Նախորդ պարզաբանումներում նշեցի («Հայ Աստվածների փնտրտուքը՝բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին», «Լուսանցք» թիվ 2-8, 2015թ.), որ Հայ Արիական Միաբանությունը վաղուց է հայտարարել Բնածին 7 Երկրային Ազգերի ի սկզբանե գոյության մասին: Նշեցի նաեւ, որ «Տիեզերական հայելային արտացոլանքի» մեկնությամբ այդ Ազգերը, որպես Մարդ Տեսակի բազմազանություն, Արարվել են Տիեզերքի Արարչի կողմից, կրում են Տիեզերական Գենը, քանզի Արարչի Արարված 7 Աստվածությունների Զարմից են եւ յուրաքանչյուրն իր Տեսակի Առաքինություններն ու Առաքելությունն ունի որդեգրած:
Արծարծել եմ Արիական միասնության (Համաարիական) ժամանակների (որը համարում եմ նախահեթանոսական շրջան) ՄեկԱրարչական Բազմաստվածային Համակարգը եւ դրասնից հեռացած հեթանոսական կամ նախաքրիստոնեական համարվող շրջանի ՄեկԱրարչականությունից (Արարչից՝ Տիեզերքի՝ Ամենայնի Ստեղծիից) հեռացած Բազմաստվածային Համակարգը, որում յուրաքանչյուր Աստվածային Համակարգ «Արարիչ էր կարգել իր Գերագույն Աստծուն»...
Նախահեթանոսական ՄեկԱրարչականությանը վերջ դրվեց, երբ այլեւս մասնատված արիական ազգերը մրցակցելով՝ փորձեցին «արարիչ կարգել» իրենց Գլխավոր Աստվածներին… Եթե հայերիս դեպքում՝ Հայր Արային սկսեցին համարել «Երկնքի ու Երկրի արարիչը, լիություն, բարություն եւ արիություն պարգեւողը»… ինչը ցայսօր սխալմամբ շարունակվում է գործածվել մերօրյա որոշ հեթանոսական խմբերի մոտ, ապա հնդիկների մոտ դա Բրահման էր: Արդեն ասել եմ, որ այսօրինակ արարչամերժությունը հեթանոս շրջանում պահպանելով Բազմաստվածության Համակարգը, այնուամենայնիվ, հրաժարվեց Տիեզերքի իրական Տիրոջից՝ Արարչից, ինչն էլ հանգեցրեց արիադավանության-հեթանոսության կործանմանը:
Պետք է կրկնեմ ասելով, որ Աստվածների անունները Արարչի կամքի արտահայտություն են, բայց հստակորեն կարող են պարզաբանվել հայկական լեզվամտածողությամբ, քանզի Հայոց Լեզուն Աստվածային Լեզու է եւ Տիեզերախորհուրդ Իմաստ ունի… Եթե Հայ Աստվածների պարագայում Երկիր հասած 8 անունները ի սկզբանե ճշմարիտ են, ապա մյուս 6 Աստվածային Համակարգերի դեպքում նույն վստահությունը չկա (ինչպես գրել եմ՝ սա առանձին թեմա է, որին դեռ կանդրադառնանք): Ուստի՝ դժվարիրագործելի խնդիրը կա մյուս 6 աստվածությունների ճանաչման դեպքում, քանի որ պետք է ճշտել՝ արդյո՞ք այդ Աստվածների անունները ճիշտ են «իջեցվել» Երկիր կամ նրանցից քանիսն են ճիշտ հնչում «ներքեւում»…
Հնդկական Աստվածներ
Հնդկական Աստվածները Արարչական 7 Աստվածային Համակարգերից մեկն են:
Եթե հուդա-քրիստոնյաները ներխուժելով Հայաստան՝ ավերեցին հայոց տաճարներն ու այրեցին քրմական հնագույն մատյաններն ու հայոց բազմահազարամյա պատմության արձանագրությունները, ապա Հնդկաստանում եւ այլուր դա նման դաժանությամբ չընթացավ, եւ պահպանվեցին շատ արժեքներ, որոնք նաեւ համաարիական բնույթ ունեն ու համահունչ են նաեւ հայկական արժեհամակարգին: Շատ հավատքային, մշակութային ու գիտական շինություններ էլ հենց հայերի ձեռքով են կառուցվել այլ երկրներում, շատ գրություններ էլ հենց հայերի կողմից են թողնվել այլ ազգերի սրբազան գրքերում, երբ աշխարհի 4 ծագերը գնացին Հայ Քրմերը՝ Տիեզերական Առաքելությանն ընդառաջ…
