Եվրանեսթում Հայաստանը պիտի լուրջ դերակատարում ստանձնի – Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն ընդունել է 6 փաստաթուղթ, որոնցից մեկը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Մարտի 17-ին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը (ԽՎ) Երեւանում ընթացող 4-րդ լիագումար նիստին ընդունել է 4 փաստաթուղթ եւ 2 հրատապ բանաձեւ, որոնցից մեկը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը:  Փաստաթղթերը վերաբերում են տնտեսական ինտեգրմանը, քաղաքական հարցերին, էներգետիկ անվտանգությանը եւ սոցիալական հարցերին՝ առաջ քաշելով մի քանի առաջարկ` «2014-2020թթ. Եվրոպական հարեւանության գործիքի միջոցով ներգրավվածություն ապահովել ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ ամուր գործընկերության նպատակով», «Ենթակառուցվածքային համագործակցություն ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ՝ ճանապարհային, երկաթուղային և օդային տրանսպորտի համատեղ ծրագրերով» եւ «Մշակութային եւ միջմշակութային երկխոսություն՝ Արեւելյան գործընկերության համատեքստում»:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան եւս մեկնաբանում է՝ նշելով. «Եվրանեսթն արդեն երկրորդ անգամ հյուրընկալվում է Հայաստանում, ինչը վկայում է այս կարեւոր վեհաժովողին հայաստանյան պատվիրակության ակտիվության մասին: Այն նաեւ դրական ազդանշան է ՀՀ-ԵՄ հետագա համագործակության համար: Ավելին, այսօր ընդունված փաստաթղթերը կնպաստեն ՀՀ-ԵՄ հարաբերությունների գործնական հարթության ամրապնդմանը՝ դուրս գալով սոսկ հռչակագրերի շրջանակից»:

Ընդունված փաստաթղթերում Եվրանեսթ ԽՎ-ն կոչ է անում Եվրամիությանը այսուհետ եւս խթանել իր անմիջական սահմանակից երկրների միջեւ սահմանների բացմանը: Ավելին, քաղաքական ու սոցիալական տեսանկյունից, ընդունված փաստաթղթերը կոչ են անում առնվազն որոշ դեպքերում առաջնորդվել մուտքի արտոնագրերի ազատ ռեժիմով: Ռուսաստանի դաշնությանն ուղղված կոչում նշվում է զերծ մնալ Ուկրաինա ցանկացած ներխուժումից: Էներգետիկայի վերաբերյալ Խորհրդարանական վեհաժողովը ընդգծում է ԵՄ ծրագրերի կարեւորությունը Արեւելյան գործընկերության երկրների համար:    Եվրանեսթ ԽՎ-ի՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված բանաձևը արժանացել է հատուկ ուշադրության: Այս բանաձեւը նաեւ որոշ կարեւոր ու նոր ասպեկտներ է ներառում Եվրոպական կառույցների ընդունած նախորդ բանաձեւերի համեմատ: Սա հատկապես կարեւոր է, որովհետեւ Եվրանեսթի անդամ Արեւելյան գործընկերության երկրներից ոչ մեկը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս բանաձեւը նրանց առաջին քայլը կլինի՝ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը՝ միացնելով իրենց ձայնը Եվրամիությանը՝ անմասն չմնալով Եվրոպական համերաշխությունից:  

Մասնավորապես, բանաձեւը «դատապարտում է մարդկության դեմ հանցագործության բոլոր տեսակներն ու ցեղասպանությունը եւ խստորեն դատապարտում է դրանց ժխտման փորձերը», նաեւ «աջակցում է միջազգային պայքարին ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման եւ պատմական արդարության հաստատման համար»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանըելույթը ունեցավ ԵԽ ԽՎ նիստի բացմանըԽ Նա այդ աբաթը «եվրոպական շաբաթ» համարեց՝ նշելով, որ ավարտից հետո մեկնելու է Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին: Ինչպես Երեւանում, այնպես էլ Բրյուսելում հանդիպումներ կլինեն ԵՄ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, իսկ մի քանի օրից Երեւանում տեղի կունենա նաեւ ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը:

Նախագահը կարեւորեց, որ այս ձեւաչափով ընթացող քննարկումները եւ որոշումները կնպաստեն Եվրոպական միության ու գործընկեր երկրների միջեւ համագործակցության խորացմանը տարբեր բնագավառներում: Այդպիսի հարցերից են ենթակառուցվածքային եւ տրանսպորտային համագործակցությունը, էներգաարդյունավետությունն ու էներգիայի վերականգնվող աղբյուրները, մշակութային երկխոսությունը: հայտնեց, որ ժամանակն է մտքեր փոխանակել Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման եւ Արեւելյան գործընկերության գալիք գագաթնաժողովի նախապատրաստման հարցերի շուրջ: Իսկ Երեւանը կարեւորում է Արեւելյան գործընկերության շրջանակներում միջխորհրդարանական համագործակցությունը:

Նախագահն իր խոսքում անդրադարձավ նաեւ Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն ավելի խորացնելու նպատակով նախաձեռնվածսահմանադրական բարեփոխումներին, նշելով, որ նպատակ ունեն կատարելագործել իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը: Հայաստանը հանձնառու է զարգացնել համագործակցությունը Եվրամիության հետ՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների ու դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առեւտրի ու ներդրումների ընդլայնման համար գործարար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության եւ գործընկերության շարունակական իրականացմանը եւ ոլորտային համագործակցության ընդլայնմանը:

Հատուկ կարեւորվել է քաղաքացիների շփումները խթանելու եւ ԵՄ հետ ազատ տեղաշարժ ապահովելու ուղղությամբ քայլերը: Հայկական կողմը ակնկալում է խորհրդարանականների աջակցությունը՝ առաջիկայում ԵՄ հետ ՀՀ քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունենալու շուրջ երկխոսություն սկսելու հարցում: Դա թույլ կտա ձեւավորել նոր մոտեցումներ ու ապահովել մեր քաղաքացիների համար տարբեր ինտեգրացիոն ձեւաչափերից փոխադարձաբար լավագույնս օգտվելու հնարավորություն` ամրապնդելով համագործակցությունը, նաեւ խուսափելով նոր առճակատումներից եվրոպական մայրցամաքում:

Ժաշտոնական Երեւանը հնարավոր է համարել համատեղել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությունը՝ դրանից բխող պարտավորություններով հանդերձ, եւ Եվրոպական միության հետ խոր ու ընդգրկուն օրակարգը: Ավելին, Հայաստանը փորձելու է համադրելի եզրեր գտնել ու տարբեր ինտեգրացիոն գործընթացների միջեւ սերտ կապեր հաստատելու միջոցով նպաստել համագործակցությանը եւ երկխոսությանը:

Սա այն է, ինչ գրել է նաեւ «Լուսանցք»-ը. որ Հայաստանը իրավունք չունի միակողմանի քայլեր անելու եւ պետք է միջնորդի դեր կարողանա ստանձնել ԵՏՄ-ԵՄ հարաբերություններում: Մաքսային պայմանագրի ստորագրումը կարծես թե չի փակել Ասոցացման համաձայնագրի ստորագրման ճանապարը, ինչի մասին մի քանի անգամ խոսել են նաեւ եվրոպական պաշտոնյաները:

Վերլուծաբանները կարծում են, որ Եվրոպան Հայաստանին հերթական անգամ «շանս է տալիս», եւ թե որքանո՞վ ՀՀ իշխանությունը կկարողանա օգտագործել այդ շանսը, ԵՏՄ-ի կարծրատիպերը մեղմելու եւ Հայաստանի վրա Ռուսաստանի անթույլատրելի ազդեցությունը նվազեցնելու առումով, դեռ կպարզվի:

Այս տարի հայությունը քաղաքակիրթ աշխարհի հետ միասին ոգեկոչում է 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ ՀՀ նախագահը հիշել է, որ Եվրոպական խորհրդարանը համաեվրոպական կառույցներից առաջինն էր, որ 1987թ. իր բանաձեւով դատապարտեց Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ կատարված ոճրագործությունը` Թուրքիայի կառավարությանն այն ճանաչելու կոչ անելով: Սերժ Սարգսյանի խոսքով՝ «Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի ողբերգությունն է, այլեւ քաղաքակրթության ու մարդկության դեմ համաշխարհային մասշտաբի հանցագործություն, որը հիշեցում է մեզ պատմության դասերը չսերտելու, ցեղասպանությունը ժխտելու վտանգների, ինչպես նաեւ հանցագործություններն անպատիժ եւ չճանաչված թողնելու երկարաժամկետ բացասական հետեւանքների մասին: Մարդու իրավունքների հանդեպ հարգանքը եվրոպական արժեհամակարգի այն հենասյունն է, որն ընկած է մեր համագործակցության հիմքում: Այդ համատեքստում մեծապես կարեւորում եմ Եվրոպական խորհրդարանի կողմից ս.թ. մարտի 12-ին ընդունված «Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն աշխարհում եւ ԵՄ քաղաքականությունը. 2013» զեկույցը, որտեղ առանձին կետով անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ կոչ արվել ԵՄ անդամ պետություններին ճանաչել այդ ողբերգությունը, իսկ ԵՄ կառույցներին՝ նպաստել այդ գործընթացին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացին, երկրի ղեկավարն ընդգծել է, որ չենք պատրաստվում այս հարթակը վերածել քարոզչության կամ ժողովուրդների միջեւ թշնամանք սերմանելու միջոցի. ինչպես դա տեղի ունեցավ Ադրբեջանում, այլ փորձում ենք վեհաժողովի ընձեռած հնարավորությունները լավագույնս ծառայեցնել մեր ժողովուրդների խաղաղ գոյակցության եւ համագործակցության ընդլայնման գործին: Ի տարբերություն ադրբեջանական բոյկոտի, հայկական պատվիրակությունները ակտիվ մասնակցություն են ունեցել Ադրբեջանում կայացած բազմաթիվ միջոցառումներին, ներառյալ՝ 2012թ. Բաքվի լիագումար նիստին:

Բաքուն խախտում է նաեւ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները Արցախի խնդրի կարգավորման հարցում եւ խաղաղության պահպանմանն ուղղված քայլերում: Հետեւողականորեն փորձելով է սասանել կամ փոխել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը: Բայց ՀՀ նախագահի համոզմամբ՝ մի բան պարզ է, որ խնդրի լուծման բանալին գտնվում է ոչ թե Փարիզում, Մոսկվայում կամ Վաշինգտոնում, այլ՝ Բաքվում, Ստեփանակերտում եւ Երեւանում: Մինչդեռ Ադրբեջանը մտացածին պատրվակներ է գտնում համանախագահողների առաջարկած սկզբունքների հիման վրա կարգավորումից խուսափելու նպատակով: Անհրաժեշտ է համարվել, որ միջազգային հանրության, եվրոպական կառույցների աներկբա գնահատականը այդ երկրի նման գործելակերպին ավելի շոշափելի լինի:

Անկախ Ադրբեջանի անիրատեսական պահանջներից, շփման գծում իրականացվող պարբերական սադրանքներից՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Միջազգային հանրության մոտեցումը, հատկապես վերջին տարիներին, այն է, որ եվրոպական ու համամարդկային արժեքների վրա հիմնված` ժողովուրդների ազատ կամարտահայտությունն ու ինքնորոշման իրավունքը այլընտրանք չունեն: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից եւս այդ իրավունքի ազատ իրականացումն է, որ կարող է հանգեցնել այս հարցի համապարփակ լուծմանը: Այդ մոտեցումն է ընկած նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների առաջարկությունների հիմքում: Եվ Հայաստանը նաեւ Եվրանեսթում պիտի առաջնորդվի այս քաղաքականությամբ ու նաեւ  լուրջ դերակատարում ստանձնի այս կառույցի աշխատանքներում:

Արտակ Հայոցյան

 «Լուսանցք» թիվ 9 (355), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։