորդների, նրանց ներկայացուցիչների հուզող հարցերին, քրեական գործով նախաքննության գաղտնիք չհանդիսացող տեղեկություններ տրամադրել: Վերջիններս ծանոթացել են նաեւ քրեական գործի որոշ նյութերին ու ստացված եզրակացություններին: Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով 5 անձ է ճանաչվել տուժողի իրավահաջորդ:

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը շարունակում է տուժողների իրավահաջորդների եւ նրանց ներկայացուցիչների համար հնարավորինս մատչելի դարձնել քրեական գործի նախաքննության տվյալները, իսկ նման ձեւաչափով հանդիպումները կրում են պարբերական բնույթ: Հայտնի է, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով նշանակված դատաձգաբանական փորձաքննության արդյունքները ստացվել են եւ առաջիկայում կհրապարակվեն։ Փորձաքննությունն առանցքային նշանակություն ունի գործի հետագա քննության համար, որովհետեւ արդյունքները գրեթե 100 տոկոսանոց պատասխան կտան այն հարցին, թե միայնա՞կ է եղել մարդասպանը, թե՞ դաժան սպանությունն իրագործել են մի քանի հոգով: Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարարվել է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների դիմումը՝ նշանակված փորձաքննություններին մասնակցելու վերաբերյալ։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը եւ Արայիկ Զալյանը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել են դիմումներ, որոնք օրենքով սահմանված կարգով քննարկվել են, իսկ արդյունքների մասին՝ գրավոր ծանուցվել։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացրել են, որ ի թիվս այլ հարցադրումների՝ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները խնդրել են հնարավորություն ընձեռել՝ մասնակցելու նշանակված փորձաքննություններին եւ փորձագետներին հարցեր ուղղել: Քրեական գործը քննող քննչական խմբի ղեկավարը բավարարել է փորձաքննություններին ներկա գտնվելու վերաբերյալ դիմումը: Եվ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան՝ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների ներկայությունը փորձաքննություններին ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը խնդրել է հայտնել, թե որ փորձաքննությանն են ցանկանում ներկա գտնվել, փորձաքննության որ փուլից եւ ինչ լրացուցիչ հարցադրումներ ունեն:  

Ուսումնասիրվել են հանցագործի հեռախոսների զանգերի վերծանումները: Տեղեկություն է տրվել, որ բջջային օպերատորներից ստացվել են մարդասպանի կողմից մինչեւ դեպքն օգտագործված հնարավոր բջջային հեռախոսահամարի, Ավետիսյանների ընտանիքի անդամների կողմից օգտագործված եւ Վալերի Պերմյակովի կողմից դեպքի վայրից իր հետ վերցրած բջջային հեռախոսահամարների ելքային ու մուտքային հեռախոսազանգերի վերծանումները, դրանք սպասարկած ալեհավաքների վերաբերյալ տեղեկությունները՝ դեպքից առնվազն մեկուկես ամիս նախորդած ժամանակահատվածից մինչեւ հանցագործի հայտնաբերումը: Վերը նշված հեռախոսահամարների վերծանումները ուսումնասիրվում են, հարցաքննվել եւ հարցաքննվում են ելքային ու մուտքային հեռախոսազանգերի բաժանորդները: Ուսումնասիրվել են Պերմյակովի կողմից Ավետիսյանների տանից վերցրած հեռախոսահամարների, այդ թվում՝ 2015թ. հունվարի 11-ին եւ 12-ին կատարված ելքային ու մուտքային հեռախոսազանգերը: Ավետիսյանների տանից վերցված բջջային հեռախոսներում գործի համար նշանակություն ունեցող տեղեկատվություն, այդ թվում SMS հաղորդագրություններ պարունակելու վերաբերյալ տվյալներ ստանալու, ինչպես նաեւ ջնջված տեղեկատվություն վերականգնելու եւ մի շարք այլ հարցեր պարզաբանելու նպատակով քրեական գործով նշանակվել է համակարգչատեխնիկական փորձաքննություն:

Քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու նաեւ ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասում Վալերի Պերմյակովին պահակային ծառայության նշանակելու, նրա կողմից զորամասը լքելու, ինչպեսեւ ՌԴ-ում ծառայության ընթացքում նրա կողմից ծառայությունը Գյումրիում տեղակայված զորամասում իրականացնելու համար նախաձեռնություն ցուցաբերելու հանգամանքները: Այս հարցերի շուրջ հարցաքննվել են նշված զորամասի մեկ տասնյակից ավելի զինծառայողներ եւ հրամանատարներ, համապաասխան հարցումներ են ուղարկվել իրավասու մարմիններին: Քննությունն այդ մասով եւս շարունակվում է: Ինչ վերաբերում է մարդասպանի կողմից խլացուցիչ զենքով կրակոցներ արձակելու վարկածին, ապա թեեւ նախաքննությամբ որեւէ տվյալ ձեռք չի բերվել՝ խլացուցիչ զենքից կրակոցներ արձակելու վերաբերյալ, սակայն հնարավոր բոլոր վարկածներն ստուգելու եւ չփարատված կասկած չթողնելու նպատակով բավարարվել է փաստաբան Երեմ Սարգսյանի միջնորդությունը եւ փորձագետի պարզաբանմանն է առաջադրվել հետեւյալ լրացուցիչ հարցադրումը, թե դեպքի վայրից առգրավված եւ փորձաքննությանը ներկայացված AKC 74 տեսակի ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացնելու հնարավորություն առկա՞ է, թե՝ ոչ, այդ ինքնաձիգի վրա կա՞ն արդյոք հետքեր, որոնք վկայում են դրա վրա խլացուցիչ ամրացնելու եւ հանելու մասին: Քրեական գործով ստացվել են Վալերի Պերմյակովի եւ ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայողի կողմից ալկոհոլ կամ թմրամիջոցներ, հոգեմետ դեղեր օգտագործելու հանգամանքն ստուգելու նպատակով նշանակված դատաքիմիական փորձաքննությունների եզրակացությունները, որոնց համաձայն՝ հանցագործի եւ վերջինիս հետ պահակային ծառայության մեջ ընդգրկված, ՌԴ 102-րդ ռազմաբազայի եւս 12 ժամկետային զինծառայողից վերցված փորձանմուշներում թմրամիջոցի, հոգեմետ նյութերի հետքեր կամ ալկոհոլ չեն հայտնաբերվել: Հանցագործի սակավատմության վերաբերյալ տվյալներ եւս չկան:

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ 2 եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Հանցագործն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրված նաեւ ՌԴ Քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ սպանություն եւ դասալքություն:

Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող ռազմաբազաներում պետք է ծառայեն միայն պայմանագրային զինծառայողները: Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը՝ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի բաժնի վարիչ, ռուսաստանյան հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեեւը: «Պայմանագրային զինծառայողներին ավելի խստորեն են ընտրում: Այս պայմաններում նմանատիպ զարգացումները պարզապես անհնար կլինեին: Սակայն ամեն ինչ պայմանավորել ռազմական հանցագործությամբ, սխալ կլինի: Շատ ավելի հավանական է, որ այստեղ կային լուրջ կենցաղային պատճառներ՝ կապված հենց Չիտայի, ոչ թե Գյումրիի հետ: Նաեւ վստահ չեմ, որ հենց Պերմյակովն է կատարել այդ սարսափելի հանցագործությունը»,- ասել է Վլադիմիր Եվսեեւը: Պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է համարում, որ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ժամկետային զինծառայողն այդպես էլ չփոխանցվեց ՀՀ իրավապահ մարմիններին, փորձագետը նշել է, որ «Պերմյակովը, ինքնակամ եւ զինված լքելով զորամասը՝ կատարել է ռազմական հանցագործություն: «Այն ինչ կատարվել է Գյումրիում, կարծում եմ կապված է նախկինում ՌԴ-ի տարածքում, մասնավորապես, Չիտայում տեղի ունեցած որոշ դեպքերի հետ»:

«Ինչպես բոլոր հայերին, ինձ նույնպես ցնցել է այս ողբերգությունը: Իհարկե, այս հրեշավոր դաժանությունը արժանի է ամենախիստ պատժի: Այնուամենայնիվ, կյանքը շարունակվում է: Կարծում եմ, որ ՌԴ-ն կատարվածից հետեւություններ կանի: Մենք պետք է միասին հաղթահարենք այս դժբախտությունը: Նստվածք, իհարկե կմնա, սակայն սա չպետք է հանգեցնի հայ-ռուսական հարաբերությունների վատացման»,- հավելել է փորձագետը:

Ամեն բան կախված է քննության եւ դատավարության ընթացքից: Իսկ լուրեր կան, թե Գյումրիի սպանդի գործը կարող է քննվել Դոնի Ռոստովում։ Այս մասին հայտնել է դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը.  «Այս պահին Պերմյակովը Գյումրիում հոգեբանական եւ հոգեբուժական փորձաքննություն է անցնում։ Դեռ վերջնականապես որոշված չէ, թե որ զինվորական դատարանում է քննվելու գործը՝ Երեւանում, թե Դոնի Ռոստովում, սակայն գործի իրավասությունը պատկանում է Հյուսիսկովկասյան զինվորական շրջանային դատարանին»: Ի դեպ, Բայկալում տարբեր ատյանների 52 աշխատակիցների պատասխանատվության կենթարկեն Վալերի Պերմյակովին բանակային ծառայության համար պիտանի ճանաչելու պատճառով։

