Ահաբեկիչների հարցում էլ են երկակի դատու՞մ – Արդյո՞ք Արեւմուտքի կամ Ռուսաստանի շահերից է բխում ահաբեկիչների կամ դիվերսանտների մասին մտահոգվելը… Գերիների հարցով Ադրբեջանի հետ երբեք լեզու չենք գտել…

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քրեական գործով պարզված ծանրակշիռ ապացույցների հիման վրա 2014թ. դեկտեմբերի 29-ի դատավճռով մեղավոր էր ճանաչել ԼՂՀ պետական սահմանը հանցավոր նպատակով ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի 2 անդամներին՝ ամբաստանյալներ Շահբազ Գուլիեւին եւ Դիլհամ Ասքերովին: Ընդգծենք, որ դատավճիռն արդեն կայացված է եւ, դատելով առկա փաստերից, փաստական հանգամանքներից, փոփոխության ենթակա չէ: Հատուկ նպատակով Արցախում հայտնված այդ դիվերսանտները դատապարտվել են առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար: Ընդ որում, խոսքը նաեւ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, մարդուն բացահայտ առեւանգելու, կազմակերպված խմբի կողմից, մարդուն առեւանգելով զուգորդված, ինչպես նաեւ ազգային ատելության շարժառիթով սպանությունների (այդ թվում՝ անչափահասի) մասին է, այսինքն՝ հանցանքների, որոնց նկատմամբ վերաբերմունքը խիստ է աշխարհի բոլոր երկրներում:

Սկզբից եւեթ ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ փորձեցին աղավաղված ներկայացնել իրողությունը, ստվերել ԼՂՀ-ում ընթացող դատական գործընթացը՝ այն ներկայացնելով աչառու, իսկ ահաբեկչության մեջ մեղադրվողներին՝ գերիներ: Սա ոչ թե ադրբեջանական ԶԼՄ-ների մասնավոր դիրքորոշումն էր տվյալ հարցում, այլ հենց Ադրբեջանի, որպես պետության, իսկ նպատակն այն է, որ Ժնեւի կոնվենցիայի ու համապատասխան արձանագրությունների ընձեռած հնարավորություններից օգտվելով, միջազգային պատկան ատյաններում բարձրացնեն նրանց փոխանակման կամ փոխանցման հարցը: Մինչդեռ, հայտնի եւ անժխտելի փաստ է, որ այդ սրիկաները ոչ թե գերեվարվել են, այլ ձերբակալվել ռազմական գործողությունների եւ հանցագործություն կատարելու ժամանակ:

Դատելով առկա փաստերով՝ դատապարտյալներն Ադրբեջանի բանակի կամ հատուկ ծառայության սովորական անդամներ չեն, ոչ էլ ինքնագործունեությամբ հանդես եկած դիվերսանտներ, քանի որ մեր թշնամի հարեւանը ջանք ու եռանդ չի խնայում նրանց ազատմանը կամ իրեն հանձնելուն հասնելու համար: Սակայն, Ադրբեջանի վարած քաղաքականությանն ու էությանը բնորոշ եւ այդ առումով կանխատեսելի հիշյալ ջանքերին չէ, որ պիտի ուշադրություն դարձնել, այլ հօգուտ ոճրագործների կատարվող Արեւմուտքի բարեխոսություններին: Այս իրավիճակում ԼՂՀ եւ ՀՀ իշխանություններն Արեւմուտքին պետք է առավելագույնս հասկացնեն (եթե, իհարկե, մինչեւ հիմա չեն հասկացել), որ ոճրագործներին մեղադրանքն առաջադրվել, դատավարությունն ընթացել ու նրանք դատապարտվել են ԼՂՀ քրեական, քրեական դատավարության օրենսգրքերի ու միջազգային օրենսդրության համաձայն:

ԼՀՂ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն արդեն իսկ հայտարարել է, որ նրանց մեղքը ապացուցվել, հաստատվել է թափանցիկ ու ժողովրդավարական դատավարության ընթացքում, որն ընթացել է մարդու իրավունքների պաշտպանների, ԶԼՄ-ների ներկայությամբ, ամբաստանյալներն իրենք էլ ընդունել են իրենց մեղքը, եւ Արցախի նախագահին նույնիսկ խնդրել, որ իրենց պատիժը մեղմվի:

Անդրադառնալով հանցագործների առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ մարդասիրական ժեստ ցուցաբերելու ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի՝ նշված գերատեսչության խոսնակ Ջեյն Փսակիի կոչին, ըստ որի, Ադրբեջանի կառավարությանը Ստեփանակերտում կալանավորված Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասքերովի հանձնումը կնվազեցնի լարվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ, ապա հարկ է հենց նրան ու Փսակիի գործընկերներին կոչ անել, որ լարվածության նվազման առնչությամբ չտրվեն իրենց պաշտոնին ու դիրքին անվայել քայլերի, եթե, իհարկե, այդքան միամիտ են, ինչն ի դեպ, խիստ կասկածելի է: Անգամ եթե այս հարցը բավարարվի, լարվածության նվազումը, լավագույն դեպքում, խիստ ժամանակավոր բնույթ է ունենալու, քանի որ Ադրբեջանն իր առջեւ բոլորին հայտնի հստակ նպատակ է դրել ու համառորեն փորձում է հասնել դրան:

Հիշյալ հորդորից կարճ ժամանակ առաջ, Բաքու կատարած այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նյուլանդն էր ԼՂՀ իշխանություններին կոչ արել, որպես մարդասիրական ժեստ, Ադրբեջանի կառավարությանը հանձնել ադրբեջանցի մարդասպան լամուկներին:

Այսինքն, մենք մեր երկիր ներխուժած եւ հայ սպանած մարդասպաններին պիտի «մարդասիրաբար» հանձնենք Ադրբեջանին, որ հետո այդ ահաբեկիչներին անմիջապես ազա՞տ արձակվեն, հերոսացվե՞ն… մի քանի տարվա աշխատավարձ վճարեն նրանց ու բնակարան նվիրե՞ն, նաեւ կոչումներ շնորհե՞ն՝ ինչպես վարվեցին Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովի հետ: Սա՞ են ուզում Վաշինգտոնում, թե՞ կարծում են այլեւս «մարսեցինք» ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ կատարված դավադրությունը, ապա նրան հաջորդած թյուրք-հունգարական դավաճանությունը…

Հետո ամերիկացիները սկսեցին մլմլալ, թե «մենք նախկինում էլ դեսպան Ուորլիքի եւ այլոց միջոցով պաշտպանել ենք այս երկու բանտարկյալների հանձնումը Ադրբեջանի կառավարությանը, անցյալում կողմերը, ընդհանուր առմամբ, ճանապարհ էին գտել՝ որպես հումանիստական քայլ բանտարկյալներին վերադարձնելը եւ նման մարդասիրական ակտերը ցույց են տվել, որ նվազեցնում են լարվածությունը եւ փոխվստահություն ստեղծում կողմերի միջեւ»,- ասել է Ջ.  Փսակին, բայց մոռացել է հավելել, թե ինչպես էին տանջամահ անում հայ մոլորված այն բնակիչներին, որ հայտնվում էին Ադրբեջանում՝ հետո էլ մի կերպ կարմիրխաչերով հասնում էին դիակի հանձնմանը…

Արդյո՞ք Եվրոպայի կամ Միացյալ Նահանգների շահերից են բխում ահաբեկիչների կամ դիվերսանտների կյանքի ու ճակատագրի նկատմամբ այսպիսի մտահոգություն արտահայտելը, երբ Եվրոպան ճկռում է իսլամական ահաբեկչությունից, որոնց աջակցել եւ աջակցում են նաեւ թուրք եւ ադրբեջանցի իսլամիստները Սիրիայում եւ Իրաքում:

Ի վերջո, Միացյալ Նահանգների համապատասխան պաշտոնյաները կհասկանա՞ն, որ երկակի ստանդարտների վրա հիմնված իրենց երկդիմի քաղաքականությունը, որի ավելի դիպուկ բնորոշումը անբարո քաղաքականությունն է, արդեն գրեթե ամբողջ աշխարհում մերկացված, պախարակված եւ իրեն սպառած է, հետեւաբար չի կարող արդյունավետ լինել:

Իսկ հիշյալ ամբաստանյալներին իրավունք ու հնարավորություն է տրվել առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկել Վերաքննիչ դատարանում: Եթե դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ոճրագործները ներման խնդրանքով դիմեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, իսկ վերջինս էլ Արեւմուտքի թեկուզ եւ անուղղակի ճնշմամբ բավարարի նրանց խնդրանքը, ապա դա, գրեթե կասկած չունենք, Արցախի ու Հայաստանի քաղաքացիների կողմից չափազանց վատ է ընդունվելու: Ինչը պարզ բնորոշմամբ կդիտարկվի որպես ազգադավ քայլ: Իսկ դա պետք չէ մեզ հաստատ, առավել եւս թշնամական միջավայրում գտնվելու պայմաններում:

Գերիների հարցով Ադրբեջանի հետ երբեք լեզու չենք գտել

Արցախյան ազատամարտից մինչեւ այսօր մեր երկիրն ունի հազարից ավելի անհայտ կորածներ, որոնցից 90-94 հոգի միայն պատերազմի ընթացքում է անհետացել։ ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների պետական հանձնաժողովը զբաղված է այդ անձանց տվյալների ճշգրտմամբ։ Հակառակ կողմը չի համաձայնում  վերադարձնել գերիներին։ «Չենք կարողանում Ադրբեջանի հետ լեզու գտնել ոչ մի ձեւով»,- շեշտել է հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը: Նրա խոսքով՝ ալիեւյան ռեժիմն է իշխում այնտեղ, եւ իրենք չեն կարողանում կոնտակտի դուրս գալ այդ երկրի հետ: Ավելին, Ադրբեջանը ժխտում է, թե իր մոտ գերիներ են պահվում։

Իսկ «Կարմիր խաչ»-ը չի հետաքրքրվում Ադրբեջանում պահվող հայազգի գերիներով: «23 տարի է՝ տառապելով ապրում ենք»,- ասել է անհայտ կորած ազատամարտիկ Վրեժ Գրիգորյանի մայրը՝ Սամարա Գրիգորյանը: Նա հույս ունի, որ կգա այդ օրը, ու տղաները ետ կգան։ Իրենք չեն էլ ուզում պատկերացնել, որ հերոս տղաները զոհվել են: Նա նաեւ հույս ունի, որ կառավարությունը ջանք չի խնայի, որպեսզի վերադարձնի այնտեղ պահվող տղաներին։

Անհայտ կորած ազատամարտիկ Ռուդիկ Գեւորգյանի կինը՝ Ալվարդ Սահակյանն էլ նշել է, որ որոշ տվյալներ իրենց չեն ասվում՝ անվտանգությունից ելնելով: Հանձնաժողովի անդամները միաբերան շեշտել են, որ «Կարմիր խաչ» կազմակերպությունը միայն ծայրահեղ դեպքում է միջամտում, մնացած դեպքերում իրենց չի հաջողվում այդ կառույցի հետ արդյունավետ աշխատել։ «Կարմիր խաչ»-ը չի հետաքրքրվում նաեւ, թե ինչ պայմաններում են Ադրբեջանում պահվում հայազգի գերիները։

Իսկ եվրոպական «մարդասերներին» եւ ԱՄՆ-ի պետքարտուղարությանը հատաքրքրու՞մ է…

Արամ Ավետյսն

«Լուսանցք» թիվ 8 (354), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։