Հայկական խոհանոց – Արիշտայով ապուր – (Էրիշտե ապուր – Բասենի խոհանոց)… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Արիշտայով ապուր – (Էրիշտե ապուր – Բասենի խոհանոց)

Բաղադրությունը - Կարտոֆիլ – 2 հատ, սոխ  – 1 գլուխ, կանաչ սոխ  – 0.5 կապ, կարմիր փոշի պղպեղ, աղ, արիշտա – 150 գ, ձու – 1 հատ, չոր ռեհան:

Պատրաստման եղանակը - 2 լ ջուր եռացնել: Մեջը գցել կտրտած կարտոֆիլը:

Առանձին գլուխ սոխը սոխառած անել, ավելացնել կտրտած կանաչ սոխը, կարմիր փոշի պղպեղը, աղը: Սոխառածը լցնել եռացող ջրի մեջ: Արիշտան էլ լցնել մեջը, նաեւ՝ հարած ձուն եւ վերջում ավելացնել չոր ռեհանը:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Աշոտ Դանիելյանը նվաճեց աշխարհի գավաթը

Մոսկվայում կայացավ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը՝ «Խառլամպիեւի հուշամրցաշարը», որին այս տարի մասնակցում էր 35 պետության շուրջ 300 մարզիկ: Այս հեղինակավոր մրցաշարին Հայաստանը մասնակցեց ուժեղագույն մարզիկներով, ուստի ուրախալի է, որ մրցումների հենց առաջին իսկ օրը, մեր ամենահեղինակավոր մարզիկ Աշոտ Դանիելյանը գերազանց անցկացրեց մրցելույթները եւ 90 կգ քաշային կարգում դարձավ մրցաշարի հաղթող ու նվաճեց աշխարհի գավաթը: Մեկ մեդալ էլ նվաճեց Վահե Օթարյանը՝ 52 կգ քաշային կարգում գրավելով 3-րդ տեղը:

Արցախցի սամբիստն առաջինն էր՝ նա չեմպիոն էր եւ տպավորիչ ու հուզիչ ստացվեց նաեւ պարգեւատրման արարողությունը։ Պատվո պատվանդանի վերին հարթակին կանգնած էր Արցախում բնակվող Աշոտ Դանիելյանը, հպարտ, ձեռքը՝ սրտին:

Այս հաղթանակը եւ հաղթական պահը փորձեց թուրքավարի փչացնել ադրբեջանցի մարզիկը, ով 3-րդ տեղն էր զբաղեցրել: Որպեսզի հարգանքի տուրք չմատուցի Հայաստանի Հանրապետությանը, նա մեր օրհներգի հնչելու պահին ծնկել էր։ Սա մի անառողջ տեսարան էր, որին անգամ դահլիճում նստած մյուս հաղթած մարզիկներն էին քմծիծաղով հետեւում:   

Ադրբեջանի մարզիչները եւս անակնկալի էին եկել, իսկ միջոցառումից հետո այդ երկրի դեսպանը մոտեցել է մեր մարզիչներին եւ ներողություն խնդրել այդ ոչ պատշաճ պահվածքի համար: Դրանից հետո Բաքվում հերոսանալու նպատակ հետապնդող, բայց արդեն ձախողակ ադրբեւջանցի մարզիկը եւս ներողություն է խնդիրել:

Չնայած այդ ներողությունն այլեւս պետք չէր Աշոտ Դանիելյանին:

Հայաստանի Սամբոյի ֆեդերացիան պահանջում է

Հաշվի առնելով ադրբեջանցի մարզիկ Բախտիյար Աբասսովի՝ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության 90 կգ քաշային կարգում պարգեւատրման արարողության ընթացքում, ՀՀ օրհներգը հնչելիս կքանստելու գործողությունը ադրբեջանական սպորտի պատասխանատուների կողմից որեւէ կերպ չդատապարտելու փաստը, ավելին՝ արարքը լրատվամիջոցներով «հերոսություն» ներկայացնելու եւ մրցավայրում՝ մարզիկի, հավաքականի ավագ մարզչի ու ՌԴ-ում Ադրբեջանի փոխդեսպանի ներողություն խնդրելու իրողությունը հերքելու եւ «հայկական հերթական սուտ» որակելու փորձերը.-

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտարարում է, որ նշված մարզիկի արարքը ոչ միայն մարզական էթիկայի կանոնների խախտում է, այլեւ՝ քաղաքական, ազգային հակակրանքի ու թշնամանքի դրսեւորում, ինչն անընդունելի է ոչ միայն մեր, այլեւ միջազգային մարզական հանրության կողմից, ուստի պահանջում ենք ոչ միայն Սամբոյի համաշխարհային ֆեդերացիայի կողմից մարզիկի հանդեպ խիստ պատժի անհապաղ կիրառում, այլեւ՝ Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական հայտարարությունը՝ կատարվածին գնահատական տալու եւ ներողություն խնդրելու մասին:

Արդյունքների ակնկալում՝ թշնամաբար տրամադրված միջավայրում

Մինչ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն հիմնավորում է իր որոշումը, որ մեր մարզիկները պետք է մասնակցեն այս տարվա հունիսի 12-28-ը Բաքվում անցկացվելիք եվրոպական 1-ին մարզական խաղերին, ադրբեջանցի ըմբշամարտիկներից մեկը ցույց է տալիս, թե ինչ է սպասվում հայկական պատվիրակության Բաքվին: Եթե Մոսկվայում են ցուցադրաբար արհամարհում Հայաստանի օրհներգը, ապա կարելի է պատկերացնել, թե ինչեր են սպասվում Բաքվում:

Վերջնականապես որոշումը չփոխելու դեպքում, հայ մարզիկները կմասնակցեն 6 մարզաձեւում՝ ըմբշամարտ, սամբո, ձյուդո, բռնցքամարտ, թհեքվանդո եւ հրաձգություն: Սակայն, հարցը վերջնականապես որոշվելու է միայն մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանգամանալից քննարկումներից հետո: «Լուսանցք»-ը պարբերաբար տեղեկացնում է այդ մասին՝ ներկայացնելով դեմ ու կողմ տեսակետները:

Վերջերս հանրահայտ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը եւս դեմ էր արտահայտվել Բաքու գնալուն: Նշել էր, որ հայ մարզիկները չեն կարող հանգիստ պայմաններում լինել եւ դա կազդի նաեւ արդյունքների վրա:

Հռոմում կազմակերպված Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 41-րդ համաժողովում որոշվեց Բաքուն դարձնել Եվրոպական 1-ին մարզական խաղերի քաղաք, ինչի մասին «Լուսանցք»-ը գրել է: Ի դեպ, հոբելյանական 45-րդ համաժողովը նախատեսված է անցկացնել Երեւանում:

Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկվել են հետեւյալ մարզաձեւերը. բռնցքամարտ, թիավարություն, հեծանվասպորտ, լող, ջրագնդակ, գեղալող, ջրացատկ, նետաձգություն, աթլետիկա, բասկետբոլ, բադմինթոն, վոլեյբոլ, լողափնյա վոլեյբոլ, լողափնյա ֆուտբոլ, լեռնային հեծանվավազք, խճուղային հեծանվավազք, սուսերամարտ, մարմնամարզություն՝ ակադեմիական եւ գեղարվեստական, ակրոբատիկա, թռիչքներ բատուտի վրա, ձյուդո, կարատե, սամբո, հրաձգություն, սեղանի թենիս, թհեքվանդո, եռամարտ, ըմբշամարտ՝ ազատ ու հունահռոմեական ոճեր: Ինչպես նշել ենք նախորդ հրապարակումներում, անցյալ տարի մեր երկիր այցելեցին Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ու Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն: Վերջինս, անդրադառնալով Հայաստանի մասնակցությանը եվրոպական խաղերին, պարզաբանել էր, որ ԵՕԿ-ը, ՄՕԿ-ը Հայաստանի պատվիրակներին անվտանգության երաշխիքներ են տալիս, բայց եթե Հայաստանի մարզական պատվիրակությունը չմեկնի Բաքու, ապա հետագայում պատժամիջոցներ չեն կիրառվի: Այսինքն՝ խնդիր չկա մարզաշխարհի հետ, խնդիրն այլ տեղ է…

Բաքվում կայանալիք խաղերին մասնակցելու հարցի պատասխանը գտնելը բարդ չէ, բայց միայն մարզական աչքերով չպետք է նայել խնդրին: Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը երաշխավորել է Հայաստանի պատվիրակների անվտանգությունը. «Մենք հրավիրել ենք 50 երկրի մասնակցելու առաջին եվրոպական խաղերին: Մենք երաշխավորում ենք, որ բոլոր անհրաժեշտ պայմանները կստեղծվեն: Ադրբեջանը կապահովի անվտանգություն բարձր մակարդակով բոլոր մասնակիցների համար»:

Բայց բոլորս էլ լավ գիտենք, թե ինչ երկրի մասին է խոսքը, եւ վստահել, թե նրանք կապահովեն մեր մարզիկների անվտանգությունը՝ կասկածելի է: Հատկապես, որ ադրբեջանական ազգայնամոլները «Ղարաբաղի ազատագրության կոմիտե» կոչվածի հետ միասին հայտարարել են, թե իշխանություններն ի վիճակի չեն երաշխավորել հայերի անվտանգությունը եւ իրենք ամեն ինչ կանեն, որ դա ապացուցեն:

Ուշագրավ է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Վագիֆ Դերգահին էլ հայտնել է, թե չի բացառում, որ եվրոպական խաղերի նախօրեին Հայաստանը կփորձի սրել իրավիճակը շփման գծում. «Ադրբեջանի ռազմական իշխանությունները մտադիր են լրացուցիչ հսկողություն եւ նախազգուշական միջոցներ ձեռնարկել խաղերի անցկացման ընթացքում: Ադրբեջանը կոշտ պատասխան կտա Հայաստանի կողմից ցանկացած սադրանքի դեմ նախքան խաղերը, ինչպես նաեւ խաղերի ընթացքում»:

Սրանք արդեն մոռացել են, որ համաշխարհային օլիմպիական խաղերի ժամանակ, երբ դադարեցնում են բոլոր առճակատումները, ադրբեջանական զինուժը սադրանքներով է զբաղվում մեր սահմաններին:  Եվ չի բացառվում, որ Բաքվի խաղերի ժամանակ էլ կփորձեն խախտել սահմանային անդորրը՝ դա ներկայացնելով հայկական սադրանք, ինչպես վայել է թյուրքական տեսակին:

Ինչեւէ, ՀԱՕԿ-ը խնդիր է դրել, որ Եվրոպայի մարզական խաղերում հանդես գան միայն այն մարզիկները, ովքեր կարող են մեդալների հավակնել, որպեսզի Բաքվում բարձրացվի Հայաստանի դրոշը, հնչի հայկական օրհներգը: Սակայն, ինչպես վերեւում նշեցինք, այդ օրհներգի եւ դրոշի անարգւմները ավելի սպասելի են, քան հայ մարզիկների համար նորմալ ու հաղթանակի հասնելու միջավայր ստեղծելը:

Ի վերջո, գրեթե բոլորին է պարզ, թե Բաքուն իր նավթադոլարային ու խավիարա-բանանային քաղաքականությամբ ինչպես է աշխատում եվրածախու միջավայրում: Ուստի՝ ի՞նչ կտա մասնակցությունը մեր մարզիկներին, որոնք մրցելու են ակնհայտ թշնամական երկրում ու թշնամական միջավայրում՝ նախապես իմանալով, որ մեդալների համար պայքարում բախվելու են արհեստական խոչընդոտների:

Թե ինչ կլինի առաջիկայում՝ ցույց կտա ժամանակը:

Ոսկե շքանշան՝ Խորեն Հովհաննիսյանին

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրամանով հայկական ֆուտբոլի կենդանի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը պարգեւատրվել է կոմիտեի ոսկե շքանշանով՝ ծննդյան 60-ամյակի եւ հայկական ֆուտբոլում ներդրած ավանդի համար։

«Հանրապետական» մարզադաշտում մարտի 28-ին տեղի ունեցավ ԽՍՀՄ-Աշխարհի հավաքական  վետերաների հանդիպումը՝ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի առիթով, որն իսկական տոն նվիրեց ֆուտբոլի երկրապագուներին:

Մինչ կմեկնարկեր հանդիպումը, Աշխարհի եւ ԽՍՀՄ հավաքականների ներկայացուցիչները՝ Ստոիչկովը եւ Չիվաձեն շնորհավորեցին հայ անվանի ֆուտբոլիստին՝ հոբելյանի կապակցությամբ:

Խորեն Հովհաննիսյանը խաղադաշտ դուրս եկավ թոռնուհու եւ որդու ուղեկցությամբ: Նա անձամբ առաջին հարվածը կատարեց՝ մեկնարկ տալով հանդիմանը: Աշխարհի հավաքականի կազմում առաջին գոլը խփեց Չիլիի հավաքականի հայտնի ֆուտբոլիստ Զամորանոն, ում գոլից հետո աշխարհի թիմի կազմում հաշիվը կրկնապատկեց ֆրանսիական ֆուտբոլի լեգենդը՝ Պապենը: ԽՍՀՄ հավաքականի կազմում գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Գազաեւը: Եվ իհարկե, անկարելի կլիներ, եթե սեփական հոբելյանի խաղում գոլի հեղինակ չդառնար մեր ֆուտբոլիստը: Հայկական ֆուտբոլի լեգենդը վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 2-2: ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստ Բելոնը միայնակ դուրս գալով աշխարհի հավաքականի դարպասապահի դեմ՝ կարողացավ հաղթել եւ խփել ԽՍՀՄ-ի 3-րդ գնդակը: Չիլիի երբեմնի ֆուտբոլայի լեգենդը՝ Զամորանոն դարձավ նաեւ դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 3-3: 2-րդ կեսում 20-րդ դարի հայկական ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստը՝ Խորեն Հովհաննիսյանը շարունակեց հանդես գալ ԽՍՀՄ կազմում, բայց շուտով փոխարինվեց: Այս խաղակեսում երկրպագուները այլեւս դարպասի գրավում չտեսան եւ ինչպես բնորոշ է նման խաղերին՝ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի (3-3):

Հանդիպման խաղերի տոմսերի ամբողջ եկամուտը կփոխանցվի «Նվիրիր կյանք» հիմնադրամին:

Մարզաշխարհ. եկավ, ավերեց ու վերջապես հեռացավ

«Լուսանցք»-ը քանիցս անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Բեռնար Շալանդի անհաջող մուտքին, որը շարունակական բնույթ կրեց: Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունից առաջ Հայաստանի հավաքականը մեծ հնարավորություններ ուներ հաղթող դուրս գալու իր խմբային մրցաշարից, եթե չլինեին որոշ մրցավարների միտումնավոր «սխալները», ինչի մասին գրեցին նաեւ միջազգային զլմ-ները: Եվ այսպիսի թիմի ղեկավարումն ստանձնելով, շվեյցարացի մասնագետը պիտի պարզապես հզորացներ մեր հավաքականին: Բայց տեղի ունեցավ հակառակը:

«Իմ պայմանագրում հստակ նշված էր, որ մենք պետք է հավաքենք եվրոպական որակավորման փուլը հաղթահարելու համար անհրաժեշտ միավորներ, հակառակ դեպքում ես պետք է լքեմ պաշտոնը»,- հայտարարել է Շալանդը: Կրած հերթական պարտությունից հետո Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը ազատվեց աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն։ Չնայած նա պնդեց, թե Ալբանիայի հետ արտագնա հանդիպումը պիտի ըստ խաղի ավարտվեր 2:2 հաշվով, սակայն մեր թիմը պարտվեց 1:2 հաշվով:

Իր հայտարարությունում նա նշել էր, որ «հիասթափված է արդյունքից, բայց ոչ ֆեդերացիայից, նախագահից կամ որեւէ մեկից… Ինչ մնում է Ալբանիայի հետ խաղին, ապա նրանք 12 խաղացողներով էին խաղում՝ մեր 10-ի դեմ, եթե հաշվի առնենք ֆուտբոլասերների բուռն աջակցությունը եւ մեր հեռացված ֆուտբոլիստի փաստը»:

Մեր հավաքականի երկրպագուները արդարացված են համարում նրա հրաժարականը: «Վերջին խաղում ֆուտբոլի աստվածները մեր կողմից էին, իսկ մարզիչ Շալանդը՝ ոչ»,- ասել է «Առաջին հայկական ճակատի» համահիմնադիր Էդգար Պետրոսյանը՝ հավելելով. «Շատ ուշացած էին մեր մարզչի կողմից իրականացված փոփոխությունները։ Մենք վաղուց կարիք էինք զգում պաշտպանության եւ կիսապաշտպանության աջ եզրում, ու նաեւ հարձակման գծում»։

Ալբանիա-Հայաստան խաղը շվեյցարացի մարզչի ղեկավարությամբ մեր թիմի արդեն 7-րդ պարտությունն էր, որից հետո մեր հավաքականը գործնականում զրկվեց Եվրո-2016-ի եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 11 (357), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։