Երբ խոսում է «հոգեկան խանգարում ունեցող»-ը կամ բանից անտեղյակը – ՀՀՇ-ական իշխանությունը ոչ թե մի քանի տարում, մի քանի օրում, այլ մի քանի ժամում միլիոնատեր դառնալու «հեղինակային» գյուտ ունի արված.- մոռացե՞լ են ազգային թալանի սկիզբը դրած ոչ անհայտ դեմքերը…

Երբ քաղաքական ասպարեզում ճամարտակող գործիչների համար այլեւս անելիք չի մնում, հին ու նոր խոստումնալից երգերն արդեն մի քանի անգամ անհույս երգված են լինում, ապա այդ բեմարվեստի քաղաքականացված վարպետներն իրենց տեղում մնալու համար դիմում են ամեն քայլի, որպեսզի կարողանան հայտնվել ուշադրության կենտրոնում: Այո, սրանց մասին քաղաքական գործիչ ասելը սխալ է, այսպիսիները քաղաքականացված անձինք են, որ մտել են ասպարեզ՝ «քաղաքականությունը պոռնկություն է» սկզբունքը պաշտպանելու եւ դա կենցաղ մտցնելու համար: Խցկվելով քաղաքականություն՝ այդպես էլ քաղաքական գործչի մակարդակի չեն ձգում, չնայած ամեն ինչ անելով՝ դեռ մնում են բեմահարթակում, բայց՝ ընդամենը քաղաքական թատերաբեմի վրա:

Երեւի 1988-ից Թատերական հրապարակը սրանց ներսում այդպիսին էլ մնացել է, չնայած վաղուց Ազատության ու Անկախության հրապարակ է դարձել…

«Լուսանցք»-ը երբեմն անդրադառնում է մեր դաժան տարիներին, ՀՀՇ-ական անցյալին ու ներկային ու որեւէ լուրջ տարբերություն չի նկատվում, ավելին՝ այդպես դիմակավորված էլ փորձում են գնալ դեպի ապագա՝ կեղծ ու շինծու հայրենասիրությամբ, ժողովրդավարության ամբոխավարացմամբ:

Այն՝ որ ՀՀՇ կազմակերպությունը ՀԱԿ-ի է վերածվել, դա միայն անվանափոխութուն է, ուրիշ ոչինչ: Նույն առաջնորդն է գլուխը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով նույն ապազգային կերպարն է՝ ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա հռչակած, մշտապես հայկական պահանջատիրությանը դեմ հանդես եկող եւ թուրքական բարեկամության իր քարոզներով հայտնի: Վաղուց պարզ է, որ դա օտարի ֆինանսա-քաղաքական պատվերով է կատարում, բայց միանշանակ բխում է ՀՀ 1-ին նախագահի ու ՀԱԿ-ի առաջնորդի, ինչպեսեւ՝ նրա թիմակիցների սրտից: Այլապես գոնե վերջինիս շարքերում ընդվզում կլիներ:

Ցայսօր անհնար է պատկերացնել, որ ՀԱԿ-ը կարողացավ 7% ընտրաձայն հավաքել ու դառնալ խորհրդարանական ուժ, ոչ մի լուրջ հաշվարկ դա չի հիմնավորում տվյալ ժամանակահատվածի առումով: Բայց իշխանությանը երեւի պետք էր այս ուժին փողոցային ցույցերից ու հանրահավաքներից քաղաքական դաշտ բերել, ներքաղաքական կյանքը կայունացնելու եւ քաղաքականացնելու համար: Ինչը այդպես էլ չիրականացավ: Իսկ պատճառը վերը նշվածն է՝ քաղաքականացված անձինք չեն կարող իրական քաղաքականությամբ զբաղվել: Նրանց գործը բանսարկությունն ու մարդկանց մոլորեցնելով կրկին իշխանության գալն է:

