Համաշխարհային ճգնաժամի սպասումով – Համաշխարհային 2-րդ բեւեռը պահելու ճանապարհին Մոսկվան Վաշինգտոնին սպառնացել է միջուկային պատերազմով…

Վերջերս Վլադիմիր Պուտինի հրամանով մարտական տագնապով մարտական պատրաստության էին բերվել (ինչը գուցե պարբերաբար կրկնվի) Հյուսիսային նավատորմը, Արեւմտյան ռազմական օկրուգի առանձին զորամիավորումները եւ ռազմաօդային դեսանտը: Այս մասին հայտարարել էր երկրի պաշտպանության նախարար Սեգեյ Շոյգուն: Ընդհանուր առմամբ, տագնապին ներգրավվեց 38 հազար զինծառայող, 3360 միավոր մարտական տեխնիկա, 41 նավ, 15 սուզանավ, 110 օդանավ եւ ուղղաթիռ:

Տագնապն ուսումնավարժական էր ու հետապնդում էր զորքի պատրաստվածությունը ստուգելու նպատակ: Մասշտաբային այդ ստուգումն իրականացվեց Ռուսաստանի համար այնպիսի մի ժամանակահատվածում, երբ հրապարակային բոլոր միջոցառումներից «անհետացել» էր Վլադիմիր Պուտինը, եւ Ռուսաստանն ավելի քան 10 օր կարծես գտնվում էր «ստվերային կառավարման» փուլում: Անգամ խոսում էին, թե հայտնի չէ՝ նախագա՞հն է կառավարում Ռուսաստանը, թե՞ ուրիշները՝ նրա միջոցով, կամ՝ առանց նրա: Ստեղծվեց մի խորհրդավոր վիճակ, ինչը, մեր կարծիքով, պիտի պարզեր՝ ինչքան են վախենում Ռուսաստանից Արեւմուտքում … Եթե Մոսկվան ցույց տա, որ կարող է հանկարծ անկառավարելի դառնալ:

Ընդհուպ շրջանառվեցին վարկածներ, որ Ռուսաստանում իշխանական հեղաշրջում են իրականացրել ուժային կառույցները, եւ նրանք փորձում են իրենց կամքը թելադրել երկրի նախագահին, այդպիսով՝ նաեւ աշխարհին: Նույնիսկ խոսում էին, թե ով է փոխարինելու «նախկին» նախագահին: Բոլոր վարկածները ցրելու տարբերակ կար, եթե պարզապես հայտնվեր Ռուսաստանի ղեկավարը… Սակայն խորհրդավոր ուշացումը խնդիր ուներ լուծելու: Իսկ «անհետացած» նախագահի «անտեսանելի» հրամանագիրը զորական մասշտաբային տագնապի մասին՝ արդեն «թաքնագիտական» քայլի պիկն էր: Ուշագրավ է, որ մարտի ակզբներին էլ Ռուսաստանը ծավալուն զորավարժություն էր իրականացնում հարավային օկրուգում, որին ներգրավված էր անհամեմատ ավելի քիչ թվով զինծառայող՝ 2000:

Իսկ Ռուսաստանի նախագահն ավելի խորն էր գնացել դեռ հակամարտության սկզբում: Համաշխարհային 2-րդ բեւեռը պահելու ճանապարհին նա անգամ ակնարկել էր միջուկային հարվածների մասին: «Ղրիմ. Ճանապարհ դեպի հայրենիք» ֆիլմի համար տված հարցազրույցում նա նշել է, որ Կիեւում տեղի ունեցած հեղաշրջումից հետո երկրի զինված ուժերը պատրաստ էին իրադարձությունների ցանկացած զարգացման՝ ներառյալ միջուկային ուժերը մարտական պատրաստականության բերելուն: Նաեւ ասել է, որ արեւմտյան գործընկերների կողմից արվող հայտարարություններից հասկանալի չէր՝ արդյոք նրանք իրավիճակից ելնելով չեն պատրաստվում ռազմական միջամտություն իրականացնել:  

