Կայացավ ԲՀԿ արտահերթ համագումարը եւ եղավ այն, ինչին բոլորն էին սպասում: Եղավ այն, ինչ ասում էինք երկար ժամանակ՝ ՀՀ 3 նախագահների օրոք իր միլիարդները դիզած անձը չէր կարող լինել հեղափոխական՝ բառի իսկական իմաստով: Եթե այդքան կարողության տեր մարդը անգամ իսկական իմաստով բարերար չէ, ինչպե՞ս էր դառնալու առաջնորդ…
Ինչեւէ, եղավ մի համագումար. որ կազմակերպել էր Հայաստանի իբր 2-րդ քաղաքական ուժը, եւ այս համագումարը կմնա մեր քաղաքական պատմության մեջ, որպես ամենախայտառակ արտահերթ համագումարը: Որպես կուսակցության ղեկավար պարզապես ի ցույց բոլորի խոստովանեց, որ ինքը «չարիք» է երկրի համար, «հանցագործ» է, ով խուսափել է հարկերից եւ թալանել է ազգային հարստությունը, «դոդի Գագո» է, ով քաջ Նազարի նման հասավ իր գահին ու տապալվեց: Իհարկե, դեռ միլիարդների մեջ է, բայց ո՞վ գիտի…
Ինչեւէ, անդրադառնանք այդ խայտառակ համագումարին, իսկ մնացյալը կորոշի ընթերցողը:
Նախապես նշենք, որ ԲՀԿ նախագահ է ընտրվել այդ կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ-ն իրեն առաջին անգամ հայտարարել է ընդդիմություն: Բայց սա արդեն հերթական մի ընդդիմադիր կուսակցություններից մեկն է ու անգամ ԲՀԿ-ի նախկին հավակնությունների բեռը չի կարող մնացյալից առաջ մղել այս կառույցին:
Իսկ Գագիկ Ծառուկյանը համագումարում հանդես է եկել հայտարարությամբ: Վերը նշեցինք, որ սա լավ պատմա-քաղաքական դաս է բոլոր քաղաքական ուժերի համար, ուստի ամբողջությամբ (այսօր առանց մեկնաբանության) տպագրում ենք հայտարարությունը:
– «Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնց հետ միասին երկար ճանապարհ ենք անցել, տեսել ենք ուրախության, տխրության, հիասթափության, ցնծության պահեր: Ես միշտ աշխատել եմ ձեզ հետ լինել անկեղծ ու բաց: Եթե աշխատանքի ընթացքում ծագել են լարվածության, իրար չհասկանալու պահեր, ես միշտ աշխատել եմ արագ հարթել դրանք, որպեսզի չմնա որեւէ նստվածք կամ հետին միտք: Մեզ միասին հաջողվեց ստեղծել թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս լուրջ կշիռ ունեցող, մեծ հեղինակություն վայելող կուսակցություն: Ձեզնից յուրաքանչյուրն այդ գործում ունի իր ավանդը:
Այսօր եկել է այն պահը, երբ ես որոշում եմ կայացրել՝ այլեւս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, վայր դնել կուսակցության նախագահի եւ խմբակցության ղեկավարի լիազորությունները: Սա չի եղել հեշտ որոշում, սա երկար մտորումների արդյունք է: Սա իմ անձնական որոշումն է, եւ ես ակնկալում եմ, որ դուք ըմբռնումով կմոտենաք:
Մեկ բան ուզում եմ անպայման շեշտել. քաղաքականության մեջ գտնվելու տարիներին ես երբեք չեմ հետապնդել անձնական շահ: Չեմ օգտագործել ժողովրդի աջակցությունը անձնական նպատակներով:
Չեմ փոխանակել ժողովրդի հավատը պաշտոնների եւ այլ շահի հետ: Իմ թիմի եւ ժողովրդի մեջքի հետեւում գործարքներ չեմ կնքել: Այս բոլոր տարիների ընթացքում ես հետապնդել եմ պարզ, մարդկային նպատակ՝ իմ ժողովրդի աչքերում տեսնել ժպիտ, եւ ոչ թե արցունքներ:
Ուզում եմ լինել ավելի՛ անկեղծ: Քաղաքական բոլոր հնարավոր ճանապարհներով ես փորձել եմ լուծումներ գտնել, պայքարել մեր ժողովրդին տանջող խնդիրների լուծման համար: Բայց ես միշտ դեմ եմ եղել մայդաններին, ու այստեղ նույնպես ես անկեղծ եմ: Ես չէի կարողանա ներել ինձ, եթե թափվեր անգամ մեկ անմեղ մարդու արյուն: Սա այն սահմանն է, որն իմ ուժերից վեր է: Ինձ ընդունեք այնպիսին, ինչպիսին ես կամ:
Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից: Ես այլեւս կուսակցության նախագահ չեմ: Բայց ես շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին եւ իմ ժողովրդին: Դա կարվի այլ ոլորտներում, այլ բնագավառներում: Ես կշարունակեմ կառուցել իմ երկրում եկեղեցիներ, դպրոցներ, մարզասրահներ, օգնել մշակույթի եւ գիտության մարդկանց: Բայց ես դա կանեմ որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի, որպես Գագիկ Ծառուկյան:
