Կարծիքների բախում.- Ալյուրի հարստացում. առողջությու՞ն կպարգեւի, թե՞ կխլի այն – Տարբեր մեկնաբանություններին զուգահեռ, «Լուսանցք»-ը լսել է նաեւ մասնագիտական տեսակետ եւ այն փոխանցել ընթերցողին…

Եվ այսպես՝ ալյուրի հարստացում. պե՞տք է այն, թե՞ ոչ:  «Լուսանցք»-ը կներկայացնի երկու կողմերի տարբեր տեսակետներըՄենք պատրաստ ենք մեր էջերում կրկին տեղ հատկացնել այս թեմային՝ հաշվի առնելով դրա կարեւորությունը:

Ի դեպ, «Լուսանցք»-ը գրություն էր ուղարկել առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, որովհետեւ մեր բազմաթիվ ընթերցողներ ալյուրի հարստացմանը վերաբերող խնդրի առնչությամբ մեզ շատ էին դիմում՝ հասկանալու, թե, ի վերջո, ինչ կտա ալյուրի հարստացումը, այն վտանգավո՞ր է, կամ՝ ո՞ր դեպքում է անվտանգ եւ ո՞ր դեպքում՝ վտանգավոր: Արդյո՞ք պարտադիր է լինելու հարստացումը, թե՞ մարդը կարող է նաեւ խանութից չհարստացված ալյուրով թխված հաց գնել:

Տարբեր մեկնաբանություններին զուգահեռ, մենք ուզում էինք լսել մասնագիտական տեսակետ եւ այն փոխանցել ընթերցողին: Խնդրել էինք, որ մասնագետները նաեւ բացատրեն, թե ինչ վիճակ է մեր երկրում, ինչ կլինի, եթե ամեն ինչ մնա առաջվա պես՝ առանց հարստացված ալյուրով հացի: Պատասխանը չուշացավ:

Եվ ուրեմն՝ այսօր կներկայացնենք, թե ալյուրի հարստացմանը դեմ խոսողները  ինչպես են պատճառաբանում իրենց դիրքորոշումը եւ ինչ պարզբանում է ներկայացնում ընդհանրապես խնդրո առարկայի շուրջ պետական գերատեսչությունը:

Մենք ֆոլաթթվի ու երկաթի կարիք չունե՛նք

Երեւանում մարտի 10-ին  ՄԱԿ-ի գրասենյակի մոտ տեղի ունեցավ քաղաքացիական բողոքի ակցիա՝ «Ցորենի ալյուրի հարստացման» ծրագրին աջակցությունը դադարեցնելու պահանջով: Բողոքողներն ասում էին, որ «նախագիծը, որն իբր միտված է ՀՀ ազգաբնակչության առողջական խնդիրների լուծմանը, իրենից իրականում ներկայացնում է թաքնված վտանգ, քանի որ կան հետազոտություններ, որոնք փաստում են քաղցկեղի գրանցված դեպքերի աճն այդ հավելումների կիրառման արդյունքում»:

Բողոքի ակցիայի ժամանակ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում տեղակայված ՅՈւՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի) ներկայացուցչին հանձնվեց դիմում, որում ասվում էր. «Նախագիծը նպատակ ունի լուծել առողջապահական ինչ-որ խնդիրներ, որոնց առկայության մասին նոր ու նաեւ հավաստի տվյալներ չկան: Մենք անթույլատրելի ենք համարում բնակչության մի շատ փոքր հատվածի առողջական խնդիրների պատճառով ՀՀ ամբողջ բնակչությանը պարտադրել ֆոլաթթվով եւ երկաթով ֆորտիֆիկացված ալյուրից հաց, հատկապես այն պարագայում, երբ պատրաստի սննդամթերքում այդ հավելանյութերի ճշգրիտ դոզավորումը սկզբունքորեն պարզապես անհնար է: Անթույլատրելի է հանրային առողջապահության մի ծրագրի իրականացում, որը բնակչության մեծաքանակ խմբերի առողջությանը վնասելու մեծ ռիսկեր է պարունակում: Շատ գիտական հետազոտություններ փաստում են, որ ֆոլաթթվով ալյուրի ֆորտիֆիկացումը վտանգ է պարունակում բնակչության բազմաթիվ խմբերի, այդ թվում՝ նախաքաղցկեղային վիճակում գտնվող կամ քաղցկեղով հիվանդ մարդկանց համար: Նորածին երեխաների արյան մեջ հայտնված չմետաբոլացված ֆոլաթթվի հետեւանքներն համարվում են անհայտ եւ անկանխատեսելի: Բժշկագիտության նոր տվյալներով՝ բնակչության վրա հավելյալ ֆոլաթթվի ազդեցությունը զգալիորեն մեծացնում է որոշակի զարգացման ու դեգեներատիվ խանգարումների, հաստ աղու քաղցկեղի, ինսուլին ռեզիստենտության ռիսկերը, ինչպես նաեւ մայրական չմետաբոլացված ֆոլաթթվի առկայությունը կարող է փոխել պտղի ֆենոտիպը էպիմուտացիաների միջոցով: Երկաթի եւ ֆոլաթթվի հավելումը, թեկուզ փոքր չափաբաժիններով, ուղղակի սպառնալիք է բնակչության մոտ 10%-ը կազմող HFE գենի մուտացիա ունեցողների, ինչպես նաեւ 50-ից բարձր տարիքի բնակչության համար, քանի որ, ի տարբերություն այլ երկրների, հայերի մեծ մասը հաց շատ է օգտագործում: Հացը տարեցների՝ հատկապես  միայնակ թոշակառուների, ինչպես նաեւ սոցիալապես անապահով խավի հիմնական սնունդն է: Մեզ անհայտ է որեւէ տեխնոլոգիական հետազոտություն ֆորտիֆիկացված ալյուրից մեր ազգային հացի՝ լավաշի թխման դեպքում ֆոլաթթվի քայքայման վերջնանյութերի վերաբերյալ: Բացառված չէ, որ առաջանան թունավոր նյութեր, ինչը մեր ազգային հացը կդարձնի վտանգավոր սնունդ: Մասնագետների կարծիքով, բարձր եւ առաջին տեսակի ալյուրից հացն ինքնին վնասակար է, եւ ակնհայտ է, որ հավելանյութերի ավելացման արդյունքում այն օգտակար չի դառնա: Պահանջում ենք դադարեցնել աջակցությունը հայ հասարակության համար անընդունելի այս նախագծին, որի անվտանգությունն առնվազն կասկածելի է: Եթե իրոք ձեր առաքելությունը Հայաստանում հայ ժողովրդին օգնելն ու պետությանն աջակցելն է, ապա առաջարկում ենք աջակցել ցորենի չթեփազատված, չտեսակավորված ալյուրի եւ այդ ալյուրից թխված հացի արտադրության վերականգնման ծրագրին: Չտեսակավորված ալյուրից հացի արտադրության վերականգնումը հանրային առողջապահության առկա խնդիրները լուծելու բնական, անվիճելիորեն լավագույն ճանապարհն է, որն ավելի քիչ ծախսատար է, չի պահանջի հավելյալ վերահսկողություն եւ բոլորի կողմից ընդունելի կլինի»:  

Հայստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ հավաքվածները խոսում էին նաեւ (օրինակ՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Սուսանա Բաղդասարյանը), թե չպետք է հիմնվել միջազգային հետազոտությունների վրա եւ զուգահեռներ անցկացնել Հայաստանի եւ նման երկրների միջեւ: «Հայաստանը չի կարելի համեմատել այլ երկրների հետ, նույն Ամերիկայի՝ ֆասթ ֆուդ ուտող երկրների հետ, որովհետեւ մեզ մոտ շատ հարուստ է բանջարեղենը: Ի՞նչ է ֆոլաթթուն. «ֆոլի» նշանակում է տերեւ, այսինքն՝ մեր օրական սննդակարգն այնքան հարուստ է ֆոլաթթվով, որ մենք կարիքը չունենք: Մենք երկաթի կարիք էլ չունենք: Մեր երկիրը հանքանյութերով էլ է հարուստ»:

Հավաքվածները, որպես խնդրի լուծման տարբերակ, հետեւյալն էին առաջարկում. եթե իրոք խնդիրը սակավարյունությունն է եւ մյուս հիվանդությունները, ապա թող օրենք ընդունեն, որ ալյուրը չտեսակավորվի, սյսինքն՝ ցորենի ամբողջահատիկից հաց թխեն, ինչպես հազարավոր տարիներ մենք դա արել ենք:

Հնչեց նաեւ համազգային ստորագրահավաք կազմակերպելու առաջարկ, կոչեր եղան՝ Հայաստանի առողջապահության նախարարությանը եւ ՅՈւՆԻՍԵՖ-ին դատական պատասխանատվության ենթարկել այս նախաձեռնության համար:

Մենք ո՛չ միայն ֆոլաթթվի ու երկաթի կարիք ունենք

Հիմա տեսնենք, թե ինչ են պարզաբանում առողջապահության նախարարությունից (ստորագրությամբ նախարարության աշխատակազմի հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանի) «Լուսանցք»-ի հիշյալ հարցադրումներին ի պատասխան (ներկայացնում ենք առանց կրճատումների):

«Ինչպես ալյուրի պարտադիր հարստացման օրենք ընդունած 82 երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ցորենի ալյուրի հարստացման նպատակն է կրճատել որոշ վիտամինների եւ հանքանյութերի (միկրոսննդատարրերի) անբավարարության տարածվածությունը եւ բարելավել բնակչության

առողջությունը, մասնավորապես, ապահովելով մարդկանց դեֆիցիտային միկրոսննդատարրերից երկուսի՝ երկաթի եւ ֆոլաթթվի այնպիսի քանակներով, որոնք առկա են լիարժեք սննդակարգերում՝ բնական մակարդակներով: Միկրոսննդատարրերը, այդ թվում երկաթն ու ֆոլատները, մարդու օրգանիզմում այլ նյութերից չեն սինթեզվում, դրանց միակ աղբյուրն ընդունած սնունդն է եւ այդ պատճառով, դրանք կոչվում են «կենսականորեն անհրաժեշտ» կամ «անփոխարինելի նյութեր»:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների (ԱՀԿ, 2006թ.), միկրոսննդատարրերի անբավարարությունը ախտահարում է աշխարհի բնակչության 1/3-ին, որի մեծ մասը բաժին է ընկնում զարգացող երկրներին՝ կազմելով հիվանդությունների գլոբալ բեռի 7,3%-ը: Երկաթի անբավարարությունը հանդիսանում է վիտամինահանքանյութային թերսնուցման ամենատարածված ձեւը՝ այն խոցում է 2 միլիարդ 30 միլիոն մարդու:

Վիտամինահանքանյութային միկրոսննդատարրերի անբավարարության առավել ընդհանրական ռիսկի գործոններն են՝ աղքատությունը, բազմազան սննդի անհասանելիությունը, սննդակարգերի վերաբերյալ գիտելիքների պակասը և վարակիչ հիվանդությունները: Վիտամինահանքանյութային թերսնուցումը հանդիսանում է սոցիալ-տնտեսական զարգացման գլխավոր արգելքներից մեկը՝ այն հեռահար ազդեցություն է թողնում առողջության, սովորելու կարողության եւ արտադրողականության վրա: Դրա սոցիալական ու հանրային գինը շատ բարձր է՝ աշխատունակության կորուստ՝ հիվանդության եւ հաշմանդամության պատճառով:

Երկաթը եւ ֆոլաթթուն դասվում են այն նյութերի շարքին, որոնց նշանակությունը հանրային առողջապահության համար համընդհանուր ճանաչում է ստացել: Երկաթի պակասությունը եւ, հատկապես, դրանով պայմանավորված սակավարյունությունը շարունակում է մնալ մեր օրերի ամենածանր վիտամինահանքանյութային անբավարարություններից մեկը:

Հղիության ընթացքում երկաթի դեֆիցիտը արտահայտվում է մոր եւ նորածնի առողջության անբարենպաստ արդյունքներով, ներառյալ արյունահոսության բարձր ռիսկը, պերինատալ (շուրջծննդյան) բարդությունները, պտղի ցածր քաշը:

Գլոբալ մակարդակում, անեմիայի տարածվածությունը վերարտադրողական տարիքի կանանց մոտ գնահատվում է 30,2%, իսկ հղիության ընթացքում այն հասնում է 47,4%-ի: Եվ, վերջապես, տղամարդկանց ու կանանց մոտ երկաթի պակասը արտահայտվում է ֆիզիկական աշխատանքի կատարման վատթարացմամբ՝ 30%-ով:

Մեր երկրում, նախադպրոցական տարիքի երեխաների (37%) եւ վերարտադրողական տարիքի կանանց (25%) սակավարյունության տարածվածության ցուցանիշները համատեղելի են գլոբալ եւ տարածաշրջանային տվյալների հետ:

Կնոջ սնուցման վիճակը մինչ հղիությունը եւ հղիության ընթացքում վճռորոշ նշանակություն ունի պտղի աճի ու զարգացման համար: Բնածին արատները առաջանում են մի շարք գործոնների ազդեցության, այդ թվում, միկրոտարրերի դեֆիցիտի հետեւանքով: Առավել հաճախ հանդիպում են նյարդային խողովակի արատները (օրինակ, spina bifida – ողնուղեղային ճողվածք, hydrocephalia – ուղեղի ջրգողություն): Ապացուցված է, որ ֆոլաթթվի հավելումները, առանձին կամ այլ վիտամինների եւ հանքանյութերի հետ համակցված, կանխարգելում են նյարդային խողովակի արատները:

Բարեխղճորեն կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ֆոլաթթվով ցորենի ալյուրի հարստացման պարտադիր նորմ մտցնելուց հետո ԱՄՆ-ում, Կանադայում ու Չիլիում գրանցվել է նյարդային խողովակի արատների կրճատում՝ համապատասխանաբար 26, 42 եւ 40%-ով: Նման ցուցանիշներ արձանագրվել են ալյուրի հարստացման համակարգ ներդրած բազմաթիվ այլ երկրներում (նյարդային խողովակի բնածին արատների ցուցանիշի նվազում 1000 ծննդի հաշվով՝ Իրանում 21%-ով, Օմանում 70%-ով, Սաուդյան Արաբիա 60%-ով եւ այլն):

Այսպիսով, միկրոսննդատարրերի անբավարարությունը լուրջ վտանգ է ներկայացնում առողջության համար:

Ցորենի ալյուրի հարստացումը հանդիսանում է աշխարհում այս հիմնախնդրի հաղթահարման առավել լայն կիրառում ստացած ռազմավարությունը: Վերջինս, որպես հանրային առողջապահության ռազմավարություն, կենտրոնանում է գլխավորապես ամբողջ բնակչության առողջության վրա (մեր երկրում, առավել կարիքավոր շահառուների թիվը գերազանցում է 800.000-ը):

Արդյունաբերական եղանակով ալյուրի հարստացումը հանդիսանում է երկրագնդի բնակիչների զգալի մասի (ավելի քան 2 միլիարդ մարդկանց) սննդամթերքում օրգանիզմի համար անհրաժեշտ միկրոսննդատարրերի ապահովման արդյունավետ, պարզ եւ ոչ թանկ եղանակ: Ալյուրի հարստացման արդյունքում ալյուրի մեջ գործնականում վերականգնվում է վիտամինների եւ հանքանյութերի այն քանակությունը, որը ցորենի աղալու ընթացքում կորչում է (միկրոսննդատարրերը հիմնականում կոնցետրացված են ցորենի արտաքին շերտերում եւ սաղմում):

