Երբ ցեղասպանելը արյան մեջ է – Հույների եւ ասորիների ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում… Նաեւ եզդիների նկատմամբ իրականացված բռնությունները… Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ էլ թուրքահաճ է մտածել… Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ-ում կպաշտպանի Իրաքի եւ Սիրիայի քրիստոնյաներին…

Երբ ցեղասպանելը արյան մեջ է

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, մարտի 24-ին, Հայաստանի Ազգային Ժողովը քվեարկությամբ միաձայն ընդունեց նախորդ օրը քննարկված «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923թթ. իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը, որի հեղինակներն են իշխանական եւ ընդդիմադիր թեւերի պատգամավորներ: Արծարծվեց նաեւ եզդիների եւ այլ ազգերի ցեղասպանության ճանաչման հարցը, սակայն խնդիրը դեռ ուսումնասիրության կարիք ուներ:

Այս հարցերն անչափ կարեւոր են մեր հայենիքը զավթած եւ հայության զգալի մասին ցեղասպանած թուրքերին ընդհանրական պատասխանատվության ենթարկելու համար, հատկապես, որ Անկարան այսօր էլ Իրաքի ծայրահեղ իսլամականների հետ ոչնչացնում է քրիստոնեական արժեքները, հատկապես՝ հայ համայնքի դեմ են ուղղորդում թուրքերն արնախում իսլամականներին: Հիշեցնենք, որ թուրք եւ ադրբեջանցի ահաբեկիչները եւս կռվում են Սիրիայի ու Իրաքի՝ այս բազմազգ երկրների դեմ…

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, ղպտի եկեղեցու հոգեւոր պետ Նորին Սրբություն Թավատրոս Բ. Պատրիարքը եւ ասորի ուղղափառ եկեղեցու հոգեւոր պետ Նորին Սրբություն Աֆրամ Բ. Պատրիարքը մարտի 19-20-ին հանդիպել են Կահիրում: Քննարկումներից հետո 3 հոգեւոր պետերը միացյալ հայտարարություն են ընդունել, որն անդրադառնում է Միջին Արեւելքի վիճակին, դատապարտում է ծայրահեղականների գործողություններն անմեղ մարդկանց ու հատկապես քրիստոնյա համայնքների նկատմամբ, շեշտվում է իսլամ-քրիստոնյա համակեցության կարեւորությունը՝ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված, կարեւորվում է արեւելյան ուղղափառ եկեղեցիների ներքին միասնականության ամրապնդումը, Արեւելյան քույր եկեղեցիների աստվածաբանական երկխոսությունը կաթոլիկ, անգլիկան, ուղղափառ եկեղեցիների հետ: Միջին Արեւելքի հոգեւոր պետերի հանդիպումը կարեւորվել է այս վիճակում, երբ նաեւ Անկարան ու Բաքուն են աջակցում իսլամական ահաբեկիչներին: Անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ավելի քան 1,5 մլն. հայ նահատակների սրբացմանը: Հոգեւոր պետերը կոչով դիմել են եկեղեցիներին՝ իրենց մասնակցությունը բերելու նշյալ կարեւոր դեպքերին:

Վահագն Նանյան

ԱԺ-ում քննարկվել է Օսմանյան Թուրքիայում եզդիների նկատմամբ իրականացված բռնությունների հարցը

Մարտի 27-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հրավերով Ազգային ժողով են այցելել Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչներ Ազիզ Թամոյանը, Բորիս Թամոյանը, Համլետ Սմոյանը, Զուզան Խուբոյանը, Ռուստամ Բաքոյանը, Մամե Ամիրյանը, Գառնիկ Ասատրյանը, Ռզգան Շամոյանը, Ամո Շարոյանը, Խդր Թամոյանը եւ Ռաշիդ Շամոյանը:  

Հանդիպման թեման տարբեր ազգերի նկատմամբ իրականացված ոճրագործություններնի դատապարտման հարցն էր: ԱԺ փոխնախագահը մեկ անգամ եւս դատապարտել է ամիսներ առաջ Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ իրականացված բռնությունները եւ հիշեցրել, որ այդ մասին իր ելույթում ՄԱԿ-ի բարձր ամբիոնից խոսել և տեղի ունեցած բռնությունները դատապարտել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիպմանը, մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ իրականացված բռնությունները պատկերող վավերագրերի, հոդվածների եւ լուսանկարների ցուցադրություն: Միաժամանակ տեղի կունենա գրքի շնորհանդես, որի տպագրությունն իրականացվել է շնորհիվ ՀՀ Նախագահի կողմից տրված դրամաշնորհի: Նշենք, որ գիրքը փաստարկված ներկայացնում է Հյուսիսային Իրաքում ամիսներ առաջ տեղի ունեցած բռնությունները:

Քննարկվել է նաեւ Օսմանյան Թուրքիայում եզդիների նկատմամբ իրականացված բռնությունների վերաբերյալ հարցը: ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ առաջիկա հուլիսին Երեւանում տեղի է ունենալու «Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիա»-ի նիստը: Նա եզդիական համայնքի անդամներին առաջարկել է ունեցած փաստերը ներկայացնել այդ կառույցի քննարկմանը:

Հյուրերից Բորիս Թամոյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, տեղեկացրել է, որ այսօր արդեն հավաքված են բազմաթիվ փաստավավերագրական նյութեր, որոնք ներկայացնում են Օսմանյան կայսրությունում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված բռնությունները:

ԱԺ փոխնախագահն առաջարկել է ստեղծել խումբ, որը կշարունակի հավաքել նյութեր եւ կներկայացնի «Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիա»-ին:

Նա այդպե՜ս է մտածում

Երբ 1990-ականներին նորանկախ Հայաստանի նախագահ դարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանը, առաջին իսկ օրից հստակ վարեց հակահայդատական (սա ՀՀՇ-ականների միտքն էր, որը ներկայացնում էին որպես հակադաշնակցական ձեւակերպում) քաղաքականություն: Բայց նաեւ այն ժամանակ էր հայտնի, որ պահանջատիրությունն ազգային երեւույթ է, ոչ՝ կուսակցական: Իսկ հակազգայինը՝ հաստատ կուսակցական երեւույթ էր ու այսօր էլ այդպես է:

Այն ժամանակ հայ ազգայնականներին քննադատում էին, թե նորանկախ երկրի նախագահը չի կարող պահանջատիրական դիրքերից խոսել եւ Թուրքիայի հետ փորձում է բարեկամական հարաբերություններ հաստատել… Սակայն թե՛ Արցախյան պատերազմի տարիներին, թե՛ Նախիջեւանի սահմաններին հայկական կամավորական զինուժի ծավալումների, ինչու չէ՝ նաեւ Ջավախքի հնարավոր անկախացման ժամանակ ՀՀ 1-ին նախագահը դեմ մնաց ոչ միայն պահանջատիրության տեսական ոլորտին, այլեւ՝ գործնական: Գործնականին՝ ավելի դեմ եղավ:

Վաղուց ՀՀ եւ ՀՀՇ ղեկավարը, որ այսօր ՀԱԿ-ի առաջնորդն է, փորձում է դառնալ ու մնալ ընդդիմության առաջնորդ, որ հաջողեցնի կրկին վերադառնալ երկրի նախագահի աթոռին: Դրա համար 2008-ին անգամ մարտիմեկյան ողբերգության ականատեսն եղանք այդ պայքարում: Ինչեւէ, այսօր էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ է պահանջատիրությանը եւ կողմ Թուրքիայի հետ հարաբերությունբերի լավացմանը: Բայց նա այլեւս երկրի նախագահը չէ, որ իբր ժամանակին «ստիպված» սիրաշահում էր Անկարային, ինչպես պնդում էին ոմանք: Ավելին, նա իր քաղաքական կեցվածքով ոչ մի պարտավորություն չի ստանձնում հայկական նպատակների իրագործմանն ուղղված, այնպես որ ոչ մի վախենալու բան չունի: Պարզապես հակահայդատականությունը նրա մեջ է՝ արյան, թե մտքի, թե այլոց թելադրանքի, արդեն կարեւոր չէ…

Երբ ՀՀ 1-ին նախագահը փնովեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի Հռչակագիրը, որում առաջին անգամ պետական մակարդակով Հայաստանը պահանջատիրական խնդիր էր արծարծում, հասկանալի էր, որ հակահայդատականը եւ ժամանակի թուրքասերը հանգիստ չի մնալու: Եվ չուշացավ սպասումը: Նա հիմա էլ ուղերձ հղեց, որի 9-րդ կետում ասում է՝ «Սփյուռքի գործն է՝ ցեղասպանությունը կընդունեն, թե չեն ընդունի: Նրանք իրենց երկրների հետ թող աշխատեն»: Այս մարդու համար, որ մեր երկիրն էր ղեկավարում սովի-ցրտի-մթի ու համատարած թալանի, կաշառակերության ու ստորացման տարիներին, հայրենիքը բացակայում է, կա «Հայաստանի Հանրապետություն», որը ոչ մի իրավունք չունի անցյալի նկատմամբ, եւ «Սփյուռք», որը իրավունք ունի անցյալի նկատմամբ, բայց «սփյուռքահայերը իրենց երկրների հետ թող աշխատեն»… Միանգամից պիտի ձեւակերպեր «իրենց հայրենիքների» եզրով, որպեսզի առհասարակ հայը ոչ Հայաստանում, ոչ էլ Սփյուռքում չմտածեր, թե «Հայաստանի Հանրապետությունը» հայության հայրենիքից՝ Հայկական լեռնաշխարհից մնացած մի սրբազան կտոր է…

Ինչպե՞ս կարող էր այս մարդը դառնալ մեր երկրի նախագահ: Լավ, եթե այն ժամանակ դա մեզ ստիպեցին օտար ուժերը, ապա այսօր ո՞վ է ստիպում «ջնջել» յուրաքանչյուրիս հիշողությունը եւ սովի-ցրտի-մթի, համատարած թալանի, կաշառակերության ու ստորացման տարիների նախաձեռնողին դարձնել ընդդիմության առաջնորդ, որ հետո «ջնջված հիշողությամբ ու «կոտրված» ձեռքերի վրա կրկին բերեն իշխանությա՞ն: Ո՞վ է ստիպում:

«Սա հակասում է մեր միասնությանը»,- ասել է ԱԺ փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովը՝ նշելով, որ մեր ամենակարեւոր խնդիրը պահաջատիրությունն է: Այսօր այդ պահանջատիրության արդյունքում բազմաթիվ են երկրները, որոնք ոչ միայն դատապարտում են ցեղասպանությունը, այլ նաեւ ժխտողականության դեմ օրենքներ են ընդունում: «Մարդը 11-րդ կետում գրում է՝ մենք հանձն ենք առնում եվրոպական կառույցների առջեւ եւ ասում ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չդիտեք: Այսինքն՝ գնում ասում ենք՝ հանկարծ ցեղասպանությունը չճանաչեք… Նաեւ 5 տարի ասում են, որ ԼՂ կարգավորման գործընթացը չի կարող կապ ունենալ թուրքերի հետ հաշտեցման գործընթացի հետ, եւ Թուրքիան ԼՂ գործընթացի հետ կապ չունի, մինչդեռ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ուղերձի 13-րդ կետում ընդունում է փոխկապակցվածություն…»,- հավելել է Շարմազանովը:

Հայի պահանջ ուրացող այս  ուղերձը հռչակագրի կողմնակիցները չե՛ն կարող ընդունել: Ընդհանրապես մեր ազգային ու պետական գաղափարախոսության հիմնական անկյունաքարերից մեկը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունն է եւ այս կապի դեմ հանդես եկողը հաստատ չի կարող խոսել Հայաստանի ու հայության շահերից:

Արտակ Հայոցյան

Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ-ում կներկայացնի Իրաքի եւ Սիրիայի քրիստոնյաների պաշտպանության վերաբերյալ խարտիա

Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ-ում ներկայացնելու է փաստաթուղթ, որով նախատեսվում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Իրաքի եւ Սիրիայի քրիստոնյաների ու կրոնական այլ փոքրամասնությունների պաշտպանության համար: Ֆրանսայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսն ընդգծել է, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» գրոհայինների գործողությունների պատճառով կրոնական փոքրամասնություններին մահ է սպառնում:

«Արեւելքի քրիստոնյաներին այժմ արմատախիլ են անում: Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը` ցանկանում ենք գնալ վճռական քայլի: Այժմ մենք նախագահում ենք ՄԱԿ ԱԽ-ում եւ որոշել են այս թեմայով նիստ հրավիրել: Սա առաջին դեպքն է: Հույս ունեմ, որ «Գործողությունների խարտիան», որը մենք կառաջարկենք, օգտակար ներդրում կլինի»,- ասել է Ֆաբիուսը` հիշեցնելով, որ «Արեւելքի քրիստոնյաների պաշտպանի» դերը Ֆրանսիան իր վրա վերցրել է դեռ Ֆրանցիսկ 1-ինի ժամանակներից:

Ֆրանսիացի դիվանագետների ջանքերով մշակված նախագիծը բաղկացած է 4 բաժիններից: 1-ին մասը վերաբերում է հումանիտար բնագավառին, որում քննարկվում է ոչ միայն փախստականների խնդիրները, այլեւ նրանց` մշտական բնակության վայր վերադառնալու հարցը: 2-րդ բաժնով նախատեսված է կոալիցիայի ստեղծումը: Իրաքի բանակը եւ այլ ուժեր պետք է կարողանան ապահովել հետապնդվող փոքրամասնությունների անվտանգությունը: 3-րդ բաժնով նախատեսված է քաղաքական բնույթի մի շարք հարցեր, իսկ 4-րդով պատիժ սահմանել կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հանցագործություն կատարելու համար:

«Լուսանցք» թիվ 10 (356), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։