Եվրապարտատոմսեր. Հայաստանի պերճա՞նքը, թե՞ թշվառությունը… Անխիղճ բանկերից պրծում չկա… Ալյուրի հարստացում. առողջությու՞ն կպարգեւի, թե՞ կխլի այն…

Եվրապարտատոմսեր. Հայաստանի պերճա՞նքը, թե՞ թշվառությունը

Խեղդողը ռուսակա՞նն էր

Եվրապարտատոմսերի առաջին թողարկումից հետո ասացինք, թե լավ է իհարկե, որ ՀՀ կառավարությունը եվրապարտատոմսերի վաճառքից եկած գումարով միանգամից 2013թ. մարեց ռուսական 500 մլն դոլար վարկը եւ, ընդ որում, մարեց ամբողջությամբ: Թե չէ Ռուսաստանն այդ վարկի պատճառով մեր քթից բռնած ինչ իմանաս ինչեր էր ուզելու: Տնտեսական լեզվով ասած՝ տարեկան 44 մլն դոլար ավել վճարելուց պրծանք: Ավելի պարզ՝ Հայաստանը վաղաժամկետ եւ փաստորեն ամբողջությամբ երկու տարի առաջ մարեց ռուսական վարկը, ավելի ստույգ՝ 500 մլն դոլար վարկի մնացորդը՝ 440 մլն դոլար, որը ներառում է ինչպես մայր գումարի մնացորդի, այնպես էլ հաշվարկված տոկոսների պարտքը: Գուցե կրկնվում ենք, բայց այդ վարկը մարվեց հենց սեպտեմբերի 18-ին թողարկած 700 մլն դոլարի եվրապարտատոմսերի հաշվին։ Հիշեցնենք, որ վարկը Ռուսաստանից վերցրել էինք 2009թ.՝ 15 տարի ժամկետով, լիբոր+3 տոկոսադրույքով։ Եվ պիտի տարեկան մոտ 44 մլն դոլար վճարեինք մայր գումարի մարման նպատակով։ Դարձյալ կրկնվենք, բայց քաղաքական լեզվով ասած՝ մենք տվեցինք պարտքը մի երկրի, որ հարյուրավոր միլիոններ ներեց աֆրիկյան երկրներին, բայց իր այսպես ասած ռազմավարական գործընկեր ու դաշնակից Հայաստանի պարտքը չներեց: Ու թե այդ լիբոր+3-ն էլ 15 տարում վրաներս ինչ կնստեր, պարզ չէ:

Մի խնդիր էլ կար. բանն այն է, որ ՀՀ-ն միջազգային ֆինանսական կառույցների կողմից (ումից վարկեր է վերցնում) արդեն դասվում է միջին եկամուտ ունեցող երկրների շարքին: Սա նշանակում է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները դադարեցնում են Հայաստանին արտոնյալ պայմաններով փոխառությունների տրամադրումը, ինչն էլ իր հերթին ընդգծում էր այդ օրերին եվրապարտատոմսերի թողարկման անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ քանի որ Հայաստանն այլեւս արտոնյալ պայմաններով վարկեր չի ստանալու ոչ Արժույթի միջազգային հիմնադրամից, ոչ Համաշխարհային բանկից, ոչ այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունից, պետք է ինքնուրույն ֆինանսավորում հայթայթեր (եթե նախկինում այդ կազմակերպությունները վարկ տրամադրում էին, որպես կանոն, 10 տարի արտոնյալ մարման ժամկետով, 0,75% տարեկան տոկոսադրույքով, ապա 2007թ. սկսած արտոնյալ վարկերը նվազել են, սկսել են ավելի թանկ պայմաններով առաջարկել)։ Սրանով էլ բացատրվում է եվրապարտատոմսերի թողարկումը:

Դրանք, ի դեպ, շատ արագ սպառվեցին: Սեպտեմբերի 18-ին թողարկվեցին, եւ սեպտեմբերի 30-ին ամբողջ գումարը տեղափոխվեց ՀՀ կառավարության հաշվեհամարներին: Եվրապարտատոմսերը ձեռք են բերել 152 ներդրողներ՝ աշխարհի բոլոր ֆինանսական կենտրոններից։ Հիմա կրկին ուզում ենք եվրապարտատոմսեր թողարկել, բայց, հնարավոր է, առաջինի նման դրանք չսպառվեն, քանզի ռիսկերն ավելի են մեծանում:

Ինչեւէ, շարունակենք նախորդ միտքը: Ֆինանսների այդ ժամանակվա նախարար Դավիթ Սարգսյանն էր վստահեցրել, որ մենք կախված չենք 1 կամ 2 ներդրողից: Ներդրողների 42%-ը ԱՄՆ-ից է, 23%-ը՝ Մեծ Բրիտանիայից, 17%-ը՝ մայրցամաքային Եվրոպայից,ներդրողներ կան նաեւաշխարհի մյուս ֆինանսական կենտրոններից։ Պահանջարկը կազմել է 2,7մլրդ դոլար, թեեւ հետո հայտերը հասել են 3 մլրդ դոլարի։ Արդյո՞ք ՀՀ-ից գնորդներ չկան:

Պատասխան չհնչեց այդ ժամանակ:

Դե՞ղ, թե՞ թմրանյութ

Երկու տարի առաջ մենք շատ կարեւոր մի հարց էլ քննարկեցինք. փաստորեն մենք ռուսական պարտքը մարելու համար պարտք արեցինք: Ռուսական պարտքը, ճիշտ է, տվեցինք, բայց այդ 700 մլն-ն էլ մնաց մեր շլինքին, որը 2020թ. արդեն 1 մլրդ է դառնալու: Հետո ինչպե՞ս ենք մարելու այդ 1 մլրդ-ը, չհաշված մեր մյուս արտաքին պարտքերը: Այստեղ է, որ մտավախություն կա: Պարտատոմսեր տպելը վատ բան չէ, բայց արդյո՞ք դրա ռիսկայնությունը հաշվարկված է մեր տնտեսական տեղաշարժերի եւ հնարավոր ծավալումների համապատկերում: Մտավախություն չկա՞, որ Հունաստանի օրը ընկնենք: Ճիշտ է, Հունաստանը մեր օրին չէր, բայց մեզնից վատ վիճակում է արդեն: Իսկ ամեն ինչ սկսվեց նաեւ այն բանից հետո, երբ պարտատոմսեր տպելն ու պարտք տալը նրա համար թմրանյութի պես մի բան դարձավ: Արդյունքում հայտնվեց կրախի առաջ:

Մենք կդիմանա՞նք գայթակղությանը, թե կթողարկենք, կներարկենք (պարտքը մարենք), հետո նորից կթողարկենք եւ այլն՝ գործնականում չպակասեցնելով մեր արտաքին պարտքի չափը, դեռ ավելին՝ ավելացնելով։ Դավիթ Սարգսյանը հստակ երաշխիքներ չտվեց, որ այդպես չի լինի:

Ավելին՝ չբացառեց, որ ապագայում կարող են կրկին թողարկումներ իրականացվել, բայց տրամաբանական համարեց, որ դա 7 տարի հետո կարվի։ Իսկ գուցե այդ 7 տարին հենց 2014թ. գա՞: Այս դիտարկման պատասխանն էլ օդում մնաց:

Ստացվեց, որ մեր կանխատեսումը մեկ տարով ուշացավ: 2015թ. է ու նոր պարտատոմսեր ենք ուզում թողարկել:

Կառավարությունը այս տարվա մարտի 10-ի նիստում հավանություն տվեց եվրապարտատոմսերի թողարկման ազդագրին, եվրապարտատոմսերի թողարկման գլխավոր տեղաբաշխողների խմբի (օրինակ՝  «Էյջ Էս Բի Սի բանկի», «Ջեյ Փի Մորգան Սեքյուրիթիսի») հետ կնքվելիք բաժանորդագրության պայմանագրին, պարտավորությունների կառավարման պայմանագրին, «Սիթի բանկ», «Լոնդոն բրենչ», «Նյու Յորք բրենչ» ընկերությունների հետ կնքվելիք ֆիսկալ գործակալի պայմանագրին, պարտավորությունների կառավարման առաջարկի հուշագրին:

Ըստ ֆինանսների նախարարար Գագիկ Խաչատրյանի, արտարժութային պարտատոմսերի թողարկումը կառավարության կողմից մշտապես դիտարկվում է որպես պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներից մեկը: Սակայն պետական պարտքի կառավարման գործառույթը չի սահմանափակվում միայն պարտատոմսերի տեղաբաշխմամբ:

Պոտենցիալ ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից պակաս կարեւոր չէ նաեւ պարտավորությունների կառավարումը: «Միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսերով գործառնությունների իրականացումը բազմաքայլ եւ բազմաթիվ մասնակիցների ներգրավմամբ իրականացվող գործընթաց է, եւ այն ենթադրում է որոշակի կանոնակարգված փաստաթղթերի նախապատրաստման փուլ»,-ասաց ֆինանսների նախարարը:

Հիշյալ գործընթացի շրջանակներում  ՀՀ միջազգային իրավախորհրդատուի ու գլխավոր տեղաբաշխողների խմբի հետ քննարկումների արդյունքներով պատրաստվել են մի շարք փաստաթղթեր:

Արտարժութային պարտատոմսերով գործառնությունների իրականացումը կախված է միջազգային կապիտալի շուկայի պայմաններից, սակայն այդ պայմանների նպաստավոր լինելու դեպքում, գործառնությունները հնարավոր են միայն այն դեպքում, երբ առկա են հավանության արժանացած անհրաժեշտ փաստաթղթերը եւ կառավարության կողմից առանձին փաստաթղթերի ստորագրման համար ֆինանսների նախարարությանը տրամադրված լիազորությունը:

«Եվրապարտատոմմսերի թողարկումը կառավարությունը կարեւորում է նաեւ այն տեսանկյունից, որ դա միջազգային կապիտալի շուկայում ՀՀ ներկայությունն ամրապնդում է»,- ասաց Գ. խաչատրյանը:

Գործադիրի որոշումն ուժի մեջ կմտնի հենց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Մասնագետներն ասացին

Ինչքանո՞վ է այժմ նպատակահարմար եվրապարտատոմսեր թողարկելը: Մանավանդ հիմա, երբ «Մուդիս ինվեսթոր սերվիս» միջազգային վարկանիշային գործակալությունը եւ Համաշխարհային վարկանիշավորող «Ֆիտչ րեյթինգս» գործակալությունը  նվազեցրել են Հայաստանի վարկանիշային շեմը:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի կարծիքն է. (հայտնել էր tert.am-ին)՝ «Կառավարության այս որոշումը բնական է, որ լավ օրից չէ: Ակնհայտ է, որ կան բյուջետային խնդիրներ եւ բյուջեի դեֆիցիտի մարման համար միջոցների անբավարարություն: Բյուջեի դեֆիցիտը լրացնելու աղբյուրներից մեկը պարտատոմսերի միջոցով արտաքին փոխառություններ ներգրավելն է: Հիմա դա ցանկություն է, բայց թե ինչպե՞ս կտեղաբաշխվեն պարտատոմսերը, ի՞նչ պայմաններով, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, կառավարությանը բյուջեն լցնելու համար հավելյալ միջոցներ են անհրաժեշտ: ՀՀ մտնող օտարերկրյա ներդրումները կրճատվում են, արտահանում չկա, դոլարային մուտքեր չկան, ձեռնարկատիրական գործունեությունը պասիվացած է, տնտեսական տեմպերի դանդաղում է նկատվում: Այս ամենը չի կարող չհանգեցնել բյուջետային խնդրի սրման, դրա համար հույսը արտաքին փոխառություններ ներգրավելն է… Գուցե կառավարությունը փոխի որոշակի մոտեցումներ, Արեւմուտքի հետ սկսի նոր հարաբերություններ, փորձի իր վարկանիշը բարձրացնել ու ստանալ արտոնյալ փոխառություններ, բայց դա կապված է միայն կառավարության վարքագծից»:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի կարծիքն է. «Կառավարության այս որոշումը փաստում է մեկ բան. գումար ներգրավելու անհրաժեշտություն կա: Սակայն խնդիրն այն է, որ այս պահի դրությամբ եվրոն արժեզրկված է: Եվրոպական կենտրոնական բանկը  մոտավորապես 1.1 տրիլիոն եվրո է պատրաստվում տպել եւ ամսական մոտավորապես 60 մլրդ եվրո գցելու է շրջանառության մեջ: Այս պարագայում, եթե թողարկում ենք եվրաբոնդեր, դա նշանակում է, որ մենք հետագայում այդ եվրաբոնդերի համար ստիպված ենք լինելու վճարել ավելի թանկ, դեռ չհաշված տոկոսի գումարը: Ստացվում է, որ հետագայում ավելի մեծ կորուստ կարող ենք ունենալ: Արդյունքում ավելանալու է նաեւ ՀՀ արտաքին պարտքը: Պարտատոմսերի վաճառքը մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է, բայց կարեւոր է, որ մենք մի քանի տարի իրար հետեւից պարտատոմսեր թողարկելով չդառնանք անվստահելի պարտապան: Խնդիրն այն է, որ եթե մենք վերցնում ենք այդքան պարտք, կարող է նաեւ հետագայում դժվարություններ լինեն դրանց սպասարկման տեսանկյունից: Ես այս գործիքը շատ օգտագործելուն դեմ եմ, որովհետեւ դա ավելացնում է արտաքին պարտքը, դրա դիմաց հետագայում վճարում ես լրացուցիչ տոկոսներ, իսկ հաշվի առնելով, թե ինչպիսի վիճակում է հենց հիմա գտնվում եվրոն, նման քայլի դիմելը ճիշտ չէ»:

Աստղինե Քարամյան

Անխիղճ բանկերից պրծում չկա

Սպառողական կրեդիտավորման հետ կապված փոփոխություն կլինի: Դրա արդիականությունը, ըստ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի, պայմանավորված է անհատ գյուղտնտեսությունների ներգրաված վարկային ռեսուրսների մեծ ծավալով եւ գյուղական համայնքներում ֆինանսական գրագիտության ցածր մակարդակով, որն էլ առաջացրել է «Սպառողական կրեդիտավորման մասին»  օրենքի դրույթները գյուղատնտեսական վարկերի վրա տարածելու անհրաժեշտությունը:

Ներկայում կառավարությունը, 2011թ. որոշման համաձայն, սուբսիդավորում է գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները, ընդ որում՝ սուբսիդավորվում են մինչեւ 3 մլն. դրամ ծավալով, տարեկան առավելագույնը 14% փաստացի տոկոսադրույքով դրամային վարկերը: Սուբսիդավորվում է վարկի տոկոսադրույքի 4%-ային կետին համարժեք մասը, իսկ հանրապետության առավել կարիքավոր համայնքների վարկառուների վարկի տոկոսադրույքի 6%-ային կետին համարժեք մասը: ՀՀ օրենսդրությամբ այժմ կարգավորված չէ գյուղատնտեսական վարկավորման ոլորտը: Մասնավորապես վարկային ռեսուրսների անվանական տոկոսադրույքի առավելագույն չափը կարգավորվում է միայն ՀՀ քաղօր-ի կետերով, համաձայն որոնց‘«պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը»: Այժմ այդ առավելագույն չափը կազմում է տարեկան 24%, սակայն տարածվում է միայն անվանական տոկոսադրույքի վրա, մինչդեռ փաստացի տոկոսադրույքը, որը ներառում է նաեւ ոչ տոկոսային ծախսերը, շատ դեպքերում 1.5-2.5 անգամ գերազանցում է նշված ցուցանիշը: «Հաշվի առնելով այն, որ ֆինանսավարկային կազմակերպություններն իրենց վարկային պրոդուկտները գովազդելիս շեշտը դնում են միայն անվանական տոկոսադրույքի վրա՝ հաճախորդներին գրավելով անվանական «ցածր» տոկսադրույքով՝ նշված խնդիրը դառնում է առավել արդիական անհատ գյուղացիական տնտեսությունների համար»,-ասաց Գ. Խաչատյանը:

Ալյուրի հարստացում. առողջությու՞ն կպարգեւի, թե՞ կխլի այն

Ցորենի ալյուրի հարստացման խնդիրը հիմա քննարկվում է՝ ընդ որում հիմնականում երկու հարցի շրջանակում՝ արդյո՞ք հարստացումից հետո հացը կթանկանա եւ արդյո՞ք այդ հարստացումն անվտանգ է: Առաջին հարցի պատասխանը կառավարությունում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն արդեն տվել է՝ ասելով, ըստ  նախնական հաշվարկների, ծրագրի ներդրման դեպքում հարստացված մեկ տոննա ալյուրի գինը կարող է բարձրանալ ընդամենը 0,2%-ով (1.5-2 դոլար՝ 1տոննա ալյուրի համար), «ինչը, համապատասխան վերահսկողության դեպքում, չի ազդի հացամթերքի գնի վրա»:  Երկրորդ հարցի պատասխանը միանշանակ չէ. առողջապահական ոլորտի մասնագետները խոսում են առողջության ոլորտում բարելավվելիք տարբեր ցուցանիշների մասին, իսկ ալյուրի հարստացմանը դեմ կողմը խոսում է տրամագծորեն հակառակը՝ վատթարացող ցուցանիշների մասին: Ո՞րն է խնդիրը, իրականությունը: Կփորձենք բացել փակագծերը՝ ներկայացնելով տեսակետներ, պարզաբանումներ:

Բայց այս ամենի մասին՝ հաջորդ համարում:

«Լուսանցք» թիվ 8 (354), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։