Կարդալու արվեստն ու արհեստը – Ով՝ ինչի համար է գիրքը ձեռքն առնում եւ ի՞նչ է նշանակում «Գիրք կարդալը նորաձեւ է» իմաստազուրկ գովազդը… Ջինսից էլ նորաձեւ – Շորի գույնի գրքով զբոսնող աղջիկները…

Կարդալու արվեստն ու արհեստը – Ով՝ ինչի համար է գիրքը ձեռքն առնում

Մարդիկ մտածում են, որ երիտասարդները քիչ կամ ընդհանրապես չեն կարդում: Բայց այսօր նորաձեւ է նաեւ քննարկելը, թե՝ գիրք կարդալը նորաձեւ է դառնում: Նույնիսկ գիրք նվիրելու օր ունենք՝ փետրվարի 19-ը: «Նվիրելուց» առաջ փորձեցի պարզել, թե ո՞վ եւ ի՞նչ է կարդում:

«էտքան կարեւոր չի՝ ինչ ժանրի, այլ թե ինչքան հետաքրքիր գիրք ես կարդում: Ես հաստ գրքեր եմ սիրում, որ ուշ վերջացնեմ: Օրինակ՝ գիշերներ չեմ քնել «Աննա Կարենինա»-ի օրոք: Սկսեցի Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգությունը» ու զգացի, որ հանդիպել եմ իմ սիրելի գրողին: Ամեն էջից հետո չեմ հարցնում՝ ինչ վերցրեցի, էտ հետագայում ա երեւում, երբ հրաշալի սխալները անում ու ճիշտն եմ սովորում»,- ասում է Խ. Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ուսանողուհի Տաթեւը:

Տաթեւի էջանիշը (2 տարի արտադրությունից դուրս մնացած, արդեն չսպասված, բայց մամայի որոնման արդյունքում գտնված նվերը) դեռ «Վեսլի Ջեքսոնի արկածները» գրքում է: Ապագա լրագրողը 8 թերթանոց ցանկ ունի, որի հետեւից չի հասցնում հասնել: Անգամ տրոլեյբուսում պապիկներն են առաջարկներ անում, օրինակ՝ Ջեկ Լոնդոնի «Զսպաշապիկը», որը դեռ առաջարկ է մնացել: Ստիպված միանգամից մի քանի գիրք է թերթում: Հիմա զուգահեռ Պոզների  «Նպատակը վարում է կյանքը» հոգեբանական ուղեցույցն է կարդում՝ ճիշտ ապրելու մասին, բայց ծիծաղելով ասում է, որ էն հարաբերական ճշտի մասին էլ չի մոռանում: Հաջորդը կկարդա՝ «Ջոնթն Լիվինգսթոն անունով ճայը», «Ավազուտների կինը», «Թախիծը»:

«Ես խորհուրդ եմ տալիս կարդալ «Մարդկային կատակերգությունը», «Անասնաֆերման» եւ «Փոքրիկ իշխանը», չէ՝ «Փոքրիկ իշխանը», հետո՝ «Անասնաֆերման»: Թշնամուս կառաջարկեմ Հեմինգուեյի՝ «Երբ ծագում է արեւը», որովհետեւ արտաքինից հաստ չի, բայց «արեւը տենց էլ չծագեց»: Կարճ ասած՝ էս գործը թշմանուս պես չսիրեցի՝ ո՛չ պատում կար, ո՛չ հերոսներ: Ավելի լուրջ՝ մտածում եմ, որ ես չեմ հասկացել: Թող կարդա պոեզիա, որովհետեւ ես դրա մեջ պատմություն չեմ տեսնում, կամ թող ոչինչ չկարդա, այ դրան է արժանի»,- ծիծաղելով ավելացնում է Տաթեւը:

Ռեալ ու անմիջական սյուժեների սիրահար Տաթեւը նույնիսկ ուզեցել է իր ընկերուհու մասին գրել, բայց համարձակ հերոսուհու պատմությունը չկա, որովհետեւ իր համարձակությունը չի բավարարել:

