Անկարան՝ որոգայթների մեջ – Ապացուցվեց, որ չկա՛ «անպարտելի թուրքական դիվանագիտություն», պարզապես հաճախ եղել է «չեզոք դիրքերում գործող հայկական դիվանագիտություն»… Եվրոպական խաղերին ընդառաջ՝ նաե՛ւ շների սպանդ Բաքվում…

Անկարան՝ որոգայթների մեջ

Չնայած Թուրքիայում քաղաքականության մակարդակն ու ծավալները այլ չափեր ունեն, քան Ադրբեջանում, այնուամենայնիվ, Անկարան իրար հետեւից պարտություններ է գրանցում Հայաստանի հետ հարաբերություններում: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի՝ ապրիլի 24-ի օրը մոգոնելով «Գալիպոլիի շոուն», թուրքերը փորձեցին կոտրել հայության լայնածավալ միջազգային քարոզչությունը եւ հայաստանյան դիվանագիտական գործունեությունը, բայց ապարդյուն: Անկարան պաշտոնապես չի չեղարկել 1-ին Համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի հիշատակման միջոցառումները, որոնց մեկնարկը նախատեսված էր ապրիլի 24-ին, բայց այնուամենայնիվ հասկացել է, որ այն տապալվել է:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Today՛s Zaman պարբերականը, միջոցառումները չեղարկվել են, քանի որ մի շարք երկրների առաջնորդներ հրաժարվել են Անկարա այցելել ապրիլի 24-ին, քանի որ Երեւանում հիշատակվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Նրանք նշել են, որ իրենց այցով կարող են ստվեր նետել երեւանյան միջոցառումների վրա։ Նշվում է, որ հրավերն ուղարկվել է 100 բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։ Հրավիրված երկրներից միայն 5-ն են համաձայնել ու հաստատել իրենց մասնակցությունը, այն էլ՝ ոչ նախագահի մակարդակով: Հրապարակման առիթով պաշտոնական ոչ մի արձագանք չկա ոչ Թուրքիայի, ոչ էլ Հայաստանի ԱԳՆ-ից: Անկարան պարզապես արձագանքել է, որ տոնակատարությունը անպայման տեղի կունենա:

Գալիպոլիի ճակատամարտին նվիրված արհեստածին տոնակատարությունը կասեցվել է, եւ սա մեր դիվանագիտության հաղթանակն է, նաեւ Սփյուռքի միասնական հաղթանակը:

Ինչպես «Լուսանցք»-ը նշել է, մեկ այլ դիվանագիտական հաղթանակ էր արձանագրվել սրանից առաջ, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական կոչված արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: ՀՀ ԱԺ նախագահին ուղղված նամակում մասնավորապես նշվում է, որ արձանագրությունների ստորագրումից արդեն 6 տարի է անցել, այս ընթացքում Հայաստանը հետեւողական մոտեցում է ցուցաբերել գործընթացին, մինչդեռ Թուրքիան գործել է՝ հակառակ արձանագրությունների տառին ու ոգուն՝ մշտապես արձանագրություններից դուրս նախապայմաններ առաջ քաշելով: Թուրքական կողմից առաջ քաշված նախապայմանները վերաբերել են Հայոց ցեղասպանության ճանաչման ու Արցախի ինքնորոշման խնդիրների ոչ հայանպաստ լուծմանը, որից հետո միայն պիտի բացվեր եվրոպական վերջին փակ սահմանը:

Այսպես պաշտոնական Երեւանը կարողացավ միջազգայնորեն հիմնավորել, որ հայ-թուրքական կոչված երկկողմ արձանագրությունները դարձել են եռակողմ՝ հայ-թուրք-ադրբեջանական:…

Հայ-թուրքական արձանագրությունների հետկանչը նաեւ հստակեցրեց մեր պետական մտադրությունը, որ հետկանչից օրեր առաջ հրապարակված Հայոց ցեղասպանության 100-ամյակի Հռչակագիրը ներքին սպառման համար չէ: Արձանագրությունների հետկանչը թուրքական քաղաքականության պարտությունն էր, այն դարձել էր Անկարայի ու Բաքվի շահարկումների փաստաթուղթ: Ինչ մնում է Հռչակագրի բովանդակությանը, ապա դա անչափ կարեւոր փաստաթուղթ է, քանի որ առաջին անգամ պետականորեն հայությունը շոշափում է մեր պահանջատիրության հարցը:  

Սրանից առաջ էլ Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Դողու Փերինչեքն՝ ընդդեմ Շվեյցարիայի» գործով  լսումները եղան, եւ հայկական կողմը հօգուտ Շվեյցարիայի պաշտոնական հայցի՝ կարողացավ անհերքելի փաստեր ներկայացնել Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության դեմ:  Մեր եւ Շվեյցարիայի կառավարության ներկայացուցիչները խոսել են օրենքի եւ «ցեղասպանություն» հասկացության էության մասին եւ հավաստել են ընդունած որոշման ճշմարտությունը:

