Հիշենք մարդուն՝ գործչին ճիշտ մտապահելու համար – ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ  նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցն է… Տարոն Մարգարյանը` արվեստի մեկենաս… Հայաստանը՝ Փարիզի գրքի տոնավաճառում… «Արտավազդ-2015»-ի մրցանակակիրները…

Հիշենք մարդուն՝ գործչին ճիշտ մտապահելու համար

Մարտի 25-ին, հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ  նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցն է: Նա որպես վարչապետ պաշտոնավարեց՝ 2000-2007թթ.: 1995-99-ին՝ ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր էր, 1999-ին դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը։

Անդրանիկ Մարգարյանին հայաստանյան քաղաքական թոհուբոհում հիշում են դեռ 1965թ.-ից:

1968-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։

Հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանության դիրքերից եւ հայ ժողովրդի ապագան տեսել ժողովրդավարական, անկախ պետության առկայության պայմաններում: Իր գաղափարների տարածման եւ ծավալած գործունեության համար 1974-ին ձերբակալվել է եւ դատապարտվել 2 տարվա ազատազրկման:

1992թ-ից Հայաստանի Հանրապետությունում առաջին գրանցված եւ Ազգային Միացյալ կուսակցության գաղափարական ժառանգորդ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ էր, 1993-1997 եւ 1998-2005թթ. ՀՀԿ խորհրդի նախագահ:

1997-98թթ. եղել է ՀՀԿ նախագահ, 2005թ-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ:

1998թ-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ էր, այնուհետեւ՝ ԵԿՄ վարչության անդամ:

Կենսագրության էջերը կարող ենք շարունակել:

Բայց այս օրը պետք է խոսել նրա մարդ տեսակից՝ հենց Անդրանիկ Մարգարյան գործչին ճիշտ մտապահելու համար:

Նրա վարչապետության տարիներին լուսաբանել եմ կառավարության գործունեությունը, ինձ բախտ է վիճակվել նրա հետ շրջել մեր երկրի մարզերում ու արտերկիր գործուղումների մեկնել: Անդրանիկ Մարգարյանի հետ աշխատած լրագրողների՝ տնտեսական թեմաներով գրող լրագրողների նեղ թիմը միայն կհասկանա, թե ինչ եմ ուզում ասել: Այն թիմը, որ իսկապես օրը 24 ժամ աշխատում էր՝ առանց սենսացիա փնտրելու, ուրախանում էր մի գործարանի, մի ձեռնարկության բացման գնալիս, տխրում գյուղական մի քանդված ճամփա տեսնելիս: Աշխատում էինք թուղթ ու գրչով, համակարգիչն էլ մեզ համար հատկապես սկզբի տարիներին նանոտեխնոլոգիայի պես մի բան էր: Բայց ի՜նչ սիրով էինք աշխատում, այցերից հետո խոսում էինք վարչապետի հետ, քննարկում, վերլուծում, ասում էր՝ «Գրեք, կկարդամ, հետո էլի կխոսենք»:

Գրում էինք, խնդիրը վերհանում, լուծում առաջարկում ու սպասում արձագանքի: 

Ու լինում էր այդ արձագանքը՝ հաջորդ օրը, կառավարության հաջորդ նիստին, կամ խորհրդակցությանը, կամ մարզ ու արտերկիր այցերի ժամանակ:

Ի դեպ, այդ տարիներին մենք նաեւ խորհրդակցություններին ու նախարարների հաշվետվություններին էինք մասնակցում՝ ուղղակի ներկայությամբ, ոչ էկրանից այն կողմ: Ու ոչ միայն մասնակցում, այլեւ հարցեր էինք ուղղում նրանց: Վարչապետը հաճախ էր լրագրողի այս կամ այն հարցին արձագանքում ու դիմում նախարարին՝ «Ճիշտ է ասում, լավ էլ նկատել է, դե պատասխանիր»:

Մենք շաբաթվա գրեթե բոլոր աշխատանքային օրերին, հաճախ նույնիսկ՝ շաբաթ օրերին կառավարությունում էինք լինում՝ քննարկումներին, նիստերին, խորհրդակցություններին, հանդիպումներին: Ու չէինք հոգնում, դարակազմիկ բացահայտումներ չէինք փնտրում, չէինք չարախնդում: Աշխատում էինք, տնտեսական աճ էինք հաշվում, ոլորտային զարգացումներ կանխատեսում…

Նշածս նանոտեխնոլոգիական օրերից մեկում, երբ թվային լուսանկարչական սարքերը դեռ շքեղություն էին, «Զենիթ» ձեռքբերեցի եւ «Արմենպրես»-ի իմ շատ սիրելի Ֆելիքսի օգնությամբ լուսանկարել սովորեցի:

Մի օր Տավուշում էինք, Անդրանիկ Մարգարյանը նկատեց, որ անընդհատ լուսանկարում եմ, ասաց. «Արմենուհի, բա ե՞րբ ես գրելու»:

Ու անմիջապես շուռ եկավ թիկնապահներից մեկի կողմը, թե՝ «Այ տղա, ձայնագրիչը բռնիր, օգնիր, որ գործը հասցնի»: Այդպես թիկնապահն իմ գրելու գործն արեց, ես՝ լուսանկարելու:

Եվ այս լուսանկարը այդ օրվա հուշերից է:

Ու կարծես ոչինչ չի փոխվել, երեկ էր ու վաղը սկսվելու են նոր քննարկումները, նոր հանդիպումները ու նոր հույսերը…

Արմենուհի Մելքոնյան

Տարոն Մարգարյանը` արվեստի մեկենաս… Պարգեւատրումներ թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում

Թատրոնի միջազգային օրվա առիթով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ: Այցի շրջանակում քաղաքապետը նախ մասնակցել է ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, ինստիտուտի հիմնադիր, ռեկտոր Վավիկ Վարդանյանի հուշաքարի բացմանը: Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ռեկտոր Դավիթ Մուրադյանի, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի, անվանի արվեստագետների եւ ուսանողների հետ միասին դիտել է Թատրոնի միջազգային օրվան նվիրված ուսանողական բեմադրությունը:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորատի աշխատակազմի ու ամբողջ ուսանողության անունից շնորհակաություն հայտնելով Երեւանի քաղաքապետին՝ կրթության եւ մշակույթի օջախի հանդեպ ցուցաբերվող մշտական հոգածության եւ ուշադրության համար, ռեկտոր Դավիթ Մուրադյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգեւատրել է ԵԹԿՊԻ «Արվեստի մեկենաս» Պատվո մեդալով:

Շնորհավորելով թատերարվեստի աշխարհի ներկայացուցիչներին ու ուսանողներին Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ ու շնորհակալություն հայտնելով պարգեւի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտին եւ ուսանողներին: «Վստահեցնում եմ, որ Երեւանի քաղաքապետարանը շարունակելու է մշտապես լինել ձեր կողքին, ու համոզված եղեք, որ ի դեմս մեզ՝ դուք ունեք վստահելի բարեկամ»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Միջոցառման շրջանակում, ծննդյան 70-ամյակի առթիվ ԵԹԿՊԻ Պատվո մեդալով էլ պարգեւատրվել է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը:

Հայաստանը՝ Փարիզի գրքի տոնավաճառում

Մարտի 20-23-ը Փարիզի գրքի ավանդական տոնավաճառին Հայաստանը մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:

Հայկական տաղավարում ներկայացվել է Հայաստանում պետական պատվերով ու մասնավոր հրատարակչությունների տպագրած շուրջ 200 անուն գիրք: Գեղարվեստական, պատմական, արվեստաբանական, գիտահանրամատչելի գրականությունն այստեղ ներկայացված է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն:

Առանձին բաժին է հատկացվել Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքերին, որտեղ ներկայացված են այդ թեմայով վերջին տարիներին տպագրված բազմաթիվ արժեքավոր գրքեր: Հայաստանյան հրատարակությունների կողքին ցուցադրված է նաեւ ֆրանսահայ հրատարակիչների ու գրողների ֆրանսերենով տպագրված գրականությունը։

Տոնավաճառի օրերին հեղինակների մասնակցությամբ անցկացվել են գրքերի շնորհանդեսներ: Ներկայացվել են Հրանտ Նորշենի «Հայկական հետքեր Ֆրանսիայում» հանրամատչելի ձեռնարկը, Ալեքսանդր Սիրանոսյանի «Տիգրանի մետամորֆոզները» երկհատորյակը, Արա Գրիգորյանի «Քրիստափոր Միքայելյանը եւ թուրք սուլթանը» պատմագրությունը, Հարություն Խաչատուրյանի «Խաչքարերի արվեստը» արվեստաբանական վերլուծությունը եւ այլն։

Տոնավաճառի ավարտին՝ հայկական տաղավարի բազմազան ու հարուստ ծրագրի բարձրակետն ու ամփոփումն էր «Մտավորականության դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում» խորագրով կլոր սեղանը, որին մասնակցում էին հայ եւ ֆրանսիացի մտավորականները, մասնավորապես՝ պատմաբաններ Ռայմոնդ-Հարություն Գեւորգյանը, Միքայել Նիշանյանը, Իվ Տերնոնը, հոգեվերլուծաբան Ժանին Ալթունյանը, լրագրող Կայծ Մինասյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ու մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը:

Գոհար Վանեսյան

«Արտավազդ-2015»-ի մրցանակակիրները

Նախօրեին կայացել է «Արտավազդ-2015» մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին:

Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն ասել էր. ««Արտավազդ» մրցանակաբաշխությունը ժամանակակից հայ թատրոնի լավագույն էջերի, պոռթկումների պրոպագանդման լավագույն հարթակն է, այն խթան է թատրոնների աշխատանքի համար: Թատերական գլխավոր մրցանակաբաշխությունն է, թատրոնները հանդիսատեսին են ներկայացնում մեկ տարվա կատարած աշխատանքը: Այն նաև աշխուժացնում է մամուլը, հայտնվում են հրապարակումներ թատրոնների, դերասանների մասին, ինչի հետևանքով ընթերցողը, հանդիսաստեսը ծանոթանում է և դերասանների, եւ թատրոնների կատարած աշխատանքի հետ»:

Թատերական գործիչների միության կայքի համաձայն՝ մրցանակակիրներն են.

Լավագույն երիտասարդ դերասանուհի

Սիրանուշ Լազյան «Գիշեր Երզնկայի վրա» /Երիտասարդ Ալիս, Ավա/Պատանի հանդիսատեսի թատրոն

Անի Ղազարյան «Լյու-Բոֆ» /Երիտասարդ կին, ծեր կին, երեխա/Համազգային թատրոն

Լավագույն երիտասարդ դերասան

Նարեկ Հայկազյան «Դեպք մետրոյում» /Ֆերոնե/ Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոն

Արմեն Քուշկյան «Ապուշը» /Լև Նիկոլաևիչ Միշկին/Ազատ բեմ

Լավագույն երիտասարդ բեմադրիչ

Նարինե Գրիգորյան «Լյու-Բոֆ» Համազգային թատրոն

Լավագույն երիտասարդական ներկայացում

«Թմկաբերդի առումը» /ըստ Հովհաննես Թումանյանի/ բեմ.` Զառա Անտոնյան Թատրոնի և կինոյի պետ. ինստիտուտ

Լավագույն սցենոգրաֆիա

Անդրանիկ Հարությունյան «Սիրելի Պամելա» Հ. Մալյանի անվ. կինոդերասանի թատրոն

Երաժշտության լավագույն հեղինակ

Արթուր Մանուկյան «12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում» Հ. Ղափլանյանի անվ. դրամ. թատրոն

Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար

Լոլիտա Բուկիա «…Ինչպես Աստվածները» /Ալևտինա/Կ. Ս. Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամ. թատրոն

Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար

Հայկ Թորոսյան «Աշնանային իրիկնամուտ» /Գրիգոր/Վանաձորի Հ. Աբելյանի անվ. դրամ. թատրոն

Լավագույն կին դերակատար

Ռուզան Գասպարյան «Չորս պատճառ ամուսնության համար» /Քրիստինա Միլմանի/Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմ. թատրոն

Լուիզա Ներսիսյան «Ամնեզիա» /Լիզա/Կամերային թատրոն

Լավագույն տղամարդ դերակատար

Կարեն Քոչարյան «Ինչպե՞ս են մարդ դառնում» /Եգոր Գլումով/ Կ. Ս. Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամ. թատրոն

Վիգեն Ստեփանյան /«Լիր»/Լիր/ Հայ-վրացական նախագիծ

Լավագույն ռեժիսուրա

Գրիգոր Խաչատրյան «12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում» Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն

Լավագույն ներկայացում

«Սիրելի Պամելա» /Ջոն Պատրիկ/ բեմ.` Նարինե Մալյան Հ. Մալյանի անվ. կինոդերասանի թատրոն

Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակ

Արման Նավասարդյանը (Համազգային թատրոն)

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար

Սուրեն Հասմիկյան, Կարպիս Շամլյան, Ռուբեն Մարուխյան, Նիկոլայ Ծատուրյան, Արթուր Նալբանդյան

Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալ

Լևոն Մութաֆյան, Արթուր Կարապետյան, Սամվել Ղազարյան (Արտաշատ), Գայանե Հովհաննիսյան (Աբովյան), Ջեմմա Ադամյան (Կապան), Սուսաննա Սարգսյան (Գավառ)

Ժյուրիի հատուկ որոշում

Իննա Հախնազարյան (Մնջախաղի թատրոն)

«Հրե օղակ» օպերա (Շուշի)

«Մի լքիր ինձ» (Փոքր թատրոն)

Հայաստանի թատերական գործիչների միության մրցանակ

Լեյլա Մկրտչյան (Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն)

«Լուսանցք» թիվ 10 (356), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։