Ալյուրի հարստացումը միկրոսննդատարրերի խառնուրդներով (պրեմիքսներով) պայմանավորված է նաեւ այդ մթերքի համընդհանուր հասանելիության հանգամանքով: Այն հասանելի է բնակչության բոլոր խմբերին, օգտագործվում է ամենօրյա սննդակարգում, գործնականում լրացուցիչ ֆինանսական բեռ չի առաջացնում (0,84 ԱՄՆ դոլար՝ 1 տոննա ալյուրի հաշվով կամ 0,1 ԱՄՆ դոլար  տարեկան ըստ մարդաշնչի) եւ կիրառման համեմատաբար կարճ ժամանակահատվածում ապահովում է բնակչության առողջության ակնառու բարելավում:

16-րդ դարի մեծ գիտնական, փիլիսոփա եւ բժիշկ Պարացելսը, ում անվանում են թունաբանության հայր, գրել է՝ «Դոզան է նյութը թույն դարձնում»:

Այլ կերպ ասած, թունավոր համարվող նյութերը փոքր դոզաներով անվնաս են եւ, ընդհակառակը,  նյութ, որը սովորաբար անվնաս է, կարող է վտանգ ներկայացնել, եթե մարդն ընդունի այն ավելի շատ, քան պետք է: Մի կողմ թողնելով օտարածին նյութերը (ինչքան քիչ, այնքան լավ), նշենք, որ այս դրույթը առավել կարեւոր է հատկապես կենսականորեն անհրաժեշտ միկրոսննդատարրերի համար՝ վնասակար ազդեցությունը նրանց ի բնե ներհատուկ  հատկանիշը չէ, այլապես դրանց դեֆիցիտը առողջությանը այդքան մեծ վնաս չէր հասցնի: Մեծ դոզաներով վնասակար ազդեցություն կարող են ունենալ բնության մեջ տարածված եւ մարդու օրգանիզմում առկա եւ, հատկապես, կենսաբանորեն ակտիվ բոլոր տարրերը: Անգամ թթվածինը կարող է թունավորում առաջացնել, եթե նրա պարցիալ ճնշումը գազերի խառնուրդում զգալիորեն բարձրանա: C վիտամինը կարող է վնասել մարդուն, եթե այս անփոխարինելի նյութի օրվա դոզան գերազանցի 2 գրամը:

Ընդհանուր առմամբ, միկրոսննդատարրերից շատերի չափազանց մեծ քանակները նույնպես կարող են վտանգ ներկայացնել: Այդ իսկ պատճառով, վիտամինների եւ միկրոտարրերի համար գոյություն ունեն միջազգայնորեն սահմանված եւ բոլոր երկրների կողմից ընդունված անվտանգության ստանդարտներ՝ թույլատրելի վերին մակարդակներ (ԱՀԿ, ԱՄՆ Սննդի եւ սնուցման կոմիտե, Եվրոմիության Սննդի գիտահետազոտական կոմիտե):

Նախկինում նկարագրվել են երկաթի մեծ դոզաներով սուր թունավորման դեպքեր մանուկների մոտ, որոնք, մեծերի անուշադրության պարագայում, կերել են մայրիկների համար նախատեսված երկաթի հաբերը, նմանացնելով դրանք կոնֆետների հետ: Հետագայում, խնդիրը լուծվել է հաբերը երկաթի ավելի փոքր դոզաներով փաթեթավորելու միջոցով: Եղել են շատ քիչ հաղորդումներ երկաթի ավելցուկի ձեւավորման հնարավորության մասին, երբ այդ տարրի քանակները զգալիորեն գերազանցել են մարդու ֆիզիոլոգիական կարիքների վերին սահմանը, մուտք գործելով օրգանիզմ մի քանի աղբյուրներից՝ դեղահաբերի կամ զանազան պատրաստի սննդամթերքների հետ երկաթի հավելումների (փոշիների, օշարակների) տեսքով եւ հարստացված մթերքների միջոցով:

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը որեւէ առնչություն չունի երկաթաթերապիայի հաբերի կամ էլ երկաթի հավելումների չափազանց մեծ դոզաների հետ:

Հարստացման ենթակա ալյուրի, դրանից պատրաստված հացի եւ հացամթերքի սպառման ծավալը սահմանափակում է երկաթի մուտքը օրգանիզմ: Եթե մարդն ի վիճակի լիներ ուտել օրական մի քանի կգ հացամթերք եւ եթե դրանից ներծծվեր ողջ երկաթը, ապա դեռեւս երկաթով գերծանրաբեռնման վտանգ չէր առաջանա:

Վերջին տարիներին, Եվրոպական տարածաշրջանում, բնակչության առողջության պահպանման նպատակով  պարտադիր իրավական նորմերի ընդունումը ավելի լայն կիրառում է ստացել: Հանրային առողջապահության բնագավառում օրենսդրական կարգավորման առարկա են դարձել սննդամթերքի եւ խմելու ջրի անվտանգության, որակյալ սննդամթերքի ապահովման, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի, շրջակա միջավայրի հիգիենայի հարցերը:

Բոլոր այն դեպքերում, երբ համարվում է, որ բնակչության առողջությանը սպառնացող ռիսկերը գերակշռում են մյուս նկատառումները, այդ թվում՝ առողջության հարցերում անհատական ընտրության հնարավորությունները, օրենսդրությունը հանդիսանում է քաղաքականության նախընտրելի գործիքը:

Հայաստանի Հանրապետությունում գործող խոշոր ալրաղացներն արտադրում են իրացվող ալյուրի 80-85%-ը, որի 50-55%-ը կազմում է բարձր տեսակի, 30-35%-ը՝ I տեսակի եւ 10-15%-ը՝ II տեսակի ալյուր:

Քանի որ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծով չի նախատեսվում II տեսակի կամ ավելի կոպիտ աղացման ալյուրի հարստացում, ապա մարդիկ կարող են ընտրել դրանցից թխված հաց: Այս տեսանկյունից կարելի է խնդիրը լուծված համարել, մնում է միայն կարդալ մակնշումը: Սակայն, ալյուրի հարստացումը թերեւս դժվար է ընկալել որպես մարդու իրավունքների խախտում՝ «անառողջ» ընտրությունը չի կարող լինել ամենահեշտ ընտրությունը: Մարդու իրավունքների շատ ավելի մեծ խախտում կլինի, եթե թույլ տրվի, որպեսզի սննդատարրերի անբավարարության հետ կապված առողջապահական եւ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները շարունակեն պահպանվել:

Պատշաճ սնուցումը եւ առողջությունը միջազգայնորեն ընդունված են որպես մարդու հիմնարար իրավունքներ:

Հարգալից վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ, դրանց պահպանումն ու ամրապնդումը հանդիսանում են սննդակարգով պայմանավորված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ռազմավարությունների անբաժանելի մասը:

Պատշաճորեն սնվելու իրավունքի դրույթը ներկայում ամրագրված է բազմաթիվ երկրների սահմանադրություններում, բազում միջազգային հռչակագրերում եւ, ըստ ԱՀԿ-ի, այդ իրավունքի լիարժեք իրացմանը հասնելու համար անհրաժեշտ է ունենալ սննդամթերքի մատակարարման կայուն ու հասանելի համակարգ, որն ապահովում է սննդամթերքի եւ սնուցման անվտանգությունը, ինչպես նաեւ երաշխավորում է այնպիսի սննդամթերքի մատակարարում ու սպառում, որն ապահովում է առողջության համար բարենպաստ սնուցում եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում (Հայաստանում ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված է բոլոր պատճառներից մահվան դեպքերի 90%-ը):

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 9 (355), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։