ՀԷՑ-ն էլ դատարկեցին Էլէներգիայի թանկացում է սպասվում – Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը եւս մեղավոր է… Մնաց մարենք (եվրապարտատոմսեր) անհամար պարտքերը… Համաճարակ չկա…

ՀԷՑ-ն էլ դատարկեցին Էլէներգիայի թանկացում է սպասվում

Շրջանառվում է, թե ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի մասնագետները այս օրերին ուսումնասիրում են, թե ինչ վիճակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը:

Բանն այն է, որ դեռ նախորդ տարվա կեսից (թեեւ մամուլն ավելի վաղ էլ էր ահազանգել) հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ը հարյուրավոր միլիոն դոլարների պարտքեր ունի: Ստույգ թիվ չի ասվում, բայց պտույտը 300-500 մլն դոլարի կողքն է:

Երբ ընկերությունում աուդիտը լինի, այդ ժամանակ էլ Սամվել Կարապետյանը կորոշի՝ գնել ՀԷՑ-ը, թե ոչ: Իսկ աուդիտը, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին կլինի:

Ռուսները կտա՞ն ընկերությունը հայ գործարարին. կրկին ամենայն հավանականությամբ՝ այո, որովհետեւ «Հայաստանի էլցանցեր»-ից տարան այն ամենը, ինչ հնարավոր էր: Իսկ երբ արդեն տանելու բան չկա, հանգիստ կարող են բրախել:

Հարց է ծագում, իսկ եթե բան չի մնացել, ապա այն Սամվել Կարապետյանի ինչի՞ն է պետք: Արդյո՞ք «Հայաստանի էլցանցեր»-ի վերադարձը հայկական կողմին քաղաքական հարց է: Թեեւ մի բան էլ կա. երբ Կարապետյանը գնի ՀԷՑ-ը, հաստատ պարտքերի վերակազմակերպում կանեն:

Բայց այս ամենից առաջ մեզ այլ բան է հետաքրքրում: ՀԷՑ-ը շահութաբեր ընկերութոււն էր, ինչու՞ է թաղվել այդքան պարտքերի մեջ: Այն դեպքում, երբ էլէներգիան պարբերաբար թանկացրել են նաեւ այն հիմնավորումով, որ վնասներ չառաջանան, համակագը չխաթարվի: Համակարգից օգտվողներս էլ՝ սպառողներս, բարեխղճորեն մեզնից կտրել ու տվել ենք ցանցերին: Քանիսն են իրենց ստացած աշխատավարձը նախ կոմունալներին ուղղում, հետո՝ միայն սննդին: Եթե հանենք 1 տոկոս հարուստներին ու նրանց, ովքեր էլէներգիա վաղուց չունեն՝ գումար չունենալու պատճառով, ապա գրեթե բոլորս՝ մի ամբողջ ժողովուրդ:  

Ո՞վ է մեղավորը: Որպեսզի հռետորական չհնչի, ասեմ՝ օրինակ՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Վերջինս էլէներգիայի սակագինը բարձրացնելուց բացի՝ երբեւէ չի հետաքրքրվել, թե ՀԷՑ-ում ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ է ընկերությունը անընդհատ էլէներգիայի թանկացման հայտ ներկայացնում կամ, որ ավելի ստույգ է, ինչու է տարիներ շարունակ գիտակցված սնանկացման գնում:

Ասում եմ՝ «երբեւէ չի հետաքրքրվել»՝ նկատի ունենալով այսօր ստեղծված վիճակը: Քանզի եթե հետաքրքրված լիներ, ապա կասեր, կբարձրաձայներ, կահազանգեր: Թե՞ հետաքրքրվել է, բայց… Սրա փաստերը չունեմ, դրա համար չեմ խոսի:

Հիմա ՀԷՑ-ը կրկին ուզում է բարձրացնել սակագինը: Ի՞նչ կանի հանձնաժողովը: Իհարկե, կբարձրացնի: Որովհետեւ վերջին տարիներին նա ուրիշ բան չի էլ արել: Եվ ինչքա՞ն կթանկանա էլէներգիան: Առայժմ պարզ չէ: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը խոստացել է, որ համենայնդեպս, մինչեւ այս տարվա օգոստոսի 15-ը թանկացում չի լինի: Էհ, ի՜նչ անենք, հանձնաժողովը լուրջ դեմքով քննարկումներ կանի մինչեւ օգոստոսի 15-ը եւ հետո, ի դեմս, Ռոբերտ Նազարյանի, կասի. սա բնակչի վրա ոչինչ չի նստում՝ տարեկան 7-8 հազ դրամ: Մենք մի անգամ ապացուցել ենք, որ Նազարյանը դպրոցում մաթեմատիկա լավ չի սովորել եւ տարրական հաշվարկներ անել չգիտե: Առաջիկա սխալ հաշվարկներն էլ կներկայացնենք առիթով:

