Նիցշեն եւ Հայաստանը (1-ին մաս) – Նիցշե երեւույթը խորախորհուրդ է՝ երբեմն գաղտնագրության աստիճանի բարուրված ու զգեստավորված – Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)… Քրմի սիրո ուխտ՝ Գառնո տաճարում…

Մինչ գաղտնիքին՝ Նիցշեի իմաստասիրության դեռեւս չնկատված էութենական կողմին անդրադառնալը մեկ-երկու խոսք այն մասին, թե ով է գաղտնիքի հեղինակը ու ինչ դեր է նա կատարել ժամանակի եվրոպական ու հայկական հոգեւոր-մշակութային կյանքում: Եվրոպականի առումով երկու դիպուկ ասույթներ հիշենք. «Իմ սերնդի համար նա դարաշրջանի երկրաշարժն էր եւ լութերից ի վեր խոսքի գերմանացի մեծագույն հանճարը» (Գորֆրիդ Բեն)1. «Բոլորը, ում բեղմնավորել է Նիցշեն. այնպիսի մեծերը, ինչպիսին Մուզիլն է: Եվ բոլորը, ում նա կույս է թողել. Կաֆկան: Ինձ համար ամեն ինչ որոշվում է այս սահմանափակմամբ: Այստեղ եղել է Նիցշեն: Այստեղ Նիցշեն չի եղել» (Էլիաս Քանետի)2:

Իսկ ինձ մնում է հայկականի առումին,- այս պարագայում մեծամեծ անուններն ինքնին արդեն ամեն ինչ ասում են՝ Ավետիք Իսահակյան, Վրթանես Փափազյան, Լեւոն Շանթ, Եղիշե Չարենց, Դանիել Վարուժան, Հայկ Ասատրյան… (մեր օրերում՝ երգարվեստի ոլորտում՝ Արսեն Տերտերյան, հավատքի ոլորտում՝ Սլաք Կակոսյան): Ինչ մնում է Նժդեհի պարագային, ապա նա առանձնահատուկ դեպք է. նա արդեն, իր ցեղահավատքով, Նիցշեի տեսլականում ոչ մեկ անգամ հայտնված «Զավակների երկրի»3 կենսիմաստության վերականգնողն ու իրագործողն է:

Այն, որ իր՝ Նիցշեի գործերը այնպիսիք չեն, որ բացեիբաց, մերկության աստիճանի, դրված են ընթերցողի առջեւ եւ նա դրանցում եղած ամեն ինչը պա՜րզ տեսնում-հասկանում է (եւ պետք է տեսնի-հասկանա…), այն, որ Նիցշե երեւույթը խորախորհուրդ երեւույթ է՝ երբեմն գաղտնագրության աստիճանի բարուրված ու զգեստավորված,- այդ մասին լավագույնս, ի գիտություն իր ընթերցողների, ասում է ինքը՝ մեծ իմաստասերը, միաժամանակ տալով խնդրո հետ կապված բոլոր ինչու-ների պատասխանը. «Երբ գրում ես, ուզում ես ոչ միայն հասկացվել, այլ նույն կերպ  նաեւ չհասկացվել: Որեւէ գրքի դեմ ամենեւին էլ դեռ առարկություն չէ, երբ որեւէ մեկն այն համարում է անհասկանալի. գուցե՞ դա մտել է նրա հեղինակի մտադրությունների մեջ,- նա չի կամեցել, որ «ինչ-որ մեկը» հասկանա իրեն:  Յուրաքանչյուր առավել ազնվական միտք ու ճաշակ, եթե ուզում է կիսվել, իր համար ընտրում է նաեւ իր ունկնդիրներին. ըստ որում նրանց ընտրելով՝ նա միաժամանակ իր սահմաններն է քաշում «մյուսների» դեմ: Որեւէ ոճի բոլոր առավել նրբին օրենքների ակունքը այստեղ է. դրանք միաժամանակ հեռավորության վրա են պահում, դրանք դիստանցիա են ստեղծում, դրանք արգելում են «մուտքը», հասկանալը, ինչպես ասվեց,- մինչդեռ բացում են ականջները նրանց, ովքեր մեզ ականջներով հարազատ են»4. «Մենք երբեւէ բողոքե՞լ ենք, որ մեզ թյուր են հասկացել, անգիտակցել են, շփոթել են, զրպարտել են… Հենց դա է մեր բախտը, դա նաեւ մեր պարգեւն է. մենք ինքներս մեզ բավականաչափ չէինք հարգի, եթե այլ բան ուզենային: Մեզ շփոթում են՝ ուրեմն՝ մենք ինքներս աճում ենք, մենք շարունակ փոխվում ենք, մենք դեն ենք նետում հին կեղեւը, մենք ամեն գարնան հետ դեռ մաշկափոխ ենք լինում, մենք գնալով դառնում ենք ավելի պատանի, ավելի գալիք, ավելի բարձր, ավելի ուժեղ, մենք մեր արմատները ավելի ու ավելի հզոր ենք մխրճում դեպի խորքը… Մենք աճում ենք ծառերի հանգույն…»5. «Մենք էլ ենք շփվում  «մարդկանց» հետ, մենք էլ ենք համեստաբար մեզ վրա գցում հագուստը, որով (իբրեւ այդ) մեզ ճանաչում են, հարգում են, փնտրում են, եւ դրանով ոտք ենք դնում հասարակության մեջ, այն է՝ հագուստով ծպտվածների մեջ, որ չեն ուզում այդպես կոչվել. մենք էլ ենք անում, ինչպես բոլոր խելացի դիմակները… Բայց մարդկանց մեջ, մարդկանց հետ «շփվելու» ուրիշ եղանակներ ու հնարքներ էլ գոյություն ունեն. օրինակի համար՝ իբրեւ ուրվական,- ինչը շատ հանձնարարելի է, եթե ուզում ես շուտով ազատվել նրանցից եւ վախեցնել նրանց: Փորձ. ձեռքերը մեկնում են մեզ եւ չեն կարողանում բռնել: Դա վախեցնում է: Կամ. մենք ներս ենք մտնում փակ դռնով: Կամ. երբ բոլոր լույսերը հանգած են: Կամ. այն բանից հետո, երբ մենք արդեն մեռել ենք: Վերջինս հետմահու մարդկանց  հնարքն է par-excellence»6. «Մարդկանց հանդեպ լինել անխստապահանջ, սրտիդ տունը բաց պահել՝ սա բարեհոգի է, բայց միայն բարեհոգի: Այն սրտերը, որոնք ազնվականական7 հյուրընկալության են ընդունակ, ճանաչվում են բազմաթիվ վարագույրները քաշած պատուհաններով եւ փակ փեղկերով. իրենց լավագույն սրահները նրանք դատարկ են պահում: Բայց ինչո՞ւ: – Որովհետեւ նրանք սպասում են հյուրերի, որոնց հանդեպ «անխստապահանջ» չես լինում»8:  

Նիցշեի «ազնվականական» «հյուրընկալությունը»՝ «ինչ-որ մեկի» համար իր գործերի բուն ասելիքը գաղտնի պահելը, ինչ խոսք, լավագույն նիցշեագետների կողմից չէր կարող աննկատ մնալ: Օրինակ, նրանցից մեկը՝ մեր հայրենակից Կ. Սվասյանը իմաստասերի լավագույն գործերից մեկը՝ «Զվարթ գիտությունը»-ը դիտելով որպես «Նիցշեի բոլոր գրքերից «ամենաբացն ու միաժամանակ ամենագաղտնին»9, «սեփական վախով ու ռիսկով» փորձ է անում գրքի «գաղտնիքներից մի քանիսը բացահայտել, այլ կերպ՝ «Զվարթ գիտության» ծածկագրի բանալին գտնել»10: Նիցշեի փիլիսոփայության գաղտնի շերտերը աննկատ չեն մնացել նաեւ այլ՝ իմաստասերի գործերի բարեխիղճ մեկնաբանների (օրինակ՝ Մ. Հայդեգերի եւ Ժ. Դելյուզի) կողմից11:

Սակայն Նիցշեի փիլիսոփայության, ըստ մեզ, գաղտնագույն խորհուրդը՝ «Զավակների երկիրը»-ը, իմաստասերի սրտի թերեւս ամենագաղտնի ու ամենասրբազնագույն սրահը, նիցշեագետների կողմից տակավին մնացել է ոչ միայն չբացահայտված, այլեւ չնկատված12,- խորհուրդ, որի առանցքի շուրջը, ըստ մեզ, պետք է «հավաքել» Նիցշեի փիլիսոփայության մնացած «մասերն» (ու գաղտնիքները), որ այն մեզ իր իրական պատկերով երեւա,- խորհուրդ, որն է այն յուրահատուկ լակմուսը, ըստ որի պետք է իմաստավորվեն (բացորոշվեն) իմաստասերի բանական տեսլականում հայտնված այնպիսի խորհրդանիշեր, ինչպիսիք են «Զրադաշտը», «Խենթը», «Ստվերը», «Լեռը», «Արգոնավարտներ», «Հայրերի ու մայրերի երկիրը», «Թափառաշրջիկը», «Գերմարդը», «Թագավորները», «Արեւը», «Արեւները», «Առյուծը», «Օձը» եւ այլն:

Նիցշեի ոգու ծիրում «Զավակների երկիր» խորհրդանիշ տեսիլքը հայտնվում է միայն մեկ անգամ՝ «Զրադաշտում», երկի՝ «Վասն կրթության երկրի» դրվագում: Տեսիլքը ապրում է իմաստասերի հոգեզավակը՝ Զրադաշտը: Այն բանից հետո, երբ նա «չափազանց հեռու գալիքի մեջ» թռնելով, այնտեղից «մի զույգ աչք» վերցնելով ու հետ՝ դեպի իր «ժամանակակիցներն» ու նրանց «կրթության երկիրը» դառնալով, դրանք անպատկերացնելիորեն այլանդակ՝ «խայտաճամուկ-նախշված» տեսնելով («այստեղ ախր բոլոր ներկանոթների հայրենիքն է», «հիսուն թանաքաբծով դեմք ու անդամ ներկած՝ դուք այսպես նստա՜ծ էիք այնտեղ ի զարմանս ինձ, ժամանակակիցներ»,- ասում է Զրադաշտը) դրանից մի կուշտ ծիծաղելով՝13 իր հոգու խորքերում բռնկված ապրումն է կիսում իր ժամանակակիցների հետ. «Սակայն ես ավելի թեթեւ եմ ուզում ձեզ առնչվել, որովհետեւ ավելի ծանր բան ունեմ կրելու. եւ իմ ի՜նչ գործն է, եթե բզեզներ ու թռչող ճիճուներ են նստում իմ բեռին: Արդարեւ, դրանից իմ բեռը ավելի չի՛ ծանրանա: Եվ ձեզանի՛ց չէ, ժամանակակիցներ, որ պետք է մեծ հոգնությունը գա ինձ»,- ասում է նա14: Այդ ո՞րն է կրելիք «ավել չի ծանր» բանը, այդ ի՞նչ «մեծ հոգնության» մասին է ակնարկը: Զրադաշտը բացատրում է. «Ախ, ես հիմա – էլ ո՞ւր բարձրանամ իմ կարոտով: Ես բոլոր լեռներից հայրերի ու մայրերի երկիրն եմ տեսնում: Սակայն ես ոչ մի տեղ հայրենիք չգտա. ես աննստակյաց եմ բոլոր նստավայրերում եւ երթ ու չու եմ բոլոր դարպասներից: Ինձ օտար են եւ ծաղրուծանակ ժամանակակիցները, որոնց մոտ էր սիրտս քիչ առաջ ձգտում. եւ ես արտաքսված եմ հայրերի ու մայրերի երկրից: Արդ ես դեռ միայն իմ զավակների երկիրն եմ սիրում, չհայտնաբերված, ամենահեռու ծովերում. թող փնտրեն ու փնտրեն այն իմ առագաստները: Ես իմ զավակներով եմ ուզում քավել, որ զավակն եմ իմ հայրերի. եւ ողջ գալիքով – այս ներկան»15 (ընդգծումները, բացի «Զավակների երկրի», իմն են,- Ք.Մ.): Ուրեմն, նախնյաց՝ «Հայրերի ու մայրերի» երկրի (որ Զրադաշտի գալիքի տեսլականում ներկայանում է նաեւ որպես իր «Զավակների երկիր»…) կարոտն է «Զրադաշտի» կրելիք «ավելի ծանր բան»-ը, այդ կարոտից բեղմնավորված ու ծնվելիք «զավակներ» են նրա «մեծ հոգնությունը»,- այսպես՝ մեր հասկացմամբ էլ պատասխանենք վերը տրված հարցերին:

Մինչ Զրադաշտի (նույնն է՝ թե Նիցշեի) «հայրերի ու մայրերի երկրի», ասել է, թե բուն հայրենիքի բացորոշումը՝ նկատենք, որ այն, տարբեր կերպարանափոխություններով, ոչ մեկ անգամ է հայտնվում Նիցշեի հոգու խորհրդարանում, նրա երազային կամ արթմնի տեսիլքում: Հիշենք նաեւ այդ անդրադարձերը:

– Նույն «Զրադաշտում», նրա «Վասն փոքրացնող առաքինության» դրվագում «Զրադաշտը» իր մասին կատակով ասելով թե՝ «ահա մի գետ, որ բազմաթիվ գալարքներով ե՜տ է հոսում իր ակունքը», կամենալով իմանալ, «թե այդ ընթացքում ինչ է եղել մարդու (այդ թվում մարդու իր տեսակի,- Ք.Մ.) հետ. ավելի մե՞ծ է դարձել նա, թե՞ ավելի է փոքրացել»՝ հառաչանքով, հոգում հայրենիքի՝ «գետի ակունք»-ի կարոտաբաղձությունն ապրելով, ասում է. «Ամեն ինչ փոքրացե՜լ է»: Ամենուր ես տեսնում եմ ցածրիկ դարպասներ. ով իմ տեսակից է, միգուցե էլի անցնի դրանցով, սակայն – նա պետք է կռանա՜: Օ, ես ե՞րբ եմ դարձյալ իմ հայրենիքը վերադառնալու, ուր այլեւս չպետք է կռանամ – ես այլեւս չպետք է կռանամ փոքրերի առջեւ»: – Եվ Զրադաշտը հառաչեց ու հայացքը գցեց հեռու»16: – Այս ասվածում էլ Զրադաշտն իր զզվանքն արտահայտելով օտարության մեջ իրեն հանդիպած անթիվ-անհամար փոքր մարդկանց ու նրանց, իրենց հանգվույն սարքած խաղալիք-տնակների17 նկատմամբ՝ իր կարոտաբաղձ հայացքն իր «տեսակի» հայրենիք է ուղղում, ուր մարդիկ մեծ են եղել, որ մարդիկ տղամարդուն վայել տներ են կառուցել ու դրանցից ազատ ելումուտ արել:

Այստեղ Նիցշեն ընթերցողին մի կարեւոր բանում է գլխի գցում, իր Զրադաշտին պետք է դիտել որպես ցեղային (իր «տեսակի» մարդու) ինքնահայտնությունը ապրողի, այսինքն խորհրդանշորեն, եւ ո՛չ որպես զրադաշտականության հիմնադրի:

– «Զրադաշտի» մեկ այլ՝ «Վասն երեք չարիքների» մասում Զրադաշտը իր տեսած երազն է պատմում. «Երազում», առավոտյան վերջին երազում այսօր ես կանգնած էի ժայռին,- աշխարհից անդին, ես մի կշեռք էի բռնել եւ աշխարհն էի կշռում»18: «Չափելի նրա համար, ով ժամանակ ունի, կշելի լավ կշռողի համար, հասանելի հզոր թեւերի համար, գուշակելի աստվածային գուշակի համար. իմ երազը աշխարհը այսպես գտավ»,- շարունակում է նա19 ու այդուհետ պատմում, թե երազում աշխարհը կշռելուց ինչ է պարզվում, «աշխարհից անդին» ինչ չափ ու կշռույթով ու իմաստությամբ է երազը աշխարհը տեսնում:

Շարունակելի

Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)

  1. Մեջբերումը՝ ըստ Հակոբ Մովսեսի (Ֆրիդրիխ Նիցշե «Բարուց եւ չարից անդին: Չաստվածների մթնշաղ», «Ապոլլոն», Ե., 1992, էջ 4):
  2. Մեջբերումը՝ ըստ Հակոբ Մովսեսի, Ֆրիդրիխ Նիցշեի կեսօրվա երգը («Այսպես խոսեց Զրադաշտը», «Վան Արյան», Ե., 2002թ., էջ 6):
  3. Արտահայտությունը «Զրադաշտից» է (էջ 147):
  4. Ֆրիդրիխ Նիցշե «Զվարթ գիտությունը», «Վան Արյան», Ե., 2005, էջ 298-299:
  5. Նույն տեղում, էջ 288:
  6. Նույն տեղում, էջ 278-279:
  7. Իմաստասերի գործերում հաճախ գործածվող «ազնվական խորհուրդը «տեսակիս» մեջ մնալու», մարդկային արիական տեսակի որակական գծերը արտահայտելու իմաստն է արտահայտում (Նիցշե, «Բարուց եւ չարից անդին», էջ 218-219):
  8. Նույն տեղում, էջ 232:
  9. Այդ «ամենա»-ի մեջ է մտնում, մեր կողմից ավելացնենք, նաեւ «Զրադաշտը»:
  10. Տե՛ս Կ. Սվասյան, «Զվարթ գիտությունը» (էջ 467): Հեղինակի՝ Նիցշեի գրքի մի քանի գաղտնիքները բացահայտելու փորձի մասին, տե՛ս նույն տեղը, էջ 467-470:
  11. Տե՛ս նույն տեղում՝ «Մ. Հայդեգեր. Նիցշեի «Աստված մեռած է» խոսքը» եւ «Ժ. Դելյուզ. Նիցշե» հավելվածները (համապատասխանաբար՝ էջ 368-420 եւ 421-456):
  12. Հակոբ Մովսեսը՝ իմաստասերի գործերի հրաշալի թարգմանիչը, թեեւ նշմարում է «Զրադաշտում» «Զավակների երկրի» պես խորհրդանիշերի» գոյության փաստը (նույն տեղում՝ հեղինակի արած «ծանոթագրություններ»-ը, էջ 482):
  13. Տե՛ս նույն տեղում, էջ 144-145:
  14. Նույն տեղում, էջ 146:
  15. Նույն տեղում, էջ 146-147:
  16. Նույն տեղում, էջ 193-194:
  17. «Տուն»-ը նախ հոգեւոր իմաստով պետք է հասկանալ:
  18. Նույն տեղում, էջ 214:
  19. Նույն տեղում:

Սիրո ուխտ՝ Գառնո տաճարում

Այս Ամանորին՝ մարտի 21-ին, հասուն տարիքում եւ կյանքի իմաստնությամբ պարուրված, Գառնո տաճարում Հայ Աստվածների վկայությամբ իրենց սիրո ուխտը կնքեցին՝ Քուրմ Մանուկը եւ նրա սիրեցյալը՝ Վերոնիկան:

Հիրավի հասուն սեր, որ կյանքի այս փուլում միավորեց երկու անհատների, որ սիրո ու մտքի զորությամբ կսնի նրանց, կդարձնի միասնական եւ էլ ավելի նպատակասլաց: Ուրախությամբ կլցնի նրանց անձնական կյանքը եւ թող նաեւ՝ ազգային գործունեությունը:

Հայ Արիական Միաբանությունը, Հայ Ազգայնականների Համախմբումը եւ «Լուսանցք» շաբաթաթերթը շնորհավորում են եւ մաղթում առողջ ու լեցուն երկար տարիներ՝ ընտանեկան, ազգային ու հավատքային ասպարեզում:

«Լուսանցք» թիվ 10 (356), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։