Մեր մարզիկները կմասնակցե՞ն Բաքվի խաղերին – Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ-ը քաղաքական կառույց չի համարել եւ հայասպան թշնամուն սպորտի հետ կապ չունեցող է դիտարկել… Հայաստանի մասնակցությունը՝ աննպատակ եւ անիմաստ…

Մեր մարզիկները կմասնակցե՞ն Բաքվի խաղերին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի որոշմամբ մեր մարզիկները կմասնակցեն ամռանը Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական մարզական խաղերին եւ հանդես կգան 6 մարզաձեւերում (սամբո, հրաձգություն, ձյուդո, ընբշամարտ, բռնցքամարտ, թաեքվանդո): Ճիշտ է, գործադիր կոմիտեն նաեւ մեկ վերապահումով է որոշում կայացրել, ըստ որի յուրաքանչյուր մարզիկ ինքն է վերջնական որոշում կայացնելու մասնակցել-չմասնակցելու հարցում:

Մի՞թե ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երկար ժամանակ լինելով քաղաքականության մեջ՝ այդպես էլ չիմացավ, որ Բաքուն Ադրբեջանի մայրաքաղաքն է: Իսկ Ադրբեջանն այն պետությունն է, որը մեզ բացահայտ թշնամի երկիր է ու ամեն օր խախտում է թե՛ մեր պետության, թե՛ ազատագրված Արցախի սահմանները: Մի երկիր է, որ տարիներ առաջ թյուրք-հունգարական բանտից 3 մլրդ. դոլարով ազատեց ու հերոսացրեց Ռամիլ Սաֆարովին, ով իր հետ ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարեց քնած: Կարիք կա՞ քիչ ավելի հեռու գնալու… Պարզապես հիշեցնենք, որ անցյալ տարի նոյեմբերին 12-ին, երբ հրթիռակոծեցին Արցախում վարժական թռիչք իրականացնող հայկական անզեն ուղղաթիռը, Ադրբեջանի ղեկավարությունը, որ եվրոպական ամառային օլիմպիադա է կազմակերպում, օրեր շարունակ թույլ չէր տալիս հայկական կողմին վերցնել խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունները, մինչեւ որ հայկական կողմը դա չարեց հատուկ ռազմական գործողությամբ՝ վտանգելով մասնակիցների կյանքը, բայց իրականացնելով երկրի պարտականությունը զոհված զինվորների նկատմամբ:

Բայց ՀԱՕԿ-ը քվեարկությամբ որոշել է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի օլիմպիադային: Չնայած միջազգային մի շարք կազմակերպությունների բողոքներին՝ Ադրբեջանում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության ճնշումների վերաբերյալ, եվրոպական երկրները անարձագանք են թողնում այս ամենը: Նրանց եւս չի անհանգստացնում, որ Ադրբեջանը ամեն օր վտանգում է հազարավոր հայ զինծառայողների եւ խաղաղ բնակիչների կյանքը՝ դիվերսիոն հարձակումներ գործելով հայկական սահմանամերձ բնակավայրերի, դիրքերի վրա, կրակահերթի տակ պահելով գյուղերը: Դիպուկահարների միջոցով զոհվել են բազմաթիվ զինծառայողներ եւ բնակիչներ: Միայն 2015թ. մեկնարկից Ադրբեջանի սադրանքների զոհ է դարձել մեկուկես տասնյակ զինծառայող, մի քանի խաղաղ բնակիչ:  

Ադրբեջանի նախագահն ամեն օր Հայաստանին սպառնում է պատերազմով ու ոչնչացումով: Այդ երկրում հոգեպես, բարոյապես, երբեմն էլ ֆիզիկապես ոչնչացվում են հայ գերիներ, նրանք խոշտանգվում են, ենթարկվում ծաղրի ու անարգանքի, իսկ երբ հաջողվում է հետ վերադարձնել, նրանք կյանքի մնացյալ մասը անցկացնում են որպես հիվանդներ: Եվրոպայի ամառային օլիմպիական խաղերի (որոնք առաջին անգամ են անցկացվում) իրավունքը Բաքուն ձեռք է բերել նավթադոլարներով: Սա փորձ է ցույց տալու, թե ինչպիսի ժամանակակից ու մարդասեր պետություն է Ադրբեջանը, որը Եվրոպային օլիմպիական համերաշխության տոն է պարգեւում: Ադրբեջանի համար Եվրոպայի օլիմպիադան PR ակցիա է: Եթե Հայաստանը կայացնում է դրան մասնակցելու որոշում, ապա դա նշանակում է, որ կայացվել է Ադրբեջանի PR-ին մասնակցելու որոշում: Իսկ Ադրբեջանը մի երկիր է, որ անգամ օլիմպիական խաղերի ժամանակ չէր դադարեցնում ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմաններին: Այս երկիրը որեւէ կապ չունի օլիմպիական գաղափարների, մարդասիրության եւ այլ համամարդկային արժեքների հետ…

Կարծում ենք այս հարցում ճիշտ չէ, որ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները հեռու են պահում իրենց որոշում կայացնելու հարցից եւ ամեն բան թողել են ՀԱՕԿ-ի ինքնուրույն որոշման վրա: Սա որքան մարզական, նույնքան էլ քաղաքական հարց է: Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից հեռանալու դիմաց ստացել է սպորտում որոշումներ կայացնելու իրավունք, սակայն դրանք անքննելի չեն կարող լինել: Այս գործարարը ապացուցեց, որ շատ հեռու է քաղաքականությունից… Օլիմպիադաները մարզական առանձնահատուկ նշանակության միջոցառումներ են, քանի որ դրանց հիմքում ոչ միայն մրցակցությունն է, այլ առաջին հերթին մարդասիրական բարձր արժեքները: Օլիմպիադաները քաղաքակրթական երեւույթ են նաեւ, ուստի կարեւոր խնդիրների դեպքում պետություններն անգամ քննարկում են այդ միջոցառումներն այս կամ այն երկրի հանդեպ բոյկոտելու խնդիրը: 1980թ. արեւմտյան աշխարհը բոյկոտեց Մոսկվայի ամառային օլիմպիադան, որովհետեւ ԽՍՀՄ-ը ներխուժել էր Աֆղանստան: ԱՄՆ-ում անցկացվեցին «Բարի կամքի խաղեր»…

Օլիմպիական խաղերը պետությունների համար հաճախ ծառայում են կարեւոր քաղաքական հարցերում իրենց դիրքորոշումներն արտահայտելու լավ առիթ, եւ այդ իմաստով Հայաստանն ունի այդ առիթը, ինչը սակայն չի օգտագործում, ավելին՝ մեր թշնամու օգտին է ամեն ինչ կատարում… Մի՞թե Հայաստանը հերթական անգամ բաց է թողնելու հակաադրբեջանական քաղաքականությամբ զբաղվելու այս միջազգային հնարավորությունը: Գագիկ Ծառուկյանը, փաստորեն, ՀԱՕԿ-ը քաղաքական կառույց չի համարել եւ հայասպան թշնամուն սպորտի հետ կապ չունեցող է դիտարկել: Դեռ ժամանակ կա: Բաքվում մեր մարզիկների մասնակցության որոշումը փոխե՛լ է պետք:

Հայաստանի մասնակցությունը՝ աննպատակ եւ անիմաստ

Հայաստանի մասնակցությունը Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին համարվել է աննպատակ:  Այս մասին հայտնել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: «Առաջին հերթին կասկածում եմ, որ Ադրբեջանում ապահովված կլինի մեր մարզիկների անվտանգությունը: Դա է, որ ամենաառաջնահերթն է: Ամեն օր սահմանում կրակոցներ են, զոհեր են լինում, նաեւ խաղաղ բնակչության շրջանում, խփում են մեր ուսումնական վարժանք անցկացնող ինքնաթիռը կամ գիշերը քնած ժամանակ սպանում հայի… իսկ միջազգային ոչ մի կառույց պատժամիջոցներ չի կիրառում: Եվ այդ ամենից հետո հարգել այդ երկրում անցկացվող առաջնությունն ու գնալ, իմ կարծիքով, նաեւ ինքնասիրության հետ է կապված: Բոլորին պետք է ասենք, որ ինքնասիրություն ունենք: Բաքվի խաղերի մասնակցությունն աննպատակ եւ անիմաստ է»,- ասել է մարզիչը: Նա փաստեց, որ մեր ըմբշմարտի ֆեդերացիան արդեն որոշում է կայացրել ու չի մասնակցելու այդ խաղերին. «Իրենք ամեն քայլ անելու են, որ մեր մարզիկներն այնտեղից վերադառնան առանց մեդալների»: Խոսվել է նաեւ այն հանգամանքի մասին, որ պետք է հասկանալ՝ մարզիկները պատրա՞ստ են մասնակցելու այդ խաղերին: «Երբ ՄՕԿ-ի ու ԵՎՕԿ-ի նախագահներն այստեղ էին, բարձրաձայն հայտարարեցին, որ Հայաստանի ոչ մի մարզաձեւի վրա ոչ մի պատժամիջոց չի կիրառվի: Մենք ունենք մասնակցության ազատ իրավունք»:

Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015թ.։ Նման որոշումն ընդունվել էր 2012թ. Եվրոպական օլիմպիական կոմիտեի նիստում: Այս խաղերի համար նախատիպ են եղել Համաամերիկյան եւ Ասիական խաղերը: Եվրոպական խաղերի ծրագրում կընդգրկվեն 16 օլիմպիական եւ 4 ոչ օլիմպիական մարզաձեւեր: Բաքվի օգտին քվեարկել էին Եվրոպական օլիմպիական կոմիտեի 38 անդամներ, 8-ը դեմ են արտահայտվել, իսկ 2-ը՝ ձեռնպահ: Հիշեցնենք, որ 2014թ. նոյեմբերին Բաքվից վերադարձած ՀԱՕԿ-ի պատվիրակությունը հայտարարեց, որ հայ մարզիկները մտադիր են մասնակցել հաջորդ տարի Ադրբեջանում կայանալիք Եվրոպական մարզական 1-ին խաղերին, սակայն որոշումը վերջնական չէ (հայկական պատվիրակությունը մասնակցում էր Եվրոպայի օլիմպիական կոմիտեի համաժողովին, որի ընթացքում ադրբեջանական կողմից հավաստիացումներ են հնչել հայ մարզիկների անվտանգությունը ապահովելու մասին)։ Օլիմպիական կոմիտեի լրատվական ծառայության պետ Յուրի Ալեքսանյանը նշել էր, որ մարզիկները պատրաստ են գնալ, իսկ մարզիչները դեռ կասկածում են. «Այս ամեն ինչը, կարծում եմ, դեռ չի նշանակում, թե արդեն մերոնք կմասնակցեն, որովհետեւ մեր Հայաստանի ԱՕԿ-ը սպորտի նախարարության ղեկավարությունը, ազգային ֆեդերացիաները պետք է համատեղ քննարկեն այս հարցը, տան լիովին իրենց համաձայնությունը, նոր վերջնական որոշումը ավելի ուշ կկայացնեն։ Բայց մերոնք միանշանակ համաձայն են թիմեր տանել, տանել միայն առաջատարներին, իսկ մենք առաջատարներ շատ ունենք, որպեսզի Ադրբեջանում բարձրանա հայոց եռագույնը, հնչի մեր հիմնը»։ Ադրբեջանական կողմը իր հավաստիացումներում նշել էր, թե այնպես կանի, որ մարզասերներն իրենց խելոք կպահեն, բայց թե ինչպես են դա անելու, չի ասել։ Իսկ այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կոմիտեն» քանիցս հայտարարել է, որ իշխանությունները չեն կարող խոստումներ տալ, քանի որ իրենք անհանգստացնելու են հայ մարզիկներին՝ նաեւ մրցելույթների ժամանակ:

Բացի սա, բողոքող իրավապաշտպան կազմակերպություններ կան, որ փորձում են Բաքվի խաղերը տապալել, քանի որ այդ երկրում ձերբակալված են տասնյակ քաղաքական ու հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ ու լրագրողներ: Իշխանություններն այս խաղերի կազմակերպմամբ փորձում են իրենց դիրքերն ամրապնդել: Վերջերս կենդանիների պաշտպանության կազմակերպությունները եւս բողոքել են, քանի որ Բաքվում հարյուրավոր թափառող շների են սպանում՝ իբր խաղերի ժամանակ փողոցներում հանգիստը պահպանելու նպատակով:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 8 (354), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։