Ինչու Ռուսաստանը չի՛ ներում Հայաստանին – Ո՞ր երկրների պարտքերն է «ջնջում» Մոսկվան՝ այդ ցանկում երբեք չներառելով դաշնակից եւ ռազմավարական գործընկեր Հայաստանին…

Վլադիմիր Պուտինը մարտի 17-ին ստորագրել է Ռուսաստանի եւ Ղրղըզստանի կառավարությունների միջեւ կնքված մի համաձայնագիր, ըստ որի Ռուսաստանը ներում է Ղրղըզստանին մոտ 190 մլն. դոլարի պարտք: Ընդհանուր պարտքը կազմում է 500 մլն. դոլար: Մնացած մասն էլ վերաձեւակերպվել է եւ կվճարվի առաջիկա 20 տարիներին:

Առաջին հայացքից թվում է, թե այս տեղեկատվությունը այնքան էլ կարեւոր չէ, բայց այդպես չէ՝ հատկապես հայերիս համար: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը մինչ օրս Հայաստանին ոչ մի լումա չի զիջել, եւ դա այն դեպքում, երբ Ռուսաստանն այլ երկրներին պարտքի ներումներ է շնորհում ուղղակի փաթեթներով:

Համոզվելու համար ուսումնասիրենք, թե ում եւ որքան պարտք է ներել Ռուսաստանը վերջին 20 տարիների ընթացքում՝ օգտվելով ռուսական մամուլում առկա վստահելի տեղեկատվությունից:

Ղրղըզստանին առաջին անգամ չէ, որ Ռուսաստանը պարտք է ներում: Ընդամենը 2 տարի առաջ՝ 2013թ. ապրիլին նույնքան՝ 190 մլն. դոլարի պարտք արդեն ներել էր:

2014թ. հուլիսին Ռուսաստանը ներեց Կուբայի պարտքի 90%-ը: Ընդհանուր պարտքը Ռուսաստանին կազմում էր 35,2 մլրդ. դոլար: Մնացած 3.5 մլրդ. դոլարը Կուբան պետք է վճարի 10 տարվա ընթացքում:  

2012թ. սեպտեմբերին ներեց Հյուսիսային Կորեայի 11 մլրդ. դոլար պարտքից 10 միլիարդը:

2008թ. փետրվարին հատուկ օրենքով ներեց Իրաքի ունեցած պարտքից 12 մլրդ. դոլար: Ամբողջ պարտքը կազմում էր 12,9 մլրդ. դոլար: Նույն թվականի ապրիլին Ռուսաստանը ներեց Լիբիայի պարտքը՝ 4,5 մլրդ. դոլարի չափով:

2007թ. Ռուսաստանը հրաժարվեց Աֆղանստանի 11,1 մլրդ. դոլար պարտքից, իսկ 2006թ.՝ Ալժիրի ունեցած 4,7 մլրդ. դոլար պարտքից:

2005թ. մարտին Եթովպիայի ունեցած 6 մլրդ. դոլարի պարտքից Ռուսաստանը ներեց 1,1 մլրդ. դոլարը այն դեպքում, երբ 2001թ. արդեն իսկ ներել էր 4,8 մլրդ. դոլարը: Մի քանի ամիս անց՝ 2005թ. մայիսին, Սիրիայի ունեցած 13,4 մլրդ. դոլարի պարտքից 9,7 մլրդ. դոլարը:

2004թ. հուլիսին Նիկարագուան ազատվեց Ռուսաստանին ունեցած 344 մլն. դոլար պարտքի վճարումից: Ընդ որում՝ դրանից առաջ արդեն 2 փուլով ներել էր այդ երկրի ունեցած 5,9 մլրդ. դոլարի պարտքը: Նույն տարվա նոյեմբերին Մոսկվան հրաժարվեց Իրաքի ունեցած 10,5 մլրդ. դոլարի պարտքի մեծագույն մասից՝ 9,8 մլրդ. դոլարից:

2003թ. Մոնղոլիայի եւ Լաոսի հերթն էր: Մոնղոլիային ներվեց 11,1 մլրդ. դոլարի, իսկ Լաոսին՝ 960 մլն. դոլարի պարտք:

2000թ. ներվեց Վիետնամի ունեցած 11 մլրդ. դոլարի պարտքից 9,5 մլրդ.-ը: Մնացածի վճարումը հետաձգվեց 16-22 տարով:

1996թ. Անգոլայի ունեցած՝ ընդհանուր առմամբ 5 մլրդ. դոլարից 3,5 մլրդ. դոլարի պարտքը:

Տարբեր տարիներին Մոսկվան ներել է Տանզանիայի, Բենինի, Մալիի, Գվինեա-Բիսաուի, Մադագասկարի, Չադի, Յեմենի, Մոզամբիկի, Բուրկինա Ֆասոյի, Սիեռա Լիոնեի պարտքերի մեծագույն մասը:

Ակնհայտ է, որ Ռուսաստանը մի քանի տասնյակ միլիարդ դոլարի պարտքեր է ներել այնպիսի երկրների, որոնք շատ ավելի անտարբեր են իրենց նկատմամբ, քան՝ Հայաստանը: Իսկ մեր ունեցած ընդամենը 110 մլն. դոլարի դիմաց Ռուսաստանը «Գույք պարտքի դիմաց» գործարքով ստացավ մի քանի ձեռնարկություններ, այդ թվում՝ նաեւ Հրազդան ՋԷԿ-ը եւ «Մերգելյանի ինստիտուտը»: 24 մլն. դոլարի պարտքի դիմաց ստացավ «Սեւան Հրազդան» կասկադը…

Հիշեցնենք նաեւ այն, որ Ռուսաստանից վերցրած 500 մլն. դոլար վարկը մարելու համար 2013թ. տեղաբաշխեց 700 մլն. դոլարի եվրապարտատոմսեր: Իսկ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ծախսերի մի զգալի մասը հոգում է հենց Հայաստանը՝ ծախսելով ահռելի գումարներ:

Այս ամենի միակ պատճառն էլ է ակնհայտ: Այն է. գործընկերներից մեկը՝ մենք, միշտ պահպանում ենք պայմանավորվածությունները եւ մնում խոսքի տեր ու առաքինի, բայց միաժամանակ միշտ ներում ենք մյուս գործընկերոջ՝ այդ նույն պայմանավորվածությունների խախտումը, որն արհամարհում է իր տված գործընկերային ու բարեկամական, անգամ ռազմավարական դաշնակցի խոստումները…

Եվ վերջապես Հայաստանը խոսեց, մեր նախագահը բարձրաձայնեց, որ հայ զինվորն ինչպե՞ս կարող դրական ընկալել այն փաստը, որ ադրբեջանցին իր վրա կրակում է մեզ եղբայր հռչակված ռուսի մահաբեր զենքով: Եվ փաստը միջազգայնացնելը եւս ճիշտ էր: Բայց սա պիտի դառնա գործողություն, այլապես Մոսկվան մեր ասելուն էլ կսովորի, եթե հակընդդեմ քայլեր չնկատի: Ինչպես ա՛յն երկրների դեպքում, որոնց պարտքերը մեկը մյուսի հետեւից սիրով մարում է…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 10 (356), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։