Հայ արիները նշեցին ավանդական Զատիկը՝ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը – Շնորհավո՛ր տոնդ հայուհի՝ հայ մայր, կին, քույր եւ դուստր…

Հայ արիները եւ հեթանոս ազգայնականների համախմբումն այս տարի Հայոց ավանդական Զատիկը նշեցին 2 միջոցառումներով՝ ապրիլի 5-ին եւ 7-ին:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները առաջին միջոցառումն անցկացրին Մեծամորի տարածքում (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի), որտեղ արիադավան խորհրդապաշտական ու ծիսական արարողությամբ նշեցին Զատիկը, որ նշվում է նաեւ որպես Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոն: Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կատարեցին Հայ Աստվածամորն ուղղված արարողություն եւ փառաբանեցին Մայր Անահիտին, Ով իր Աստվածային գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը:

Մայր Անահիտը նաեւ բերքատվության եւ ամենայն բերրիության, պտղաբերության եւ մայրանալու Աստվածուհին է, եւ հայ արիականներն ու ազգայնականները Հայոց Աստվածամորը դիմեցին՝ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու մեծ ակնկալությամբ, ազգը հայոց բազմացնելու եւ զորացնելու սրբազան պատասխանատվությամբ

Զատիկը բնական տոն է, երբ բնությունը զատում է իր գույները եւ բազմազանությամբ-գունագեղությամբ լցնում մարդկանց սրտերը: Հայ արիականներն ու ազգայնականները ծիսական արարողությունից եւ կրակի վրայով, երազանքներ պահած, թռչելուց հետո, բնությանը համահունչ՝ գույնզգույն ներկված ձվերով ձվախաղ կազմակերպեցին, որն աավարտվեց ազգային երգ ու պարով, գինեձոներով, ծիսական փառաբանումներով՝ վասն եւ ի փառս Հայ Աստվածների ու Տիեզերքի Արարչի: Վասն եւ ի փառս ազգի բարգավաճման ու ծաղկունքի:

Երկրորդ միջոցառումը կազմակերպվեց քաղաքամայր Երեւանի պատմական տարածքներից մեկում՝ Էրեբունի ամրոցում, որտեղ Աստվածամայր Անահիտի փառաբանման արարողությանը զուգակցվեց ներկայումս պետականորեն ընդունված՝ մայրության ու գեղեցկության մեկամսյա (մարտի 8 – ապրիլի 7) տոնի նշումը: Հայ արիականներն ու ազգայնականները կոչ հղեցին այդ օրվա առթիվ. Շնորհավո՛ր տոնդ հայուհի՝ հայ մայր, կին, քույր եւ դուստր:

Հայ արիների մաղթանքում մասնավորապես ասված է, որ շնորհավորում են հայ մայրերին, կանանց, քույրերին եւ աղջիկներին՝ պետականորեն ընդունված՝ մայրության ու գեղեցկության մեկամսյակի առիթով: Որ հայուհին պե՛տք է դառնա ինչպես իր ընտանիքի, օջախի ամուր սյունը, այնպես էլ բոլորիս տան՝ մեր հայրենիքի հաստատուն հենասյունը:

«Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգի փրկությունը»,- ասել է մեծն Նժդեհը, եւ հայ մայրն ի՛ր նվիրումով ու պտղաբերությամբ, հայ կինն ի՛ր սիրով ու աշխատասիրությամբ շարունակում են ազգի շառավիղը:

Եվ թող հայ կինը նախեւառաջ վերագտնի իրեն որպես կի՛ն՝ իգական ակունք, որը սնվում է փոխադարձ սիրո ու նվիրումի պտուղներով: Քանզի միայն լիարժեք սիրված ու կյանքում կայացած կին տեսակն է սխրանք գործում հանուն անձնական եւ ընդհանրական նպատակների: Թող հայ կին տեսակը ինչպես նախկինում՝ դառնա ու լինի հայ տղամարդ տեսակի զորության սնուցողը, սիրո եւ նվիրումի մարմնացումը, հանուն եւ վասն հայ օջախների շենացման, հայի առաքելության հաղթանակի ու Հայաստանի ամբողջականացման եւ զորեղացման…

Հայ կանանց մաղթում ենք՝ Աստվածամայր Անահիտի օրհնությամբ արժանանալ մայրանալու եւ պտղաբերումի զգացումին, Նանե Աստվածուհու օրհնությամբ զգալ տիեզերահաս ողջախոհության կատարելությունը, Աստղիկ Աստվածուհու օրհնությամբ հասնել մեծ սիրո եւ այդ սիրո ջերմությունը վայելելու քնքշանքին»…

Եվ թող հայ արական ակունքը դառնա ապավենն այս մաղթանքների, քանզի հայ կինը ինչպես նախկինում, այսօր էլ հայ տղամարդու զորության սնուցողն է եւ սիրո ու նվիրումի մարմնացումը՝ հանուն այր ու կին բնակարգի կայացման, զավակների ու օջախների շենացման, հայի գոյության եւ առաքելության հաղթանակի, Հայքի ամբողջականացման ու հզորացման…

Թո՛ղ Հայ Աստվածները լինեն պահապանն ու ապավենը հայոց իգական շառավիղի

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

Ապրիլի 5-7, 2015թ. Մեծամոր-Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։