72 տարեկան տատիկը, ով Հարավ-արեւմտյան թաղամասի իմ բակից է, ոգեւորված պատմում է, որ «Տրիստան եւ Իզոլդա»-ն 2 ժամում է վերջացրել, հիմա երիտասարդները ամենաքիչը 2 ժամ են համակարգչից հեռու լինում. «Պետք է հայրենասիրական գրքեր կարդալ, ասենք՝ «Մուսա լեռան 40 օրը», որ դադարեն միայն իրենց սիրել»:   

Ֆանտաստիկ ու դրամա կարդացող Շուշանը, ով նույնպես Մանկավարժական համալասրանի կուլտուրայի ֆակուլտետի ուսանողուհի է, դանդաղ կարդալու պատճառով ուշ է վերջացնում: Սկսել է Դենիել Քիզի՝ (թերթելով պլանշետը փորձում է հիշել գրողի անունը) Բիլ Մելիգանի բազմապիսի մտքերը, որի հիման վրա ֆիլմ է նկարահանվում՝ ուզում է մինչեւ կինոյի ցուցադրությունը վերջացնել:

«Դեռ ոչ մի անգամ չեմ ասել՝ չպատմես, թող գնամ կարդամ: Սցենարի մասին մի երկու բան իմանալը բացահայտելու հաճույքը չի պակասեցնում: Ուղղակի «հիմար» սյուժեից գլուխդ ազատում ու ժամանակդ խնայում ես: Օրինակ՝ «Ռոբիզոն Կրուզո»-ն նայելը հերիք է: Տան գրքերի առաջին երկու էջը թերթել ու կիսատ եմ թողել, քանզի անհետաքրքրության դեմ չեմ պայքարում, իսկ կարդալու հաճույքը ուժեղացում եմ Գրիգորի Լեպսի ու Մարոն 5-ի երգերը լսելով»,- ասում է 19-ամյա Շուշանը:

Օսկար Ուայլդի գործերին ծանոթանալը նա խիստ անհրաժեշտ է համարում: Թեեւ գրողը իր համար անհաջող տղամարդու տեսակ, բայց տղամարդ-կին  հարաբերությունների անկրկնելի մեկնաբան է. «Ասում է, թե տղամարդիկ ուզում են, որ կանայք լինեն իրենց առաջինը, բայց տղամարդկանց համար կանայք ուզում են լինել վերջինը»,- շեշտում է Շուշանը:

Մասնագիտությամբ ինժիներ եւ արդեն թոշակառու Սարգիս Ղարաղոզյանը մոտ 1000 կտոր գիրք ունի եւ աչքի վիրահատությունից հետո հիմա որոշ ժամանակ չի կարդում: Վերջին գիրքը՝ Վիլյամ Սարոյանի 3 հատորներն են եղել, որովհետեւ սիրում է կարդացածը վերընթերցել՝ գրողի ուժեղ ու թույլ կողմերը գտնել: Պարոն Սարգիսը կարեւորում է գրքի տարիքային առանձնահատկությունը: Երիտասարդ տարիներին Դրայզեր, Մոպասան, Ժուլվերն ու Կուպեր է կարդացել: «Մեր երիտասարդներինը համակարգչի դարն է, ու նրանց հետ գրքի ժանրը, գաղափարը քննարկելը չգիտեմ ինչերենով խոսելուն է նման»,- ասում է պարոն Սարգիսը:

Մյուս զրուցակիցս՝ Տաթեւ Թահմազյանը, գրեթե տանը չի լինում, բուռն առօրյայից ազատվում է ռեալ գրականության միջոցով: Նախկին վատատես Տաթեւը Վարդգես Պետրոսյանից՝ լավատեսություն, իսկ Դոստոեւսկուց՝ քիչ քննադատել է սովորել:

«Երբ գիրքը շատ եմ հավանում, սկսում եմ նախանձել (հիմնականում Պարույր Սեւակին) ու մտածում եմ՝ ինչի՞ էս ամենը իմ գլխում չի առաջացել: Հավանած գրքի տպավորության տակ խորհուրդ տալուն դեմ եմ, որովհետեւ ճաշակը անհտական է: Հիմա ուզում եմ Մարկեսի «100 տարվա մենություն»-ը սկսել, հետո՝ Աննա Կարենինան կկարդամ, որովհետեւ մի 3 անգամ (ժամանակ չլինելու պաճառով) վերցրել ու չեմ բացել, նույն բախտին է արժանացել նաեւ «Պատերազմ եւ խաղաղությունը»: Բայց կիսատ էլ եմ թողնում՝ եթե ինձ ոչինչ չի տալիս, շարունակելու իմաստ չեմ տեսնում»,- համոզված է Տաթեւը:

Մյուսներին կհարցներ, թե գրքի գողը գո՞ղ է, իսկ իր պատասխանը հետեւյալն է. «Եթե տվյալ գրքի կարիքը ունի, ուրեմն թող «գողանա»»: Իսկ դպրոցում թղթի թափոնից «Քրիստինե» գրքի կյանքը փրկած Քրիստինեն նույնը հիմա էլ կաներ:

Մոտ 40-45 տարեկան ամուսինները վստահ են, որ համակարգիչը սուտ բան է ու մինչեւ թերթի հոտը մարդու քթին չկպչի, ոչինչ չի սովորի: Կինը (չնայած ձյանը) նշում է, որ պատմական գրքեր է սիրում, օրինակ՝ «Կուարդան»՝ եգիպտական թագավորների մասին, բայց հիմա միայն առողջապահական գրքեր է կարդում՝ մասնագիտական հետաքրքրության պատճառով: Ամուսինն էլ խոստովանում է, որ այսօր գիրքը միայն քնաբեր է ու մի երկու տողից հետո երեւի երազել է տեսնում:

Կարդալը քնաբե՞ր է, ընկե՞ր, հետաքրքի՞ր կամ նորաձեւ՞: Պետք չէ պատճառներ գտնել, որպեսզի հասկանաս, թե ինչի համար է կարդալը: Որովհետեւ գիրք կարդալու համար պատճառ պետք չէ: Գիրք կարդալը սնվելու պես բան է, չսնվելով չես ապրի: Իսկ երբ սնվում ես, չես մտածում, որ սնվելը նորաձեւ է…

Ջինսից էլ նորաձեւ

«Այստեղ-այնտեղ գնալիս տրոլեյբուսների մեջ գիրքը ձեռքիս հաճախակի եմ հայտնվում: Պատահել է, որ կարդալիս ծիծաղել եմ, բայց կողքիններս ուշադրություն չեն դարձրել: Երբեմն միայն մեծ տարիքի տղամարդիկ են հետաքրքվում, թե ինչ եմ կարդում: Մի անգամ նույնիսկ մի տղամարդ առաջարկեց Ջեկ Լոնդոնի «Զսպաշապիկը» կարդալ»,-պատմում է Տաթեւը:

Անծանոթից լսած գիրքը կարող է հետաքրքրել ու շարժել կարդալու մտադրությունդ, բայց մարդիկ մի տեսակ անտարբեր են ու կամաց-կամաց կամ ուզած-չուզած այդ փաստը նորմալ ես համարում:

Բայց «անտարբեր» չես կարող լինել երեւանյան փողոցներում որոշ պաստառների վրայի գրություններին՝ «Գիրք կարդալը նորաձեւ է»:

Շուշանը ուսը թափ տալով ասում է, թե՝ «Ինչի՞ պետք ա Ավետ Բարսեղյանի կամ Արմեն Աշոտյանի գրքի հետ նկարված պաստառով որոշի ինչ կարդալ, երբ հնարավոր է մարդուն հետաքրքրել հերոսի, մտքի կամ պատկերի միջոցով»:

Ապագա լրագրող Հասմիկը անտաբեր է կարգախոսի նկատմամբ, որովհետեւ գիրք կարդալը մշտաձեւ է, իսկ նորաձեւ դարձած առցանց գրքերին դեմ չէ, որովհետեւ կարեւորը գործողությունն է:

«Իհարկե, թիթիզ աղջիկներ կան, ովքեր գրքի կազմը շորիկի հետ համադրում ու ձեռքները բռնած գնում-գալիս են, իսկ տղաների մոտ դեռ նման բան չեմ նկատել»,- նշում է Հասմիկը:

Տաթեւը, օրինակ «գրքով զբոսնողներից» բացի նաեւ պատմում է «գրքերի ցուցակամոլների» մասին, «ովքեր դրանց կազմելով  չեն զբաղվում, ուր էլ մնաց կարդան՝ փոխարենը ունեն ընկերներ, ովքեր էտ գործը անում են: Նրանք գործնականում չեն կարդում, բայց տեսականորեն թվարկում են՝ սա կարդացել եմ, էս մեկը ծանոթ ա, իսկ մյուսը հաջորդ անգամ կկարդամ»:

«Գրքի նորաձության» մասին տեսակետ կա, որ արտասահմանյան գրականությունը ավելի պահանջված է, քան հայ  ու մասնավորապես՝ ժամանակակից գրականությունը: Հասմիկը համոզված է, որ հենց գրքերի «թոփ 10»-ի ու առցանց քննարկումների արդյունքում է, որ հայկական գործերն անտեսվում են: Զրուցակիցներիցս Տաթեւը շեշտում է. «Չեմ հրաժարվել, բայց մեծ տեղ էլ չեմ տվել վարկանշային աղյուսակներին, որովհետեւ գուցե շատերի համար Շեքսպիրը պահանջված է, բայց ինձ տալու ոչինչ չունի»:

27 տարեկան Մերին նորաձեւություն բառը կապող օղակ է համարում կարդացողի ու ժամանակակից գրողների միջեւ: Ինքը հետեւում է առաջարկին՝ Գարսիա Մարկես եւ իրանական ժամանակակից պոեզիա է կարդում: Տաթեւը ժամանակակից գրքեր, օրինակ՝ Վարդգես Պետրոսյան, Պաուլո Կուելո կարդալու իր պատճառն ունի: Ծառի արմատից մինչեւ տերեւը նկարագրություն չի սիրում, որովհետեւ ժամանակ չունի: Ուզում է իմանալ, թե ո՞վ բարձրացավ ծառը:

Նորաձեւության աշխարհից ջինսի նման կարծես դուրս չի գա նաեւ արգելված գրքերի ու մասնավորապես՝ 18+ բաժինը:

«Ինչ բնական ա ուրեմն՝ բնական ա, ոչ թե բարոյական,- ասում է, Տաթեւը ու ավելացնում, – եթե մարդ էջերով կարդում-կարդում ա հոգեւոր սիրո մասին, պիտի մարմնականի մասին էլ իմանա: Ցավը գիտես որն ա, որ ով  քննադատում ա, պարզվում ա ամեն ինչից տեղյակ դոկտոր ա»,- ասում է Տաթեւը:

Քրիստինեն էլ անկեղծ խոստովանում է, որ Պաուլո Կուելոյի «11 րոպեն» մի երկու տող կարդալուց հետո ամաչել է շարունակել, որովհետեւ չէր պատկերացնում, որ տղամարդ գրողը կարող էր  կնոջ սեռական օրգանները (որոնք նաեւ իրենն են) նման ձեւով նկարագրել: Իսկ Տաթեւը շատ շատերի նման կարդացել է «Մոխրագույնի 50 երանգները» գիրքը ու իրեն այն մարդկանց թվին չի դասում, ովքեր թաքցնում են, որ կարդացել են: «Ընթերցողը ցանկացած թեմայի մասին նոր տեղեկություն է ձեռք բերում»,- ասում է Տաթեւը:

Կարծում եմ, որ մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն կարդալու ցանկությանը, հաճույք ստանալուն, տեղեկություն փնտրելուն  ու չմտածեն նորաձեւ կամ գրքամոլ երեւալու մասին: Ինչ որ բանից մոլի կախում ունենալն արդեն բացասական երեւույթ է, նույնիսկ՝ գրքից:

Սյուզան Գալստյան

Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի

«Լուսանցք» թիվ 11 (357), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։