Անցում՝ ազգիշխանական համակարգի – Ժողովրդավարությունը վերածվել է ամբոխավարության, ինչը անբնական համակարգի վերջնակետն է… Ճիշտը նոր կուսակցություն հռչակելն է…

Անցում՝ ազգիշխանական համակարգի…

Այն, որ ժողովրդավարությունն արհեստածին քաղաքական երեւույթ է, դրանում կարելի է համոզվել բնական օրենքների ամենապարզ ուսումնասիրությամբ: Ժողովուրդը կամ զանգվածը, առավել եւս ամբոխը, անբնական երեւույթներ են եւ չեն կարող իրական ու արդարադատ համակարգ ունենալ: Խոսքը ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական, իրավական կամ կեցական, թե այլ համակարգերի մասին է նաեւ:

Ժողովրդավարությունն իսկապես վերածվել է ամբոխավարության, քանզի երկրորդը առաջինի վերջնակետն է իսկզբանե: Անբնական համակարգը կարող է գոյատեւել միայն խմբակային, ինչպես ասում են այժմ՝ թայֆայական, կամ նման այլ բաժանումների միջոցով: Այժմ ոմանք նաեւ ասում են, թե քաղաքական կառույցները պետք է լուծարել եւ ժողովուրդը պիտի լինի միակ քաղաքական ուժը, իշխանությունը, ինչը ամբոխավարության վերջին հանգրվանն է:

Իսկ ինչպե՞ս են պատկերացնում երկրի կառավարումը՝ ամենժամյա հանրաքվեների կամ հանրահավաքների միջոցով, թե՞ երկրում ամեն բան ինքնիրեն տեղի է ունենալու եւ հայությունը Ազատության հրապարակում հավաքված, առանց աշխատելու, ստեղծագործելու եւ արարելու պիտի ապրի հրապարակի կենտրոնում:

Այսպես վերջերս Ուկրաինայում էր, երբ «Մայդանը» դարձավ իշխանություն, ընտրական տեղամաս եւ ռազմա-քաղաքական հայտարարությունների վայր… Հետո, երբ ոմանք՝ գործարար-դրամատերերի մի նեղ մասնագիտացված ու միջազգային պատվեր կատարող խմբակ հասավ իշխանափոխության, «Մայդանը» դարձավ ավելորդ օղակ, այն պարզապես դուրս շպրտեցին Կիեւի կոնտրոնից: Իսկ «Մայդանը» արդեն նոր իշխանություններից էր դժգոհում…

Սա ամբոխավարության վերջին շրջանն է, որից հետո գալիս է ժողովրդավարական բռնապետության հաստատումը, երբ «հեղափոխության զավակները» արդեն խժռում են միմյանց եւ, ի վերջո, ժողովրդավարական բռնապետությունը արտաքին հրահանգներով վերածվում է բոլորին խժռած խմբի քաղաքական պատկերացումների համակարգի:

Ժողովրդավարությունն անգամ ժողովրդաիշխանության տարր չունի իր ներսում: Ժողովրդաիշխանության համակարգը հավաստում է ժողովրդի կողմից ընտրված իշխանություն ունենալու ձգտումը, իսկ ժողովրդավարությունը եղել ու մնում է մի խմբի կամ խմբերի իշխանության համակարգ՝ ամբոխավարական հեռանկարով:

Հայաստանում ժողովրդավարություն ասվածը նաեւ ճիշտ չի ընկալվում միջազգային ընկալումների տեսանկյունից, քանզի քավորա-սանիկային կամ թաղային-ախպերական երանգներ է ստանում, ինչը ժողովրդավարական բռնապետություն ձեւակերպումից դուրս է հանում նաեւ ժողովրդավարություն եզրը:

Վերջին տարիների քաղաքական իրադարձությունները, հատկապես իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները, վկայում են այն մասին, որ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, թե՛ քաղաքական համակարգում առհասարակ ճիշտ չէ ընկալվում ժողովրդավարության էությունը, որը այսպես թե այնպես անբնական համակարգ է: Բայց այդպիսի համակարգ լինելով կարողանում է գոյատեւել, քանի որ ժողովրդաիշխանության տարրեր է որոշակիորեն ներառում, այնպիսի տարրեր, ինչպիսիք կային «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո»՝ պատմությամբ թրծված համակարգում: 