Ի՞նչ է, նրանք մոռացե՞լ են, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք ստեղծված Քաղաքական հանձնաժողովը լրջորեն ուսումնասիրեց նախորդ իշխանության բոլոր կարկառուն անդամների պաշտոնավարման տարիները, եւ մի քանի հաստափոր գործեր կազմվեցին: Ցավոք, դա միայն քաղաքական նպատակով գործածվեց՝ նախորդ իշխանությանը լռեցնելու առումով: Բայց այդ ընդարձակ գործի «հերոսները» իրենց նախագահի գլխավորությամբ դեռ պիտի կալանավայրերում բնակվեին: «Լուսանցք»-ի աղբյուրը զրուցել է այդ Քաղաքական հանձնաժողովի անդամներից մի քանիսի հետ եւ վստահ է, որ այսօր էլ դրանք ի ցույց դնելով՝ տասնյակ պոռոտախոսներ կկանգնեն պատասխանատվության առջեւ:

Մեր կարծիքով՝ չանելու պատճառը մեկն է, ցայսօր իշխանության մեջ կան մարդիկ՝ նախարարներ ու պատգամավորներ, որ իրենց ուղին հարթել են ՀՀՇ-ական տարիներին: Նրանք եւս հայտնվել են այդ ընդարձակ գործի էջերում: Ինչեւէ: Դեռ մի օր ամեն բան կբացահայտվի: Իսկ այսօր ՀԱԿ-ի կարկառուն դեմքերից Լեւոն Զուրաբյանն է դարձել համազգային մի նոր շարժման ջատագով: Գուցե դա Լեւոն անունից է՝ համազգային շարժման լեւոնտերպետրոսյանական ակունքների՞ց է գալիս:

Բայց դիտարկելով այն ժամանակները եւ այս «համազգային» նոր գործչին, ասենք, որ շատ բաներից անգամ տեղյակ էլ չէ, գուցե նա միայն թղթե՞ր էր տանում-բերում ժամանակի «ամենակարողների» համար այդ տարիներին: Այդ կարողներից մեկը, որ նախընտրեց հեռանալ ՀԱԿ-ական խաղերից, Արարատ Զուրաբյանն է, ով բավականին ամուր դիրքեր ուներ Երեւանում: Վերջերս նա «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում այսպես արտահայտվեց այսօրվա «համազգային» նպատակներ հետապնդողի նկատմամբ. «Լեւոն Զուրաբյանը հոգեկան խանգարում ունեցող երիտասարդ է, ես դրան ի՞նչ մեկնաբանեմ»: Խոսքը Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանի եւ մի շարք քաղաքական ուժերի հանդիպումների շարքին էր առնչվում, որը ընդդիմություն խաղացողները որակեցին որպես «նախագահականի ֆոտոսեսիա»: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, թե «Սահմանադրական փոփոխություններին աջակցողները կդառնան Սերժ Սարգսյանի սպասարկուն»: ՀՀՇ վարչությունը պահպանած եւ նախագահ ընտրված Արարատ Զուրաբյանը, ով եւս հանդիպել էր Սերժ Սարգսյանին, ասել է, որ իրենց իրավունքն է մասնակցել բոլոր այն բաներին, որոնց մասնակցում են եւ քաղաքական պրոցեսին մասնակցության ձեւը ընտրում է յուրաքանչյուր քաղաքական ուժ եւ ապա կրկին հաստատել էր, որ «մեզ սպասարկողի պիտակներ տվողներն առնվազն հոգեկան խնդիրներ ունեն»:

Ինչեւէ, այն ինչ հոգեբանների գործն է, մենք չզբաղվենք, պարզապես շարունակենք վերլուծել, թե հիմա՞ ինչ են ուզում «անհաշտ» ընդդիմադիրները: Եվ ահա, թե ինչ: Լեւոն Զուրաբյանը «գտել» է, որ «2014-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանի միլիոններն ավելացել են, ծագումը դեռ անհայտ է, միլիոնատերեր են նաեւ տարիներ շարունակ պետական պաշտոններ զբաղեցրած քաղաքապետի 3 տեղակալները»: 