Իմ խնդրանքն է Ձեզ՝ ինձ այլեւս քաղաքական հարցերով չդիմել, ես չեմ խառնվելու ձեր որեւէ որոշմանը: Ես որեւէ կապ այլեւս չունեմ ԲՀԿ-ի հետ: Դուք քիչ հետո կընտրեք նոր նախագահ, նոր ղեկավար մարմիններ, եւ կուսակցության ճակատագիրն այսուհետ ձեր ձեռքերում է: Սա իմ վերջնական որոշումն է:
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր թիմակիցներին, կառույցների ղեկավարներին, քաղխորհրդի անդամներին, մեր պատգամավորներին: Շնորհակալություն բոլոր շարքային բհկ-ականներին: Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր քաղաքական թիմի մի խումբ մարդկանց, ովքեր գիշեր-ցերեկ, առանց հանգստյան օրերի, առանց խուսափելու պատասխանատվությունից, մի կողմ էին դրել իրենց ընտանեկան եւ անձնական հոգսերը ու աշխատում էին հանուն մեր ընդհանուր գործի: Շնորհակալություն:
Իսկ հիմա ուզում եմ անդրադառնալ ընթացիկ հարցերին: Կան շատ թեկնածուներ, որոնք պատվով կարող էին ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը: Ես առաջարկում եմ, որ այդ գործը վստահվի մեր գործընկեր Նաիրա Զոհրաբյանին: Հաշվի առնելով նրա ժողովրդականությունը, նվիրումը թիմին: Մնացածը ձեր որոշելիքն է: Այսուհետ ամեն ինչ ձեր որոշելիքն է»:
Արտակ Հայոցյան
Ո՜չ մի նմանություն
Լեւոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ առաջնորդին համեմատել է գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ, ով 2008թ. նախագահական ընտրություններում կանգնեց համաժողովրդական շարժման կողքին եւ կանգնեց մինչեւ քաղաքական ղեկավարների նահանջը: Ըստ 1-ին նախագահի, եթե ընդհանրացնելու լինենք, ապա Գագիկ Ծառուկյանի, իսկ նրանից առաջ Խաչատուր Սուքիասյանի ամենամեծ վաստակն այն է, որ նրանք գիտակցեցին, որ երկրի արմատական բարեփոխման միակ ելքը բուրժուազիայի եւ առողջ քաղաքական ուժերի համագործակցությունն է, այլ կերպ ասած՝ անարյուն բուրժուադեմոկրատական հեղափոխությունը:
Այսպես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր կսկիծն է հայտնում՝ հերթական անգամ իր հայտարարած «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» տապալման համար: Այսինքն՝ հայ բուրժուաների փողերով իշխանության գրավումը դեռ արմատներ չունի Հայաստանում…Խաչատուր Սուքիասյանը չի մեկնաբանել 1-ին նախագահի խոսքերը՝ նշելով. «Ես որդեգրել եմ այսպիսի մոտեցում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը չեմ մեկնաբանում»:
Մեր կողմից էլ ասենք, որ բոլորովին նման չեն Գագիկ Ծառուկյան եւ Խաչատուր Սուքիասյան գործարարները, որ մտան քաղաքականություն: Նրանք նման չեն ոչ նախնական կապիտալ ունենալու եւ այդպիսով հարստանալու տեսանկյունից, նաեւ նման չեն քաղաքականության մեջ նպատակներ հետապնդելու առումով: Նրանք նմանեցվում են՝ զուտ բուրժուական խաղերի տեսանկյունից…
Իսկ Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը մեկ այլ առիթով է անդրադարձել 1-ին նախագահին, մասնավոորապես այն տեսակետին, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի հռչակագիրը չի համապատասխանում միջազգային իրավունքին:
«Կարծում եմ՝ բարելավելու կարիք կա, կարելի է քննարկում անել, ցանկացած փաստաթուղթ միշտ էլ կարելի է բարելավել, բայց ժվար է ասել՝ ինչ նպատակներ է դրել Լեւոն Տեր-Պետրոսյանը իր բաց նամակի տակ այս պահին, որովհետեւ նա այն գործիչն է, որ մտածում է մի բան, ասում է երկրորդը, անում է երրորդը»,- ասել է նա:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 7 (353), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