Լրատվության մեր աղբյուրները հուշում են, որ սակագինը 5-8 դրամով կթանկանա: Այն է՝ ներկայիս 42-ից կդառնա մինչեւ 50 դրամ: Եվ կպարզաբանի հանձնաժողովը. չթանկացնել չենք կարող, համակարգը մինչեւ կոկորդը ցեխի մեջ է: Բայց՝ չի ասի, թե ինչու է թաղվել այդքան խորը:

Այդ գործը կթողնի լրագրողներիս, եթե, իհարկե, նրան չդատեն անգործության համար:

Հիմա կկարդա, կնեղանա: Մի՛ նեղացեք, Ռոբերտ Նիկալայիչ (այդպես էր նրան սիրում դիմել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը), դուք միշտ մի թիրախ գտնում եք եւ թանկացումները թույլատրում, մենք էլ մեղավորներ ենք փնտրում ու ձեզ ենք թիրախավորել: Այնպես որ…

Աստղինե Քարամյան

Մնաց մարենք անհամար պարտքերը

Հայաստանը հաջողությամբ տեղաբաշխեց 500 մլն դոլարի երկրորդ թողարկման եվրապարտատոմսերը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը (ի լրումն մեր թիվ 8 համարում տեղ գտած հրապարակման)։

Թողարկման գլխավոր տեղաբաշխողներն են Deutsche Bank-ը, HSBC-ն եւ JP Morgan-ը:

Ներդրողների լայն շրջանակի եւ կրկնակի պահանաջարկի առկայության դեպքում մինչեւ 2025 թ. ժամկետով եվրապարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմել է 7.15 տոկոս, իսկ տեղաբաշխման եկամտաբերությունը՝ 7.5 տոկոս։ (Միջին սվոփից շեղումը (սփրեդ) կազմել է 543.7 բազիսային կետ, իսկ 10–ամյա պարտատոմսերի տոկոսադրույքի նկատմամբ՝ 551.8 բազիսային կետ)։

Հայաստանի վարկանիշը Moody՛s-ը գնահատել է «Ba3», իսկ Fitch-ը՝ «B+» մակարդակում:

Հայաստանը 2013թ. սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում իրականացրեց (երկրորդը՝ այս տարվա մարտի 19-ին էր)։ Թողարկման ծավալը կազմել էր 700 մլն դոլար, մարման ժամկետը՝ 7 տարի, եկամտաբերությունը՝ 6 տոկոս։ Հիմնական տեղաբաշխողներն էին  Deutsche Bank AG–ն, London Branch–ը, HSBC Bank plc–ն եւ J.P.Morgan Securities plc–ն։

Ինչպես հայտնում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, Հայաստանը հայտարարում է անդրանիկ եվրապարտատոմսերի գծով պարտավորությունների կառավարման առաջարկի (ետգնման) արդյունքները, որոնք ամփոփվել էին 2015թ. մարտի 18–ին Նյու Յորքի ժամանակով 17։00–ին (Երեւանի ժամանակով մարտի 19–ի 01։00) պարտավորությունների կառավարման առաջարկության՝ 2015թ. մարտի 12–ի հուշագրի պայմաններին համապատասխան։

Մինչեւ 2020թ. ժամկետով դեբյուտային եվրապարտատոմսերի ետգնման համախառն ծավալը կազմել է $199,928,000։

Այսպիսով, 2015թ. մարտի 26–ից հետո շրջանառման մեջ մնացած պարտատոմսերի ծավալը կկազմի 500.072.000 դոլար։

Ըստ հաղորդման՝ Deutsche Bank, HSBC–ն եւ JP Morgan–ը պարտավորությունների կառավարման առաջարկի գործարքների գործակալներն էին։

Սեփ. լրատվություն

Համաճարակ չկա

Հայաստանում չկա սուր շնչառական վարակների համաճարակ, իսկ տեղի ունեցածը բռնկում էր: Երեկ կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա հայտնեց, որ վարակի տարածումը դիտարկվել է որպես բռնկում եւ ժամանակին ձեռնարկվել են համապատասխան քայլերը: «Որպեսզի կարողանանք կանխարգելել բռնկման վերածումը համաճարակի, առաջարկով դիմեցինք ԿԳՆ՝ երկարաձգելու գարնանային արձակուրդները: Նշեմ, որ հիվանդության դեպքերի գրեթե 80 տոկոսն արձանագրվել էր 0-18 տարեկան երեխաների շրջանում: Վարակի տարածումը կանխելու նպատակով փակվել են  նաեւ ռիսկային մանկապարտեզները՝ թվով 7-ը, որոնցից 5-ը Արագածոտնի, 1-ը՝ Տավուշի եւ 1-ը՝ Վայոց ձորի մարզերում»,- ասաց նախարարը:

«Լուսանցք» թիվ 10 (356), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։