Արցախի վերամիավորումը՝ օրախնդիր – Անկախության ճանաչումը ժամանականց է՝ միայն վերամիավորման վերաճանաչումը կստիպի հաշվի նստել հայկական կողմի եւ հայկական շահերի հետ…

Ադրբեջանը չի դադարեցնում սահմանային լարումներն Արցախի հետ, չնայած ամեն անգամ իր կրած մարդկային կորուստները մի քանի անգամ ավելի են լինում: ԵԱՀԿ ՄԽ միջնորդների հայտարարություններն այլեւս որեւէ օգուտ չեն բերում այս հարցում: Չնայած վերջին հայտարարություններում առաջվա երկկողմանի խորհուրդներ տալու ձեւին փոխարինվել էր Ադրբեջանին որոշակի մեղադրելու ձեւը, կրկին նույն իրավիճակն է մնում: ԵԱՀԿ-ն այդպես էլ չի ընտրում մեղավորին պատժամիջոցներով սպառնալու տարբերակը, որի դեպքում գոնե կարելի էր ակնկալել ինչ-որ դրական փոփոխություն:

Մարտի սկզբներին ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել, այս անգամ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արեւմտյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա) եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ղեկավար գնդապետ Մարկուս Վիդմերը (Շվեյցարիա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը եւ նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ ԲՄՊԽ ներկայացուցիչ գնդապետ Թունկայ Շեվիմը (Թուրքիա): Արցախի իշխանությունները պատրաստակամությամբ են աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել են ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Ինչպես այս դիտարկումները, այնպես էլ ադրբեջանական կողմի անհավասարակշիռ պահվածքը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին կարծես բերել են այն գիտակցմանը, որ խնդրի լուծումը կախված է ոչ այնքան Հայաստանի ու Ադրբեջանի ցանկությունից, որքան ԼՂՀ իշխանության ու քաղաքացիների կամքից:

Ի տարբերություն այս մոտեցման, Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ զեկուցողը փորձում է կրկին սրել իրավիճակը հօգուտ Ադրբեջանի: ԵԽԽՎ հերթական ամոթի մասին «Լուսանցք»-ը գրել էր, երբ թուրք-ադրբեջանական խավիարային ու նավթադոլարային քաղաքականությունը ադրբեջանական լոբբիստին նշանակեց ԼՂ զեկուցող փաստահավաք խմբի ղեկավար: Այս հանձնաժողովի աշխատանքները դադարեցվել էին, քանի որ ԵԱՀԿ ՄԽ-ն էր ճանաչվել որպես միակ միջնորդական առաքելություն, սակայն վերոնշյալ կաշառատու քաղաքականությամբ եւ եվրակաշառակերների (դեռ այլ երկրներում կաշառակերության մասին էլ սրա՛նք են կարծիքներ հայտնում) միջոցով այն վերականգնվեց: Հայաստանի պատվիրակները բոյկոտեցին ԵԽԽՎ-ում ԼՂ զեկույցի պատրաստման գործընթացը՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով այդ հարցում, հասկացնելով, որ հայկական կողմի համաձայնության բացակայության դեպքում այդ առաքելությունը չի կարող հայտնվել ոչ Հայաստանում, ոչ էլ Ացախում, որտեղ Ադրբեջանը որեւէ իրավասություն չի կարող բանեցնել: Այնուամենայնիվ ընդունվեց զեկույցի պատրաստման հարցը եւ այդ խնդրով զեկուցող նշանակվեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, ով հայտնի է ադրբեջանական փողերով սնվելու համբավով, հայտնի է նաեւ ԵԽԽՎ-ում որպես ադրբեջանական խայտառակությունների պարտակող։

Բրիտանացի եւ իսպանացի պատգամավորները ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամներ Սուլեյմանովի եւ Սեյիդովի հետ միասնաբար պաշտպանեցին ԼՂ վերաբերյալ սադրիչ վերնագրով՝ «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ», զեկույցի ընդունման նախաձեռնությունը։ Ինչպես ասում են, կասկածելի «ոսկերչական» ճշգրտությամբ բրիտանացի ծախու պատգամավորը 35 կողմ, 32 դեմ եւ 3 անվավեր ձայներով դարձավ զեկուցող։ Հիշեցնենք նաեւ, որ այս  պահպանողական պատգամավորը ԵԽԽՎ-ում ադրբեջանական իշխանությունների կարկառուն պաշտպաններից էր դեռ 2013թ. տեղի ունեցած Ադրբեջանի նախագահի խայտառակ ընտրություններում, քանզի հենց նա էր ղեկավարում ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը։

ԵԽԽՎ «դիտորդները» «ադրբեջանական խանի» վերընտրությունը գնահատեցին «ազատ, անկախ եւ թափանցիկ», ի տարբերություն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, որն այն որակել էր, մեղմ ասած, ոչ ժողովրդավարական։

Անգամ եվրոպական մամուլն արձագանքեց՝ անդրադառնալով այս խավիարակերների Բաքու կատարած այցերին, գործուղումներին, որոնց ժամանակ, ըատ «The Guardian»-ի, ԵԽ անդամներին ընդունել են արքայաբար, «սրանք իսկական արձակուրդներ են, որի ժամանակ ստանում են բազմաթիվ նվերներ, հիմնականում թանկ մետաքսի գորգեր, ոսկե, արծաթե իրեր, խմիչքներ, խավիար եւ գումարներ»։ Փաստորեն, Բաքվում ընդունված նվեր է համարվում 2 կգ խավիարը…

«Եվրոպական կայունության նախաձեռնության» կողմից հրապարակված «Խավիարային դիվանագիտություն. ինչպես է Ադրբեջանը լռեցնում Եվրոպայի խորհրդին» հայտնի զեկույցում նշված է, որ Ռոբերտ Ուոլթերը «Ադրբեջանի պահպանողական բարեկամներ» խմբի անդամ է եւ անվերապահորեն քարոզում է Մեծ Բրիտանիայի ու Ադրբեջանի միջեւ առեւտրային կապերը։ Այս բրիտանացին հայտնի է նաեւ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցի տապալման հարցով։ Բրիտանացի մյուս խավիարակերը՝ Մայքլ Հանքոկը, հայտնի է նաեւ իր անբարո վարքով՝ մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ։ Այդ վարքի համար լիբերալ-դեմոկրատների կուսակցությունը առկախել էր վերջինիս կուսակցական անդամակցությունը, իսկ անցյալ սեպտեմբերին նա դուրս եկավ լիբերալ-դեմոկրատների շարքերից։ Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ իրավիճակի վրա այսօր էլ աչք փակող եւ խավիարակերներով առատ այս կառույցից արդեն կարելի է ակնկալել ոչ այլ ինչ, քան հերթական «պատվերով համերգ»։

«Լուսանցք»-ը պարբերաբար գրել է անգլիական հակահայ քաղաքականության մասին, որը դարեդար գալիս է առանց փոփոխության, եւ բրիտանացի այս խավիակերները իսկական անգլիական քաղաքացիներ են՝ հակահայ կեցվածքով ու հարազատ իրենց երկրի քաղաքականությանը…

Եվ ահա, ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի զեկուցողը 2015թ. մարտի 12-13-ին փաստահավաք այցով եղել է Բաքվում՝ իր երկրորդ հայրենիքում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ զեկույցի պատրաստման համար։ Ռոբերտ Ուոլթերը հանդիպել է իր կաշառատու եղբայրներից Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի խոսնակի, արտաքին գործերի, արդարադատության եւ պաշտպանության նախարարների հետ։ Հանդիպումներ են եղել նաեւ փախստականների եւ բռնի տեղահանվածների պետական կոմիտեի նախագահի, խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ղեկավարների եւ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատիրակության՝ այս բրիտանացու արդեն արյունակից եղբայրների հետ։ Այնուհետեւ զրույցներ են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ միջազգային հանրության հետ առնչվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Քանի որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը բոյկոտել է ԼՂ զեկույցի պատրաստման գործընթացը, անգլիացին ստիպված է բավարարվել միայն իր ադրբեջանցի հարազատներին տեսակցելով: Արցախում առհասարակ արգելվել է ԵԽԽՎ բրիտանացի պատվիրակի մուտքը:

Ռուսական կողմը եւս «եվրախաղերի» մեջ է, ինչպես ԵԱՀԿ-ն ու ԵԽԽՎ-ն: Մոսկվան մեկ ԱՊՀ-ՀԱՊԿ-ով պաշտպանական ուղերձներ է հղում Հայաստանին, մեկ էլ հայտարարում է, թե «իրավիճակը մնում է անկայուն, ուստի Ռուսաստանը կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին ցուցաբերել զսպվածություն»: Արդեն հոգնել ենք նույն բանը ասել, ուստի կբավարարվենք հերթական քմծիծաղով:

Պաշտոնական Մոսկվան կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին ցուցաբերել զսպվածություն եւ թույլ չտալ այնպիսի գործողություններ, որոնք հետագա լարվածության պատճառ կդառնան: Նման հայտարարութուն է հնչեցրել ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը: Նա նշել է. «Իրավիճակը մնում է անկայուն: Տարվա սկզբից արձանագրվող լարվածությունից հետո փետրվարի 2-րդ կեսին հաստատվեց հարաբերական անդորր: Սա ընդունեցին նաեւ կողմերի ներկայացուցիչները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի խմբի կողմից այս տարվա փետրվարի 20-ին անցկացված դիտարկման ժամանակ: Բայց վերջին տվյալները փաստում են հրադադարի ռեժիմի խախտումների ակտիվացման մասին: Ցավոք, կան զոհեր»: Իսկ Անջեյ Կասպրշիկը դիտարկում է անցկացրել շփման գծում եւ կպատրաստի համանապատասխան զեկույց: Այն դժվար թե մեծ տարբերություն ունենա ռուսական կողմի հայտարարություններից:

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սիքյութան հայտարարել է, որ ԱՄՆ-ն հավատում է Մինսկի խմբի ձեւաչափին: Ամերիկացի դիվանագետը հավելել է, որ բավական սերտ հարաբերություններ ունի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր էլ միասնական ջանքեր են գործադրում հակամարտության խաղաղ կարգավորման համար, սակայն հարկ է նշել, որ կարգավորման ուղիներ գտնելու պատասխանատվությունն ընկած է հակամարտության կողմերի վրա: Մենք, որպես համանախագահող երկիր, Մինսկի խմբում շարունակում ենք ջանքեր գործադրել այդ հարցում»,- ասել է դեսպանը:

Նա անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղում ազատազրկման դատապարտված Ադրբեջանի 2 քաղաքացիներին (ովքեր դիվերսիոն գործողության եւ հայ խաղաղ բնակչի սպանության մասնակից են եղել)՝ նշելով, թե ԱՄՆ-ն կողմնակից է նրանց ազատ արձակման մարդասիրական քայլին: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի տարածաշրջանային այցի օրակարգում էր նաեւ այդ հարցը: «Երբ Նուլանդն այստեղ էր եւ երբ ուղեւորվում էր Հայաստան, իր հայտարարություններում նա նշել է, որ գերիների ազատ արձակումը մարդասիրական քայլ կլիներ»- հայտնել է ամերիկացի դիվանագետը:

Մի խոսքով՝ ամեն բան տանում է Հայաստանի ու Արցախի վերամիավորմանը, այդպես ամենաապահով իրավիճակը կստեղծվի մեզ համար: Քանզի այսօր Երեւանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցն այլեւս այն ուժգնությունը չի ունենա միջազգային ասպարեզում, ինչը կունենար տարիներ առաջ: Իսկ թույլ արձագանքը նաեւ թույլ տպավորություն կգործի, առավել եւս, երբ բոլորը վաղուց համոզված են, որ Երեւանը եւ Ստեփանակերտը գործում են միասնաբար: Ուստի՝ միայն վերամիավորման վերաճանաչումը կստիպի հաշվի նստել հայկական կողմի եւ հայկական շահերի հետ:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 8 (354), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։