Նորից պիտի հիշենք, ՀՀ 2-րդ նախագահի օրոք հավաքած փաթեթի մասին, ի՞նչ է մյուսների միլիոնները արդեն ՀԱԿ-ական ակնոցներով չեն երեւու՞մ: 1990-ականների սովի, ցրտի ու մթի տարիների ալան-թալանը չի հիշու՞մ նորօրյա «ազգափրկիչը»: Թե՞ բացի Արարատ Զուրաբյանի տված ախտորոշումից՝ նաեւ հիշողության կորուստ ունի: Երբ խորհրդային տարիներին արդյունավետ աշխատած գործարաններն ու տնտեսական այլ հիմնարկները մեջ-մեջ արվեցին 100-500 դոլարով, նորի՞ց չի հիշում: Այն տարիներին անգամ գրվեց, որ այսօրվա մեկ այլ ներդրված «ընդդիմադիր»՝ Արթուր Բաղդասարյանը 100 դոլարով Գեղարքունիքի մարզում պանրի գործարան էր «գնել»: Դե՜ նրան կարելի էր, այն ժամանակ նա գիրք էր հրատարակել՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կերպարը համազգային խորհրդանիշ դարձրած… Իսկ այդ ժամանակ հացը, մակարոնեղենը, կարագը, այլ առաջին անհրաժեշտ ուտելիքները, նաեւ ձմռան համար տրվող նավթը կտրոններով էին տալիս, գրամ-գրամ, բայց իրենք կիլոգրամներով էին սնվում ու իրար մեջ փոշիացնում ազգային տնտեսությունը…

Այդ կուտակված միլիարդները չի նկատու՞մ Լեւոն Զուրաբյանը: Ազգի մի ցեղապաշտ մասը պատերազմում էր Արցախում, նաեւ մեր երկրի սահմաններին, մի մասը սոված-ծարավ զենք-զինամթերք էր պատրաստում, թիկունքը պահում, իսկ «լեւոնականները»՝ ինչպես ասում էին այդ տարիներին, վանոյա-վազգենական միապետությունն էին ամրապնդում… Ազգի ունեցվածքի որսի հետ զուգահեռ անհնազանդների որս էր նաեւ իրականացվում:

Շատերի ունեցվածքն է հայտնի շատերին: Բոլորը վերնախավում գիտեն միմնյանց: Իշխանության 90%-ը մնացել է բոլոր 3 նախագահների օրոք: Այլ բան է, որ 1-ին դեմքերին, ասենք, փոխարինել են 2-րդ կամ 3-րդ դեմքերը: Բացառությամբ մի փոքր մասի, այսօր էլ իշխանության մեջ են ՀՀՇ-ի նախկին կադրերը: Այդ ումի՞ց են բողոքում ՀԱԿ-ի կարկառուն դեմքերը:

Անդրանիկ Մարգարյանը վարչապետ եղավ այն տարիներին, երբ երկիրը խորը ցնցումների ճանապարհին էր՝ «Հոկտեմբերի 27-ի գործ» հռչակված դեպքերից հետո: Նա շուրջ 8 տարի մնաց վարչապետի պաշտոնում (ցայսօր՝ ամենաերկարը), քանզի կարողանում էր վստահություն ներշնչել իշխանության եւ ընդդիմության հարաբերություններում: Այն ժամանակ ընդդիմադիր եղածները ոչ մի խոսք չասացին գործող վարչապետի հասցեին, ավելին՝ նրան համարում էին «միջանկյալ օղակ» իշխանության եւ ընդդիմության միջեւ: Բայց երբ Տարոն Մարգարյանը բացահայտ հայտարարեց իր ունեցվածքը թվերի տեսքով (իմիջիայլոց եզակիներից է, ով, ասում են, այդպես բացահայտ է գրել՝ հայտարարագրում ոչինչ չթաքցնելով), հանկարծ այն ժամանակների ու այս ժամանակների ՀՀՇ-ՀԱԿ-ականները պատասխան «պահանջեցին» Երեւանի քաղաքապետից՝ ասելով, թե 10 տարում 10 միլիոն չեն կուտակում:

Լու՞րջ է ասում Լեւոն Զուրաբյանը: Հիշեցնեմ, որ երբ «մի կանեստր» բենզինը 1 միլիոն ռուբլի էր ՀՀՇ-ականների օրոք, որոշեցին փողը փոխել՝ դրամ ստեղծել: Նրանք լավ գիտեին, թե երբ ու ինչքան են փոխելու, ինչ հարաբերակցությամբ: Եվ ամիսներ շարունակ ռուբլու մեծ քանակություն ունեցողների հետ «փայ մտնելով» էին դրամ տալիս, հետո էլ ամբողջ բանկային համակարգը աշխատեց միայն իրենց համար՝ միլիոններով վարկեր վերցրեցին ու հետո մի քանի հարյուր կամ հազար դրամներով (հարաբերակցությունը հաշվի առած) փակեցին իրենց վարկերը: Սա ոչ թե մի քանի տարում, օրում, այլ մի քանի ժամում միլիոնատեր դառնալու ՀՀՇ-ականների գյուտն էր… Մոռացե՞լ է Լեւոն Զուրաբյանը:

Ի դեպ, այդ վարկառուներից մեկն էլ ոչ անհայտ Գագիկ Ծառուկյանն է, ով «Վանոյի մահակ» էր աշխատում Կոտայքի շրջանում, հատկապես Աբովյան քաղաքում՝ ահաբեկումներ՝ միլիոնների դիմաց սցենարով… Իսկ Լեւոն Զուրաբյանը չի ցանկանու՞մ հարցնել Գագիկ Ծառուկյանից՝ նրա միլիոնների մասին: Բայց չէ՜, դա արդեն վտանգավոր է, իրենք են արանքում: Երեւի ԲՀԿ նախկին ղեկավարը այդ պատճառով չէր կարողանում չֆինանսավորել այսօրվա «լեւոնականներին». քանի որ իր միլիոնների հիմքը այդ ժամանակ էր դրվել: Կարելի է շատ օրինակներ բերել, թերեւս թողնենք հետոյի համար:

Իսկ ո՞ւմ է ձեռնտու հենց հիմա Տարոն Մարգարյանի անունը շահարկելը: Սա հասկանալու համար նախ գանք այն հարցին, թե ինչ համապատկերում են շահարկում: Տարբերակ առաջին՝ այս օրերին, երբ ՀԱԿ-ականները զրկվել են ԲՀԿ-ի գումարներից, նրանց պետք է գտնել նոր հովանավոր (սեփական կուտակածը չվատնելու համար): Եվ այդ հովանավորին հարկ է գտնել շատ արագ: Ո՞վ կարող է լինել դա: ՀԱԿ-ականները լավ են տիրապետում անձնական զգացմունքները շահարկելու կեղտոտ «արվեստին»: Եվ, ըստ այդմ, Տարոն Մարգարյանի անունը մրոտելով՝ նրանք, ի դեմս, քաղաքապետին մեղմ ասած չսիրողին, գտնում են իրենց հավանական կամ հաստատ հովանավորին: Իսկ ո՞վ չի սիրում Տարոն Մարգարյանին հատկապես քաղաքապետի պաշտոնում, բոլորը գիտեն:

Տարբերակ երկրորդ. ԲՀԿ-ին կորցնելուց հետո ՀԱԿ-ը լծվել է ՀՀԿ-ն թուլացնելու գործին ու ընտրել է ամենակարճ ճանապարհը. ՀՀԿ-ի համար ընտրությունների ժամանակ ձայների մեծ մասը երաշխավորող հենքը, որ Երեւանն է, ապահովում է Տարոն Մարգարյանը: Ինչպե՞ս թուլացնել այդ հենքը: ՀԱԿ-ը դարձյալ հնարք է բանեցնում: Երբ մամուլը սկսում է անուններ գրել Երեւանում աղմկահարույց սպանության («Երրորդմասցի Լյովիկի») հետ կապված՝ շրջանառելով ՀՀԿ-ից անուններ, ՀԱԿ-ը այդ անունները թողած՝ իր ենթակայության մամուլին (ընդ որում, որպեսզի ոչ ոք չկասկածի, «ճ» կարգի մի նորահայտի) պատվիրում է Տարոն Մարգարյանի անունը:

Իսկ այն ՀՀԿ-ական պաշտոնյան, ում մասին վաղուց են գրում որպես քրեական աշխարհի հետ առնչություն ունեցողի եւ հարցեր լուծողի, ՀԱԿ-ը չի հիշում, չէ՞ որ կարող է իրենց հնարավոր հովանավորը դառնալ, որովհետեւ, կրկնում ենք, քաղաքապետին աչքով աչք չունի: Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռագիրն է, որ հիմա պարզապես հորդում է Լեւոն Զուրաբյանի բերանով:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 11 (357), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։