Ցավոք, այդ ամենը մեր դեմ շուռ եկավ, եւ մեր գենն ու գիտելիքները, տիեզերահաս հավատն ու արժեհամակարգը այլերը ի չարս գործածեցին եւ հատկապես մեր դեմ. բելերի-տիտանների սերունդները ընդվզեցին հսկաների-հայկազունների դեմ… Այսօր աշխարհի գրեթե բոլոր կրոնավորները, պատմաբաններն ու հնէաբանները, մշակույթի գործիչներն ու քաղաքագետները եւ այլք (այդ թվում՝ հայ) խոսում են բոլոր ազգերի բոլոր Աստվածներից, բացի՝ Հայ Աստվածներից… Կարծես Նրանք չեն եղել, ու դա միայն առասպել է: Անգամ «չաստվածներ» բառն են հնարել մեր Աստվածների համար… Ես ասել եմ, որ դա մի պատճառ ունի. Հայկական Աստվածային Համակարգը Առաջին Արարումն էր Արարչի, ինչն էլ պետք էր Տիեզերական Անհունությունից կտրել ու թաղել Երկրային Հողի մեջ:
Եվ սա ձեռնտու էր բոլորին՝ հին ու նոր հավատների ու կրոնների տեսաբաններին եւ քարոզիչներին: Հայերի Աստվածահայր ԱՐԱ-ն Արարչի Ար-արված Ա-ռաջին (Ար-Ա) Աստվածն էր: Հայկական համակարգը «սպանելով», Աստվածներին «մեռած»՝ «չաստվածներ» հռչակելով՝ հույս ունեին (յուրաքանչյուրն իր համար) հասնել առաջնահերթության եւ Երկրում սեփական Գերագույն Աստծուն ներկայացնել որպես Արարիչ կամ նվազագույնը՝ «Արարչի փոխանորդը»…. Անգամ «Հայկական լեռնաշխարհ» բնածին արտահայտությունը դուրս թողեցին գործածությունից (ինչպես գիտական, այնպես էլ աշխարհա-քաղաքական առումներով) եւ մեր Արարչաստեղծ Բնաշխարհում հայտնաբերված ամեն գտածո այդուհետ փորձում են ներկայացնել որպես այլազգիների արժեք: Հազարամյակների պատմություն ունեցող գտածոները անգամ մի քանի հարյուր տարվա պատմություն ունեցող գենախեղվածներն են (այդ թվում՝ թյուրք-ադրբեջանական տարրը) դա իրենն է համարում:
Սա մի կետից, որը պետք է կոչել Չարի Տիրույթ (Երկնային եւ Երկրային միասնությամբ) ներմուծված եւ վերահսկվող գործունեություն է, որ հետզհետե խարխլվում է Տիեզերական Գարնան շնչից: Եվ համատարած արարչամերժության տիեզերապատիժը իջնում է Երկիր: Ու շուտով բոլորն են Հայկական Տիեզերահաս Հավատի վերահաստատման ականատեսը լինելու:…
Այստեղից է, որ առաջացել է անհրաժեշտություն իրական անունով կոչել «Արիական Բնօրրան» պատմական եզրը, որը ֆաշիստա-նացիստական այլանդակություններից հետո գիտական աշխարհը փոխեց աշխարհագրական (սփռման) ձեւակերպմամբ՝ Հնդեվրոպական: Բայց քանի որ Արիական Արմատը Արարատյան կամ Հայկական լեռնաշխարհում է՝ Արարիչն Արարեց Արարածին Արարատում… որի բնիկները՝ հայերն են, ապա այդ աշխարհագրական ձեւակերպումը պետք է հնչի՝ Հայեվրոպական:
Հիշեցնեմ, որ ՀԱՅԱՍՏԱՆ-ը բոլորն են համարել Աստվածների Բնակատեղի կամ Սուրբ Օրենքների Երկիր – Աստվածավայր: Լեզվաբանորեն կազմված է՝ ՀԱՅԳ (աստված) – ԱՍՏ (խորհրդի հաստատում) բառերով եւ ԱՆ (ծնունդ, պահպանում) արմատով՝ ՀԱՅ-ԱՍՏ-ԱՆ՝ Աստվածավայր: Ըստ այդմ, փաստորեն հոմանիշ են ԱՐԱՐԱՏ եւ ՀԱՅԱՍՏԱՆ խորհուրդները. ԱՐԱՐԱՏ – (Արիների) Արարման վայր եւ ՀԱՅԱՍՏԱՆ – Աստվածավայր: Այսպես՝ Արարատը պարսիկներն անվանում են Արիանա Վայջո, որ նշանակում է Արիների Բնակավայր: Նույն իմաստով հնդիկները անվանում են Արիավարտա, ասորիները՝ Ուրարտու, շումերները՝ Արատտա… Բայց սա եւս վերոնշյալ հայամերժ արգելափակումների շղթայի մի օղակն է…