Համաձայն մեզանում տարածված կարծիքի, ժողովրդավարությունը մեծամասնության դիրքորոշման, համոզմունքի եւ վերաբերմունքի՝ որպես բոլորի գործի ու կյանքի կազմակերպման սկզբունքների ընդունումն է: Այսինքն՝ մեծամասնության կարծիքի իրավունքի արտահայտությունն ու կիրառումն է հանդիսանում: Այստեղից հետեւություն, որ դա վերածվում է օրենքի, կանոնակարգի բոլորի համար: Եվ այդուհետ որեւէ մեկը չի կարող այս կամ այն խմբավորումների միջոցով դառնալ օրենքից վեր: Սա է հնում եղած «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո»-ի հաջողության գրավականը: Օրենքը սահմանափակում է ամենօրյա ժողովներն ու ժողովականների պահանջները: Բայց հիշեցնենք, որ հնում եղել է նաեւ «Իշխանաց ժողովներ», որ այսօր կարող է փոխարինվել մտավորականների (բոլոր ոլորտների ու բնագավառների մասով) ներգրավմամբ… Էլ չասենք, որ եղել են նաեւ «Ավագների ժողովներ», որ փորձառու եւ խելամիտ մարդկանց հավաքատեղի է եղել ընտրովի:

Բայց իրականում այս ամենը եղել ու գործել է ազգիշխանական համակարգում, երբ ազգային օրենքները՝ մեծամասնության իրավունքը, գերակա է եղել անձերի իրավունքից: Այսպես նաեւ մարդկային ազատությունը զերծ է մնացել սանձարձակության վերածվելուց, ինչի ականատեսն ենք այսօր… Եվ իրավունքների ու պարտականությունների համադրություն է եղել, շատ իրավունքները շատ պարտավորություններ են ակնկալել եւ հակառակը:

Այսօր մեզանում դրանք փոփոխվել են, փոխակերպվել հակառակ տրամաբանությամբ՝ շատ իրավունքներ ունեցողը ոչ միայն քիչ պարտավորություններ է ստանձնում, այլ հաճախ բոլորովին էլ չի ստանձնում…

Իսկ վերոնշյալ գործադիր կամ օրենսդիր ժողովները փոխարինվել են կառավարության եւ խորհրդարանի ստեղծմամբ, անգամ ինքնակառավարման համակարգ կա տեղերում գործող, բայց չկա ժողովրդաիշխանական հասկացությունը, եղել ու գործում է ժողովրդավարությունից ամբոխավարություն տանող գործելաոճը:

Եվ սա արվում է հանուն սեփական բարեկեցության եւ ոչ՝ ընդհանուր շահերի իրականացման: Բացակայում է այն տրամաբանությունը, որ ընտրվածները պատասխանատու են ընտրազանգվածի առջեւ: Այդ պատասխանատվությունն անգամ «Ժողովրդավարության օրրան» ԱՄՆ-ում չկա: Վերջերս Վերմոնտ նահանգի Անդերհիլլ քաղաքի ղեկավարի ընտրության ժամանակ քաղաքացիները հանգուցյալի են ընտրել: 55-ամյա Քեվին Թարրանթը մահացել է նախօրեին սրտի անբավարարությունից՝ գտնվելով իր տանը: Սակայն ընտրողներին այդ մասին չեն հայտնել՝ ելնելով նահանգի օրենսդրության այն պահանջից, որ ընտրությունների նախօրեին քարոզարշավն ու թեկնածուների մասին քննարկումներն արգելվում է: Ձայների հաշվարկի արդյունքներով, հանգուցյալը 3 տարի ժամկետով ընտրվել է 371 ձայն ավել ստանալով: Այժմ տեղի պաշտոնյաները աշխատում են ելք գտնել իրավիճակից դուրս գալու համար: Նրանք կարող են որեւէ մեկին նշանակել այդ պաշտոնում, այնուհետեւ անցկացնել արտահերթ ընտրություններ:

Սա ոչ մի կապ չունի ազատության կամ ժողովրդավարության հետ, պարզապես անբնական համակարգի անբնական հետեւանքներից մեկն է, որի նման հարյուրավոր այլ օրինակներ կարելի է բերել…

Արման Դավթյան

Ճիշտը նոր կուսակցություն հռչակելն է

Ինչպես սպասվում էր, ԲՀԿ-ն դարձավ հերթական յոթանասունքանիերորդ կուսակցություններից մեկը Հայաստանում: Սա պիտի լիներ, քանի որ անգամ ամենագործուն ժամանակներում բոլորն էին հասկանում, որ այդ կառույցը մեկ հոգու վրա հիմնված կուսակցություն է եւ ամեն բան պտտվելու է Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ: Սա ասում ենք՝ առանց որեւէ մեկի ինքնասիրությունը վիրավորելու միտումի՝ արժանավույնս գնահատելով այն անհատների գործը, ովքեր իրապես աշխատել են որպես քաղաքական գործիչներ: Վստահ ենք՝ ԲՀԿ-ի ներսում էլ սա լավ գիտեն:

Մի տեսակ սպասում կար, որպես լրագրող ցանկանում էի, որ այն գործիչները, ովքեր Հայաստանում եւ արտերկրում իսկապես աշխատել են հանուն երկրի, հրաժարվեն ԲՀԿ նախագահը լինելուց, երբ Գագիկ Ծառուկյանը հրաժարական տա: Չէի ցանկանա, որ Նաիրա Զոհրաբյանը եւս ստանձներ այդ պաշտոնը, որը հաստատ ժամանակավոր է, եթե ԲՀԿ-ի ստվերային ղեկավարները դեռ որոշել են պահպանել այս կուսակցությունը: Իսկ եթե չեն որոշել պահպանել, ապա ավելի լավ կլինի ԲՀԿ-ում մնացած պատգամավորներով ու քաղաքական ակտիվիստներով որոշ ժամանակ անց լուծարեն ԲՀԿ-ն, իրավահաջորդ այլ՝ մի նոր կուսակցություն հռչակեն: Սկսեն նոր տողից՝ պահպանելով «հին եւ բարի ավանդույթները»:

Ինչեւէ, ԲՀԿ արտահերթ համագումարից հետո նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն այսուհետ ընդդիմություն է լինելու: Այսպես ավարտվեց ԲՀԿ-ի այլընտրանքային անիմաստ կարգավիճակը: «Մենք պետք է գծենք ճանապարհային մեր քարտեզը, մեզ որոշակի քայլեր են պետք, հապճեպ քայլեր չենք անելու»,- ասել է նոր նախագահը:

Գագիկ Ծառուկյանի հրաժարականին հաջորդեց ԲՀԿ-ականների արտահոսքը: Հենց ժողովի օրը կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարեց նախկին ԱԳ ղեկավար Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ «կուսակցությունը չկարողացավ իրականացնել հայ ժողովրդի՝ իմ գնահատմամբ՝ բացարձակ մեծամասնության ցանկությունը՝ այս փուլում արմատական փոփոխություններ իրականացնելու եւ երկիրը ոչ միայն ծանր վիճակից դուրս բերելու, այլեւ զարգացման ճիշտ եւ առողջ ճանապարհի վրա դնելու»: Նա ԲՀԿ-ին անդամակցությունը դադարեցրեց՝ գիտակցելով այդ անհաջողության մեջ իր պատասխանատվության բաժինը: Բոլորովին այլ ձեւակերպմամբ հեռացավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը. «Հաշվի առնելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալու մասին որոշումը, այլեւս ոչ մի պարտավորվածություն չեմ տեսնում կուսակցության նկատմամբ»: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը եւս հայտարարեց կուսակցությունից դուրս գալու մասին: Նրա որդին եւ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, ավելի վաղ նույնպես հայտարարել էր ԲՀԿ շարքերը լքելու մասին: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական պատգամավորներ Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Մելիք Մանուկյանը, Գրիգորի Մարգարյանը, Ռուստամ Գասպարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Վարդան Օսկանյանը, Բազմասեր Առաքելյանը, Աբրահամ Մանուկյանը, Մարտուն Գրիգորյանը, ինչպես նաեւ ԲՀԿ-ական քաղաքապետեր, համայնքապետեր, Գյումրու մանկավարժականի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը կուսակցությունից դուրս գալու դիմումներ են գրել: Նման դիմումներ են գրել նաեւ Աբովյանի քաղաքի ուսուցիչները եւ այլք:

Իսկ ամենաանսպասելին, նաեւ կուսակիցների համար, ԲՀԿ նախկին ղեկավարի այն պահանջն էր, որ ԲՀԿ գրասենյակներից հետ ուզեցին գրասենյակների գույքն ու այլ պարագաներ, անգամ Գագիկ Ծառուկյանի նկարները… Մարզերում սկսել են փակվել գրասենյակները, իսկ գույք առանձնապես չի էլ եղել, ըստ աշխատակիցների՝ մարզերի ԲՀԿ շտաբներում առանձանպես գույք տրամադրվել է տարիներ առաջ. ու այս ընթացքում «մաշվել» է…

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 8 (354), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։