Բաց դիմում՝ Մայրության տոնին ընդառաջ – Պետական ուշադրություն՝ Նծդեհածին մոր՝ Տիրուհի Գյուլնազարյանի շիրիմի նկատմամբ… Նժդեհի նամակներից… Նժդեհի մոմե արձանը՝ Մայր Հայաստան զինվորական թանգարանում…

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին,  պատճենը՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին

Հարգելի բարեկամներ.

Նժդեհյան նվիրական ուխտավայրերի պատկառելի շարքում (մասունքատեղիներ Խուստուփ լեռան լանջին, Սյունիքի մարզ, 1983թ-ից, Սպիտակավորի Սուրբ Աստվածածին վանքի բակում, Վայոց ձորի մարզ,1987թ.-ից, Կապանի Նժդեհանուն հուշահամալիրում, Սյունիքի մարզ, 2005թ.-ից) ամենահինը գտնվում է ձեր վարչական իրավասության տարածքում: Խոսքը եւ մեր խնդրանքն էլ վերաբերում են Դիլիջան քաղաքի հին գերեզմանատանը համեստորեն ծվարած՝ Գարեգին Նժդեհի պաշտասուն Մայր կամ, ինչպես ժողովուրդն է ասում, Սրբամայր Տիրուհի (Խաթայի) Գյուլնազարյանի (1855-1938) շիրմին: Եթե հաշվի առնենք, թե ինչպիսի տառապանքներով է բռնադատվել թրքաբոլշեւիկյան կայսրության գաղափարափար ախոյան ու գերեզմանափոր Գարեգին Տեր-Հարությունյանի ամբողջ գերդաստանը, ընդհուպ որ՝ Խորհրդային Հայաստանի սահմաններից արտաքսվել է անգամ գերդաստանի Մատրիարքը՝ Նժդեհի ծեր ու հիվանդ Մայրը, ապա կարելի է եզրահանգել, որ Իր շիրիմն ուղղակի Արարչի հայահաճ կամոք ու մեծագույն հրաշքով է պահպանվել: Մյուս կողմից՝ մեր հիմնավոր համոզմամբ, նույն Սրբամայրն է Յուր իսկ որբացյալ վերջին զավակի անդրանիկ ուխտագնացը. եւ, «առնական, խիզախ» նշանակող Անդրեաս անուն առաքյալի պես, ամեն առումով ողջամնա Նախավկան էլ հենց ինքն է՝ Մեծամեծն Հայորդին ու Համամարդը. «Կալանավոր էի ցարի օրով, եւ մայրս ամեն կիրակի ինձ այցի կու գար հեռավոր գյուղից, կու գար ոտքով: Իր նիոբեական վշտից ազդված՝ կը զայրանայի, որ ինձ համար կը նահատակե իր անձը:  

«Ի՞նչ,- կը պատասխաներ,- կա՞ռք վայելեմ, երբ շղթայակիր եւ զրկանքների մեջ ես դու»: «Դեպի քաղաք (Նախիջեւան.- ծանոթությունը մերն է) ճամփա ընկնելուց առաջ,- կը պատմեին քույրերս,- մայրիկը հսկումի է կանգնում Տիրամոր առջեւ, արյուն լալիս, կուրծքը եկեղեցու քարերին քսում, մինչեւ որ արյունեն ստինքները. խե՜ղճ կին՝ կ՛ուզե, որ քարերն էլ զգան իր ցավը: Ահա մայրը, որի նման են բոլոր հայ մայրերը» (Նժդեհ, «Բանտային գրառումներ», Երեւան, 1993թ., էջ 57):

Մնում է, ուրեմն, ըստ ամենայնի հոգալ Սրբամոր գերեզմանի պարտուպատշաճ խնամքի եւ Երկրի տարբեր ծագերից կատարվող ուխտագնացությունների հետ կապված խնդիրների լուծման մասին: Մեր սուղ միջոցներն ու հնարավորությունները, ցավոք, չեն ներում. խնդրում ենք ձեր առաջնային ուշադրությունը, անհրաժեշտ հանձնարարականներն ու վերահսկողությունը մասնավորապես հետեւյալ իրագործումների համար (ի դեպ՝ Մայրության եւ գեղեցկության տոնին ընդառաջ).

– Տիրուհի (Խաթայի) Գյուլնազարյանի բուն գերեզմանի ամենօրյա խնամատարություն.

– գերեզմանի մերձակայքի բարեկարգում՝ համապատասխան սալիկապատումով.

– բանուկ ճանապարհի եզրին Սրբամոր անունով (հայերեն, անգլերեն, ռուսերեն)  ուղեցույց վահանակի տեղադրում.

– հիմնավորված (լուսանկարների կցմամբ) առաջարկության ներկայացում ՀՀ մշակույթի նախարարություն՝ գերեզմանը, սահմանված կարգով, Տավուշի մարզի հանրապետական նշանակության հուշարձանների պետական ցուցակում ընդգրկելու համար (տալով առանձին պետական ցուցիչ):

…Աստված պահապան է(ր), հետայսու՝ նաեւ օգնական:

Հարգանքով եւ կանխահայտ շնորհակալությամբ՝

«Նախիջեւան» հայրենակցական միության անունից՝ նախագահ՝ Մելս Մկրտչյան,

Նժդեհի աճյունաբեր (ծագումով դիլիջանցի) Պավլիկ Անանյան,

Նժդեհի թոռնուհիներ՝ Գոհարինե Տրդատյան եւ Էսֆիրա Տրդատյան,

Նժդեհի քրոջ թոռ՝ Արմեն Բաբայան,

Նժդեհյան գաղափարադաստիարակչական կենտրոնի հիմնադիր ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ՝ Գայանե Ներսիսյան

Նժդեհի հետին հետեւորդ («թող բոլորն ինձնից լավ (,) առաջ լինեն» իմաստով)՝ Գարեգին Ղազարյան

2015թ. մարտ

Հ.Գ. – Բաց դիմումին ծանոթանալուց հետո, իրենց ստորագրություններով եւ հոգե-ոգեղեն պատգամով միանում են վասն Նժդեհի ու նժդեհյան (ցեղակրոն, թե հայրենակրոն) բոլոր նախաձեռնություններին կողմնակից՝ «Լուսանցք» շաբաթաթերթը, Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը:

Նժդեհի 1952թ. գրված ու այդպես էլ հասցեատիրոջը չհասած նամակներում կան այսպիսի տողեր. «Եթե դեռ ողջ է սիրելի մայրս, համբուրիր ձեռքերը, իսկ եթե ոչ՝ գերեզմանը…»: «…Զգում եմ, որ մահացել է սիրելի մայրս, համբուրիր նրա գերեզմանը ու ներողություն խնդրիր…»:

«Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը: Միշտ էլ հիշենք, թե մեր հայրենիքը ծնված է մի կնոջ սրտից, նրա սիրուց եւ արցունքներից, այն արյունով, որ նա թափեց մեզ համար: Մայրերը պիտի հովազներ ծնեն, այլ ոչ թե կատու»:

«Լուսանցք»-ի այս թողարկման PDF տարբերակում՝ նկարի տեսքով կարելի է տեսնել Նժդեհի նամակը՝ գրված իր դուստր Լիլյային (03.04.1955թ.), նաեւ Նժդեհի բուլղարահայ կնոջ Եփեմիայի եւ նրանց հոգեզավակ Վրեժի այդ տարիների լուսանկարը:

Նժդեհը՝ զինվորական թանգարանում (լուսանկարը տեսնել «Լուսանցք» թիվ 10 (356), 2015թ. PDF տարբերակում)

Գարեգին Նժդեհի մոմե արձանն է՝ տեղադրված Մայր Հայաստան զինվորական թանգարանում:

Բալկանյան 1-ին պատերազմում Հայկական կամավորական վաշտի հրամանատարի հագուստով (1913թ.):

Ի դեպ, Հայաստանում միակ մոմե արձանն է: Հեղինակն է Սուրեն Բաղումյանը:

«Լուսանցք» թիվ 10 (356), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։