Ով է ուզում դառնալ ընդդիմադիր առաջնորդ… Ռուսաստանը Հայաստանում իշխանափոխություն չի ուզու՞մ… Այլեւս անթույլատրելի է մարտիմեկյան զոհերի հիշատակը շահարկումը…

Ով է ուզում դառնալ ընդդիմադիր առաջնորդ

ԲՀԿ-ից շարունակվում է մեծ արտահոսքը: Տեղեկություն է հրապարակվել անգամ, որ Շիրակի կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանը պատրաստ է ընդհանրապես լուծարել տարածքային կառույցը եւ դուրս գալ կուսակցությունից: Կուսակցությունից դուրս եկած մի շարք պատգամավորների մասին արդեն գրել ենք, բայց «հերթի մեջ» էլի կան:

Այն ինչ կատարվում է ԲՀԿ-ի հետ, համարժեքորեն չի արձագանքվում Գագիկ Ծառուկյանի կողմից, ինչը հավաստեց, որ նա հեռանում է ոչ միայն պատգամավորությունից (չնայած կարող է դեռ մնալ), այլեւ՝ քաղաքականությունից:

Եվ ԲՀԿ-ի խմբակցությունում ներգրավված քաղաքական գործիչները հայտնվեցին շփոթության ու անելանելի վիճակի մեջ: Մարդիկ դեռ հստակ չգիտեն իրենց անելիքը, իսկ նրանց երկար ժամանակ սարեր էին խոստացել: Անգամ խոսում էին, թե ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջեւ եղել է պայմանավորվածություն, որ իշխանափոխությունից հետո ԲՀԿ ղեկավարը պետք է դառնա նախագահ, ՀՀ 1-ին նախագահը՝ Աժ նախագահ: Բայց նման իշխանափոխությանը դեմ էին ոչ միայն ՀՀԿ-ականները, այլ ընդդիմադիրների մի խումբ, որոնց անունները հետո հնչեցին՝ ԱԺ ԲՀԿ պատգամավորներ Վահե Հովհաննիսյանն ու Ստեփան Մարգարյանը են, ինչպես նաեւ «7օր» կայքի խմբագիր Անդրանիկ Թեւանյանն ու «zham.am» կայքի խմբագիր Երվանդ Բոզոյանը: Հստակ է, որ ընդդիմության ներսում ներքին կեղեքումներն ու խառնակչությունները առավելապես հրահրվում են իշխանությունների կողմից, բայց սա կարծես թե ընդդիմության ներքին ընդդիմությունն էր եւ միակը չէր… Անգամ ՀԱԿ-ի պատգամավորներից կան ընդդիմադիրներ այս դաշինքին: Այդ ժամանակ դեռ խոսում էին, թե ԲՀԿ-ն շարունակելու է պահանջել նախագահի արտահերթ ընտրություններ:

Իսկ առկա քաղաքական անորոշությունը արդեն ճնշում է շատերին: Երբ Սերժ Սարգսյանը չարիք հռչակեց Գագիկ Ծառուկյանին, ոչ թե ԲՀԿ-ին, հասկանալի էր, որ «չարիքի» հեռանալուց հետո ԲՀԿ-ն կարող է շարունակել գործել: Հատկապես, որ ՀՀ 2-րդ նախագահը եւս շահագրգռված է դրանում: Սակայն ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով, դեռ հայտնի չէ: Երեւի իշխող կուսակցությունը կհուշի նաեւ միջոցների մասին…

Իսկ իշխող կուսակցության ներսում խոսում են նաեւ վարչապետի հնարավոր փոփոխության մասին: Կարծիք կա, որ Հովիկ Աբրահամյանին կներկայացնեն որպես խոստումը չկատարած ՀՀԿ-ականի, ով չկարողացավ զսպել ընդդիմադիր դարձած խնամի Գագիկ Ծառուկյանի քաղաքական ախորժակը: Մի այլ տարբերակ էլ կա, որ Հովիկ Աբրահամյանն այսպիսով ազատ կլինի եւ կդառնա ԲՀԿ հովանավորն ու միջոցներ գտնող-տրամադրողը, ինչը թույլ կտա կառույցը պահել գոնե կիսով չափ եւ աշխատեցնել: Սա եւս հավանական է, չնայած խոսում են նաեւ Ռոբերտ Քոչարյանի կողմից նշանակվող մեկ այլ թեկնածուի մասին, ով կին է եւ ՀՀ 2-րդ նախագահի եղբոր դուստրը:  

Ամեն դեպքում՝ Գագիկ Ծառուկյանի ներդրած գումարների չափը դժվար թե պահպանվի ԲՀԿ նոր նախագահի օրոք, քանի որ աշխատավարձերի կամ թոշակների ու նպաստների, պարգեւատրումների ներդրած սեփական համակարգը ԲՀԿ ղեկավարը այլ նպատակների համար էր կիրառում, ինչը հաստատ չի գործի այլեւս: Այս ամենը պարզ կդառնա, երբ Գագիկ Ծառուկյանը վայր դնի պատգամավորական մանդատը եւ կուսակցության առաջիկա համագումարի ընթացքում հրաժարվի ղեկավարի պաշտոնից (նյութը պատրաստ էր տպագրության, երբ երեկ եղավ հրաժարականը): Կուսակցության համագումարի ընթացքում կընտրվի նոր նախագահ, ինչպես եւ արդեն երեկ եղավ՝ ի դեմս Նաիրա Զոհրաբյանի:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը դեռ օրեր առաջ ասել էր. «Մենք քննարկել ենք կուսակցության նոր ղեկավարի հարցը: Այլ թեկնածու, բացի Նաիրա Զոհրաբյանից, չկա: Ես կարծում եմ, որ նրա թեկնածությունն անպայման կպաշտպանվի: Համագումարից հետո կլինի նաեւ քաղաքական խորհրդի նիստ, որի ժամանակ կորոշվի նաեւ կուսակցության ղեկավարի տեղակալի հարցը»,- ասել էր պատգամավորը՝ հավաստելով, որ «Գագիկ Ծառուկյանը վայր կդնի պատգամավորական մանդատը եւ, պատգամավորի կարծիքով, առժամանակ կհեռանա քաղաքականությունից: Փոխվելու է նաեւ կուսակցության գրասենյակի վայրը»:

Համագումարը երեկ անցկացվեց դռնփակ ռեժիմով: Այն կեսից լքեց Վարդան Օսկանյանը, ով քիչ ժամանակ անց լքեց նաեւ ԲՀԿ շարքերը՝ պատճառաբանելով, որ ԲՀԿ-ն չկարողացավ իրականացնել ժողովրդի ցանկությունը՝ իշխանափոխությունը, որի մեջ մեղքի բաժին ունի նաեւ ինքը:

Հիշեցնենք, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը օրեր առաջ ասել էր. «Մոտ օրերին կտեսնեք Գագիկ Ծառուկյանի քայլերը»:

Ըստ նախկին պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ «այս ընդդիմությունը, որը փոշիացավ, գաղափարական հիմքեր չուներ»:

Ռուսաստանը Հայաստանում իշխանափոխություն չի ուզու՞մ

«Եվ իշխանությունը, եւ նրանց ընդդիմադիրները համոզվեցին, որ Ռուսաստանում շահագրգռված չեն այսօր մեր երկրում իշխանափոխության հարցի սրացմամբ»,- ասել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Բայց, եթե դա այդպես է, ապա այն ուժերը, որոնք իշխանափոխություն են պահանջում, պիտի զրկվեն Ռուսաստանի աջակցությունից ու պաշտպանությունից, ինչը այդպես չէ: Գյումրիի դաժան սպանդից եւ հայության արձագանքից հետո Մոսկվան թերեւս փորձում է նեղել Հայաստանի իշխանություններին, ինչը կարող էր իրականացվել հենց ԲՀԿ-ի ղեկավարի միջոցով:

«Ռուսաստանն ինչ-որ տեղ պաշտպան էր Հայաստանի ընդդիմությանը՝ որպես հակակշիռ իշխանություններին եւ որպես շանտաժի ենթարկելու միջոց…»,- նշել է Երեւանի մամուլի ակումբի նախագահը: Նա կարծում է, որ մեր երկրում իշխանափոխության հարց բարձրացնող ուժերի դիրքերը այլեւս թուլացան եւ ավելի լավ է այդ պահանջից ժամանակավորապես հրաժարվեն:

Բացի այդ, ցանկացած ներքին քաղաքական սրացում ձեռնտու չէ «մեր երկրի օլիգարխիական համակարգին», որոնք կայուն եւ անփոփոխ են մնում բոլոր իշխանությունների ժամանակ։

* * *

Կրկին հնչեց, որ «Մարտի մեկի էջը փակված չէ», որ կան հարցեր՝ դեռ պատասխան չեն ստացել: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, թե մոռանալ՝ նշանակում է ներել, իսկ ոճրագործությունը ներել, նշանակում է նոր ոճրագործություն ծնել…

Բայց էլի մոռացավ հստակեցնել, որ այդ քաղաքացիական հակամարտության համար մեղավոր են եւ՛ իշխանությունները եւ՛ ընդդիմությունը, որ ցայսօր մնում է ընդդիմություն միայն շահարկումների եւ իշխանատենչության մղումով:

Նախկին նախագահն ամեն անգամ առաջարկ է դնում քվեարկության եւ «հաջողության» հասնելով մարտիմեկյան ցավը կրող մարդկանց «հաղթանակած» տուն է ուղարկում… Մի՞թե սա ավելի վատ չէ, քան չպարզաբանված հարցերին չպատասխանելը:

Մարդիկ մի հարցի շուրջ հավաքված բոլորովին այլ նպատակի համար էին քվեարկում. հավաքվածները ձեռքները վեր պարզած քվեարկում էին, իսկ արձագանքն այսպիսին էր՝ «Հաշվել հնարավոր չէ: Դեմ, ձեռնպահ, չկա: Արձանագրում ենք ուրեմն՝ որոշումն ընդունված է: Բայց, իհարկե ՀՀԿ-ականներն ամեն ինչ կանեն վերեւից եկած հրամանով, իշխող կուսակցությունը այս նախաձեռնությունն էլ կտապալի, բայց դա ոչ մի նշանակություն չունի, հանձինս ձեզ՝ հայ ժողովուրդը այն այստեղ արդեն հռչակել է»…

Լա՜վ, ինչքա՞ն կարելի է խաղալ մարդկանց զգացմունքների հետ: Իսկ պատասխանը հնչեց այսպես՝ «Հազար տարի էլ անցնի, զոհվածների ծնողներն էլ ստանան փոխհատուցում ու բոլոր հանցագործներն էլ պատժվեն, միեւնույն է՝ բոլորս պետք է ամեն տարի այս օրը հավաքվենք… անօրինական իշխանությունների բռնությունների դեմ»…

Այսքանից հետո, երբ ամեն հարց լուծվի, ինչպես նշվում է, հազար տարի էլ հավաքվե՞նք: Եթե հարց չմնա այլիեւս, ուրեմն միշտ մի հայ է գտնվելու՞, ով պետությանը կվտանգի… Միշտ ինչ-որ մեկը դրսից մարդ պիտի կանչի՞… Ախր հենց դա է պատճառը, որ հազար ու ավելի տարի մեր հզոր պետականությունը չենք կարողանում վերակերտել ու առաջ անցնել:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 7 (353), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։