Հիշեցնենք, որ 2008թ. Շվեյցարիայի դատարաններից մեկը Թուրքիայի բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: ՄԻԵԴ-ն իր որոշումը կհրապարակի 6 ամսվա ընթացքում:

Իսկ հայկական դիվանագիտության հաղթանակները նոր արդյունքներ տվեցին, եւ Եվրոպական ամենախոշոր քաղաքական կուսակցությունը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը եւ նշելու է համամարդկային այդ ոճիրի 100-ամյա տարելիցը: Եվրոպական 39 երկրների ներկայացուցիչները միաձայն են ընդունել որոշումը: Օրերս Եվրախորհրդարանի բելգիացի պատգամավոր, «Ֆլամանդական շահ» կուսակցության նախագահ Ջերոլֆ Աննեմանսը միջնորդագիր է ներկայացրել Եվրախորհրդարան, որով կոչ է անում Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսկ Եվրախորհրդարանը վաղուց ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը կազմակերպողներին:

Այսպես Անկարան պարտությունը պարտության հետեւից կրելով՝ փորձում է մի նոր խարդավանքով շեղել հայության ուշադրությունը ցեղասպանության 100-ամյա տարելիցից: Եվ կրկին խաղարկվում է փոքր եղբոր խաղաթուղթը՝ Թուրքիայի խորհրդարանը Հայաստանին կոչ է արել դուրս բերել զորքերն Արցախից:

Թուրքիայի Ազգային (ազգային. անհեթեթ է հնչում սրանց մասով,-Հ.Թ.) մեծ ժողովի արտաքին գործերի հանձնաժողովը հռչակագիր է տարածել, որով կոչ է արվում դատական պատասխանատվության ենթարկել (թուրքերի ու ադրբեջանցիների կողմից հորինված) «Խոջալուի ցեղասպանության» մեղավորներին։ Թուրքիայի երեք՝ «Արդարություն եւ զարգացում», «Ժողովրդահանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունների համատեղ հռչակագրում Հայաստանին կոչ է արվում դուրս բերել զորքերն Արցախի տարածքից։ Գուցե սա ԵԺԿ-ի՝ հիշյալ որոշման դեմ առաջին պատասխանն է նաեւ: Միաժամանակ զուգահեռ մեկ այլ «ցեղասպանության» խնդիր է առաջ քաշվում… Պատմական փաստերն աղավաղած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Թուրք ժողովուրդը մշտապես սրտի կսկիծով է հիշում բարբարոսական հարձակումներն ու սպանդը, որոնք Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ իրականացվել են 23 տարի առաջ Խոջալու քաղաքում, եւ կիսում է այդ ցավն իր եղբայրների՝ ադրբեջանցի ժողովրդի հետ։ Մենք քննադատում ենք կատարվածն ու կոչ անում Հայաստանին դուրս բերել իր զորքերն Ադրբեջանի օկուպացված տարածքներից։ Խոջալուի սպանդը մարդկության պատմության ամենասահմռկեցուցիչ էջերից է։ Պարտադիր ենք համարում անհապաղ կերպով դատական պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին»։

Այսպես կոչված «Խոջալուի դեպքերը» հակահայ քարոզչության մեջ գործածելը նորություն չէ, մինչդեռ ապացուցվել է, որ ադրբեջանական զինուժը փակեց ադրբեջանցիների գաղթի ճանապարհը, եւ ապա ոչնչացրեց իր քաղաքացիներին՝ հայկական կողմին մեղադրելու եւ իր հերթական պարտությունը կոծկելու համար… Այս առումով ճիշտ են թուրքերը. «Խոջալուի սպանդը մարդկության պատմության ամենասահմռկեցուցիչ էջերից է»……

Յուրաքանչյուր տարվա փետրվար-մարտին թուրքական իշխանությունները երկրի ամբողջ տարածքում հայատյաց տրամադրություններ են սերմանում՝ հետ չմնալով ադրբեջանական իշխանություններից: Միեւնույն ժամանակ, այս երկրները կազմակերպում են տարատեսակ միջոցառումներ, քարոզչական արշավներ՝ միջազգային ասպարեզում հակահայ կրքեր բորբոքելու համար: Հայկական դիվանագիտությունը հիմնականում պարտվում էր՝ կրքերը չբորբոքելու ճանապարհն ընտրելով: Բայց վերջին ժամանակներում արդեն իսկ ՀՀ նախագահի դեմքով դիվանագիտական լուրջ հակահարձակումներ եւ անգամ հարձակումներ են իրականացվում, ինչը ապացուցեց, որ չկա՛ «անպարտելի թուրքական դիվանագիտություն», պարզապես եղել է «չեզոք դիրքերում գործող հայկական դիվանագիտություն»:

ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Հայաստանի նախագահի հնչեցրած խոսքը դարձավ մեր դիվանագիտության կտրուկ փոփոխման ազդակը, երբ Սերժ Սարգսյանը ժողովրդական խոսքով ասած «գրողի ծոցն ուղարկեց» հայ-թուրքական արձանագրությունները:

Հայկ Թորգոմյան

Եվրոպական խաղերին ընդառաջ՝ նաե՛ւ շների սպանդ Բաքվում

Օրերս մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք միջազգային հայտնի կառույցներ դիմել են եվրոպական երկրներին՝ բոյկոտելու Բաքվում նախատեսված Եվրոպական 1-ին խաղերը: Վերջերս՝ Amnesty-ն մի նոր կոչ է արել բոյկոտել Բաքվի եվրոպական խաղերը, իսկ EurasiaNet.org-ը արձագանքելով գրել է, որ Եվրոպական խաղերը միջազգային հանրության ուշադրությունը պետք է հրավիրեն Ադրբեջանում ժողովրդավարության խնդիրների վրա: Միջազգային մամուլն արդեն արձագանքում է, The Guardian-ը մասնավորապես նշել է, որ «Ադրբեջանում եւս կոչ են անում հրաժարվել Եվրոպական խաղերից, իսկ ազգայնամոլները սպառնում են հայկական հավաքականին»:

Իրավապաշտպան կազմակերպությունները մատնանշել են, թե ինչքան լրագրողներ եւ իրավապաշտպաններ են բանտարկված այդ երկրում, թե ինչպես է խոսքի ազատությունը սահմանափակված: Իրավապաշտպան կազմակերպությունները նշել են նաեւ, որ այս խաղերի կազմակերպումը եւս մեկ փորձ է Ադրբեջանը միջազգային ասպարեզում դրական ներկայացնելու համար, ինչը պետք է կասեցվի:

Այս աղմուկը դեռ նոր է ծավալվում եւ ահա, մարդկանց իրավունքների ոտնահարմանը ավելացավ կենդանիների իրավունքների, անգամ կյանքի հարցը՝ ասենք շների:

«Այս ամռանն անցկացվելիք Եվրոպական խաղերին ընդառաջ Բաքուն թափառական շներից մաքրելու համար Ադրբեջանի իշխանություններն իսկական «հիտլերյան ցեղասպանական միջոցառումներ» են իրագործում: Բաքվում թափառական շներին զանգվածաբար հավաքելու, հրապարակավ գազանաբար սպանելու եւ այրելու դիակիզարաններ են ստեղծվել»,- հաղորդում է ադրբեջանական Virtualaz.org կայքը: Կայքը հայտնում է, որ չնայած այն բանին, որ կառավարությունը տարեկան միլիոնավոր դոլարների ֆինանսական միջոցներ է հատկացնում Բաքվում թափառող կենդանիների դեմ քիչ թե շատ քաղաքակիրթ պայքարի համար, սակայն, նման կենդանիների թիվը գնալով աճում է, աճում է նաեւ կատաղած կենդանիների կողմից մարդկանց վրա հարձակումների թիվը:

«Օրը ցերեկով զենքը ձեռքին շրջում են քաղաքում ու պատահած վայրում մարդկանց ներկայությամբ կրակում շների վրա: Նրանք դրան առարկող քաղաքացիներին անգամ սպառնում են ու կոչ անում չմիջամտել»,- ահազանգել է կայքը՝ հիշեցնելով, թե Ադրբեջանը Կենդանիների իրավունքների պաշտպանության եվրոպական համաձայնագրին միացել է 2007թ. մայիսին: «Կենդանական աշխարհի պաշտպանության դաշինք» հ/կ ղեկավար Մանսուրա Ռասուլզադեն հայտնել է, որ չնայած ըստ այդ համաձայնագրի՝ թափառական կենդանիների դեմ պայքարի աշխատանքը պետք է հանձնարարվեր Պետական անասնաբուժական ծառայությանը, սակայն, այն կցվել է Բաքվի քաղաքապետարանին, որն էլ այդ աշխատանքն իրագործում է՝ ինչպես ցանկանում է:

Ադրբեջանցի փորձագետը կարծում է, որ 79 հազար շուն սպանող երկրում չպետք է թույլատրվի միջազգային միջոցառումներ անցկացնել: «Քանի որ դա նշանակում է՝ երկիրը կարանտինի տակ է, համաճարակի վտանգ կա»,- զգուշացնում է փորձագետը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի շրջանակներում Բաքվում հազարավոր թափառական շներ են ոչնչացվել, ինչը գրավել էր նաեւ միջազգային մամուլի ուշադրությունը: «Մոտենում են Եվրոպական օլիմպիական խաղերը: Իսկ դա նշանակում է, որ «շնային կոռուպցիան» ավելի շատ կլցնի ոմանց գրպանները»,- գրում է վերոնշյալ ադրբեջանական կայքը:

«Լուսանցք» թիվ 7 (353), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.