Այսօր Հնդկաստանում պահպանված Վեդաները Արիական Քաղաքակրթության եւ Մտքի հնարավորինս պահպանված (ոմանց համար գլխավոր հեղինակություն հանդիսացող) 4 հիմնարար աշխատություններն են՝ Ռիգվեդան, Յաջուրվեդան, Սամավեդան եւ Աթհարվավեդան։ Կան հայ վեդայագետներ, ովքեր այնտեղից պեղել են հայերի մասին եղած (պահպանված) տեղեկությունները, եւ այդ կցկտուր տեղեկություններից անգամ հայտնի է դառնում, որ Հայկական լեռնաշխարհի բնիկներն են հայտնվել աշխարհի այս կամ այն կողմերում եւ տարածել ոչ միայն ճշմարիտ հավատ, այլեւ գիտելիքներ, ռազմարվեստ եւ այլն: Ինչեւէ:
- Բրահման հնդկական առասպելաբանության մեջ եռաստվածության աստվածներից է: Վեդաներում Բրահման ավելի հաճախ հանդես է գալիս որպես աղոթքի ուժի մարմնավորող: Ավելի ուշ պաշտվում է որպես տիեզերքի արարիչ, եռաստվածության առաջին անդամն է, բոլոր կենդանի արարածների հայրն ու տիրակալը: Բրահման պատկերվում է չորսգլխանի եւ չորսձեռանի: Մի շարք առասպելների համաձայն՝ Բրահման առաջացել է Վիշնուի պորտից կամ նրա պորտից աճած լոտոսից (Բրահմայի անուններից՝ Պադմասամբհավա – լոտոսից առաջացած):
- Վիշնուն՝ գլխավոր աստվածն է բրահմայական եւ հինդու (հնդու) կրոններում (Բրահմայի եւ Շիվայի հետ կազմում են պանթեոնի եռյակը)։ Անձնավորում է հավետ կենարար բնությունը։ «Ռիգվեդա»-ում ներկայացվում է իբրեւ արեգակնային աստվածություն, որը ցրում է գիշերը երկիրը պաշարած խավարի դեւերին, չարքերից փրկում մարդկանց, ամոքում նրանց վիշտը։ Վիշնուի պաշտամունքն առավելապես տարածված է Հյուսիսային Հնդկաստանում։
Վիշնուն հին հնդկական առասպելաբանության մեջ եռաստվածության երկրորդ անդամն է: Առաջինը Բրահման է (աստված-արարիչ), երկրորդը՝ Վիշնուն (աստված-պահպանիչ), երրորդը՝ Շիվան (աստված-կործանիչ):
Ամենահին վեդայական դարաշրջանում Վիշնուն հնդկական պանթեոնի աստվածների մեջ երկրորդական դեր էր կատարում, բայց արդեն «Մահաբհարաթա»-ում եւ պուրանների մեջ սովորաբար դիտվում է գերագույն աստված: Վիշնուի պաշտամունքը ամենատարածվածներից է Հնդկաստանում: Կրոնական ու գրական ավանդույթների համաձայն՝ Վիշնուն բազմիցս մարմնավորել է տարբեր երկրային էակների: Պուրանները սովորաբար թվում են 10 այդպիսի մարմնավորում կամ ավատարա: Վիշնուի անուներից է՝ Պուրանապուրուշա – հնագույն կամ սկզբնական ոգի:
- Շիվան հնդկական առասպելաբանության մեջ եռաստվածության աստվածներից մեկն է,Պարվատի (Ումա) դիցուհու ամուսինը: Վեդաներում Շիվայի անունը դեռեւս չի հանդիպում: Շիվայի փոխարեն այնտեղ հաճախ հանդես է գալիս Ռուդրան, աստված-բուժարարը, քամիների (մարութների) հայրը: Հետագայում Ռուդրա («լալկան, զռռան») անունը դարձավ Շիվայի մականուններից մեկը եւ կատարվեց այդ երկու աստվածների նույնացում: Շիվայի անուներից է՝ Ումապատի – Ումայի ամուսին: Կա նաեւ Պարամեշվարա անվանման ձեւը – գերագույն տիրակալ:
- Պարվատի (սանսկրիտերեն՝ parvati – «լեռնային»), Շիվայի կինը: Համարվում էր Հիմալայան լեռների թագավորի դուստրը: Պարվատին ունի շատ անուններ, որոնց մեծ մասի հետ կապված է որոշակի պաշտամունք: Պաարվատիի անուններից են՝ Բհուվանեշվարի – երկրի տիրուհի, Ջագադամբիկա – աշխարհի մայր:
Շարունակելի
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
«Լուսանցք» թիվ 9 (355), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում