Ահաբեկչությու՞ն, թե՞ վրիժառություն

ԱՍԱԼԱ

Հարձակողական եւ ինքնապաշտպանական

զինված գործողություններ ու ընդհարումներ

Ահաբեկչություն

Հեռու մնալով ահաբեկչության ու վրիժառության այսպես կոչված դասական ձեւակերպումներից՝ դրանք կքննարկենք իրենց ներկայիս ակներեւ դրսեւորումների վերլուծությամբ:

Յուրաքանչյուր զինված գործողություն կարելի է դիտարկել եւ’ որպես ահաբեկչություն, եւ’ որպես վրիժառություն, նայած թե ով ինչպես եւ որ կողմից է դիտարկում դրանք: Սակայն, իրականում տարբերություններն ակնհայտ են ու եթե իրապես վերլուծության ենթարկվեն ահաբեկչությունն ու վրիժառությունը, ապա դրանց նմանությունը կարող է լինել բացառապես կատարման ձեւի մեջ, բայց՝ ոչ բովանդակության: Դրանք միմյանցից հստակորեն տարբերվում են նպատակների ու գաղափարաբանական առումով: Ահաբեկչությունը նախահարձակ բնույթ ունենալով՝ հարձակողական է նաեւ իր էությամբ, ինչ-որ բան զավթելու, տիրելու, թիրախին ոչնչացնելով ինչ-որ բան ստանալու, տիրապետելու խնդիր է լուծում եւ շահախնդիր է ի սկզբանե: Ուստի անարդար է ու արժանի համարժեք պատասխանի:

Թվում է, թե ահաբեկչությունը մեկ այլ ահաբեկչության տրամաբանական հակադարձումն է: Այդպես էլ է լինում իհարկե, սակայն հիմնականում ահաբեկչության հակադարձումը վրիժառությունն է լինում, եւ այն գոյատեւում է այնքան ժամանակ, մինչեւ մեկը մյուսի հանդեպ ահաբեկչություն-վրիժառություն փակ շղթայում ներառնված կողմերը հավասարապես բավարարված լինեն կամ՝ բանակցելով գան փոխհամաձայնության, որն առավել մոտ է իրականությանը: Եվ կապ չունի, թե որ դարի մասին է խոսքը եւ ինչ քաղաքակրթություն է տվյալ պահին: Հաճախ են ասում, թե 21-րդ դարը «մարդկության քաղաքակրթության» ու «փոխըմբռնման» վերելքն է, բայց սխալվում են. սա ազգերի հակադրման ամենադաժան դարն է լինելու՝ ազգերին ճզմելու, ձուլելու, պետություններ «բացել-փակելու», աշխարհին տիրելու առումով: Գոնե առաջիկա 20-25 տարիներին այդպես է լինելու: Միակ կանխարգելիչ ելքը տվյալ պահին առավել հզոր ահաբեկչի (անհատ, թե պետություն) «մեղա» գալն է ու հաշտության ձեռք մեկնելը, այլապես ահաբեկչական ալիքը գնալով ընդարձակվելու է՝ ձնագնդի նման մեծանալով: Ներկայում ոչ մի գերտերություն «մեղա» գալու մարտավարություն չի որդեգրել, ավելին՝ վերստին սրվում է աշխարհին վերատիրելու, այն վերաձեւելու հարցը…

Թե’ ահաբեկչությունը, եւ թե’ վրիժառությունը պարզապես սպանություն կամ հանցանք պարունակող երեւույթներ չեն, ուստի սրանք զուտ քրեական հանցագործություն դիտարկելը տեղին չէ: Երկու դեպքերում էլ հատկապես առկա է աշխարհաքաղաքական տարրը (որոշ դեպքերում նաեւ՝ ռազմա-տնտեսական, գաղափարա-քաղաքակրթական, հոգեւոր-մշակութային…) եւ դա է պատճառը, որ մարդասպանը, գողը կամ թալանչին ահաբեկիչ կամ վրիժառու չեն եւ՝ հակառակը:

Արդի աշխարհի ամենաահաբեկչական գործողությունը համաշխարհային համապարփակեցումն է՝ գլոբալիզացիան, ինչն աշխարհակուլ էությամբ ավերում ու ոչնչացնում է ամեն բան՝ ինչն անհարիր է փողի բուրգին թառած «տիեզերքի ճարտարապետի» սատանայապաշտ «փողի արքաներին»: Ներկայիս բոլոր պատերազմները, տնտեսական ու սոցիալական ճգնաժամերը, հոգեւոր-մշակութային աղանդավորապաշտությունը, բարոյաէթիկական հոգեխեղումները, համատարած «վիրուսակիր» հիվանդություններն ու գաղափարախոսությունները այս «բուրգականների»՝ աշխարհի գաղտնի կառավարություն ստեղծած մի խումբ փողամտամոլագարների, աշխարհատիրական «խաղերի» հետեւանք են: Սրանք իրենց ծառայողական կառույցի՝ ՄԱԿ-ի միջոցով բաժանում ու վերաձեւում են պետություններ եւ ստրկացնում ու սովի են մատնում ազգերի, որոնց որոշակի խավին է միայն «պատիվ արվում»՝ բարգավաճելու: Սակայն, այս բարգավաճողները ստրուկն են իրենց «բարեհաճ տերերի», եւ շատ ավելի ստրուկ են, քան իրենց կողմից ստրկացված սեփական ժողովուրդն է ստրուկն իրենց…

Այսօր ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող համաշխարհային բոլոր հակաահաբեկչական գործողություններն էլ հենց ամենաահաբեկչական քայլերն են մարդկության եւ ազգերի նկատմամբ, չնայած պատսպարվում են սին բարի առաքելությամբ ու ժողովրդավարական հորջորջվող հակաբնական արժեքներով:

Այսօր ահաբեկչական բոլոր գործողությունները բխում են վերոնշյալ համապարփակեցման ծրագրից եւ համարժեքորեն առաջացնում են վրիժառուական պատասխաններ: Սանձազերծված պատերազմներին (ռազմականից բացի նաեւ՝ քաղաքական-տնտեսական, գաղափարական-քաղաքակրթական, հոգեւոր-մշակութային եւ այլ) ի պատասխան տեղի են ունենում տեղային բնույթի հասարակական-քաղաքական շարժումներ, պատմագիտական եւ բարոյա-հոգեբանական ինքնապաշտպանական դրսեւորումներ, նպատակային ռմբահարումներ, քաղաքացիական զինված կռիվներ, մարտական գործողություններ՝ խմբակային ընդվզումներից մինչեւ ազգային-ազատագրական պայքարներ:

Այս համապատկերում էլ զատվում են ահաբեկչական ու վրիժառուական գործողությունները: Սանձազերծող բիրտ ուժի դեմ հանդես է գալիս ինքնապաշտպանական վրիժառուական բազուկը: Գուցե սա դեռ չարի եւ բարու կռիվը չէ, բայց արդարության համար պայքարող կողմը՝ վրիժառուն, բարին է, քանզի նրա վրեժը պարտադրված պատասխան է իր դեմ կիրառած բռնարարքի՝ ահաբեկչության:

Վրիժառություն

Սա արտաքնապես նման լինելով ահաբեկչությանը, այնուամենայնիվ, ներքին խորքային էական ու իմաստային տարբերություն ունի: Վրիժառությունը հիմնականում վերանձնական, անձնասպանական (թեկուզ խմբային) երեւույթ է եւ ի հակառակ ահաբեկչի դրամական կամ ռազմա-տնտեսա-քաղաքական շահի, չի վճարվում, անձնական օգուտ ու շահ չի հետապնդում, հակառակը՝ հաճախ վճարում է սեփական (նաեւ խմբային) կյանքը զոհաբերելով՝ հանուն անձնական, ընտանեկան, հանրային կամ ազգային արժանապատվության ու նպատակների:

Վրիժառությունը հարձակողական բնույթ ունենալով հանդերձ՝ ունի ոչ թե ինչ-որ բան ստանալու, այլ տալու՝ նվիրաբերելու առաքելություն: Այն պատասխան գործողություն է ինչ-որ չար գործի դեմ: Իզուր չէ, որ վրիժառությունը հաճախ ստանում է սրբազան վրեժ ձեւակերպումը, այստեղից էլ բխել է «սրբազան պատերազմ» հասկացողությունը: Դիցուկ՝ վրիժառուն ունի սեփական կյանքը տալու մղում նաեւ, հանուն հայրենիքի, ազգի՝ ընդհանուրի շահերի: Այսինքն՝ բնույթով ինքնա(ազգա)պաշտպանական է ու անշահախնդիր: Ուստի արդար է ու արդարացված, պատասխանն է անարդարի:

Ահաբեկչություն-վրիժառություն հակամարտությունը տասնյակ հազարամյակների (եւ ավելի) պատմություն ունի ու ստվերի պես կուղեկցի մարդկությանը, քանի դեռ «ուժն է ծնում իրավունք» մահակային տրամաբանությունը չի փոխարինվել՝ «արդար ուժն է ծնում իրավունք» հասկացողությամբ: Ավելի պարզ՝ բնազդային ուժի կիրառումը պիտի փոխարինվի բանական ուժի կիրառմամբ: Իսկ դա կարող է լինել պատմական արդարության եւ հոգեւոր աշխարհընկալումային քաղաքակրթության վերականգնումով, ինչը գուցե դեռ տասնամյակների սրբագրման կարիք կունենա…

Վերջաբան

Այստեղ անիմաստ ենք համարում կենցաղային ահաբեկչության կամ վրիժառության օրինակների քննարկումը, քանզի մեր խոսքը առավել հիմնարար խնդիրների է վերաբերում: Ինչպիսին՝ իսրայելական ու անգլո-ամերիկյան ահաբեկչության դեմ ընթացող պաղեստինցիների (արաբների) ու նմանատիպ իրավիճակում հայտնված այլ ազգերի ազգային-ազատագրական պայքարն է: Մի կողմի (Արեւմուտքի) համար «Համաս» կամ «Հեզբալլահ» կազմակերպությունները ահաբեկչական են, ավելի՝ քան իրենց իսկ ստեղծած «Ալ-Ղաիդա»-ն, «անորսալի» թիվ 1 ահաբեկիչ Բեն Լադենով, մյուս կողմի համար այս կազմակերպություններն անձնուրաց ազատագրական պայքար են ծավալել սիոնա-մասոնական մութ ուժերի դեմ: Կամ՝ չեչեն ինքնասպանների գործողություններն են, ասենք, Մոսկվայի թատերական կենտրոնում: Մի կողմից սա սարսուռ առաջացնող տեսարան է, մյուս կողմից սա հերթական պատասխան է ավերված Չեչնիայի-Իչքերիայի համար, որը ռուսական հող չլինելով՝ զենքի ուժով մնում է ՌԴ կազմում…

Զարմանալի զուգադիպությամբ նմանատիպ վերաբերմունք է դրսեւորվում նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ: Մեկ տեսանկյունից Սերբական Կոսովո ներթափանցած ալբանացիներին իրավունք է տրվում ինքնորոշվելու, մյուս տեսանկյունից՝ Արցախի, Աբխազիայի եւ Օսիայի բնիկներին արգելվում է օգտվել այդ իրավունքից՝ այն էլ իրենց պատմական տարածքներում: Մեկ դեպքում «աշխարհի տերերը» խախտում են տարածքային անձեռնմխելիության իրավունքը՝ մասնատելով Հարավսլավիան, մյուս կողմից՝ ՄԱԿ-ի բարձր ամբիոններից թմբկահարում են այդ իրավունքի հիմնարար սկզբունք լինելը Վրաստանի կամ Ադրբեջանի պարագայում, միաժամանակ հիմա էլ նախատեսելով Իրաքի (նաեւ Իրանի ու էլի միշարք երկրների) մասնատումը: Սա իրոք շատ նման է ոմանց ահաբեկչության եւ վրիժառության երկակի ստանդարտների պատկերացումներին: ԱՄՆ-ը հայտարարում է, որ Իսրայելի բանակը վրեժ է լուծում պաղեստինցիներից այսինչ ու այնինչ հրեաների սպանության համար, սակայն, պաղեստինցիների կամ լիբանանցիների պատասխանը ահաբեկչական է որակում: Հայտարարում է, թե իր սկսած հակաահաբեկչական պատերազմը վրիժառուական է ու ցինիկաբար ավերում է անկախ Իրաքի տարածքը՝ ամեն օր սպանելով հարյուրավոր անմեղ մարդկանց, իսկ անօրեն ներխուժման դեմ պայքարողներին որպես ահաբեկիչներ է պիտակավորում… Այսպիսին է նաեւ բասկերի (Իսպանիայում), իռլանդացիների (Մեծ Բրիտանիայում) եւ այլ ազատատենչ ազգերի նկատմամբ վերաբերմունքը: Բայց սա առանձին թեմա է:

Եթե ահաբեկչությունը ծանր հետեւանքներ է թողնում մեկ՝ տուժվող կաղմի համար, ապա վրիժառությունը երկու կողմերին էլ ծանր հետեւանքների մեջ է պարուրում: Քանի որ ահաբեկիչը մեծավմասամբ ուժեղ կողմն է լինում, ապա վրիժառուն ստանում է պայքարի բոլոր ձեւերից օգտվելու բնական իրավունք, չնայած հաճախ չկամենալով է կիրառում դրանցից ամենածայրահեղները: Նույնիսկ ՄԱԿ-ի որոշումներում է առկա արտաքին ու ներքին բռնատիրության դեմ ազգային-ազատագրական պայքար ծավալելու կամ ժողովրդական ապստամբություն բարձրացնելու իրավունքը: Սա ակնկալում է պայքար՝ բարիկադներից մինչեւ պարտիզանական կռիվներ: Իսկ եթե թշնամին շատ դաժան է, ապա պայքարը տեղափոխվում է նաեւ նրա պետական տարածք կամ կենսատարածք՝ ահաբեկչությունը «սեփական մաշկի» վրա զգալ տալու վրիժառուական նպատակով: Այո’, այս դեպքում էլ են լինում անմեղ զոհեր, ինչպես ահաբեկչության դեպքում, սակայն հենց սա է կանգնեցնում ահաբեկչին, քանզի դիմակայող կողմին զուգահեռ դիմակայություն է ցուցաբերում նաեւ սեփական ժողովուրդը (համակիրների խումբը): Այստեղ է, որ ահաբեկիչ, պատերազմ սանձազերծած կողմի ժողովուրդը հասկանում է, որ այն կողմի մայրերն ու երեխաներն էլ են «միս ու արյուն ունեն» ու նույնքան անմեղ զոհեր են, ինչքան իրենք…

Անդրադառնալով հայկական վրիժառությանը, ասենք, որ դա նույնպես որեւէ աղերս չունի ահաբեկչության հետ, ինչքան էլ դա փորձում են հերքել թուրքական կամ մեզանում առկա «թուրք»-յան տեսակի անհատները: Ինչպես ՀԱՀԳԲ-ի (ASALA), «Ցեղասպանության արդարության մարտիկների» եւ այլ նման կառույցների վրիժառուների գործողությունները, այնպես էլ արցախյան պատերազմի ազատամարտիկների գործողությունները լիովին տեղավորվում են ազգային վրիժառության, հայրենիքի վերատիրման եզրույթի մեջ: Միայն վրիժառուական գործողությունների, անձնասպան հայորդիների շնորհիվ է, որ գոյատեւեց շուրջ 3 մլն. հայերի ցեղասպանության հիշատակը, որի միջազգայնորեն ճանաչումն այսօր մեր արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է եւ վերջնական հաղթանակը թույլ կտա նախանշել ցեղասպանության անմեղ զոհերի ու ներկա հայության պահանջատիրական-հայրենատիրական ուղին: Սա կարող է լինել ցեղասպանության զոհերի միակ փոխհատուցումը, երբ հայոց հայրենիքը վերստին հայկական լինի:

Հայ սերունդներ են դաստիարակվել ֆիդայական ու վրիժառուական պատմությամբ ու առասպելներով: Ֆիդայական եւ հայ գաղտնի ազատագրական պայքարի վրիժառուների անձնասպանական գործողություններից «ծնվել» են հայ տղաներ, որոնք վճռականորեն շարունակել են նրանց սկսած գործը՝ այսօր կերտելով արցախյան պատերազմի հաղթանակը: Եվ դեռ էլի սերունդներ են դաստիարակվելու՝ Նախիջեւանը, Ջավախքը, Ուտիքը, Արեւմտյան Հայաստանը վերատիրելու նպատակով…

Դառնալով մեր օրերին՝ նշենք, որ այսօր Հայաստանի ու հայության հանդեպ իրականացվում է համակարգային ավերիչ ճնշում, բռնի ներխուժում է կատարվում հոգեւոր-մշակութային, քաղաքական-տնտեսական, ավանդական-բարոյական, լեզվա-կրթական եւ այլ ոլորտներ: Համապատկերում որոշ հարցեր ենք ուղղում մեր հանրությանը.

- Իրավունք ունի՞ ապստամբելու հայը՝ հայ մնալու եւ արժանապատիվ ապրելու համար:

- Ի՞նչ պայքարի ձեւեր կարող է կիրառել հայը՝ իր հայրենիքն ու ազգը արտաքին ներխուժումներից զերծ պահելու, օտարին ծախվածներին պատժելու, իր սերունդների ապագան կերտելու համար:

- Այս վտանգների դեմ համարժեք պայքարը ահաբեկչությու՞ն է, թե՞ վրիժառություն:

Մի քանի հարցեր էլ ուղղենք միջազգային հանրությանը (գուցե ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատների ու միջազգային կառույցների ներկայացուցիչները պատասխանեն).

- Երբ որեւէ մեկի տուն թալանչի կամ մարդասպան է մտնում, իրավունք ունի՞ տանտերը ինքնապաշտպանվելու եւ անհրաժեշտությունից ելնելով սպանելու մարդասպանին:

Իսկ եթե դա թուրքն է եւ նա արնախում գործողություններով հայի տուն-հայրենիք է մտել մահ ու ավեր սփռելով, իսկ այժմ էլ որեւէ ցանկություն չունի ներողություն խնդրելու ու դուրս գալու, ապա հայն իրավունք ունի՞ յուրաքանչյուր ձեւով, ընդհուպ՝ ահաբեկչությամբ, վտարելու բարբարոս թշնամուն իր օջախից:

Եվ ուրեմն մարդասպանությու՞ն է արդյոք առաջին դեպքը, եւ ահաբեկչությու՞ն է արդյոք հայրենատիրության համար իրականացվող հայկական վրիժառուական պայքարը, երբ Հայ Դատի արդարացի լուծման հարցում անտարբեր է ամբողջ «քաղաքակիրթ» մարդկությունը:

- Ահաբեկչության հետեւա՞նք է արդյոք հայոց ցեղասպանությունը:

Ցեղասպաններին վրիժառությամբ պատժելը համարվու՞մ է ահաբեկչություն:

Հայոց ցեղասպանությունը մերժողներն ու կասկածի տակ դնողները կամ ցեղասպանության ճանաչման հարցը հետապնդողներին (նաեւ՝ նահատակված) փնովողները արդյո՞ք անպատժելիություն չեն քարոզում եւ նոր ահաբեկչության, ցեղասպանության համար հող չեն նախապատրաստում:

- Ցեղասպանությու՞ն է Նախիջեւանի արդեն ավարտված հայաթափումը եւ Ջավախքի հայաթափման ներկայիս պետական քաղաքականությունը:

- Ահաբեկչությու՞ն է արդյոք Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի ցամաքային ու օդային շրջափակումը:

- Իսրայելն իրավունք ունի՞ զավթելու Պաղեստինի կամ արաբական այլ երկրների տարածքների մի մասը եւ զորք ու զենքով ճնշելու պաղեստինցիների (արաբների) ազգային ազատագրական արդար պայքարը՝ տանկերի տակ սպանելով բազում անմեղ ծերերի, կանանց ու երեխաների: Սա կարելի՞ է համարել սիոնիստական ծավալապաշտություն եւ ահաբեկչություն:

- Ահաբեկչությու՞ն է ԱՄՆ-ի սանձազերծած հակաահաբեկչական պատերազմը: Որո՞նք են Ջ. Բուշի, Ս. Հուսեյնի, Ա. Հիտլերի կամ Ի. Ստալինի տարբերությունները եւ նմանությունները: Ճի՞շտ է «ահաբեկիչ երկրներ» որոկավորումը եւ արդյո՞ք Հարավսլավիայի, Աֆղանստանի եւ Իրաքի ժողովուրդները համատարած ահաբեկիչնե՞ր էին, որ ՆԱՏՕ-ի զորքերի կողմից ռմբահարվում էին անխնայորեն: Իրավունք ունե՞ն այդ երկրների անմեղ զոհերի ժառանգները դիմելու պատասխան համարժեք կամ նմանատիպ գործողությունների:

- Իրավունք ունե՞ն ԱՄՆ-ը, Ռուսաստանը կամ եվրոպական երկրները բռնի ուժով աշխարհի ազգերին թելադրել ապրելակերպ կամ մտածելակերպ, մշակույթ եւ բարոյականություն: Սա ահաբեկչությու՞ն է:

Արամ Ավետյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։