«Մենք պատրաստ էինք միջուկային ուժերը բերել մարտական պատրաստականության: Ես խոսել եմ գործընկերների հետ եւ նրանց ասել եմ, ինչպես բացահայտ ձեզ եմ ասում, որ դա մեր պատմական տարածքն է, այնտեղ ապրում են ռուս մարդիկ, նրանք հայտնվել են վտանգի մեջ, եւ մենք չենք կարող նրանց լքել: Սակայն մենք չէ, որ պետական հեղաշրջում ենք արել, այն արել են ազգայնամոլները եւ ծայրահեղական հայացքների տեր մարդիկ»,- նշել է Պուտինը: Ըստ նրա՝ արեւմտյան գործընկերները ապրում են հազարավոր կիլոմետր հեռավորության վրա ու չեն պատկերացնում իրավիճակը: Ինչ-որ մեկը ցանկություն չուներ համաշխարհային հակամարտություն հրահրել, պարզապես իրենց ստիպեցին գնալ նման գործողությունների: Այնուհետեւ հավելել է, որ անցյալ տարվա գարնանը Ղրիմը վերածվեց իսկական ամրոցի՝ միաժամանակ հաստատելով, որ իր կարգադրությամբ Ղրիմում տեղակայվեց «Բաստիոն» ափամերձ հրթիռային համալիրը, որի նպատակն էր ցույց տալ, որ թերակղզին լավ պաշտպանված է. «Դա հնարավոր էր անել միայն գերագույն հրամանատարի որոշմամբ: «Բաստիոնը» պաշտպանական համալիր է, որը պաշտպանում է ափը, այն հարձակողական չէ, սակայն արդյունավետ, արդիական, ճշգրիտ զենք է»:

Այսպես պաշտոնական Մոսկվան փորձում է մնալ հաստատուն դիրքերում, քանզի համոզված է, որ յուրաքանչյուր հետքայլ հանգեցնելու է ամեն ինչ նորից սկսելուն:…

Բայց շատերն են վստահ, որ Ռուսաստանն ինքնամեկուսանալով մեծ տերություն չի կարող լինել: Իսկ ինքնամեկուսացումը հենց ռազմավարական գործընկերների նկատմամբ անհարգալից վերաբերմունքից է սկսվում: Երբեք չի կարելի միակողմանի քայլերի գնալ՝ անտեսելով գործընկերներին, առավել եւս՝ ռազմավարական դաշնակիցներին, ինչը, ռուսական մտածողությանը վաղուց հարիր չէ (ñèëà åñòü – óìà íå ­íàäî (ուժը կա՝ խելք պետք չէ))… Իսկ վտանգը հենց այստեղ է:

Ռուսաստանի համար «գունավոր հեղափոխությունների» վտանգ գոյություն չունի այժմ, չնայած փորձեր միշտ են լինելու: Ռուսաստանի համար հիմնական խնդիրը տնտեսությունն է եւ կյանքի բոլոր ոլորտների չափից ավելի կենտրոնացումը, այդ թվում եւ՝ տնտեսության: Եվ արեւմտյան պատժամիջոցները հենց այս թիրախին էլ ուղղված են: Չնայած Ռուսաստանը եւս անցել է պատժամիջոցների, ինչը եթե Միացյալ Նահանգներին չի դիպչում, ապա Եվրոպային հաստատ նեղում է:

Ռուսաստանում արդեն ահազանգում են, որ մեկուսացման մասին խոսք անգամ լինել չի կարող, եւ Մոսկվան պարտավոր է զարգացնել հարաբերությունները Արեւմուտքի ու Արեւելքի բոլոր երկրների հետ, չնայած պատժամիջոցների առկայությանը: Կարծում են, որ պիտի «հալեցնել» «սառը պատերազմի» տանող իրավիճակը եւ պիտի վերականգնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ՝ կանխարգելով մարդկության դեմ ուղղված իրական վտանգները՝ ահաբեկչությունը, թմրավաճառությունը, հակամարտությունների ուռճացումը: Ահա հենց առանց նման համագործակցության Ռուսաստանը այլեւս չի կարող մեծ տերություն լինել:

Տնտեսական խնդիրների լուծումն էլ մասնագետները տեսնում են այսպես. Կրեմլը տարածաշրջաններին պետք է տնտեսական առավել լայն ազատություններ տա եւ իրական դաշնային հարաբերություններ ապահովի, ինչն էլ կօգնի հաղթահարել տնտեսական ճգնաժամը: Անգամ առաջարկներ կան՝ վերադառնալ 1998թ.-ին, երբ բոլոր եկամուտները Կրեմլը եւ տարածաշրջանները բաժանել էին 50/50 սկզբունքով:

Այս քայլերը դրական կանդրադառնան նաեւ Մոսկվայի դաշնակիցների հետ գործընկերային հարաբերությունների վրա, իսկ հակառակ դեպքում ինքնամեկուսացումը կհանգեցնի միաբեւեռ աշխարհի ամրապնդմանը:

Սա ձեռնտու չէ նաեւ Հայաստանին, ուստի պետք է շարունակել աշխատել ռուսական կողմի հետ՝ սակայն «դարձի» բերող քայլեր նախաձեռնելով (Հայաստանի հետ հարաբերություններում)՝ զուգահեռ աշխատելով արեւմուտքի ուղղությամբ:

Հայկ Թորգոմյան

Հ.Գ. – Մանրամասնենք, որ «Ղրիմ. Ճանապարհ դեպի հայրենիք» ֆիլմում Ռուսաստանի նախագահը սենսացիոն խոստովանության ժամանակ նշել է, որ Մոսկվան պատրաստ էր կիրառել նաեւ միջուկային զենք՝ Ղրիմին մոտեցող ամերիկյան ավիակիրի նկատմամբ: Ռուսական գենշտաբի ներկայացուցիչը ֆիլմում հայտարարել է, որ ռուսական ծովային ավիացիան մոտեցել է ամերիկյան «Դոնալդ կուկ» ավիակիրին չափազանց մոտ հեռավորությամբ, որի արդյունքում ամերիկյան ավիակիրը խուճապահար հեռացել է տարածքից: Պարզվում է, որ այդ ամենը կատարվել է առանց նախագահ Պուտինի հրամանի: Ֆիլմում նա նշում է, որ ինքը դրա մասին տեղյակ չի եղել: Ինչքանով է դա ստույգ, դժվար է ասել, բայց խոստովանել է, որ շատերը գենշտաբից նրան խորհուրդ են տվել ավելի ագրեսիվ քայլեր իրականացնել ամերիկյան ավիակիրի նկատմամբ, սակայն մերժել է այն՝ նշելով, որ «սառը պատերազմների» ժամանակներն անցել են: Միաժամանակ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ զանգահարել է Բարաք Օբամային եւ սպառնացել, որ Ռուսաստանն իր պատմական տարածք Ղրիմը պատրաստ է պաշտպանել ցանկացած պարագայում եւ բոլոր մեթոդներով: Այս արձագանքից երեւում է, որ ամերիկացիները նույնպես հակված չէին սրել իրավիճակը՝ օգտագործելով ռազմական միջոցները:

Արձանագրենք, որ շուրջ 1 տարի առաջ աշխարհը կանգնած է եղել նոր համաշխարհային ճգնաժամի առջեւ, մոտավորապես այնպես, ինչպես եղավ 1961թ.՝ Կուբայի մոտակայքում, երբ միջուկային վտանգ առաջացավ ԽՍՀՄ-ԱՄՆ հակամարտության ժամանակ, որն էլ մտավ պատմություն «կարիբյան ճգնաժամ» անվամբ:

«Լուսանցք» թիվ 10 (356), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։