Երբ հայ զինվորը գիտի, որ իրեն փորձում են սպանել ռուսակա՛ն զենքով… Կիեւը լրացրեց Բաքվի բացը՝ ինչպես միշտ – Իրականում չկար ո՛չ ռուսամետություն, ո՛չ էլ առավել եւս՝ հակաուկրաինականություն…

Երբ հայ զինվորը գիտի, որ իրեն փորձում են սպանել ռուսակա՛ն զենքով

Հայաստանը, իր անկախացումից ի վեր, ոչ մի այլ երկրից չի ստացել անգամ 1 տոկոսն այն օգնության, որը ցուցաբերում է Ռուսաստանը։ Այս մասին մարտի 18-ին «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային ֆորումի շրջանակներում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր շնորհակալությունը հայտնելով Ռուսաստանին այդ աջակցության համար։

Հայ-ռուսական հարաբերություններում մեծ դեր է խաղում ռազմական համագործակցությունը։ Սակայն, այդ հարաբերությոններում խնդիր կա: «Այդ հարաբերություններում մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ Ռուսաստանը տարբեր պատճառներով զինամթերք է վաճառում Ադրբեջանին։ Խնդիրն այստեղ ոչ թե վաճառվող զինամթերքի որակն է, այլ այն հանգամանքը, որ սահմանին կանգնած հայ զինծառայողը գիտակցում է, որ իրեն փորձում են սպանել ռուսական զենքով։ Սա խնդիր է, եւ այն պետք է լուծել։ Մյուս կողմից այսօր, ըստ իս, եւ այդպես են կարծում նաեւ շատ այլ մասնագետներ, Ադրբեջանը Ղարաբաղի հիմնախնդիրը չի կարող լուծել ռազմական ճանապարհով։ Լեռնային Ղարաբաղի բանակը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի»,- եզրափակել է Հայաստանի նախագահը։

Սա այն է, ինչ մենք մշտապես ասում ենք, ո՛չ մի նորություն: Նորությունն այն է, որ այդ խոսքերը հնչում են երկրի ղեկավարի բերանից: Վերջապե՛ս: Իսկ մնացյալը… մնացյալ չկա, մեզ պարզապես կսովորեն հարգել…

Կիեւը լրացրեց Բաքվի բացը՝ ինչպես միշտ

Մարտ 17-ին Երեւանում կայացավ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նստաշրջանը: Չնայած Թուրքիայի հորդորներին, Ադրբեջանը չմասնակցեց երեւանյան նստաշրջանին: Իսկ Անկարան մտավախություն ուներ, որ Հայոց ցեղասպանության հարցը այստեղ եւս կքննարկվի, ինչպես Եվրոպայի ժողովրդական կուսակցության համաժողովում, ուստի՝ ակնկալում էր Հայաստանում Ադրբեջանի ներկայացուցիչներին ընդդիմախոսի դերում տեսնել: Սակայն Բաքուն հրաժարվեց մասնակցությունից: Փոխարենը՝ Ցեղասպանության բանաձեւին դեմ է արտահայտվել ուկրաինական պատվիրակությունը:

Երբ Կիեւի «մայդանի» կրքերը նոր-նոր էին բորբոքվում, ուկրաինական լրատվամիջոցներն ու դիվանագետները պատեպատ էին զարնվում, թե Հայաստանը կանգնել է Ռուսաստանի կողքին եւ չի պաշտպանում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Երբ Ղրիմը միացավ Ռուսաստանին, ուկրաինական մոտեցումը ավելի սրվեց, անգամ խոսում էին, թե պետք է խզել հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ ՄԱԿ-ում ՀՀ-ն չի պաշտպանել ուկրաինական շահերը:…

Հայաստանում էլ ոմանք արդեն ուշաթափվում էին մեր երկրի «ռուսամետությունից եւ «հակաուկրաինական» դրսեւորումներից: Իսկ իրականում չկար ո՛չ ռուսամետություն, ո՛չ էլ առավել եւս՝ հակաուկրաինականություն, կար Հայաստանի շահ: Երեւանը Կիեւի ու Մոսկվայի գործերին բացարձակապես չխառնվեց, չեզոք դիրք գրավեց՝ հայտարարելով, որ երկու կողմերում էլ գործընկերներ են: Եվ շատ ափսոս պաշտոնապես չասվեց, թե Ուկրաինան ինչպես է ԽՍՀՄ փլուզումից հետո ցայսօր տանում ադրբեջանամետ եւ թուրքամետ քաղաքականություն՝ ի վնաս Հայաստանի: ԱՊՀ-ի դեմ ստեղծվեց ՎՈւԱՄ-ը, եւ ՄԱԿ-ում ու եվրոպական կառույցներում Կիեւը սատարում էր միայն Բաքվի տեսակետները: Անգամ՝ Արցախի հարցում, իսկ մեզանից Ղրիմի հարցով այլ դիրքորոշում էր սպասում… Այնուամենայնիվ, եթե Հայաստանը ուկրաինական շահերը չպաշտպանեց էլ, ապա նրանց նման հակա-քաղաքականությամբ չզբաղվեց ու բավարարվեց իրական չեզոքությամբ:

Մինչդեռ Երեւանում Կիեւը հերթական անգամ ապացուցեց, որ չի պատրաստվում դառնալ հայանպաստ քաղաքականության կրող: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստում քննարկվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ Հայաստանի ու Եվրոպական խորհրդարանի կողմից կազմված բանաձեւը եւ ընդունվեց 33 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ: Բանաձեւին դեմ էր արտահայտվել միայն ուկրաինական պատվիրակությունը:

«Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ» բանաձեւը նույնպես ընդունվեց՝ 38 կողմ, 9 դեմ եւ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հայաստանի ներկայացուցիչը՝ Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը ելույթ է ունեցել՝ բանաձեւի նախագծի քննարկման ժամանակ՝ նշելով, որ «Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ու դրա արդյունքում առաջացած գերլարվածությունը հանգեցրել են բարդ եւ վտանգավոր իրավիճակի, որի շուտափույթ կարգավորումը բխում է բոլորիս շահերից: Առաջացած վակուումի պայմաններում միջազգային հանրությունը պարտավոր է ամեն ինչ անել՝ առկա հին ու դեռեւս չլուծված հակամարտություններին նորերի ավելացումը կանխելու, միջազգային հարաբերություններում առաջացած անկայուն մթնոլորտի թեժացումը նվազեցնելու համար»: Նշվել է, որ բազմիցս հայտարարել ենք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ մեր մտահոգությունների մասին, քանի որ ստեղծված իրավիճակը, Ուկրաինայում տեղի ունեցող բռնությունները անհանգստացնում են նաեւ այն պատճառով, որ ավելի քան կես միլիոն հայեր են բնակվում Ուկրաինայում, ու հարցի շուտափույթ լուծումը առաջնային է նաեւ մեզ համար: Ցանկացած ճգնաժամ իր հանգուցալուծումը պիտի գտնի բացառապես խաղաղ միջոցներով՝ լայն ու բաց երկխոսության համատեքստում, ինչպես նաեւ բանակցությունների հիման վրա՝ ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի նորմերի, իսկ կոնկրետ Ուկրաինայի հարցում նաեւ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա:

Այս հարթակում ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ ներկայացված բանաձեւի կապակցությամբ մեր պատվիրակությունը միակարծիք չէր, եւ ներկայացուցիչները քվեարկել են՝ հիմնվելով իրենց համոզմունքներին՝ առաջնային համարելով հակամարտությունների բացառապես խաղաղ միջոցներով կարգավորման տեսլականը:

Ինչեւէ, իսկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձեւի ընդունումից հետո ելույթ ունեցող պատվիրակները կարեւորեցին բանաձեւի ընդունումը՝ նշելով, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի նման ոճրագործություններն այլեւս չկրկնվեն:

«Ոչ մի ցեղասպանական հանցագործություն 1 օրում չի սկսվում ու ավարտվում, եւ միայն այն ժամանակ, երբ ցեղասպանություն արած ոճրագործն ընդունում է դա, արդյունք կարելի է տեսնել: Թուրքիան սեփական պատմությունը խմբագրելու անհաջող փորձերով է տարված»,- ասել է Հայաստանի պատվիրակության ղեկավարը: Նրա խոսքերով՝ ցեղասպանության 100-ամյա տարելիցը պայքարի նոր սկիզբ է. «Տպավորություն չլինի, որ Եվրանեսթն այս տարի Հայաստանում է անցնում, դրա համար էլ հայկական պատվիրակությունը ցանկանում է այս բանաձեւն ընդունել, նախորդ տարի դեռ պիտի ընդունվեր այս բանաձեւը, սակայն տեխնիկական պատճառներով հետաձգվեց ընդունումը»: Նիստը վարող համանախագները նշեցին, որ ԵԺԿ-ն ամբողջությամբ պաշտպանում է այս բանաձեւը ու հիշեցրեցին, որ արդեն ընդունվել է նման բանաձեւ:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի մասնակիցները ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել ավելի քան 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը։

Եվրախորհրդարանի անդամ, Լատվիան ներկայացնող Տատյանա Ժդանոկան ասել է, թե ուսանողական տարիներին է լսել Հայոց ցեղասպանության մասին, նշել է, որ այստեղ մարդը համակվում է զայրույթով ու ցասումով եւ մտածում՝ ինչպես կարելի է մոռանալ Աստծո պատվիրանը՝ սիրիր մերձավորիդ: Ռիգայում տեղադրված է Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքար-հուշարձան, որի մոտ ամեն տարի ապրիլի 24-ին Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ իրենք էլ հարգանքի տուրք են մատուցում զոհերի հիշատակին։

Եվրախորհրդարանի պատգամավոր, Չեխիան ներկայացնող Յարոմիր Շտետինան էլ նշել է, որ բազմիցս եղել է Հայաստանում ու ամեն անգամ այցելել է Ծիծեռնակաբերդ։ Եվ քանի որ կիսում է հայ ժողովրդի վիշտն ու ցավը, պատրաստ է աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող որոշումներին ու փաստաթղթերին: Նա, ինչպեսեւ այլ պատվիրակներ, իր գոհունակությունն է հայտնել եվրոպական ամենամեծ քաղաքական ուժի՝ ԵԺԿ-ի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման կապակցությամբ:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 9 (355), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։