Ինչպես ազգային քաղաքականության հարցերով կլոր սեղանի շուրջ հայտնել է 29-րդ համազորային բանակի բարոյահոգեբանական ապահովման բաժնի պետ Դմիտրի Կիսելեւը, «պատասխանատվության կենթարկվեն բոլորը՝ սկսած նրանցից, ովքեր Պերմյակովին պիտանի են ճանաչել բանակային ծառայության համար»։ Նրա խոսքով՝ Չիտայում արդեն 3 քրեական գործ է հարուցվել 321-րդ ռազմական հոսպիտալի  բժիշկների դեմ, որոնք մարդասպանի  մոտ ոչ մի շեղում չեն հայտնաբերել եւ պիտանի են ճանաչել ծառայության համար։ Բարոյահոգեբանական ծառայության բաժանմունքի պետը վստահեցրել է, որ բոլոր մեղավորները պատասխան են տալու։ Ժամկետային զինծառայող Պերմյակովը բանակ էր զորակոչվել Բալեյ քաղաքից։ Ավելի վաղ զլմ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Չիտայում ծառայության ժամանակ նա 1 ամսից ավել բուժվել է ռազմական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում վարքագծի լուրջ շեղումների պատճառով, սակայն այդուհանդերձ պիտանի էր ճանաչվել զինվորական ծառայությանը եւ ուղարկվել արտասահման ծառայության։

Հայտնի է նաեւ, որ ռուսական կողմը դեռեւս փետրվարի 9-ին էր ստացել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ուղարկած նամակը՝ ուղղված ռուս գործընկերոջը, որում հասցեագրված միջնորդություն կար՝ դատավարությունը Հայաստանում իրականացնելու համար: Ըստ հաղորդագրության՝ ՌԴ դատախազությունը տեղեկացրել է հայկական կողմին, որ իրենք ստացել են միջնորդությունը եւ այն քննարկման փուլում է:

Հետագային չսպասելով ասենք, որ մի բան հստակ է նույնիսկ հիմա. Դմիտրի Կիսելեւը, եւ բոլոր ռուսները պիտի հասկանան, որ այս դատավարությունը դառնալու է հայ-ռուսական հարաբերությունների մի չափորոշիչ, մարդկանց համար ռազմա-քաղաքական կողմնորոշիչ, որից հետո նաեւ ռուսական ռազմաբազայի հետագայի հարցը կստանա օրակարգային կարգավիճակ:

Արամ Ավետյան

Հայ զինծառայողը չկա, իսկ սահմանին չեխ են հայտնաբերել

Անհետացել է Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Արթուր Աֆյանը: Զինծառայողի անհետացման մասին ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել վերջինիս կինը, երբ նա տեւականորեն չի պատասխանել հեռախոսազանգերին: Կինը ներկայացրել է, որ փետրվարի 21-ի առավոտից հետո նա Արթուրի մասին տեղեկություններ չունի: Նա ամուսնու հետ զրույցի ժամանակ հասկացել է, որ ամուսինը Գյումրիում իրենց վարձակալած բնակարանից դուրս էր գալու, որպեսզի մեկներ Մարմաշեն, որտեղ իրենց հայրական տունն է:

Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանը պատմել է, որ իր ունեցած տեղեկություններով՝ Արթուրը Իջեւանից էր կամ շրջակա գյուղերից, ամուսնացել է եւ պայմանագրային զինծառայության մեջ է ռուսական ռազմաբազայում: Նա կնոջ հետ տուն է վարձակալել եւ բնակվում են Գյումրիում.«Ուղղակի մի 2 ամիս առաջ փոքրիկ ունեցան, եւ երեխային խնամելու համար կինը տեղափոխվել էր հայրական տուն, որ վերջինիս օգնեին: Իմ իմանալով՝ նրանք շատ հաշտ են իրար հետ եւ որեւէ խնդիրներ չունեն: Արթուրին ճանաչում եմ նաեւ, որովհետեւ որդուս հետ է ծառայում՝ ռազմաբազայում: Շատ լավ տղա է»: Գյուղապետի փոխանցմամբ՝ Արթուր Աֆյանը փետրվարի 21-ի առավոտյան պետք է ներկայանար զինծառայության, սակայն չի ներկայացել, եւ այդ մասին իրազեկել են: Կինն էլ փոխանցել է, որ պետք է Մարմաշեն գնար, սակայն Արթուր Աֆյանը ո՛չ ծառայության է ներկայացել, ո՛չ էլ Մարմաշեն: Արթուրը զինված չի եղել եւ նրա մոտ բջջային հեռախոս կար:

Պայմանագրային զինծառայող դեռ չի հայտնաբերվել, իսկ հայտնաբերվելու մասին տեղեկությունը սխալ էր, քանի որ հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների կողմից հայտնաբերված անձը Չեխիայի քաղաքացի էր՝ տեղեկացրել են ԱԱԾ լրատվական կենտրոնից: Հայ-թուրքական սահմանը հսկող ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի կողմից փետրվարի 28-ի լույս մարտի 1-ի գիշերը ձերբակալել են Չեխիայի քաղաքացու, որին փոխանցել են ՀՀ ԱԱԾ-ին:

Իսկ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ (սպանություն) հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի անհետ կորելու դեպքի առթիվ։ Քր գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ։

«Լուսանցք» թիվ 7 (353), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.